Ռուսաստան-Ադրբեջան լարումը եւ Մոսկվայի իրական «կարմիր գիծը» - Mediamax.am

635 դիտում

Ռուսաստան-Ադրբեջան լարումը եւ Մոսկվայի իրական «կարմիր գիծը»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի Для соседей России достаточно одной «красной линии» հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Տիմոֆեյ Բորդաչեւ

 

Ադրբեջանի հետ հարաբերություներում դիվանագիտական թյուրըմբռնումների նոր փուլը մեծ հուզական արձագանք է առաջացնում Ռուսաստանում: Հիմա պատճառը այդ երկրի առաջնորդի հայտարարություններն են ուկրաինական խնդրի վերաբերյալ: Մեր հարաբերությունները դժվարին շրջան են ապրում: Բայց այն ստիպում է մեզ մտածել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանի քաղաքականությունը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում վերակարգավորման կարիք ունի:

 

Այս դժվարությունները, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ միգրացիայի հարցի քննարկումները տեղի են ունենում մեր հարեւանների համար փոխադարձ առեւտրից ստացվող հսկայական օգուտների ֆոնին, որոնք պայմանավորված են մեր դեմ Արեւմուտքի սկսած տնտեսական պատերազմով: Անխտիր բոլոր դեպքերում առեւտրաշրջանառությունն ու ռուսական ներդրումները աճում են, ինչպես նաեւ մեր տնտեսական փոխկապակցվածության ծավալները:

 

Սա մտածելու տեղիք է տալիս, հատկապես, որ աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը, որն առաջինն անցավ Ռուսաստանի հետ հարաբերությունների լրիվ շրջանով՝ բուռն հակամարտությունից մինչեւ միանգամայն խաղաղ եւ շահավետ հարեւանություն: Պատահական չէ, որ Ռուսաստանի որոշ դիտորդներ այդ երկիրը բերում են որպես օրինակ, թե ինչպես ճիշտ ժամանակին կիրառված ուժը չկործանեց հարեւանի հետ հարաբերությունները, այլ առողջացրեց դրանք։ Օրինակն իրոք ուշագրավ է։

 

Սակայն ինչպես ցանկացած պատմական փորձ, այն չի կարող դիտարկվել կոնկրետ հանգամանքներից անջատ։ Բաղադրատոմսը կարող է նույնքան արդյունավետ չլինել մեկ այլ դեպքում։ Թեեւ միջազգային քաղաքականությունը, ցավոք, սովորեցնում է, որ ուժն իսկապես լավագույն ուսուցիչն է։ Բայց այն կիրառելու համար անհրաժեշտ է հստակ նպատակադրում, ինչպես Սաակաշվիլիի վարչակարգի դեպքում էր, որը հատեց բոլոր սահմանները ոչ միայն հռետորաբանության, այլեւ ռազմական առումով։ Մենք երբեմն մոռանում ենք դրա մասին։

 

Նախկին ԽՍՀՄ պետությունների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ ամենադժվարը մեր նպատակների հստակ սահմանումն է. ի՞նչ ենք մենք իրականում ուզում առաջին հերթին։ Այս հարցի պատասխանը պարզ է, երբ խոսքը երկու ամենակարեւոր աշխարհագրական ուղղությունների մասին է՝ չինականի եւ արեւմտյանի։ Երկու դեպքերում էլ նպատակն ակնհայտ է՝ ուղղակի ռազմաքաղաքական սպառնալիքի բացակայությունը։ Չինաստանի դեպքում դա իրականացվում է համագործակցության միջոցով, որն արդեն այնքան հաջող է, որ մեր հարաբերությունները դարձել են ռազմավարական գործընկերության օրինակ։ Պատճառը Մոսկվայի եւ Պեկինի բարի կամքն ու ռացիոնալ վարքագիծն է, որը թույլ է տալիս փոխզիջումների գնալ նույնիսկ զգայուն հարցերում։

 

Երբ խոսքը վերաբերում է արեւմտյան երկրներին, որոնք պատրաստ չեն հրաժարվել իրենց եսասիրությունից, սա ռազմաքաղաքական զսպում է, որը երբեմն վերածվում է կոշտ բախման, ինչպես ուկրաինական հողերում: Այստեղ էլ պատճառը պարզ է. դա Արեւմուտքի անկարողությունն է՝ գոնե մի փոքր հաշվի առնել այլ պետությունների շահերը: Բայց, կրկնենք, Ռուսաստանի նպատակը երկու դեպքում էլ նույնն է. մեր ռազմավարական անվտանգությունը:  

 

Ռուսաստանի համար մնացած բոլոր աշխարհագրական ուղղությունները մաքուր դիվանագիտական են, երբ ձեռք է բերվում մասնավոր հարցերի լուծում, տնտեսական օգուտ, նույնիսկ եթե այն նշանակալի է, ինչպես Պարսից ծոցի արաբական միապետությունների դեպքում: Կամ մասնավոր քաղաքական եւ տնտեսական նվաճումների համադրություն է, ինչպես, օրինակ, աֆրիկյան երկրների հետ համագործակցության մեջ: Սակայն այս ամենը զուտ դիվանագիտական շահեր են, որոնք ուղղակիորեն կապված չեն Ռուսաստանի՝ որպես պետության գոյատեւման հետ, ի տարբերություն Չինաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների, որտեղ իսկապես խաղադրույքները շատ բարձր են: 

Լուսանկարը` REUTERS

Տարբերությունը ամենապարզ կերպով կարելի է հասկանալ Միացյալ Նահանգների օրինակով, որն ունի աշխարհի ամենապարզ աշխարհագրական դիրքը՝ կղզու վրա, որը մայրցամաքին միացված է նեղ նեղուցով, որտեղ «ապրում» են ռազմական առումով շատ թույլ պետություններ, որոնք ի վիճակի չեն սպառնալ ամերիկացիներին: Ամերիկացիների համար համաշխարհային քաղաքականությունը դիվանագիտություն է, եւ աշխարհում ոչ մի խնդիր կենսական չէ նրանց գոյատեւման համար: Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Եվրոպայում կամ Մերձավոր Արեւելքում. սպառնալիքը չափազանց հեռու է։

 

Ռուսաստանի իրավիճակն այլ է: Բայց մեզ համար էլ առաջնահերթ ուղղությունների ցանկը սահմանափակվում է երկուսով: Այսպիսով Ռուսաստանի հարեւան երկրները ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվից դժվար թե կարելի է օբյեկտիվորեն առաջնահերթ ուղղություններ համարել: Եվ դատելով ջանքերի համեստ ծավալից, ներառյալ մեր իսկապես հիանալի դիվանագետներին ու այլ մասնագետներին, այս օբյեկտիվ իրականությունը արտացոլվում է ռուսական գործնական քաղաքականության մեջ: Բավական է համեմատել միջազգային հարաբերությունների ուսանողների թիվը, որոնք տարբեր լեզուներ են ուսումնասիրում ապագա հաջող կարիերայի համար: 

 

Սակայն երբ հարեւանի հետ հարաբերություններում թյուրըմբռնումներ են սկսվում, մենք դրանց հաճախ շատ բուռն ենք արձագանքում: Գուցե այն պատճառով, որ ինքներս պատրաստ չենք ասելու, թե, օրինակ, Ադրբեջանի ինչպիսի վարքագիծը կատարյալ կլիներ Ռուսաստանի համար։ Չի կարելի բացառել, որ ուկրաինական հարցն էլ ժամանակին այդքան հեռու գնաց, որովհետեւ Ռուսաստանը երկար ժամանակ չէր կարողանում սահմանել նրա հետ լավ հարաբերությունների չափանիշները։ Չնայած այստեղ, իհարկե, հիմնական պատճառը Ուկրաինայում պետություն կառուցելու փորձի ձախողումն է, որը մի քանի հեղաշրջումներից հետո հանգեցրեց քաղաքացիական պատերազմի եւ ավերածությունների։

Լուսանկարը` REUTERS

Մնացած բոլոր դեպքերում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում պետականությունը հաստատված փաստ է: Նույնիսկ Հայաստանը, որն այժմ շատ դժվար ժամանակներ է ապրում, կառավարում է իր ինքնիշխանությունը, թեեւ՝ տարօրինակ կերպով: Բարեկամական Տաջիկստանը, որին Ռուսաստանում շատերը մի փոքր վերեւից են նայում, կայացած պետություն է՝ պատասխանատու արտաքին քաղաքականությամբ: Արդեն հիշատակված Վրաստանը բավականին արժանապատվորեն վերականգնել է իր ինքնիշխանությունը վերջին տարիներին, թեեւ վերջին տասնամյակներում հալումաշ էր եղել: Նույն Ադրբեջանն այնքան ինքնիշխան է, որ մենք անգամ տեսականորեն չենք կարող նրա առաջնորդի ռազմատենչ հռետորաբանությունը կապել նրա հետ, որ դրսից ինչ-որ մեկը իր գործողություններն ուղղորդում է Ռուսաստանի դեմ: Միակ բացառությունը փոքրիկ Մոլդովան է, որն իրոք դարձել է ընդամենը տարածքային հարց Արեւմուտքի հետ մեր ռազմատեխնիկական հարաբերություններում: 

Լուսանկարը` REUTERS

Հաշվի առնելով, որ Ուկրաինայից բացի Ռուսաստանի բոլոր հարեւանները կայացած պետություններ են, կարող ենք լուրջ քննարկում սկսել հետխորհրդային տարածքում մեր իրական նպատակների շուրջ: Հատկապես, որ իշխանության է գալու ռուսների բոլորովին նոր սերունդ. նրանք, ովքեր ծնվել եւ մեծացել են ԽՍՀՄ փլուզումից հետո, քաղաքական գործիչների ու ձեռնարկատերերի նոր սերունդ, որոնց համար «ընդհանուր անցյալը» եւ «միասնական երկիրը» զուտ պատմական հասկացություններ են, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իրական կյանքի եւ հետաքրքրությունների հետ։

 

Հենց մեր այս հայրենակիցներն են 20-30 տարի հետո ստիպված որոշումներ կայացնելու, եթե հարեւան երկրներից մեկը, հակառակ սպասումների, ներքին անկայունության զոհ դառնա կամ որոշի իր տարածքում թշնամական խոշոր տերության ռազմական օբյեկտ տեղակայել։ Որպեսզի որոշումները ոչ միայն ներկա իրավիճակին արձագանք, այլեւ ռազմավարության մաս դառնան, մենք պետք է հիմա մտածենք դրա մասին։ Հատկապես, որ հարեւան երկրներն իրենք են բազմաթիվ պատճառներ եւ հիմքեր ստեղծում։

 

Կարելի է ենթադրել, որ ապագայում Ռուսաստանը պետք է ունենա միայն մեկ իրական «կարմիր գիծ» նրանց հետ հարաբերություններում. գործողություններ, որոնք չափելի վնաս են հասցնում մեր շահերին տնտեսության կամ Ռուսաստանի տարածքի անվտանգության հարցում։ Դրանց թվում է ռազմատեխնիկական համագործակցությունը այլ տերությունների հետ, որը կարող է սպառնալիք լինել Ռուսաստանի համար, թշնամական դաշինքներին միանալը, ինչպես նաեւ գործողություններ, որոնք ուղղակի վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ 

 

Մնացած ամեն ինչ նրանց ներքին զարգացման խնդիրներն են, եւ դրանք կարող են մեզ անհանգստացնել միայն այն դեպքում, եթե ունակ են մեր հարեւաններին հանգեցնել ներքին խնդիրների, այն էլ միայն խաղաղապահ գործողությունների պլանավորման զուտ հիպոթետիկ մակարդակում։ Զբաղվել այս հարցերով սեփական հարցերի պես նշանակում է ներգրավվել վեճերի մեջ, երբ Ռուսաստանը, առնվազն հռետորաբանության մակարդակում, մշտապես կօգտագործվի ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ «Տրոլներին կերակրելը» անկասկած Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակներից չէ։ Ի դեպ մենք դրանով հիմա էլ չենք զբաղվուբ եւ խելամտորեն ձեռնպահ ենք մնում պատասխանելուց հարեւաններից յուրաքանչյուրին այն լեզվով, որն ինքն է օգտագործում՝ ելնելով իր մշակույթի եւ դաստիարակության առանձնահատկություններից։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին