Նուբար Աֆեյան. Պետք է ընտրենք նոր հրաշքների աշխարհի եւ հետընթացի միջեւ - Mediamax.am

Հունվար 18, 2026
exclusive
70 դիտում

Նուբար Աֆեյան. Պետք է ընտրենք նոր հրաշքների աշխարհի եւ հետընթացի միջեւ


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Research!America

Նուբար Աֆեյանը 2021 թվականին
Նուբար Աֆեյանը 2021 թվականին

Լուսանկարը` Miami Dade College

Նուբար Աֆեյանը եւ USAID-ի կառավարիկ Սամանթա Փաուէրը 2023 թվականին
Նուբար Աֆեյանը եւ USAID-ի կառավարիկ Սամանթա Փաուէրը 2023 թվականին

Լուսանկարը` USAID

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST


Յուրաքանչյուր տարի Flagship Pioneering-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը նամակ է գրում իր թիմակիցներին եւ գիտական հանրությանը: 

 

Ներկայացնում ենք նրա այս տարվա Choosing Science նամակի հայերեն թարգմանությունը:

 

Նուբար Աֆեյան 

 

Անցյալ աշնան ամպամած մի առավոտ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա ընթացքում, հայտնվեցի մի սեղանի շուրջ 30 մարդու հետ՝ գործադիր տնօրենների, վարչապետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Ինձ խնդրել էին զրույց վարել այն մասին, թե ինչպես կարող են կառավարություններն ու մասնավոր հատվածը համատեղ աշխատել մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերների՝ հիվանդությունների, սովի, աղքատության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում: 

 

Հավաքվածներից մեկը՝ պետության հարգված նախկին ղեկավար, խոսեց լենակապավիրի՝ ՄԻԱՎ-ի դեմ Gilead Sciences-ի նորարարական դեղամիջոցի մասին: Լենակապավիրը պաշտպանում է ՄԻԱՎ վարակի գրեթե բոլոր տեսակներից՝ տարին երկու անգամ կատարվող ներարկման միջոցով, ինչը զգալի բարելավում է՝ համեմատած ամենօրյա դեղահաբերի կամ հաճախակի ներարկումների հետ, որոնք անհրաժեշտ էին ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու կամ այն կանխարգելու համար: Նյու Յորքում մեր հանդիպման օրը Gilead-ը եւ մի քանի գործընկերներ հայտարարեցին, որ համաձայնել են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդներին արագ եւ էժան լենակապավիր մատակարարել՝ կանխելով, թերեւս, տարեկան հարյուր հազարավոր մահեր:

 

Նախկին պետության ղեկավարը սա անվանեց «մարդկու կողմից ստեղծված հրաշք»: Այդ արտահայտությունը մնաց գլխումս։ 

 

Ինչո՞ւ։ Մասամբ այն պատճառով, որ այն ճշգրիտ նկարագրում է, թե ինչ կարող է անել կենսատեխնոլոգիան իր լավագույն դրսեւորմամբ. հրաշքով պատմությանը հանձնել մարդուն բաժին հասած ամենադաժան ճակատագրերը՝ հյուծող, կործանարար հիվանդությունները։ Կարծում եմ՝ մյուս պատճառն այն է, որ այս արտահայտությունն ընդունում է, որ այդ հրաշքները մարդու ստեղծածն են։ Դրանք հենց այնպես տեղի չեն ունենում՝ դրանք ընտրության հարց են։ Դրանք պատվախնդրության եւ երեւակայության գործողություններ են, երբեմն նույնիսկ հուսահատության։ Հրաշքներն այս հանկարծակի չեն, ակնթարթորեն չեն պատահում. դրանք իրագործվում են քայլ առ քայլ, եթե գիտական տվյալները հիմնավոր են, իսկ պայմանները՝ նպաստավոր։

 

Անցյալ տարի այդ պայմանները Միացյալ Նահանգներում այնպիսի սպառնալիքի տակ հայտնվեցին, որոնց նմանը չեմ տեսել կենսատեխնոլոգիայում իմ գրեթե 40 տարվա փորձի ընթացքում, ոչ էլ երբեւէ պատկերացրել եմ, որ կտեսնեմ։

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST

Չնայած երբեք այսքան մոտ չենք եղել կենսատեխնոլոգիայում հրաշքների ողջ ներուժն իրագործելու, այսքան մոտ չենք եղել այդ ներուժը չեղարկելուն։ Վտանգ կա, որ մի մեծ մուրճով ջախջախելու ենք մեր հրաշք մեքենան։

Ես հիշում եմ Չարլզ Դիքենսից հայտնի մեջբերումը. «Դրանք լավագույն ժամանակներն էին, դրանք վատագույն ժամանակներն էին»։ Մենք կանգնած ենք շրջադարձային կետում երկու շատ տարբեր ապագաների միջեւ՝ առաջընթացի եւ հետընթացի։ Այս նամակում ես կնկարագրեմ, թե ինչպես կարող ենք հայտնվել այդ ապագաներում եւ կառաջարկեմ, թե ինչպես ընտրենք առողջությունն ու բարգավաճումը՝ հիվանդության եւ լճացման փոխարեն։

 

Լավը

 

Սկսեմ ներուժից՝ 2025 թվականին մարդու կողմից ստեղծված հրաշքների շարքից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես գիտությունը կարող է (եթե թույլ տան) հեղափոխել առողջությունն ու երկարակեցությունը միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում: Բժշկության եւ կենսաբանության ոլորտում մենք ականատես եղանք առաջընթացների, որոնք ընդլայնեցին դեղերի կիրառումը մարմնում, բուժելի դարձրին ծանր հիվանդությունները եւ հնարավորություն տվեցին տեսնելու ուտոպիստական ապագան, երբ գիտական հրաշքների համադրությունը յուրաքանչյուրիս կյանքը կդարձնի ավելի առողջ, անվտանգ ու երկար:

 

Տարեկան երկու անգամ կատարվող ներարկում, որը կարող է զգալիորեն կրճատել ՄԻԱՎ-ի փոխանցումը աշխարհում, գեների խմբագրման առաջին անհատականացված թերապիա, որը մշակվել է մեկ երեխայի կյանքը փրկելու համար, տարբեր տեսակներից գենետիկական ինժեներիայի միջոցով ստեղծված օրգանների քսենոտրանսպլանտացիայի կլինիկական փորձարկումներ՝ այս առաջընթացը աշխարհի հիվանդներին նոր հույս պարգեւեց: Գիտնականները հաղթահարեցին նաեւ խոչընդոտներ, որոնք վաղուց ի վեր գծել էին բժշկության սահմանները՝ բուժումը հասցնելով բջջային մակարդակի, օրինակ՝ միտոքոնդրիաները, եւ հաղթահարել հեմատոէնցեֆալային պատնեշը՝ նյարդաբանական եւ այլ հիվանդությունները բուժելու համար: Իսկ քրոնիկ հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցները սկսեցին փոխարինել երկարատեւ բուժման մշտական միջամտությունները՝ նվազեցնելով հաճախակի դեղաչափերի, կրկնվող ընթացակարգերի եւ առօրյա կյանքի մշտական խափանման անհրաժեշտությունը։

 

Այս առաջընթացները միավորում է դրանց նշանակությունը հիվանդների համար։ Սրանք առկա թերապիաների կատարելագործում կամ չնչին օպտիմալացում չեն, այլ բուժման ազդեցության տեղի եւ եղանակի ընդլայնում, որը վերափոխում է ինչպես բուժումը, այնպես էլ հիվանդության հետ ապրելու իմաստը։ Թվարկածս առաջընթացները այս տարի ի հայտ եկածի փոքր մասն են միայն եւ ընդամենը նախադիտումն են այն ամենի, ինչ հնարավոր է ապագայում։ 

 

Այս առաջընթացներում ես տեսնում եմ հիվանդությունները համակարգված կերպով բուժելու, հիվանդներին ապաքինելու եւ մարդու «առողջ կյանքի տեւողությունը» երկարացնելու ներուժը։ Միլիոնավոր մարդիկ հրաշքով կստանան ավելի շատ ժամանակ՝ ավելի երկար եւ առողջ կյանքի պարգեւ։

 

Բայց նման ապագան երաշխավորված չէ։

 

Վատը

 

Մարդկային այս հրաշքներից յուրաքանչյուրը ստեղծվել է գիտական մեթոդով՝ վարկածների, փորձարկումների, վերլուծության եւ կրկնության դարավոր գործընթացով, որը թույլ է տալիս մեզ «անհայտը» վերածել «հայտնիի»։ Այս գործընթացը մարդկանց ամենահրաշագործ գործիքն է, առաջընթացի ու բարգավաճման շարժիչ ուժը, բայց այսօր այն հարձակման է ենթարկվում։ Եվ եթե մենք լիովին հրաժարվենք դրա հրաշագործ ուժից, վախենում եմ, որ կունենանք հիվանդությունների, զրկանքների եւ անկման դիստոպիկ ապագա։ 

 

Միացյալ Նահանգները, որտեղ ես ապրում եւ աշխատում եմ, վաղուց ճանաչել եւ ընդունել է գիտական մեթոդի ուժը, եւ դա վերածել է մեր երկիրը տնտեսական, տեխնոլոգիական եւ պաշտպանական ոլորտի գերտերության։ Երբ Վաննեւար Բուշը 1945 թվականին պնդեց, որ գիտական առաջընթացը բարգավաճող հասարակության հիմքն է (եւ, հետեւաբար, կառավարության «պատշաճ մտահոգությունը»), ԱՄՆ կառավարությունը հետեւողականորեն, զանգվածաբար եւ ռազմավարական կերպով ներդրումներ կատարեց հիմնարար գիտական հետազոտություններում՝ երկրի հետազոտողներին տրամադրելով գործիքներ, որոնք անհրաժեշտ են խոստումնալից «անհայտները» հետազոտելու եւ «հայտնի» դարձնելու համար։ Մեր սահմանադրությունը նախատեսում է արտոնագրային պաշտպանություն՝ հստակ նպատակով. «խթանել գիտության եւ այլ օգտակար արվեստների առաջընթացը»՝ խրախուսելով գյուտարարներին գիտական հայտնագործությունները վերածել այնպիսի արտադրանքի եւ ապրանքների, որոնք հասանելի կլինեն եւ կբարելավեն բոլոր մարդկանց կյանքը։

 

Այսպես են ամերիկացիները հորինել հեռախոսը, էլեկտրական լամպը եւ ինքնաթիռը, մշակել կիսահաղորդիչներ, ժամանակակից համակարգչային տեխնիկա ու համացանց եւ վերջերս հաղթահարել մահացու համավարակը՝ անթիվ կյանքեր փրկելով եւ մեր տնտեսությունը անվտանգ կերպով վերաբացելով։ Այսպես ենք մենք արտադրում 20%-ով ավելի շատ եգիպտացորեն, քան 1930 թվականին՝ 25%-ով պակաս հողի վրա։ Որոշ գնահատականների համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ ՀՆԱ-ի աճի մոտ 85%-ը պայմանավորված է գիտության եւ տեխնոլոգիայի առաջընթացով։

 

Համակարգիչը կամ սմարթֆոնը, որից դուք կարդում եք սա, գոյություն չէին ունենա, եթե չլիներ գիտական մեթոդը. բանանը, որը կերել եք նախաճաշին, տարիներ առաջ կոչնչանար ավերիչ հիվանդությունից, իսկ գրիպը, որը դուք տարել եք անցյալ շաբաթ, այս շաբաթ կարող էր նախագուշակել ձեր հուղարկավորությունը։ Մենք բոլորս կլինեինք ավելի աղքատ, ավելի հիվանդ եւ պակաս անվտանգ։ Տեխնոլոգիական եւ գիտական գերիշխանությունը ոչ միայն մեր երկրի տնտեսական բարգավաճման, այլեւ մեր ազգային անվտանգության հիմքն է։

 

Սերունդներ շարունակ ԱՄՆ-ն իր հանրային քաղաքականությունը ընդհանուր առմամբ հիմնել է գիտության վրա. մենք արգելել ենք կապարի հիմքով ներկը, որը թունավորում է երիտասարդ ուղեղները, սահմանել ենք չափորոշիչներ՝ աղտոտիչ նյութերը խմելու ջրից հեռացնելու համար, միջոցներ ենք ձեռնարկել քաղցկեղ առաջացնող ծխախոտի դեմ։ Գիտության վրա հիմնված քաղաքականությունը, անկասկած, միլիոնավոր կյանքեր է փրկել։

 

Ահա թե ինչու է այդքան մտահոգիչ, որ ԱՄՆ-ն հրաժարվում է աջակցել գիտությանը։ 2025 թվականին ԱՄՆ կառավարությունը փաստացի կրճատեց հիմնարար հետազոտությունների ֆինանսավորումը՝ սահմանափակելով դրամաշնորհները գիտության եւ բժշկության բոլոր ոլորտներում եւ չեղարկելով հազարավոր ընթացիկ նախագծեր։ Կառավարությունն առաջարկեց կրճատել Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Գիտության ազգային հիմնադրամի բյուջեները համապատասխանաբար 40%-ով եւ 56%-ով, վերացրեց հարյուրավոր կրթաթոշակներ սկսնակ հետազոտողների համար։ Եվ վիզային նոր քաղաքականություն սահմանեց, ինչը լրջորեն սահմանափակեց ԱՄՆ-ի կարողությունը՝ գրավելու աշխարհի լավագույն գիտնականներին եւ օգտվելու նրանց հետազոտություններից։ 

 

Գիտական բյուջեների կրճատումը աղետալի է։ Է՛լ ավելի աղետալի է ակադեմիական հետազոտական գործունեության մերժումը, ԱՄՆ կառավարության հետ ավելի քան 70-ամյա գործընկերության խզումը եւ գիտության նկատմամբ աճող արհամարհանքը։ Սա սպառնում է թե՛ ապագա առաջընթացին, թե՛ մահացու հիվանդությունների հաստատված, անվտանգ եւ արդյունավետ բուժմանը: Այն հիվանդությունների, որոնք, մեր կարծիքով, պատմության գիրկն են անցել։

 

Սկեպտիցիզմը գիտական մեթոդի կարեւոր մասն է կազմում։ Մոտեցումների եւ արդյունքների վերաբերյալ բանավեճը կենտրոնական դեր ունի գիտական գործունեության մեջ։ Բայց մենք տեսնում ենք սկեպտիցիզմ, որը վերածվել է համատարած, քայքայիչ կասկածի հենց գիտական մեթոդի նկատմամբ։ Ավելին՝ ամենաբարձր ձայներից մի քանիսը իրենց կարծիքները ներկայացնում են որպես այլընտրանքային գիտական փաստեր՝ առանց հաշվի առնելու մանրակրկիտ փորձերի հսկա տվյալները։

 

Լուսավորականության դարաշրջանից ի վեր առաջին անգամ հարց է առաջանում՝ արդյո՞ք գիտական մեթոդը դեռեւս կենսունակ ձեւ է գիտական անհամաձայնությունները կազմակերպելու եւ լուծելու համար։ Մենք նայում ենք ապացույցների՞ն, թե՞ եզրակացությունների ենք հանգում ըստ մեր անձնական կարծիքների կամ համոզմունքների, «կարծիք ստեղծողի» ասածի, հարմարության, քաղաքական կամ ֆինանսական նպատակահարմարության։ 

 

Եթե կորցնենք թերահավատությունը գիտական մեթոդով միասին լուծելու ունակությունը, ոչ միայն կդանդաղեցնենք հրաշագործ մեքենան, այլեւ կշրջենք այն հակառակ ուղղությամբ։ Ոչ միայն կդադարենք նոր հայտնագործություններ անել, այլեւ կվերացնենք անցյալները։ Օրինակ՝ դիտարկենք որոշակի շրջանակներում աճող այն գիտության մերժումը, որը հանգեցրեց mRNA եւ մանկական բազմաթիվ պատվաստանյութերի ստեղծմանը։ Ո՞վ կարող է ասել, որ նույն կեղծ փաստարկները չեն կիրառվի քաղցկեղի բուժման, անզգայացման կամ մանրէների տեսության վրա։

Նուբար Աֆեյանը եւ USAID-ի կառավարիկ Սամանթա Փաուէրը 2023 թվականին Նուբար Աֆեյանը եւ USAID-ի կառավարիկ Սամանթա Փաուէրը 2023 թվականին

Լուսանկարը` USAID

Գուցե չափազանց տագնապալի կլինի ենթադրել, որ մենք կարող ենք վերադառնալ 1900-ականներին, երբ ԱՄՆ-ում կյանքի միջին տեւողությունը 47 տարի էր, իսկ մահվան հիմնական պատճառը թոքաբորբն էր։ Սակայն պատկերացրեք, որ կարմրուկը՝ մահացու հիվանդությունը, որն ԱՄՆ-ում վերացված էր հայտարարվել 25 տարի առաջ, պաշտոնապես կկորցնի այդ կարգավիճակը, եթե Միացյալ Նահանգներում անցյալ տարվա ընթացքում գրանցված 2144 դեպքերը առաջիկա շաբաթներին շարունակեն շատանալ։ Մենք միաժամանակ ապրում ենք ուտոպիստական դարաշրջանում, երբ գենետիկ հիվանդությամբ պատճառով մահվան դատապարտված երեխան նոր կյանք է ստանում գեների խմբագրման հրաշքի շնորհիվ, եւ այն դիստոպիայում, երբ կարմրուկի նման հիվանդությունը տարածվում է ԱՄՆ-ում։ Դժվար է ներդաշնակել սա։

 

Եվ, եկե՛ք անկեղծ լինենք, սա ընտրության հարց է։

 

Կարմրուկի կրկին երեւան գալը, օրինակ, պատահական գենետիկ մուտացիայի արդյունք չէ։ Դա ընտրության, քաղաքական որոշումների արդյունք է՝ մեջքով շրջվել տասնամյակների գիտությանը։ Ընտրություն առաջնորդների կողմից՝ մերժել ոչ միայն գիտությունը, այլեւ առողջ բանականությունը։

 

Մենք ուզում ենք խրախուսել մարդածին հրաշքնե՞րը, թե՞ մարդածին աղետի վտանգի ենթարկվել։

 

Մրցակցությունը

 

Մինչ ԱՄՆ-ում որոշ մարդիկ արատավորում են գիտական մեթոդը, Չինաստանի կառավարությունը մեծ ներդրումներ է անում դրա մեջ: Միայն վերջին տասնամյակում Չինաստանը լայնածավալ հետազոտությունների եւ զարգացման միջոցով 400 անգամ մեծացրել է գիտական ծախսերը։ Այն ստեղծել է կարգավորող շրջանակներ եւ հետազոտական ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս տեղական կենսատեխնոլոգիական ընկերություններին առաջ տանել նորարարությունը շատ ավելի կարճ ժամանակում եւ ավելի ցածր գնով, քան իրենց ամերիկացի մրցակիցները: 

 

2015-ից 2018 թվականներին Չինաստանի դեղերը կարգավորող մարմնի աշխատուժը քառապատկվեց, ինչը թույլ տվեց ընդամենը երկու տարվա ընթացքում բավարարել 20,000 նոր դեղերի հայտերը (համեմատության համար, ԱՄՆ Սննդի եւ դեղերի վարչությունն ամեն տարի քննարկում է ընդամենը մի քանի հարյուր նոր դեղերի հայտերը): Չինաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտի դոկտորական շրջանավարտների թիվը 2000 թվականի 10,000-ից 2022 թվականին հասավ ավելի քան 50,000-ի: Չինաստանը կազմել է նաեւ բարձրորակ եւ լայնորեն հասանելի տվյալների հավաքածուներ՝ արհեստական բանականության (ԱԲ) մոդելները մարզելու համար, որոնք հիմք կհանդիսանան գիտական հայտնագործությունների հաջորդ սերնդի համար:  

 

Արդյունքում Չինաստանը կենսատեխնոլոգիայի ոլորտում պատրաստ է գերազանցելու Միացյալ Նահանգների պատմական առաջատարությունը։ Կենսատեխնոլոգիայում համաշխարհային արտոնագրերի թիվը Չինաստանից 2000 թվականի 1%-ից աճել է մինչեւ 28% 2019 թվականին՝ գերազանցելով ԱՄՆ-ին։ Չինաստանում մշակվող նորարարական դեղամիջոցների թիվը վերջին ինը տարիների ընթացքում աճել է 8 անգամ եւ այժմ գրեթե հավասարվել է ԱՄՆ-ի ընդհանուր արտադրանքին։ Հեգնական է, որ ամերիկացի ներդրողները, որոնք կարող էին ֆինանսավորել կենսաբանական գիտությունների նորարարներին իրենց երկրում, այժմ իրենց խաղադրույքները կատարում են Չինաստանի վրա։ ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան ներդրումները Չինաստանում վերջին հինգ տարիներին հասել են 150 միլիարդ դոլարի։ Կենսադեղագործական լիցենզավորման համաշխարհային գործարքների մոտ մեկ երրորդը այժմ Չինաստանում մշակված ակտիվների համար է։

 

Չինաստանի այս առաջընթացը լրացնում է ԱՄՆ-ում նորարարության առկա խոչընդոտները, ինչպիսիք են վաղուց հնացած եւ չափազանց բարդ կարգավորիչ պահանջները եւ գիտական ԱԲ մոդելները մարզելու համար բարձրորակ տվյալների հավաքածուների բացակայությունը։ Անցյալ տարի երկկուսակցական կոնգրեսական հանձնաժողովը զգուշացրեց, որ ԱՄՆ-ն հետ կմնա Չինաստանից կենսատեխնոլոգիայի ոլորտում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում չփոխի իր ուղղությունը: Իսկ Արտաքին հարաբերությունների խորհրդի աշխատանքային խումբը (որին պատիվ ունեի անդամակցել), հրապարակեց զեկույց, որում պնդում էր, որ կենսատեխնոլոգիական նորարարությունը կենսական է ԱՄՆ ապագա տնտեսական եւ ազգային անվտանգության համար։ 

 

Եթե մենք շարունակենք վարկաբեկել գիտությունն ու զրկել այն ֆինանսավորումից, ԱՄՆ-ն կարող է դառնալ նորարարական անապատ, որը կախված կլինի Չինաստանից նոր դեղամիջոցների եւ տեխնոլոգիաների առումով եւ չի կարողանա պաշտպանել իր իսկ ժողովրդին ճգնաժամի ժամանակ՝ սկսած կենսաբանական պատերազմից մինչեւ հաջորդ համավարակը։

 

Մենք կարող ենք կորցնել կենսաբանական գիտությունների ոլորտի կողմից ԱՄՆ ՀՆԱ-ին ամեն տարի տրամադրվող 3.2 տրիլիոն դոլարի մեծ մասը եւ այդ ոլորտի 2.3 միլիոն աշխատատեղերը։

 

Եվ ամենասարսափելին այն է, որ մենք վտանգի ենք ենթարկում մեր եւ մեր սիրելիների առողջությանը: Մենք կարող ենք վերադառնալ այն դարաշրջանին, երբ փռշտոցն այնքան վտանգավոր էր, որ սովորական էր ամեն անգամ Աստծո օրհնություն խնդրելը։ Մենք կարող ենք չունենալ պատասխան, երբ սկսվի հիվանդությունը, եւ կորցնենք նորածիններին ու երեխաներին այն հիվանդությունների պատճառով, որոնց դիմակայելու համար նրանց խոցելի մարմինները դեռ բավական հասուն չեն։ Մենք կարող ենք վերադառնալ այն օրերին, երբ բերքը չէր աճում բնակչության աճին համընթաց, եւ շատերը սոված էին մնում։

Նուբար Աֆեյանը 2021 թվականին Նուբար Աֆեյանը 2021 թվականին

Լուսանկարը` Miami Dade College

Իրենց կյանքի տեւողությունը երկարացնել ցանկացողների շրջանում տարածված է «երկարակեցություն» բառը, բայց իրականությունն այն է, որ մենք կարող ենք ապրել ավելի կարճ, ոչ լիարժեք կյանքով, եթե հեռանանք գիտությունից։

 

Մեր ընտրությունը

 

Հուսադրող լուրն այն է, որ մենք կարող ենք ընտրել իմ նկարագրած երկու ապագաների միջեւ։ Ժամանակ դեռ կա։ Մենք կարող ենք վերականգնել զարգացմանը նպաստող հիմնարար հետազոտությունների ֆինանսավորումը, ներգրավել առաջատար միջազգային գիտնականների ԱՄՆ-ում աշխատելու համար, պարզեցնել նորարարության կարգավորման ընթացակարգերը, ստեղծել բարձրորակ համատեղ տվյալների հավաքածուներ, օգտագործել պետական ներդրումները՝ մասնավոր կապիտալի հոսքն ապահովելու համար, եւ զտել չինական ընկերություններում ԱՄՆ-ից արտագնա ներդրումները, որոնք ազգային անվտանգության առումով հստակ մտահոգություն են առաջացնում։

 

Մենք կարող ենք եւ պետք է ողջունենք գիտական պնդումների վերաբերյալ կասկածներ ունեցող մարդկանց սկեպտիցիզմը, բայց պետք է պնդենք, որ դա արվի գիտական մեթոդի շրջանակներում, որի հիմքում փաստն է, ոչ թե կարծիքը։ Եթե պաշտպանենք գիտական մեթոդը եւ պահանջենք, որ թերահավատությունն ուղղորդվի փորձերի եւ տվյալների միջոցով, կպաշտպանենք արդեն իսկ գործած հրաշքները եւ նորերը ստեղծելու հնարավորություն կունենանք։

 

Սա ավելի կարեւոր է, քան երբեւէ, քանի որ, կարծում եմ, մենք նոր գիտական հրաշքների պայթյունի շեմին ենք։

 

Անցյալ տարի իմ տարեկան նամակում նկարագրեցի «բազմաբանականության» նոր հայեցակարգը՝ մարդկային բանականության միավորումը մեքենայական բանականության եւ բնության բանականության հետ։ ԱԲ մոդելները գնալով ավելի բարդանում են, ուստի դրանք կօգնեն մարդկանց վերծանել բնական աշխարհի անհավանականորեն բարդ տրամաբանությունն ու ինտելեկտը՝ բացահայտելով հրաշքների բոլորովին նոր հնարավորություններ: Flagship-ում մենք համագործակցում ենք այս ապագայի ուղղությամբ աշխատող ընկերություններից մեկի՝ Lila Sciences-ի հետ, որը համատեղում է բարդ ԱԲ մոդելները ինքնավար ռոբոտացված լաբորատորիաների հետ՝ թույլ տալով ԱԲ-ին ինքնուրույն կատարել գիտական մեթոդի յուրաքանչյուր քայլը: Անցյալ տարի Lila-ն ստեղծեց իր ԱԲ մոդելների համար հատուկ գիտական կորպուս՝ իր հարթակից ստեղծված ավելի քան մեկ տրիլիոն թոքեններով եւ երկու տարվա ինքնավար փորձերով, եւ հիմք դրեց այնպիսի ապագայի համար, որտեղ հրաշքները ստեղծում են ոչ միայն մարդիկ, այլեւ մասամբ նաեւ մեքենաները:

 

Մենք կարող ենք ապրել այդ ապագայում: Մենք կարող ենք թափանցել նոր հրաշքների աշխարհ եւ կառուցել ավելի պայծառ, առողջ, անվտանգ եւ ավելի բարգավաճ կյանք մեզ եւ մեր երեխաների համար: Կամ կարող ենք քար գցել գիտության մեխանիզմի մեջ եւ բախվել դիստոպիայի եւ հետընթացի հեռանկարին: Անողորմ ընտրություն:

 

Հավատք

 

Հրաշքները ավելի հաճախ կապված են հավատքի ավանդույթների, քան գիտության հետ։ Գուցե ինչ-որ չափով սրբապղծություն համարեք, որ գիտական թռիչքներն այս նամակում որպես հրաշք եմ բնութագրել։

 

Սակայն Աստվածաշունչը հավատքը նկարագրում է որպես «մեր հույսի էություն, չերեւացող բաների ապացույց»։ Ինձ համար սա միայն ոգու հարց չէ. այն նկարագրում է նաեւ, թե ինչն է մղում գիտնականներին առաջարկել փորձեր. այն փաստը, որ ինչ-որ բան կարող է հնարավոր լինել, լուծելի լինել, ապացուցվել։ Սկզբում յուրաքանչյուր նոր վարկած հավատքի դրսեւորում է։ Յուրաքանչյուր փորձ սկսվում է անհայտի ձեւի վերաբերյալ ենթադրությունից՝ թռիչք դեպի հնարավորության ոլորտ։ 

 

Միացյալ Նահանգներում՝ ավելի շատ, քան իմ ապրած կամ այցելած ցանկացած այլ վայրում, կա հավատ գալիքի հանդեպ. hավատ ավելի լավ ապագայի, ավելի կատարյալ միության, հորինելու եւ նորարարելու կարողության, ժողովրդավարական իդեալների, ներգաղթի վերականգնողական ներուժի, ճշմարտության որոնման, գիտություն հանդեպ։ 

 

Հենց այդ եզակի ամերիկյան հավատն էր, որ գրավեց իմ երեւակայությունը, երբ երեխա ժամանակ ապրում էի Լիբանանում։ Տասներկուերորդ տարիս նոր բոլորած՝ արդեն երազում էի մի օր ընդունվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Ես միակը չեմ. գիտեմ, որ նման երազանքները մղել են հազարավոր այլ գիտնականների, ինժեներների եւ գիտնականների աշխարհի հարյուրավոր այլ քաղաքներում եւ երկրներում, որոնք հայացքն ուղղել են Միացյալ Նահանգներին, արել ամեն ինչ, որ մասնակից լինեն այն ապագային, որն Ամերիկան եզակիորեն ստեղծում եւ վերստեղծում է գիտության միջոցով։

 

Այս նոր տարում մենք պետք է վերականգնենք եւ վերահաստատենք այդ հավատը. հավատը գիտության եւ գիտական մեթոդի նկատմամբ։ Մեր առաջընթացն ամեն ինչով կախված է դրանից։ Արագ փոփոխվող աշխարհին հարմարվելու մեր կարողությունը կախված է դրանից։ Առանց դրա հրաշքները, որոնք մեզ կազատեն հիվանդություններից, կիրագործվեն այլուր կամ ընդհանրապես չեն իրագործվի։ Ընտրությունը մերն է։ 

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին