Լույս է տեսել Ցեղասպանություն վերապրածների վկայությունների եռահատորյակը - Mediamax.am

5994 դիտում

Լույս է տեսել Ցեղասպանություն վերապրածների վկայությունների եռահատորյակը


Լուսանկարը` http://abagond.files.wordpress.com

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը
Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր ասել է, յուրաքանչյուր հատոր հրատարակվել է 1000-ական օրինակով:

 

«Տարբեր ժողովածուներում նշվում է 1.5 մլն զոհված հայեր չոր վիճակագրությունը, իսկ այստեղ յուրաքանչյուր վերապրած մանրամասն նկարագրում է, թե ինչերի միջով է անցել, հիշատակում է, թե ինչպես են զոհվել ընտանիքի անդամներն ու բոլոր ծանոթները: Նշվում են նաեւ ցեղասպանությունն իրականացնողների անունները ըստ բնակավայրերի, թե որ քրդական կամ թուրքական զորախմբերն են կազմակերպել ժողովրդի ջարդը», - ասել է Ամատունի Վիրաբյանը:

 

Հրապարակված 602 փաստաթղթերը վերապրածների պատմությունների արեւմտահայերեն բնագրերն են, որոնք հավաքագրվել են ցեղասպանությունից ընդամենը մեկ տարի հետո`1916թ. եւ խմբավորված են ըստ նահանգների` Վանի նահանգ (առաջին հատոր), Բիթլիսի նահանգ (երկրորդ հատոր), եւ երրորդում` Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ:

 

Ժողովածուն պարունակում է նաեւ բնակավայրերի եւ մարդկանց լուսանկարներ, վավերագրերի լուսապատճեններ եւ տեղանքի քարտեզներ: Հայ վերապրածներից բացի, գրքում ներկայացված են նաեւ տվյալ ժամանակահատվածում այդ տարածքներում բնակվող թուրքերի, հույների, ասորիների, պարսիկների եւ արաբների պատմությունները:

 

Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում լույս կտեսնեն ժողովածուի թուրքերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները, ինչպես նաեւ համացանցում կտեղադրվեն էլեկտրոնային տարբերակները:

 

Նրա խոսքերով, գրքերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է թարգմանչական լայնածավալ աշխատանքներին:

 

Եռահատորյակը նախապատրաստվել եւ հրատարակվել է «Վան» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:

 

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք նախաձեռնություններ ունենք: Նախատեսում ենք արխիվային փաստաթղթերի հիման վրա համացանցում տեղադրել ցեղասպանության ենթարկվածների անունների էլեկտրոնային շտեմարան»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին