Ներկայացնում ենք Fox News-ի կայքում հրապարակված Trump delivered strategic blow to Iran regime with bold Azerbaijan-Armenia pact հոդվածի հայերեն թարգմանությունը:
***
«Հայաստան եւ աշխարհ» խորագրում ներկայացվող թարգմանական նյութերը Մեդիամաքսը սովորաբար ներկայացնում է առանց մեկնաբանության, սակայն այս դեպքում այն պարտադիր համարեցինք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի լրատվամիջոցի համբավը վայելող Fox News-ի հրապարակումը մատնանշում է այն ռիսկերը, որոնք ի հայտ են եկել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: Ոմանք կպնդեն, որ հոդվածում ներկայացված են սոսկ իրանցի վտարանդի գործիչների ցանկությունները, սակայն պարզ է, որ այս մոտեցումերը կիսում են ամերիկյան MAGA վերնախավի շատ ներկայացուցիչներ: Նման հոդվածների ի հայտ գալը եւս մի ապացույց է, որ «խաղաղության դարաշրջանը», որի մասին օր ու գիշեր խոսում են Հայաստանի իշխանությունները, ընդամենը պատրանք է:
Եֆրատ Լախտեր
Նախագահ Դոնալդ Թրամփի նոր համաձայնագիրը Հարավային Կովկասում վերջ դրեց տասնամյակներ տեւած հակամարտությանը եւ Վաշինգտոնին հազվագյուտ ռազմավարական հենակետ պարգեւեց Իրանի հյուսիսային սահմանին, ասում են փորձագետները։
Այս ամսվա սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագիրը ԱՄՆ-ին 99 տարվա վարձակալության իրավունք է տալիս Զանգեզուրի միջանցքի նկատմամբ՝ նեղ հողաշերտի, որը կծառայի որպես կարեւորագույն առեւտրային եւ էներգետիկ ուղի դեպի Եվրոպա՝ ամբողջությամբ շրջանցելով Թեհրանը։ Իրանա-ամերիկացի լրագրող եւ այլախոհ Բանաֆշեհ Զանդը Fox News Digital-ին ասաց, որ այս քայլը «հոյակապ ձեռքբերում է ԱՄՆ-ի համար» եւ «ապտակ» Թեհրանի վարչակարգին։
«Խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) համաձայնագիրը Վաշինգտոնին անմիջական տնտեսական դեր է շնորհում՝ վերահսկելու Կասպից ծովի ածխաջրածինների հոսքը դեպի Եվրոպա։ ԱՄՆ-ն կկառավարի միջանցքով անցնող երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքները, հեռահաղորդակցության ցանցերը եւ էներգետիկ խողովակաշարերը, ինչն ամերիկյան ընկերություններին գերիշխող դիրք կտա նավթի, գազի եւ ապրանքների տարածաշրջանային տարանցման գործում։ Այս զարկերակը վերահսկելով՝ ԱՄՆ-ն ոչ միայն միլիարդավոր դոլարներ կստանա ապագա առեւտրից եւ ներդրումներից, այլեւ Եվրոպային կտրամադրի այլընտրանքային մատակարարման ուղիներ, որոնք նվազեցնում են կախվածությունը թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Միջանցքի շնորհիվ ԱՄՆ դաշնակիցների համար Կասպից ծովի էներգիան ավելի էժան եւ անվտանգ կդառնա։ Թեհրանի համար սա եկամտի եւ լծակների կորուստ է եւ Արեւելք-Արեւմուտք առեւտրում անհրաժեշտ միջնորդ ծառայելու իր կարողության ավարտ։
Զանդն ասաց, որ գործարքը ոչ միայն պատմական է, այլեւ Վաշինգտոնի ուղղակի հաղթանակ է նշանակում։ «Սա հոյակապ ձեռքբերում է ԱՄՆ-ի համար, - ասաց նա։ - Ամերիկյան կապալառուները կվերահսկեն Կասպից ծովի ավազանից Զանգեզուրի եւ Թուրքիայի միջով դեպի Եվրոպա գնացող նավթն ու գազը։ Շահույթի մարժաները մեծ են, եւ այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի օրհնությամբ»։
Զանդի խոսքով՝ ներուժն է՛լ ավելի մեծ է։ «Ոչ ոք դրա մասին դեռ չի խոսում, բայց չեմ կարծում, որ ԱՄՆ-ի ռազմական բազաներն այնտեղ բացառված են, - ասաց նա։ - Եթե դա տեղի ունենա, շախ եւ մատ կլինի Խամենեիի վարչակարգին եւ Ռուսաստանին»։
Իրանի համար միջանցքը, Զանդի կարծիքով, մղձավանջային սցենար է։ Թեհրանն արդեն վաղուց օգտագործում էր իր աշխարհագրությունը՝ էներգետիկ եւ առեւտրային հոսքերը ձեւավորելու համար: ԱՄՆ-ն տարածաշրջան բերելով՝ նոր գործարքը փաստացի զրկում է Իրանին այդ լծակից: Զանդը դա կտրուկ է ձեւակերպում. «Իրանի քարտեզը նման է կատվի՝ նստած կատվի: Այս միջանցքը բառացիորեն անցնում է կատվի ականջների վրայով: Այն շրջանցում է Իրանը, վարչակարգից փող է խլում եւ ձեռնունայն թողնում նրան»:
«Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի» Իրանի ծրագրի ավագ տնօրեն Բեհնամ Բեն Թալեբլուն ասաց, որ միջանցքը բացահայտեց Իրանի խոցելիությունը Կովկասում: «Ինչպես Ադրբեջանի հետ վերջին պատերազմում Հայաստանի պարտության, այնպես էլ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ այսօրվա քաղաքական խնդիրների պատճառով Իսլամական Հանրապետության համար դժվար է օգուտ քաղել Հայաստանի հետ իր ավանդական տնտեսական եւ քաղաքական հարաբերություններից, - ասաց նա Fox News Digital-ին: - Նրանք դեռեւս կապեր ունեն, եւ վարչակարգը որքան գաղափարական է, այնքան էլ օպորտունիստական: Եթե որեւէ միջոց լինի այս համաձայնագրի վրա քար նետելու կամ զիջումներ կորզելու, նրանք կփորձեն դա անել»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Միեւնույն ժամանակ, Թալեբլուի խոսքով, ռազմավարական պատկերը պարզ է: «Իսլամական Հանրապետությանը, ըստ էության, կտրել են այս ճանապարհից, - ասաց նա: - Սա ոչ միայն կարեւորագույն միջանցք է, որը կարող է կայունություն բերել Հարավային Կովկասին եւ տնտեսական բարելավում բոլոր ներգրավված երկրների համար, այլեւ ընդգծում է, որ վարչակարգն այնքան վատ է պահպանել Իրանի ազգային շահերը, որ իրանական պետությունը զրկվել է իր սահմանից անմիջապես վերեւ գտնվող հիմնական տարանցիկ ուղուց»:
Զանդը պնդում է, որ ազդեցությունն ավելի մեծ է ժամանակի ճիշտ ընտրության պատճառով։ Նա մատնանշեց Իրանի թուլացած դիրքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից (Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը-Մեդիամաքս)եւ Թեհրանի հետ Իսրայելի վերջին 12-օրյա պատերազմից հետո։
«Վարչակարգն ինքնամեկուսացավ, երբ չկարողացավ օգնության հասնել Համասին կամ Հեզբոլլահին։ Իրաքի շիաները ասում են, որ չեն ուզում՝ իրենց վերահսկեն, Սիրիան խաղից դուրս է, իսկ Հեզբոլլահը քայքայվել է։ Մենք, ովքեր տասնամյակներ շարունակ հետեւել ենք վարչակարգին, միշտ գիտեինք, որ այն թղթե վագր է։ Հոկտեմբերի 7-ը եւ պատերազմը բացահայտեցին դա աշխարհին»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների եւ միջուկային ոլորտի գիտնականների սպանությունը խորացրեց Թեհրանի ներքին խոցելիությունը։ «Նրանք կարող են հեքիաթի գայլի պես խոստանալ տունը փչելով քանդելու մասին, բայց ճշմարտությունն այն է, որ վարչակարգի առաջնորդների շրջանում հիմա մեծ վախ կա, - ասաց Զանդը։ - Խամենեին նույնիսկ կրկին ընդհատակն է անցել»։
Բեն Թալեբլուն հավելեց, որ Վաշինգտոնն այժմ օգտագործում է այս տեղաշարժերը՝ Իրանի թուլությունը հնարավորության վերածելու համար։ «Երբ վարչակարգը թույլ է, պետք է սպասել հարվածի՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով» - ասաց նա: - Իսրայելի ռազմական հաջողությունից հետո ԱՄՆ-ն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրեց, իսկ այժմ Ադրբեջանի ռազմական հաջողությունից հետո իր քաղաքական եւ տնտեսական հաջողություններն է արձանագրում: Այս միջանցքը եւս մեկ օրինակ է, թե ինչպես է Ամերիկան առաջ շարժվում Թեհրանի համար ամենախոցելի պահին»:
Զանդի հայրը հայտնի իրանցի լրագրող եւ մտավորական էր, որը սպանվել էր վարչակարգի կողմից։ Նրա կարծիքով՝ միջանցքի հաջողության գրավականը Թրամփի անմիջական ներգրավվածությունն է: «Քանի որ դա Թրամփն է, ամեն ինչ փոխվում է, - ասաց նա: - Մարդկային զգացմունքներ վիրավորելը Թրամփին չի մտահոգում: Նա արձագանքում է նրան, թե ինչպես են մարդիկ վարվում: Եվ այս քայլով նա հսկում է Իրանը գիշատիչ թռչունի պես՝ չարագուշակ, միշտ պատրաստ»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Զանդի նման այլախոհների համար միջանցքն ավելին է, քան պարզապես տրանսպորտային ուղի: «Մենք տասնամյակներ շարունակ աղոթել ենք սրա համար, - ասաց նա: - Մինչեւ վարչակարգը չհեռանա, Իրանում մարդիկ չափազանց վախեցած կմնան՝ կրկին ապստամբելու համար։ Սակայն այս միջանցքը բարիք է։ Այն ցույց է տալիս, որ վարչակարգը շրջապատված է, եւ օրերը հաշված են»։
Գործարքը կնքվել է ՆԱՏՕ-ի աջակցությամբ, եւ որոշ դիտորդներ արդեն համեմատել են այն պատմական խաղաղության համաձայնագրերի հետ։ Զանդը կարծում է, որ կարեւորությունը կայանում է ոչ միայն 30-ամյա հակամարտությանը վերջ դնելու, այլեւ Կովկասում ԱՄՆ ներկայությունը մշտական իրականության վերածելու մեջ։ «Վարչակարգը գիտի, որ խաղն ավարտվել է»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: