ԻՊ-ը կարող է մոտենալ Կովկասի սահմաններին, ասել է Օհանյանը - Mediamax.am

7038 դիտում

ԻՊ-ը կարող է մոտենալ Կովկասի սահմաններին, ասել է Օհանյանը


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է տարածաշրջանի անվտանգության անհամաչափ սպառնալիքների մասին՝ առանձնացնելով այսպես կոչված «Իսլամական Պետությունը»:

«Նրան հաջողվեց կարճ ժամանակում ընդլայնել իր վերահսկողության գոտին եւ շարունակում է տարածվել բոլոր ուղղություններով` ակամայից թիրախի տակ վերցնելով նաեւ Հարավային Կովկասը, որի հարեւաններից առնվազն երկուսը` Թուրքիան եւ Իրանը, այս կամ այն կերպ անմիջականորեն ներքաշված են ԻՊ շուրջ զարգացումներում: Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության եւ ԻՊ դեմ համախմբված մյուս քրդական համայնքների ԻՊ դեմ պայքարում ձախողումը այդ սպառնալիքը էլ ավելի կմոտեցնի Հարավային Կովկասի սահմաններին», - ասել է նախարարը ՝ հունիսի 18-ին ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՀՀ Ազգային Ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարում:

 

«Կան հաստատված տվյալներ, որ ԻՊ շարքերում կռվում են մեծ թվով ադրբեջանցի, որոշ քանակությամբ նաեւ կովկասցի այլ ազգային պատկանելությամբ գրոհայիններ: Ահաբեկչական ուղի անցած այս մարտիկների վերադարձը առաջինը սպառնալու է հենց իրենց երկրներին եւ հետո ուղղակիորեն Հայաստանին», - ասել է Սեյրան Օհանյանը: 

 

Ելույթ ունենալով նույն սեմինարում, Լոնդոնի Քինգզ քոլեջի անվտանգության եւ զարգացման հարցերի գծով դասախոս Դոմիտիլլա Սագրամոսոն նշել է, որ ԻՊ խմբավորման դեմ պայքարը երկարատեւ բնույթ կկրի, եւ անհրաժեշտ է զինվել համբերությամբ:

 

Նրա կարծիքով` ԻՊ-ը Հարավային Կովկասի համար այժմ իրական սպառնալիք չի ներկայացնում: Խոսելով խմբավորման գործողություններում Հյուսիսային Կովկասի բնակիչների ներգրավվածության մասին`նա կարեւորել է այս խմբավորման դեմ պայքարում համընդհանուր համագործակցությունը:

 

Գիտությունների ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» առանձնահատկությունն ահաբեկչական կազմակերպությունից պետության վերաճելն է:

 

«Դրա առաջացումը հնարավոր դարձավ այն պայմաններում, երբ Մերձավոր Արեւելքում չորս պետություններ` Լիբիան, Իրաքը, Սիրիան եւ Եմենը, դադարել էին «գոյություն ունենալ»»,- ասել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին