Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի տնտեսագիտության եւ քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Ալիռեզա Նուրիի հոդվածի թարգմանությունը։
Ալիռեզա Նուրի
Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է, որը կապում է Իրանը Ռուսաստանի, Սեւ ծովի եւ Եվրոպայի հետ։ Այն նաեւ երեք հիմնական քաղաքակրթական ոլորտների՝ Իրանի, Ռուսաստանի եւ թյուրքական աշխարհի հատման կետն է, ինչպես նաեւ Իրանի անմիջական հարեւանությամբ գտնվող կարեւոր աշխարհաքաղաքական գոտիներից մեկը։
Պատմականորեն, Կովկասը տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային տերությունների շահերի հատման վայր է եղել։ Ռուսաստանը, Թուրքիան, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ վերջերս՝ Չինաստանը, ձգտել են այստեղ ներկայություն եւ ազդեցություն ապահովել՝ տարածաշրջանային դինամիկան, ուժերի հավասարակշռությունը ձեւավորելու եւ շահերը իրենց օգտին վերաբաշխելու համար։ Այս «մեծ խաղը», մի կողմից, եւ Հարավային Կովկասի փոխկապակցվածությունը Իրանի հետ՝ աշխարհագրության, մշակույթի եւ անվտանգության առումով, մյուս կողմից, տարածաշրջանը չափազանց կարեւոր են դարձրել Թեհրանի համար։
Հետեւաբար, Իրանի համար Հարավային Կովկասը ոչ միայն աշխարհագրական ամբողջություն է, այլեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական բալանսի ձեւավորման կարեւոր ասպարեզ, նրա ազգային շահերի եւ անվտանգության անբաժանելի մաս։ Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները անխուսափելիորեն ազդում են Իրանի անվտանգության եւ ռազմավարական շահերի վրա։ Այս տեսանկյունից, Թեհրանը ուշադիր հետեւում է վերջերս Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության համաձայնագրին։ Իրանի դիրքորոշումը արտացոլվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, ինչպես նաեւ նախագահ Պեզեշքիանի Հայաստան կատարած այցի ժամանակ եւ երկու հստակ կետ ունի.
Խաղաղության համաձայնագիրը ողջունվում է որպես «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու կարեւոր քայլ»։
Մտահոգություն է հայտնվում «Իրանի սահմանների մոտ արտաքին միջամտության» վերաբերյալ։
Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության խնդիրները վերածվում են Իրանի կայունության եւ անվտանգության խնդրի։ Իրանի հիմնարար սկզբունքն է ընդգծել «աուտենտիկ տարածաշրջանայնությունը», այսինքն՝ լուծել տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, գումարած երեք առանցքային հարեւան պետություններ՝ Իրան, Թուրքիա եւ Ռուսաստան)՝ առանց արտաքին միջամտության։
Այս տեսանկյունից, եթե խաղաղության համաձայնագիրը կարող է խաղաղություն բերել տարածաշրջան, այն կհամապատասխանի Իրանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներին, եւ Թեհրանը, անշուշտ, կողջունի այն։
Սակայն երկրորդ կետը, որը սնուցում է Իրանի մտահոգությունները եւ հակազդեցությունը, կապված է խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի մասնակցության հետ, մասնավորապես՝ համաձայնագրի հավելվածի հետ, որը հայտնի է որպես «Թրամփի միջանցք»։ Թեեւ ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ, Միացյալ Նահանգները, հավանաբար, կստանան իրավունքներ՝ մինչեւ 99 տարի ժամկետով զարգացնելու եւ կառավարելու երթուղին, որը ձգվում է Թուրքիայի սահմաններից մինչեւ Կասպից ծով։
ԱՄՆ ներկայությունը ներկայացվում է որպես զուտ տնտեսական, սակայն Թեհրանը Թրամփի եւ Վաշինգտոնի խաղաղության գործընթացում միջնորդությունը համարում է որպես ազդեցությունն ընդլայնելու եւ տարածաշրջանային բալանսն ու դինամիկան փոխելու պատրվակ: Թեհրանը նման ներկայությունը համարում է Իրանին զսպելու եւ սահմանափակելուն ուղղված առավելագույն ճնշման ավելի լայն ռազմավարության մի մաս: Այն ոչ միայն նեղացնում է Իրանի աշխարհաքաղաքական տարածքը, այլեւ սահմանափակում է նրա աշխարհատնտեսական հնարավորությունները՝ երկրի համար բազմակողմանի սպառնալիքներ առաջ բերելով:
Թեհրանի մտահոգությունները կարելի է ամփոփել չորս ուղղություններով:
Անվտանգություն
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության սրման պայմաններում, ԱՄՆ-ի ներկայությունը անմիջապես Իրանի սահմաններին, զուգորդված հետախուզական եւ ռազմական ենթակառուցվածքների հավանական տեղակայման հետ, ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության համար: Հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ կապերի ամրապնդումը, հավանական է, որ Իսրայելի ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով նույնպես կաճի: Այս խնդիրը, հատկապես Իրանի եւ Իսրայելի կամ ԱՄՆ-ի միջեւ նոր բախման դեպքում, լուրջ սպառնալիք կլինի Թեհրանի անվտանգության համար:
Աշխարհաքաղաքական մտահոգություններ
«Թրամփի միջանցքը» կառավարելու պատրվակով Հարավային Կովկասում ամերիկյան երկարաժամկետ ներկայությունը անխուսափելիորեն կփոխի տարածաշրջանային մյուս խաղացողների դերերը, մասնավորապես՝ զգալիորեն կնվազեցնի Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործերում: Եթե այս ներկայությունը իրականություն դառնա, Միացյալ Նահանգները կկարողանա ազդել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքականության վրա: Արդյունքում, Իրանի դիրքերը Հարավային Կովկասում կտուժեն, և ուժերի հավասարակշռությունը կփոխվի Թեհրանի դեմ:
Քաղաքական մտահոգություններ
ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը Հարավային Կովկասում կարող է հանգեցնել տարածաշրջանի քաղաքականության, քաղաքական մշակույթի եւ արտաքին քաղաքականության փոփոխությանը դեպի Արեւմուտք: Դա հակասում է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը, որը շեշտը դնում է տարածաշրջանային խնդիրների լուծման վրա՝ տարածաշրջանային պետությունների միջեւ փոխազդեցությունների միջոցով՝ առանց արտաքին միջամտության:
Աշխարհատնտեսական մտահոգություններ
«Թրամփի միջանցքը» «Միջին միջանցք» ավելի լայն նախագծի մի մասն է, որը Կենտրոնական Ասիան Ղազախստանի, Կասպից ծովի եւ Ադրբեջանի միջոցով կապում է Թուրքիայի եւ Եվրոպայի հետ: Այս միջանցքի հիմնական նպատակներից մեկը Իրանի եւ Ռուսաստանի աշխարհատնտեսական եւ տարանցիկ դերերի նվազեցումն է եւ ընդհանուր առմամբ միջազգային առեւտրում:
Հաշվի առնելով, որ Իրանի ցամաքային կապը Եվրասիական տնտեսական միության հետ անցնում է Հայաստանի միջոցով, ԱՄՆ-ի ցանկացած ազդեցություն Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների վրա կազդի նաեւ Թեհրանի՝ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ փոխազդեցությունների վրա: Միասին վերցված՝ այս գործոնները կսրեն Իրանի դեմ պատժամիջոցների հետ կապված խնդիրները:
Իրանի շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, այս մտահոգությունները շոշափելի եւ արդիական են համարում: Չնայած նա ընդգծել է, որ Իրանը կփորձի լուծել այս բազմակողմանի սպառնալիքները «Ռուսաստանի հետ կամ առանց դրա», հաշվի առնելով, որ դրանցից շատերը ընդհանուր են Թեհրանի եւ Մոսկվայի համար, Իրանի հիմնական ռազմավարությունը այս մարտահրավերներին դիմակայելու հարցում կլինի Ռուսաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը։
Ընդհանուր ռազմավարական մոտեցում մշակելու համար Իրանը եւ Ռուսաստանը պետք է դիտարկեն Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Եթե «Թրամփի միջանցքը» գործարկվի, ամերիկյան աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ազդեցությունը կտարածվի Միջերկրական ծովից մինչեւ Սեւ եւ Կասպից ծովեր մինչեւ Կենտրոնական Ասիա: Դա մարտահրավեր կհանդիսանա Իրանի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերի համար այս տարածաշրջաններում, ներառյալ տարածաշրջանային նախաձեռնությունները, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը եւ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ։
Իհարկե, խաղաղության համաձայնագրի ստորագրումից մինչեւ դրա լիարժեք իրականացումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու. կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Թրամփի ագրեսիվ մոտեցումը, Իրանը եւ Ռուսաստանը չպետք է անտեսեն հնարավոր սպառնալիքները կամ պասիվ դիտորդների դերում մնան:
Երկու երկրներն էլ կարող են շեշտը դնել տարածաշրջանային կառավարման «տեղայնացման» վրա՝ առաջարկելով համագործակցության մեխանիզմներ եւ միաժամանակ համատեղ դիվանագիտական ճնշում գործադրելով Ադրբեջանի եւ Հայաստանի վրա՝ տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ընդլայնումը կանխելու համար: Բացի այդ, Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ տնտեսական եւ տարանցիկ նախագծերի մշակումը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային ավելի մեծ համագործակցության համար:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: