Հայաստանի անհստակ ուղին դեպի Եվրոպա եւ 2026-ին սպասվող փորձությունը - Mediamax.am

185 դիտում

Հայաստանի անհստակ ուղին դեպի Եվրոպա եւ 2026-ին սպասվող փորձությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք գերմանական Արեւելաեվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (ZoiS) գիտաշխատողներ Ցիպիլմա Դարիեւայի եւ Փոլ Վերնիգի Armenia’s Uncertain Path to Europe հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ցիպիլմա Դարիեւա, Փոլ Վերնիգ

 

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո Հայաստանը շրջվում է դեպի Արեւմուտք։ Երեւանի քաղաքական հեռավորությունը Կրեմլից նոր մակարդակի 2025 թվականի մարտին հասավ, երբ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու օգտին։

 

ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը վերջերս ուժեղացել է, սակայն այն նոր չէ։ 2017 թվականին կողմերը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ տնտեսական, իրավական եւ քաղաքական համագործակցությունը խթանելու համար։ 2023-ին ԵՄ-ն քաղաքացիական մոնիթորինգի առաքելություն տեղակայեց հայկական տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, տեղում իրավիճակը դիտարկելու համար։

 

Թեեւ Հայաստանի կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ հավասարակշռություն պահպանելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, Հայաստանի տնտեսական եւ ռազմական կախվածությունը Ռուսաստանից նպաստում է հասարակության բեւեռացմանը։

 

Հայերի փոփոխվող վերաբերմունքը

 

Տասնամյակներ շարունակ հայ հանրությունը Ռուսաստանը համարում էր իր երկրի «գլխավոր բարեկամը» եւ պաշտպանող ուժը: Այդ ընկալումը սկսեց փոխվել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո: «Կովկասյան բարոմետր» հարցման տվյալները ցույց են տալիս, որ երբ 2023 թվականին ռուս խաղաղապահները չկարողացան պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ստիպված էին փախչել տարածաշրջանից, Ռուսաստանի ժողովրդականությունը հանրության շրջանում կտրուկ նվազեց:

 

Նույն հարցման համաձայն՝ հայերը հստակորեն հիասթափված են նաեւ ժողովրդավարությունից, թեեւ առկա են ժողովրդավարացման որոշ խրախուսական նշաններ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները:

 

Երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակեց իր 2025 թվականի մամուլի ազատության ինդեքսը, Հայաստանը զարմանալիորեն լավ արդյունքներ ցուցադրեց՝ 180 երկրների մեջ զբաղեցնելով 34-րդ տեղը, առաջ անցնելով ԵՄ անդամ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Սլովակիան եւ Հունաստանը, եւ զգալիորեն գերազանցեց հարեւան Վրաստանին եւ Ադրբեջանին: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Սակայն լայն ազատությունների առումով «Ֆրիդոմ Հաուսը» բնութագրում է Հայաստանը ընդամենը որպես մասամբ ազատ: Երկիրը այս ոլորտում որեւէ էական առաջընթաց չի գրանցել 2018-ի Թավշյա հեղափոխությունից ի վեր։ Այդ բողոքի շարժման արդյունքում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, եւ դա զգալիորեն փոխեց Հայաստանի քաղաքականությունը ու վերագնահատեց երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

 

Փաշինյանը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2025 թվականի հունիսին անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը կողմ է ԵՄ անդամակցությանը։ Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր կուսակցությունները, հզոր Հայ Առաքելական եկեղեցին եւ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող տեղական օլիգարխները համախմբվում են Ռուսաստանի շուրջ։ Կառավարության եւ եկեղեցու միջեւ լարվածությունը վերջերս սրվել է։ Սա կարող է է՛լ ավելի խորացնել հասարակության պառակտումը։

 

ԵՄ-ի վերաբերյալ բեւեռացված տեսակետներ

 

ԵՄ անդամակցության թեմայի շուրջ հայ հասարակությունը գնալով բեւեռացվում է, իսկ որոշում չկայացրած մարդկանց թիվը համապատասխանաբար նվազում է: Ավելի ու ավելի քիչ հայեր որոշակի կարծիք չունեն ԵՄ-ի վերաբերյալ կամ չգիտեն՝ վստահե՞լ միությանը, թե՞ ոչ: Եթե 2019 թվականի հարցման մասնակիցների 45 տոկոսը դեռ չէր կողմնորոշվել՝ վստահե՞լ ԵՄ-ին, թե՞ ոչ, այս ցուցանիշը 2024-ին նվազել էր մինչեւ 27 տոկոս:

 

Այլ կերպ ասած՝ ավելի շատ հայեր հստակ դիրքորոշում ունեն՝ կա՛մ կողմ են ԵՄ-ի ավելի սերտ կապերին օգտին, կա՛մ դեմ են: Այսպիսով, չնայած անդամակցության աջակցությունն աճել է, եվրասկեպտիկները դեռ ազդեցիկ թիվ են կազմում:

 

Ընդհանուր առմամբ հայ բնակչության 44 տոկոսը աջակցում է Հայաստանի ապագա անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 27 տոկոսը՝ ոչ: Հետաքրքիր է, որ ԵՄ-ի նկատմամբ վստահությունը շատ ավելի ցածր է. հայերի միայն 30 տոկոսն է վստահում միությանը, իսկ 42 տոկոսը՝ ոչ: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահությունը զգալիորեն ընկել է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի 2023 թվականին արտաքսմանը չարձագանքելու պատճառով։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

2024 թվականի «Կովկասյան բարոմետր» հարցման տվյալները չեն հաստատում տարածված ենթադրությունը, որ Հայաստանի երիտասարդները եվրոպամետ են։ Տարիքով մեծ մարդիկ ավելի հակված են աջակցել ԵՄ անդամակցությանը։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի սոցիոլոգ Եվգենյա Ջենի Պատուրյանը ընդգծում է, որ դասական քաղաք-գյուղ բաժանում Հայաստանում չկա, ինչպես շատ այլ հետկոմունիստական պետություններում, որտեղ երիտասարդ քաղաքային բնակչությունը եւ ուսանողները սովորաբար եվրոպամետ են, մինչդեռ գյուղական վայրերի երիտասարդությունն ավելի պահպանողական եւ ավանդապաշտ է։ Հենց Երեւանի կրթված, քաղաքային երիտասարդությունն է, որ չափազանց քննադատաբար է մոտենում ԵՄ անդամակցությանը։ Եվ հակառակը՝ գյուղական վայրերի տարեց մարդիկ աջակցում են Փաշինյանին եւ նրա քաղաքական երազանքին՝ անդամակցել ԵՄ-ին։

 

Հարց է, թե ինչու։ Տարբեր հնարավոր բացատրություններ կան։ Մեկն այն է, որ ավելի երիտասարդ, ավելի կրթված մարդիկ ավելի իրատեսական պատկերացում ունեն ԵՄ անդամակցության հնարավոր առավելությունների եւ թերությունների մասին։ Գյուղական վայրերի տարեց մարդիկ հիմնականում տեսնում են ԵՄ անդամակցության մեծ տնտեսական եւ քաղաքական խոստումը։ Փաշինյանի եւ նրա կուսակցության քաղաքական աջակցությունը Երեւանից դուրս նույնպես պատճառներից մեկն է, թե ինչու ընտրողներն աջակցում են եվրոպամետ քաղաքականությանը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Երիտասարդների շրջանում եվրասկեպտիկության մեկ այլ պատճառ կարող է լինել այն հայերի համեմատաբար բարձր տոկոսը, որոնք Խորհրդային Միության փլուզումը համարում են բացասական իրադարձություն եւ վստահում են եկեղեցուն, զինվորականներին եւ ոստիկանությանը։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի 2023 թվականի ուսումնասիրության, ինչպես նաեւ IRI 2025 թվականի հարցման համաձայն՝ երիտասարդ հայերը մի կողմից գնահատում են արեւմտյան արժեքները եւ արտահայտում են լիբերալ դիրքորոշումներ, ընդ որում՝ հայ երիտասարդների 52 տոկոսը համաձայն է, որ ժողովրդավարությունը երկրի համար կառավարման լավագույն ձեւն է։ Սակայն մյուս կողմից նրանք իրենց հակադրում են Եվրոպային եւ իրենց եվրոպացի չեն համարում։ 

 

Հայաստանի երիտասարդությանը հատուկ են հակասական ընկալումները խորհրդային անցյալի վերաբերյալ։ Ավելի բարձր կրթական մակարդակ ունեցողները առավել հակված են մտածել, որ ԽՍՀՄ փլուզումը լավ բան էր, քան ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողները։ Հարցման մասնակից տղամարդիկ զգալիորեն ավելի հակված են Խորհրդային Միության փլուզումը վատ լույսի ներքո տեսնելուն, քան կանայք։ Գյուղական վայրերում ապրող երիտասարդներն ավելի հակված են բացասական վերաբերմունք ունենալ այս իրադարձության նկատմամբ, քան մայրաքաղաքում կամ այլ քաղաքային վայրերում բնակվողները։

 

Դժվար հավասարակշռություն  

 

Հայաստանը փորձում է բարդ աշխարհաքաղաքական հավասարակշռություն պահպանել: Չնայած ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը խորացել է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, ԵՄ անդամակցության քաղաքական նպատակը վիճահարույց է եւ հիմնականում խորհրդանշական: Հաշվի առնելով երկրի մեկուսացումը՝ Նիկոլ Փաշինյանը կողմ է ոչ միայն ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերին, այլեւ բազմավեկտոր աշխարհառազմավարական գործընկերությանը: Այդպիսով նա նպատակ ունի բազմազան եւ հավասարակշռված հարաբերություններ կառուցել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ՝ առանց լիովին հրաժարվելու Հայաստանի կախվածությունից Ռուսաստանի տնտեսական, ռազմական եւ մշակութային հզորությունից: 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարեւոր փորձություն կլինեն վարչապետի քաղաքական ռազմավարության համար: 

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին