Ալիեւ. «Սովորում ենք ապրել խաղաղության մեջ, եւ դա լավ զգացողություն է» - Mediamax.am

Փետրվար 14, 2026
235 դիտում

Ալիեւ. «Սովորում ենք ապրել խաղաղության մեջ, եւ դա լավ զգացողություն է»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հաստատման «իրավական հարցերը» կլուծվեն 2026 թվականի ընթացքում:

Ալիեւն այս մասին ասել է Մյունխենում France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը ներկայացրել է Ազերթաջ գործակալությունը:

 

«Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները: Մենք նաեւ սկսել ենք Հայաստանի համար կարեւոր նավթամթերքի մատակարարումը, ինչը փաստացի մեր առեւտրական հարաբերությունների սկիզբ է նշանակում: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք բերված է:

 

Վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է լուծել որոշակի իրավական հարցեր: Երկու երկրների ԱԳ նախարարները Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այսպիսով, իմ կարծիքով, գործն արված է: Կարծում եմ, նույն կարծիքին է նաեւ Հայաստանի վարչապետը: Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, եւ դա շատ լավ զգացողություն է», - ասաց Ալիեւը:

 

«Ես կբաժանեի հարաբերությունների կարգավորումը եւ պաշտոնական խաղաղության պայմանագիրը, քանի որ կարգավորումն արդեն տեղի է ունենում: Բայց Հայաստանի Սահմանադրությունը, որն ընդունվել է վաղուց, Ղարաբաղի օկուպացման ժամանակ, հղում  է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ կետ կա այն մասին, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղը» եւ Հայաստանը պետք է միավորվեն: Մեր դիրքորոշումը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր եղել է հստակ: Դա պետք է փոխվի: Եվ, որքան գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել: Հենց որ դա արվի, պաշտոնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չի լինի:

 

Բայց նորից կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք բերված է: Կարգավորման գործընթացը առաջանում է հաջողությամբ: Հուսով եմ, որ հենց որ այս իրավական հարցերը լուծվեն, մենք կհասնենք պաշտոնական խաղաղության»:

 

Լրագրողի «Այս տարի՞» ճշտող հարցին պատասխանելով, Ալիեւն ասել է. «Անկասկած»: 




Մեր ընտրանին