Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների հավանական ներման հարցը:
Ալիեւն այս մասին ասել է Մյունխենում France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը ներկայացրել է Ազերթաջ գործակալությունը:
Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը:
– Կցանկանայի անդրադառնալ Ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ դատավճիռներ է կայացրել Ղարաբաղյան տարածաշրջանի 13 անձանց նկատմամբ, այդ թվում՝ ցմահ բանտարկություն նախկին ղեկավարին: Հաղորդագրություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է այս հարցը եւ, հնարավոր է, խնդրել է Ձեզ ներել նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հասնելու միջոց: Բարձրացրե՞լ է նա այդ հարցը եւ մտադի՞ր եք դա անել:
– Փոխնախագահի հետ մի քանի ժամ տեւած հանդիպման ժամանակ այլ հարցերի հետ նա բարձրացրել է նաեւ այդ հարցը, եւ ես ներկայացրել եմ այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, եւ դրանով ավարտվել է: Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, TRIPP-ը եւ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հաստատման հեռանկարները: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց, ապա դրանք անջատողական ռեժիմի ղեկավարներն են, որը ապօրինաբար գործել է Ադրբեջան ինքնիշխան պետության տարածքում, որի ճանաչում է ողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը: Երկար տարիների ընթացքում այս մարդիկ ադրբեջանցիների եւ Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների ոգեշնչողներն էին, եւ նրանք պատասխանատվության են ենթարկվել: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում եւ պատասխանատվության են ենթարկվել: Նրանց տրամադրվել էին պաշտպաններ: Դատական գործընթացը եղել է ամբողջությամբ թափանցիկ:
Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների բազմաթիվ ցուցմունքներով: Իսկ նրանց նկատմամբ որեւէ իրավախախտում գործելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
– Իսկ Դուք կարո՞ղ եք ինչ-որ բան անել այդ առումով, պարոն նախագահ:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Շրջել էջը եւ ներել նրանց կամ նման ինչ-որ բան: Դա Ձեր կողմից բարի կամքի ժեստ կլիներ: Դա Ձեր լիազորությունների շրջանակում է:
– Գիտեք, այդ մարդիկ լուրջ հանցագործություններ են գործել մարդկության դեմ: Պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ դրա ավարտից երկու ամիս անց, երբ նացիստական բոլոր ղեկավարներին մահապատժի են դատապարտում, ինչ-որ մեկը գալիս եւ խնդրում է ազատ արձակել նրանց:
– Այսինքն՝ Ձեր համար դա նույնն է:
– Այո, ճիշտ այդպես: Նույնիսկ ավելի վատ, շատ ավելի վատ: Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան այն, ինչ գործել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
– Բայց էջը շրջելու տեսանկյունից գուցե կարեկցանք եք զգո՞ւմ հայերի նկատմամբ, ովքեր ստիպված եղան լքել Ղարաբաղը վերջին պատերազմի արդյունքում:
– Այս հարցում մեր դիրքորոշումը եղել է հստակ: Այն բազմիցս հնչեցվել է՝ մենք առաջարկել ենք Ղարաբաղում բնակվող բոլոր հայերին դիմել Ադրբեջանի քաղաքացիություն կամ աշխատանքային թույլտվություն ստանալու համար: Մենք Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության մի քանի փուլ ենք ունեցել, բայց նրանք նախընտրել են Հայաստան մեկնել: Մեզ մոտ կան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք արտաքսվել են ներկայիս Հայաստանի տարածքից եւ ենթարկվել են էթնիկ զտումների, բայց հայկական կառավարությունը երբեք նրանց վերադառնալու որեւէ առաջարկություն չի արել: Կարծում եմ, որ մենք պետք է այս հարցը քննարկենք փոխադարձության տեսանկյունից: Վերադառնալու իրավունքը համընդհանուր իրավունք է, եւ, իհարկե, Ադրբեջանը անպայման կպահպանի այդ իրավունքը, եթե համապատասխան դիմում ստանանք: Բայց միաժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի պատերազմել ենք Հայաստանի հետ եւ 30 տարի նրանք գրաված են պահել մեր տարածքը, մենք ակնկալում ենք նմանատիպ վերաբերմունք հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց կոչում ենք արեւմտյան ադրբեջանցիներ, եւ նրանց հնարավորություն տալ վերադառնալ ներկայիս Հայաստանի տարածք:
















