Պեզեշքիանը պատմել է Պուտինին Փաշինյանի հետ հանդիպման մասին - Mediamax.am

370 դիտում

Պեզեշքիանը պատմել է Պուտինին Փաշինյանի հետ հանդիպման մասին


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Պեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները»։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը զրուցակցին տեղեկացրել է Անքորիջում ռուս-ամերիկյան հանդիպման հիմնական արդյունքների մասին։

 

«Անդրադարձ է կատարվել նաեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Պեզեշքիանը հաստատել են պատրաստակամությունը՝ ռուս-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում հետագա ընդլայնելու հարցում եւ պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

Վկայակոչելով Իրանի նախագահի մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ը հաղորդել է,  որ Պեզեշքիանը Պուտինին պատմել է վերջերս Երեւան կատարած այցի մասին։

 

«Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցություններում եւ համաձայնագրերում  լիովին հաշվի են առնվել Իրանի եւ Ռուսաստանի տեսակետները։ Սակայն ես կարծում եմ, որ «3+3» ձեւաչափով բանակցությունները՝ Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման ավելի արդյունավետ եւ գործող մեխանիզմ կդառնան», - Պեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին