«Պատերազմ եք գնում» երգը դիպուկահար Արթուր Ղուկասյանի ամենասիրելի երգն է. յուրաքանչյուր բառը պարտավորեցնող է ու իր սրտից բխող: Արթուրը մոտ մեկ տարի է` ծառայում է Հայաստանի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:
Ասում է` ծառայությունը լավ է անցնում: Նա պարտադիր զինվորական ծառայությունը կարեւորում է յուրաքանչյուր տղայի կյանքում: Սեփական փորձով է ասում` մտածելակերպի հղկման ու կյանքում ճիշտ կողմնորոշվելու հատկություն է տալիս:
Հանգստի ժամին Արթուրն ընթերցանությամբ է զբաղվում, ժամանակ է գտնում նաեւ երգ ու պարի համար՝ երբեմն մասնակցում է զորամասերի միջեւ անցկացվող մրցույթներին:
Մեզ է միանում մեկ այլ զինծառայող` շարքային Արթուր Մելիքմուշտամբարյանը:
Նա ծառայում է 20 ամիս՝ հաշվարկի հրամանատար է: Ազատ ժամանակ սիրում է ֆուտբոլ խաղալ: Կարճ ժամանակ անց զորացրվել պատրաստվող տղան նշում է, որ ծառայությունից ամենաշատը հենակետն է կարոտելու`«հայրենիքն այնտեղից է սկսվում»: Արթուրի համար ծառայության մեջ դժվարություն չկա, միակ կարեւոր նախապայմանը զգոնությունն է համարում: «Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր տղայի կյանքում առաջին տեղում պետք է լինի», - ասում է նա:
Շրջում ենք զորամասի տարածքում: Մատուռը, որը կառուցվել է զինծառայողների կողմից, երբեք դատարկ չի մնում: Ասում են` զինվորների տրամադրության վրա կարեւոր ազդեցություն ունի զորամասում հոգեւոր ծառայողի ներկայությունը:
Մոտենում ենք բուժկետին, որտեղ չորս հիվանդ կա: Բուժծառայության կապիտանը բոլոր հիվանդների վիճակը լավ է գնահատում: Հիմնական խնդիրները նորակոչիկների մոտ են լինում, ովքեր գանգատվում են ճտքավոր կոշիկներ կրելուց:
Ճաշարանում զինվորական կերակուր պետք է ուտենք: Զինվորներին եւ մեզ նույն ճաշատեսակներն են մատուցում` հարիսա, կաղամբով աղցան եւ ապուր:
Շնորհակալություն ենք հայտնում ճաշարանի պատասխանատու Ռուզաննա Կոստանյանին, ով համեստորեն ասում է, որ կերակուրների համեղ լինելը ոչ թե իր, այլ զինվորների շնորհիվ է: Ռուզաննան պատմում է զինվորների ճաշացանկի մասին` ապուրների հետ պարտադիր փլավներ ու աղցաններ են լինում, օրը մեջ զինվորին ձուկ եւ տավարի միս է հասնում, երեքշաբթի օրերի ճաշացանկում պարտադիր տեղ է զբաղեցնում հավի միսը, իսկ տոնական օրերին ջեմ, քաղցրավենիք, շոկոլադ ու հյութ է լինում:
Զորամասից դուրս գալուց զինվորներին բարի ծառայություն ենք մաղթում, հրաժեշտ ենք տալիս ու մի պահ լռություն է տիրում: «Ինչ-որ բան ունե՞ք ասելու» հարցնում եմ զինվորներին. «Չէ... Երեւանում ասեք, որ սահմանին ամեն ինչ լավ է, ծառայությունից էլ վախենալ պետք չէ», - խմբի մեջից լսվում է տղաներից մեկի ձայնը...
Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: