Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվային միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտական աշխատակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի հոդվածի հայերեն թարգմանությունը:
Սերգեյ Մարկեդոնով
1. 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Խորհրդային Միության գոյության վերջին երկու տարիներին՝ աճող կենտրոնախույս միտումների համատեքստում, նման փաստաթղթերը հայտնվում էին ամենուր։ Սակայն հայկական հռչակագիրն յուրահատուկ էր։ 35 տարի առաջ հայտարարվել էր ոչ միայն միութենական հանրապետություններից մեկի վերափոխումը անկախ պետության եւ «փախուստը կայսրությունից», այլեւ Հայկական ԽՍՀ ինքնորոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ միասին, որը պաշտոնապես եւ իրավաբանորեն համարվում էր Ադրբեջանի ԽՍՀ մաս։
Այդ ժամանակվա հայկական ինքնորոշումն «միացման»-ի դրոշի ներքո էր, այսինքն՝ երկու սուբյեկտների՝ միութենական հանրապետության եւ ինքնավար մարզի միասնության։ Այս գաղափարախոսությունը սահմանել էր հետխորհրդային Հայաստանի ազգային պետականության կառուցումը եւ քաղաքական ինքնությունը։

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
2. Այս ընթացքում շատ բան է փոխվել։ Միությունը քանդվեց, հակամարտությունը միջհամայնքայինից եւ միջհանրապետականից վերածվեց միջպետականի։ Աստիճանաբար տեղի ունեցավ դրա «աշխարհաքաղաքականացումը»։ Ռազմաքաղաքական ստատուս քվոն փոխվեց երեք անգամ։ Եվ եթե մինչեւ 2020 թվականը «միացումը» Հայաստանի համար ընդհանուր առմամբ հաջողված պրակտիկա էր՝ թեեւ ծանրաբեռնված բազմաթիվ խնդիրներով, ապա հետո այն ավարտվեց աշխարհաքաղաքական եւ մարդասիրական պարտությամբ։
3. Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը լի են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հռչակագրի 35-ամյակին նվիրված ուղերձից մեջբերումներով, որում նա խստորեն քննադատում է 1990 թվականին ընդունված փաստաթուղթը եւ փաստացի կոչ է անում մերժել եթե ոչ թե բուն փաստաթուղթը, այլ դրա ոգին եւ հիմնական գաղափարները: Ղարաբաղյան շարժումը, որը Խորհրդային Հայաստանը վերածեց հետխորհրդայինի (բոլոր դրական եւ բացասական կողմերով, դժվարություններով եւ ձեռքբերումներով, հաղթանակներով եւ պարտություններով), ներկայացվում է որպես խոչընդոտ հանրապետության խաղաղության եւ բարգավաճման համար։

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
4. Վարչապետի եւ նրա կողմնակիցների շուրթերից նման գնահատականները առաջին անգամ չեն հնչում: Երկու տարի առաջ, նմանատիպ առիթով (Հռչակագրի ընդունման տարեդարձը), Փաշինյանն ասել էր, որ 1990 թվականին ընդունված փաստաթուղթը հիմք է դրել «իր երկրի եւ հարեւանների միջեւ մշտական հակամարտության տարրերի»:
5. 2025 թվականի օգոստոսի 23-ի իր ուղերձում Հայաստանի վարչապետը օգտագործեց իրեն հատուկ հռետորական տեխնիկան: Հայկական էթնոքաղաքական «մաքսիմալիզմի» ողջ պատասխանատվությունը դրվում է խորհրդային համակարգի վրա. իբր այն Հայկական ԽՍՀ-ի հայերին պարտադրել է սխալ «հայրենասիրության մոդել» ընդունել՝ «ՀԽՍՀ-ի ներսում հայրենասիրական ձգտումների իրականացումը կանխելու եւ դրանք դեպի դուրս ուղղորդելու համար»։
Սակայն այդ դեպքում ինչո՞ւ էր «Ղարաբաղ» կոմիտեն Մոսկվայում համարվում հակասովետականների օջախ, իսկ նրա ղեկավարներին խորհրդային «օրգանները» քրեական պատասխանատվության էին ենթարկում։ Եվ ինչո՞ւ էր Հայաստանը (նկատենք՝ ոչ թե Ադրբեջանը) հրաժարվել մասնակցել 1991 թվականի մարտին «նորացված ԽՍՀՄ»-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեին։ Չեն նշվում հայկական ազգային «գիգանտիզմի» վրա ազդող այլ գործոններ, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության հետեւանքները եւ հարեւանների հետ հակամարտությունները 1918-1920 թվականների «առաջին հանրապետությունների» ժամանակ։ Միգուցե արժեր դրանցում փնտրել հետխորհրդային Հայաստանի ստեղծողների մաքսիմալիզմի աղբյուրները, կամ առնվազն ամեն ինչ չվերագրել «անիծյալ խորհրդային անցյալի» ժառանգությանը։

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
6. Մյուս կողմից, կարեւոր է հասկանալ ժանրի օրենքները։ Փաշինյանը ակադեմիական պատմաբան չէ, նա ունի ոչ թե գիտական, այլ քաղաքական կիրառական նպատակներ։ Խաղաղությունը, որը նա այսօր առաջ է մղում որպես գլխավոր նվաճում եւ գլխավոր ակտիվ հնգամյա ժամանակահատվածի կարեւոր ընտրությունների նախօրեին, ենթադրում է հայկական պետականության եւ քաղաքական ինքնության արմատական վերափոխում։ Նոր ազգային առասպելում հերոսականությունն ու զոհաբերությունը իրենց տեղը զիջում են սպառողականությանը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: