Մարկո Ռուբիո. Արտաքին օգնությունը պետք է առաջ մղի ԱՄՆ ազգային շահերը - Mediamax.am

178 դիտում

Մարկո Ռուբիո. Արտաքին օգնությունը պետք է առաջ մղի ԱՄՆ ազգային շահերը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Making Foreign Aid Great Again հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Մարկո Ռուբիո

 

Յուրաքանչյուր պետական ծառայող պարտավորություն ունի ամերիկացի քաղաքացիների առջեւ՝ ապահովելու, որ իրենց կողմից ֆինանսավորվող ցանկացած ծրագիր առաջ մղի մեր երկրի շահերը: Թրամփի վարչակազմի կողմից հազարավոր ծրագրերի եւ տասնամյակների ընթացքում գնաճին համապատասխանեցված ավելի քան 715 միլիարդ դոլարի ծախսերի մանրակրկիտ վերանայման ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) զգալիորեն ցածր է այս չափանիշից:

 

USAID-ն ուներ տասնամյակներով կուտակված եւ գրեթե անսահմանափակ բյուջե՝ ամերիկյան ազդեցությունն առաջ մղելու, համաշխարհային տնտեսական զարգացումը խթանելու եւ միլիարդավոր մարդկանց ինքնուրույն ոտքերի վրա կանգնելու հնարավորություն տալու համար։

Հարկատուների հաշվին համաշխարհային ՀԿ արդյունաբերական համալիր ստեղծելուց բացի, USAID-ն Սառը պատերազմի ավարտից ի վեր քիչ բան ունի ցույց տալու: Զարգացման նպատակները հազվադեպ են կյանքի կոչվել, անկայունությունը հաճախ խորացել է, իսկ հակաամերիկյան տրամադրությունները միայն աճել են: Համաշխարհային ասպարեզում մեր առատաձեռնությունից ամենաշատը օգտվող երկրները սովորաբար չեն փոխադարձում: Օրինակ՝ 2023 թվականին ենթասահարյան Աֆրիկայի երկրները ՄԱԿ-ում կարեւորագույն բանաձեւերի վերաբերյալ միայն 29 տոկոսում են քվեարկել Միացյալ Նահանգների հետ միասին, չնայած 1991 թվականից ի վեր ստացել են 165 միլիարդ դոլարի աջակցություն։ Նույն ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ներդրված ավելի քան 89 միլիարդ դոլարի հետ մեկտեղ ԱՄՆ-ն ստացել է ավելի ցածր դրական վարկանիշ, քան Չինաստանը բոլոր երկրներում, բացի Մարոկկոյից։ 

 

Գործակալության կողմից 1991 թվականից ի վեր Գազայում եւ Արեւմտյան ափին կատարված 9.3 միլիարդ դոլարի ծախսերը, որոնց շահառուների թվում էին նաեւ Համասի դաշնակիցները, ԱՄՆ-ի նկատմամբ դժգոհությունների, այլ ոչ թե երախտագիտության զգացում են առաջացրել։ Միայն անթիվ ՀԿ-ների ղեկավարներն էին իրենց լավ զգում՝ վայելելով ամերիկացի հարկատուների կողմից ֆինանսավորվող հինգաստղանի կենսակերպ, մինչդեռ նրանք, ում նրանք իբր օգնում էին, ավելի վատ էին ապրում։

 

Կառավարության կողմից հաստատված անարդյունավետության այս դարաշրջանը պաշտոնապես ավարտվել է: Թրամփի վարչակազմի օրոք մենք վերջապես կունենանք արտաքին ֆինանսավորման առաքելություն Ամերիկայում, որը առաջնահերթություն կտա մեր ազգային շահերին: Հուլիսի 1-ից USAID-ին պաշտոնապես դադարեցրել է արտասահմանյան օգնության իրականացումը: Վարչակազմի քաղաքականությանը համապատասխանող արտասահմանյան օգնության ծրագրերը, որոնք առաջ կմղեն ամերիկյան շահերը, կկառավարվեն Պետդեպարտամենտի կողմից եւ կիրականացվեն ավելի մեծ հաշվետվողականությամբ եւ արդյունավետությամբ:

Լուսանկարը` REUTERS

Մենք ներողություն չենք խնդրելու, որ որդեգրել ենք «Ամերիկան առաջին հերթին» արտաքին քաղաքականությունը եւ, որ Ամերիկայի երկարամյա հանձնառությունը մարդասիրական օգնությանը եւ այլ երկրների տնտեսական զարգացմանը պետք է համապատասխանի այս քաղաքականությանը:

 

USAID-ին իր լսարանը համարում էր Միավորված Ազգերի Կազմակերպությանը, միջազգային ՀԿ-ներին եւ ավելի լայն համաշխարհային հանրությանը, այլ ոչ թե ԱՄՆ հարկատուներին, որոնք ֆինանսավորում էին այս կազմակերպությանը, կամ նախագահին, որին նրանք ընտրում էին՝ համաշխարհային ասպարեզում իրենց շահերը ներկայացնելու համար: USAID-ին իր ծրագրերը ներկայացնում էր որպես բարեգործական, այլ ոչ թե որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիքներ՝ նախատեսված մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Շատ հաճախ այս ծրագրերը խթանում էին հակաամերիկյան իդեալներն ու խմբերը:

 

Դրան վերջ է տրվում, եւ այնտեղ, որտեղ մի ժամանակ կյանքեր փրկող օգնության վրա անհայտ լոգոների ծիածան էր, այժմ կլինի մեկ ճանաչելի խորհրդանիշ՝ ամերիկյան դրոշը։ Ստացողներն արժանի են իմանալ, որ իրենց տրամադրվող օգնությունն անհայտ ՀԿ-ի կողմից տրված ողորմություն չէ, այլ ամերիկյան ժողովրդի ներդրում։

 

Այս բարեգործական մոդելը ձախողվեց նաեւ զարգացող երկրների ղեկավարության կողմից կախվածության ձեռք բերման արդյունքում։ Պետդեպարտամենտի հետազոտությունը ցույց է տալիս, որ նախկինում USAID-ի ֆինանսավորում ստացող երկրներում գերակշռող տրամադրությունը առեւտրի, այլ ոչ թե օգնության մասին է։ 

 

Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների հետ համագործակցելուց հետո մենք միշտ լսել ենք, որ զարգացող երկրները ցանկանում են ներդրումներ, որպեսզի հնարավորություն ունենան կայուն աճել, այլ ոչ թե տասնամյակներ շարունակ ՄԱԿ-ի կամ USAID-ի կողմից կառավարվող հովանավորչական աջակցություն։ 

 

Դեպարտամենտը նույնը լսել է նաեւ այս երկրների մարդկանցից. մի զամբիացի ասել էր ամերիկացի դիվանագետներին, որ իր հայրենակիցների համար ավելի օգտակար կլինի ձկնորսություն սովորել, քան ԱՄՆ կառավարության մատակարարված ձուկը ստանալ: Իսկ մի եթովպացի կին ասել էր, որ ներդրումների փոխադարձ օգուտները համարում է ավելի գերադասելի, քան օգնության միակողմանի բնույթը: Նման շատ այլ օրինակներ կան:

Լուսանկարը` REUTERS

Ամերիկացիները չպետք է հարկեր վճարեն հեռավոր երկրներում ձախողված կառավարություններին ֆինանսավորելու համար: Առաջիկայում մեր օգնությունը կլինի նպատակային եւ ժամանակային առումով սահմանափակ: Մենք կաջակցենք այն երկրներին, որոնք ցուցաբերել են իրենք իրենց օգնելու եւ՛ կարողություն, եւ՛ պատրաստակամություն, եւ մեր ռեսուրսները կուղղենք այն ոլորտներին, որտեղ դրանք կարող են մեզ ազդեցություն ունենալ եւ խթանել կայուն մասնավոր հատվածի, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների եւ համաշխարհային ներդրումների աճը:

 

Այս աշխատանքն ընթացքի մեջ է։ Մենք արդեն իսկ տեսնում ենք հսկայական առաջընթաց. ՄԱԿ-ը, այլ դաշնակիցները եւ մասնավոր հիմնադրամները սկսել են ֆինանսավորել ամբողջ աշխարհում իրականացվող նախագծերի ավելի մեծ հատվածը եւ այս գործընթացը, համընկնում է նախագահի հաջողության հետ՝ համոզելու մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կատարել իրենց ծախսերի պարտավորությունները։ Մենք համախմբում ենք մասնատված հատկացումների հաշիվները՝ ավելի ճկուն եւ դինամիկ միջոցների պաշարներ ստեղծելու համար, վերացնում ենք բյուրոկրատական գործընթացները՝ ճգնաժամերին ավելի արագ եւ իրական ժամանակում արձագանքելու համար, եւ ներդնում ենք արդյունավետության նոր չափանիշներ՝ ազդեցությունը քանակապես չափելու համար։ Տեղում գտնվող դիվանագետներին տարածաշրջանային բյուրոների միջոցով լիազորելով՝ մենք ստեղծում ենք արագ հետադարձ կապի օղակ՝ ապահովելու, որ ծրագրերը համապատասխանեն ամերիկյան շահերին եւ գործընկեր երկրների կարիքներին։

 

Այս մոդելը մեզ նաեւ թույլ կտա ավելի ուժեղ դիրք գրավել՝ Չինաստանի շահագործողական օգնության մոդելին հակազդելու եւ աշխարհի հիմնական տարածաշրջաններում մեր ռազմավարական շահերը առաջ մղելու համար։

 

Մենք դա կանենք՝ առեւտուրը գերադասելով օգնությունից, հնարավորությունները՝ կախվածությունից եւ ներդրումները՝ օգնությունից։ 

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին