Ալիեւը քամահրանքով է խոսել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի մասին - Mediamax.am

374 դիտում

Ալիեւը քամահրանքով է խոսել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի մասին


Լուսանկարը` toi-media.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումն իր համար «բացարձակապես կարեւոր չէ»։

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը մեջբերում է Trend գործակալությունը, Ալիեւը մեկնաբանել է Վելայաթիի խոսքերը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրերի ստորագրումից հետո քննադատական հայտարարություն էր արել։

 

Խոսելով Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի մասին՝ Ալիեւն ասել է.

 

«Նա ադրբեջանցի է։ Մեր երակներում նույն արյունն է հոսում, մենք նույն լեզվով ենք խոսում, թարգմանիչներ չունենք։ Նա նույնիսկ այստեղ՝ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ, ցուցադրեց ադրբեջաներեն պոեզիայի իր գիտելիքները։ Նա շատ տաղանդավոր մարդ է։ Կարծում եմ, որ մեր անձնական հարաբերությունները եւ մեր վարչակազմերի միջեւ հարաբերությունները շատ կառուցողական եւ շատ բարեկամական են։

 

Իրանի պաշտոնական դիրքորոշումը նոր զարգացումների վերաբերյալ մենք համարում ենք շատ ողջամիտ եւ շատ դրական։ Երբ ասում եմ «պաշտոնական դիրքորոշում», նկատի ունեմ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Լսվում էին որոշ նախկին պաշտոնյաների ձայներ, որոնք այժմ խորհրդականներ են կոչվում։ Չգիտեմ, թե ինչ խորհուրդներ են իրենք տալիս։

 

Այդ դիրքորոշումը մեզ համար բացարձակապես կարեւոր չէ։ Այն մեզ համար ոչ մի իմաստ չունի, քանի որ մեր միջպետական հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջեւ են։ Հետեւաբար, մենք լիովին անտեսում ենք այն կեղծ նարատիվները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է եւ հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքը որեւէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին