Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է հայերին՝ Անկարայի մեկնած հաշտության ձեռքը չընդունելու համար:
Ինչպես գրում է թուրքական Hurriyet պարբերականը, Կոլումբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, ելույթ ունենալով Բոգոտայի համալսարանում, Էրդողանը կոչ է արել Հայաստանին «ուսումնասիրել 1915թ. իրադարձությունները գիտության, այլ ոչ թե քաղաքականության դիտանկյունից»:
Թուրքիայի նախագահի կարծիքով, «այն, ինչ 100 տարի առաջ արել են հայերը թուրքերի դեմ եւ թուրքերը՝ հայերի, դեռեւս պատշաճ չի ուսումնասիրվել»:
«Մենք ջանք թափեցինք կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ նոր էջ բացելու: Ցավոք, հայկական սփյուռքի ազդեցության հետեւանքով մեր հաշտության մեկնած ձեռքը միշտ մերժվել է: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք (հայերը - Մեդիամաքս) գան եւ ապրիլի 24-ին մեզ հետ լինեն Չանաքալեում, լինեն այդ միջավայրում եւ փորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեր հարյուր հազարավոր նահատակների հետ: Բայդ նրանք դա չարեցին»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա ասել է, թե հայկական կողմն իր հայտարարություններով խախտում է էթիկայի կանոնները եւ «արգելափակում խաղաղության եւ երկխոսության հնարավորությունը»:
«Մենք չենք դադարելու աշխատել խաղաղության եւ երկխոսության հասնելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք այս գիծը պատմության եւ գիտության լույսի ներքո, առանց քարոզչության եւ միջազգային քաղաքականության կեղտոտ խաղերի՝ հարգելով 1915թ. իրադարձությունները: Այս տարի հարյուրամյակն է, եւ մենք վերահաստատում ենք մեր անկեղծ կոչը»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Անհնար է փակել դուռը, որը կողպված է ներսից»,- Twitter-ում գրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: