Նուբար Աֆեյան. Մենք ապրում ենք բազմաբանականության դարաշրջանում - Mediamax.am

exclusive
1877 դիտում

Նուբար Աֆեյան. Մենք ապրում ենք բազմաբանականության դարաշրջանում


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` WPI

Լուսանկարը` WPI

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` WPI


Ներկայացնում ենք հատվածներ գործարար, նորարար եւ բարերար Նուբար Աֆեյանի ելույթից, որ նա ունեցել է 2025 թվականի մայիսի 16-ին Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի (WPI) ավարտական արարողության ժամանակ:

 

Գոդարդի դասը

 

1882 թվականի հոկտեմբերի 5-ին այստեղից ոչ հեռու ծնվել է Ռոբերտ Գոդարդը: Մի անգամ դեռահաս տարիքում նա բարձրացել էր բալենու վրա, նայել երկնքին եւ պատկերացրել մի սարք, որը կարող էր հասնել աստղերին: Այդ պահը կանխորոշեց նրա հետագա կյանքը:

 

Նա ընդունվեց Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպեսզի իրագործի տիեզերական թռիչքների մասին իր երազանքը: Պատկերացրե՛ք՝ 1910-ական թվականներին մտածել տիեզերքի եւ հրթիռների մասին: 15 տարվա չարչարանքից եւ 35 հրթիռային թռիչքից հետո Ռոբերտ Գոդարդը մշակեց այն տեխնոլոգիան, որը հետագայում մարդկանց Լուսին հասցրեց:

 

Չորս երեխաներիս դպրոց տանելիս հաճախ էի պատմում Գոդարդի մասին ու ասում, որ մենք գերագնահատում ենք հիասթափությունը: Կյանքում հիասթափությունը կարող է ի հայտ գալ նոր եւ բարդ բան անելու փորձերից, կամ նրանից, որ արդյունքը այնպիսին չէր, ինչպես ցանկանում էիք: Բայց ցանկացած դեպքում հիասթափության մեջ ընկղմվելը էներգիայի վատնում է: Ուղղեք այն ուսուցման եւ նոր փորձերի վրա:

 

Գոդարդի օրինակը ցույց է տալիս, որ երբ փորձում եք մեծ, համարձակ բաներ անել, դրանք հազվադեպ են ստացվում առաջին անգամից:

 

Ոչ խելամիտ երեւալու իրավունքը

 

Ես մեծացել եմ Բեյրութում՝ հայկական ընտանիքում: Մեր բնակարանի պատուհանից երեւում էր կարմիր տանիքների քաոսն եւ կապույտ Միջերկրական ծովը: Երբ 13 տարեկան էի, Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, եւ ես սկսեցի պատուհանից թռչող արկեր տեսնել: Ի վերջո մեր ընտանիքը տեղափոխվեց Մոնրեալ, որտեղ ես ավագ դպրոց գնացի եւ սկսեցի ինտեգրվել ինձ անծանոթ մշակույթի մեջ: Հատկապես շոկային ծանոթությունը ինձ համար նոր երեւույթի՝ ձյան հետ:

 

Նոր երկրում օտարերկրացի լինելը չափազանց անհարմար էր: Բայց ժամանակի հետ սկսեցի այդ անհարմարությունն ընկալել որպես առավելություն: Երբ չգիտես, թե քեզանից ինչ են սպասում, պայմանականությունների գերի չես դառնում: Ոչ խելամիտ երեւալու իրավունք ունես: Կյանքիս մեծ մասը ինձ քննադատում էին հենց ոչ խելամիտ լինելու համար: Սկզբում անհանգստանում էի, որ դա խնդիր է դառնալու, եւ պետք է գտնեմ ավելի իմաստուն, իրատես ու հասկանալի լինելու ճանապարհը: Բայց հետո ինքս ինձ պարզ հարց տվեցի: Կարելի՞ է ակնկալել, որ խելամիտ բաներ անող խելամիտ մարդիկ կարող են արտակարգ արդյունքների հասնել: Եթե փորձում ես հասնել մի բանի, որը քեզանից առաջ ոչ ոք չի արել, բանականությունը՝ իր սովորական իմաստով, եւ փաստերը քեզ միայն որոշակի սահմանի կհասցնեն:

 

Բազմաբանականության դարաշրջանը

 

Արհեստական բանականության (ԱԲ) հետ փոխգործակցությունը տարբերվում է այն ամենից, ինչին մենք սովոր ենք: Մասամբ այն պատճառով, որ այն մարտահրավեր է նետում ենթադրությանը, որը մենք հաստատուն ենք համարել դարեր շարունակ: Ենթադրությանը, որ բանականությունը կիրառելի է միայն մարդկանց դեպքում:

 

Այսօր մենք ապրում ենք նոր՝ մեքենայական բանականության ձեւի հետ միասին: Բայց գոյություն ունի նաեւ բանականության երրորդ ձեւը, որը մենք երկար ժամանակ անտեսել ենք կամ առնվազն վատ ենք հասկացել: Դա բնության բանականությունն է: Միլիարդավոր տարիների ընթացքում բնությունը շրջակա տեղեկատվությունը կոդավորել է ԴՆԹ-ի մեջ: Ըստ էության՝ սովորելով հարմարեցնել եւ կատարելագործել կյանքի ձեւերը՝ ամենափոքր վիրուսից կամ մանրէից մինչեւ ամենամեծ կապույտ կետը:

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` WPI

Մտածեք վիրուսի մասին, որը փոփոխվում է՝ իմունային համակարգի կողմից ոչնչացվելու վտանգից ազատվելու համար, ինչպես որ մենք տեսանք հինգ տարի առաջ: Ի՞նչ է դա, եթե ոչ բանականություն: Իսկ ի՞նչ կասեք խայծավոր կյանքի էկոհամակարգերի մասին, որոնք բարգավաճում են, բայց մահանում են տարանջատման դեպքում: Մի՞թե դա բանականության համակարգ չէ:

 

ԱԲ-ի հայտնությունը մեզ հնարավորություն է տալիս վերանայել մեր մոտեցումը բնական համակարգերին եւ կյանքին, վերծանել եւ կիրառել բնության գաղտնիքները՝ միավորելով մեքենայական, մարդկային եւ բնական բանականությունները նրանում, ինչը ես անվանում եմ բազմաբանականություն (polyintelligence):

 

Բազմաբանականությունը դուռ կբացի դեպի գիտական հայտնագործություններ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերները: Օրինակ՝ արհեստական բանականության հսկայական հաշվարկային ուժը կարող է օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես են բազմանում քաղցկեղային բջիջները:

Լուսանկարը` WPI

Որքան հզոր այն լինի, բազմաբանականությունը չի վտանգի մարդկանց, քանի որ մարդկային բանականությունը նրա երեք հիմնասյուներից մեկն է: Այս նոր դարաշրջանը կունենա ձեզանից յուրաքանչյուրի կարիքը: Նրան պետք կլինեն տվյալների մասնագետներ, ռոբոտատեխնիկ ինժեներներ, կենսաբաններ, ֆիզիկոսներ, շինարարներ եւ ձեռնարկատերեր: Գտեք այն տեղերը, որտեղ կարող եք օգտվել բնության, մարդու եւ մեքենայի կապերից: Մտածեք այն դասերի մասին, որոնք կարող ենք քաղել բանականության այլ ձեւերի գոյության ճանաչումից: Մտածեք, թե ինչպես օգտագործել դրանք՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին