Ներկայացնում ենք «Փրկեք Հայաստանը» կազմակերպության գործադիր տնօրեն Փոլ Մյուրեյի Azerbaijan's claim of peace with world's first Christian nation Armenia has holes հոդվածի հայերեն թարգմանությունը:
Փոլ Մյուրեյ
France 24-ին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ «Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է», - հայտարարեց նա եւ ընդգծեց տնտեսական համագործակցությունը եւ տարածաշրջանային տրանսպորտային կապը՝ որպես կայունության ապացույց։ Նա հավելեց, որ «մեզ տարածաշրջանում խաղաղություն է պետք» եւ Ադրբեջանը ձգտում է «բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ» հաստատել։
Այս հայտարարությունները հույս ներշնչող տեսլական են առաջարկում։ Սակայն որպես հավատքի առաջնորդ, միջազգային կրոնական ազատության պաշտպան եւ «Փրկեք Հայաստանը» կազմակերպության գործադիր տնօրեն, ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք է չափել ոչ թե հայտարարություններով, այլ իրականությամբ։ Իսկական խաղաղությունը հիմնված է արդարության, փոխադարձ արժանապատվության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այն չի կարող պահպանվել, եթե հիմնական խնդիրները մնում են չլուծված, կամ եթե գործընթացը սահմանում է մեկ կողմի պատումը։
Ես աջակցում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ներգրավվածությանը եւ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ կայուն խաղաղությունը եւ՛ անհրաժեշտ է, եւ՛ հնարավոր։ Սակայն ես խորապես մտահոգված եմ, որ ներկայիս հռետորաբանությունը կարող է ստեղծել վերջնական հաշտեցման կեղծ զգացողություն՝ անպատասխան թողնելով ամենակարեւոր հարցերը։ Միջազգային հանրությունը, եւ հատկապես Միացյալ Նահանգները, պետք է կենտրոնան, թե արդյո՞ք իսկապես պայմաններ կան երկարատեւ կայունության համար։
Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա ազգն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն չորրորդ դարի սկզբում։ Ավելի քան տասնյոթ դար շարունակ հայկական ինքնությունն անբաժան էր հավատքից։ Հայաստանի եկեղեցիները, վանքերը եւ սրբազան ավանդույթները ոչ միայն ազգային գանձեր են, այլեւ համաշխարհային քրիստոնեության ընդհանուր ժառանգության մաս։ Այս քաղաքակրթական եւ հոգեւոր իրականությունը բացակայում է ներկայիս դիվանագիտական ուղերձներում, թեեւ կարեւոր է հայ ժողովրդի տրավման եւ դիմացկունությունը հասկանալու համար։
Ամենահրատապ մտահոգություններից մեկը հայ բանտարկյալների շարունակվող կալանքն է։ Ի հեճուկս դիվանագիտական առաջընթացին՝ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել Լեռնային Ղարաբաղի մի քանի նախկին պաշտոնյաների եւ այլ կալանավորվածների։ 2026 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին երկարատեւ ազատազրկման՝ ահաբեկչության մեղադրանքներով։ Միջազգային դիտորդներն ու հայ իրավապաշտպանները լուրջ մտահոգություններ են հայտնել պատշաճ դատավարության եւ քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Այս կալանավորումները խաթարում են վստահությունը եւ լուրջ հարցեր առաջացնում, թե որն է այս գործընթացի շարժիչ ուժը՝ հաշտեցո՞ւմը, թե՞ ազդեցության լծակները։
Երկարատեւ խաղաղությունն անհնար է քաղաքական բանտարկյալների առկայության դեպքում։ Կրոնական ազատության տեսանկյունից այս հարցը քաղաքականության սահմաններից դուրս է։ Ձերբակալվածներից շատերը ներկայացնում են համայնք, որը վերապրել է տեղահանություն, հալածանքներ եւ իր պատմական հայրենիքի կորուստ: Նրանց շարունակվող բանտարկությունը ցույց է տալիս, որ ապագան ձեւավորում է ուժը, ոչ թե արդարադատությունը:
Լուսանկարը` Nanna Heitmann/The New York Times
2023 թվականի ճգնաժամի մարդասիրական հետեւանքները նույնպես մնում են չլուծված։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքել են տարածաշրջանը։ Այս արտագաղթը փաստացիորեն վերջ դրեց տարածքում դարավոր հայկական քրիստոնեական համայնքներին։ Հայ ընտանիքների եւ կրոնական առաջնորդների հետ աշխատելիս ես անձամբ լսել եմ կորստի եւ անորոշության պատմությունները։ Սրանք վերացական աշխարհաքաղաքական զարգացումներ չեն, այլ մարդկային ողբերգություններ, որոնք շարունակում են ձեւավորել տարածաշրջանը։
Եկեղեցիներն ու վանքերը պարզապես պատմական հուշարձաններ չեն։ Դրանք հավատքի, ինքնության եւ շարունակականության կենդանի արտահայտություններ են մի ժողովրդի համար, որը դարավոր հոգեւոր ժառանգություն ունի։ Այս սրբազան վայրերի պահպանումը հստակ փորձություն է, թե արդյոք խաղաղությունը իսկապես կհանգեցնի կրոնական ազատությանը եւ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքին։ Սակայն կարեւոր հարց է առաջանում. եթե կրոնական եւ մշակութային վայրերի պաշտպանությունը համաշխարհային առաջնահերթություն է, ինչո՞ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի տեսանելի եւ նախաձեռնող դեր չի ստանձնել՝ ապահովելով արժանահավատ մշտադիտարկում եւ հաշվետվողականություն։
Պաշտոնական մուտքի հնարավորություն չունենալով՝ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Քորնելի համալսարանին կից Caucasus Heritage Watch-ը, օգտագործել են արբանյակային պատկերներ՝ բազմաթիվ վայրերում զգալի փոփոխություններ եւ վնասներ հայտնաբերելու համար՝ ընդգծելով անկախ մշտադիտարկման եւ միջազգային հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը։
France 24-ին տված հարցազրույցում նախագահ Ալիեւը ներկայացրեց Ադրբեջանը որպես խաղաղության եւ կայունության շարժիչ ուժ։ Սակայն իրական հաշտեցումը պահանջում է ավելին, քան միակողմանի պատումները. անհրաժեշտ է լինել խոնարհ, ճանաչել միմյանց եւ պատրաստել հասարակությունները համակեցության, ոչ թե հաղթանակ տոնելուն։ Խաղաղությունը, որն ընկալվում է որպես պարտադրված կամ միակողմանի, երկար չի տեւի։
Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com
Սահմանազատումը, տրանսպորտային միջանցքները եւ երկարաժամկետ անվտանգության երաշխիքները դեռ բանակցային փուլում են։ Սրանք տեխնիկական հարցեր չեն, այլ վստահության եւ կայունության հիմք։ Հաջողության մասին վաղաժամ հայտարարությունները կարող են թուլացնել դիվանագիտական լծակները եւ անտեսել նախազգուշական նշանները, որոնք, ինչպես ցույց է տվել պատմությունը, կարող են հանգեցնել հակամարտության վերսկսման։
«Փրկեք Հայաստանը» նախաձեռնության ղեկավարի իմ դերում ես հանձնառու եմ ներգրավել քաղաքականության մշակողներին, կրոնական առաջնորդներին եւ միջազգային գործընկերներին, որպեսզի խաղաղության գործընթացը լինի ոչ միայն ռազմավարական, այլեւ բարոյական։ Միացյալ Նահանգները կարեւոր դեր են խաղացել երկխոսությունը խթանելու գործում։ Այժմ պետք է կենտրոնանալ շոշափելի արդյունքների վրա։
Նախ, ԱՄՆ-ն պետք է առաջնահերթություն տա կալանավորվածների ազատ արձակմանը եւ թափանցիկ իրավական գործընթացներին: Շարունակական դիվանագիտական ներգրավվածությունը, ներառյալ թիրախային գործիքների օգտագործումը, կամրապնդի արդարադատության եւ հաշվետվողականության կարեւորությունը։
Երկրորդը. կրոնական ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը պետք է ներառված լինեն խաղաղության շրջանակներում: Սա համահունչ է ԱՄՆ-ի երկարատեւ պարտավորություններին եւ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի եւ Պետդեպարտամենտի Միջազգային կրոնական ազատության գրասենյակի աշխատանքին: Երկարատեւ կայունությունը սերտորեն կապված է խղճի եւ համոզմունքի պաշտպանության հետ։
Երրորդ. միջազգային հանրությունը պետք է աջակցի տարածաշրջանում մշակութային եւ կրոնական ժառանգության անկախ մշտադիտարկմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ հաստատությունների հետ համագործակցությունը կօգնի թափանցիկություն եւ վստահություն ձեւավորել։
Չորրորդ. Կոնգրեսը պետք է շարունակի երկկուսակցական ներգրավվածությունը Կոնգրեսի հայկական խմբակցության եւ միջազգային կրոնական ազատության կոալիցիաների միջոցով՝ ապահովելու կայուն վերահսկողություն եւ ռազմավարական ուղղություն։
Վերջապես, երկարաժամկետ խաղաղությունը պահանջում է կայուն ներդրումներ քաղաքացիական հասարակության եւ մարդկանց փոխգործակցության մեջ, որը կամրապնդի Հայաստանի պատմական քրիստոնեական ինքնությունը եւ գոյատեւումը որպես աշխարհի առաջին քրիստոնյա ազգ: Կառավարությունների միջեւ համաձայնագրերը միայն սկիզբն են։ Պետք է վերականգնվի վստահությունը մշակութային շարունակականության եւ հայ ժողովրդին դարավոր հավատքի ու ժառանգության պահպանման միջոցով։
Նախագահ Ալիեւի հարցազրույցը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ձեւակերպել ներկա պահը։ Սակայն աշխարհը չպետք է տարվի հռետորաբանությամբ եւ ուշադիր հետեւի տարածաշրջանը ձեւավորող ավելի խոր իրականությանը։
Իրական խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է արմատավորված լինի արդարության, արժանապատվության եւ հավատքի ու ինքնության պաշտպանության վրա։ Խաղաղությունը, որն անտեսում է խոցելի համայնքների տառապանքն ու վախերը, երկար չի տեւի։ Մինչդեռ կրոնական ազատության, մարդկային արժանապատվության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղությունը կարող է հիմք ստեղծել հաշտեցման եւ երկարաժամկետ կայունության համար։
Խաղադրույքները միայն տարածաշրջանային չեն. դրանք բարոյական եւ համաշխարհային են։ Իսկ արդարությունը, եթե այն իրական է, պահանջում է զգոնություն։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















