Ներկայացնում ենք Օտտավայի համալսարանի դասախոս Ժան-Ֆրանսուա Ռատելի Armenia’s Current Political Crisis and the Implications for Democratic Consolidation հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ռատելը պնդում է, որ Հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ շարունակվող դիմակայությունը նախերգանք է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, որոնք ամենայն հավանականությամբ վիճահարույց են լինելու, եւ ենթադրություն է անում, որ այս անհամաձայնությունը հնարավորություն է տալիս Մոսկվային միջամտելու Հայաստանի ներքին գործերին։
Ժան-Ֆրանսուա Ռատել
Հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ քաղաքական հարձակում սկսեց Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ։ Այն սկսվեց որպես հռետորական կարծիքների փոխանակում հոգեւորականության հետ, բայց արագ վերածվեց խորապես բեւեռացնող բախման։
Այս կոնֆլիկտը ծագում է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից, որը իշխանության բերեց Փաշինյանին եւ նրա ներքին եւ միջազգային բարեփոխական օրակարգը։ Հեղափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը թիրախավորեց հոգեւորականությանը՝ անվանելով այն նախկին կառավարությանը եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին աջակցող քաղաքական գործիք։
Գարեգին Բ-ն եւ եկեղեցին ի հայտ եկան որպես առաջատար ընդդիմադիր ուժ՝ համախմբվելով այլ քաղաքական խմբերի հետ։ 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Գարեգին Բ-ն եւ այլ հոգեւորականներ մասնակցեցին բողոքի ցույցերի՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը եւ մեղադրելով նրան ազգային դավաճանության մեջ։
Գարեգին Բ-ի գլխավորությամբ հոգեւորականությունը նաեւ ուղղակիորեն մարտահրավեր նետեց կառավարությանը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հարցում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ չմղելու եւ նրա մշակութային ժառանգությունը չպաշտպանելու համար։
2024 թվականին արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը գլխավորեց բողոքի ցույցերը եւ քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ վիճարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ գյուղերում հողային զիջումների գնալու կառավարական որոշումը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Գարեգին Բ-ն իր հերթին աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ Ադրբեջանում դատվող հայ քաղբանտարկյալներին։ Բացի այդ, Փաշինյանի նախաձեռնությունները, ինչպիսիք են պակասեցնել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված այլ պետություններին կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն եւ «պատմական Հայաստանի» գաղափարի առաջխաղացմանը, բորբոքեցին ազգայնական ուժերին վարչապետի դեմ։
Հիմնական վիճելի կետերից է Զանգեզուրի միջանցքի (Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ Սյունիքի մարզով կապող ճանապարհային եւ երկաթուղային ճանապարհի) վերաբերյալ հայտարարված հնարավոր համաձայնագիրը։ Չնայած համաձայնագիրը կարող է նպաստել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրմանն ու հաղորդակցությանը, ինչպես նաեւ ծառայել որպես ընդհանուր կարգավորման անկյունաքար, այն մնում է խիստ վիճահարույց հարց Հայաստանում։
Եկեղեցու բռնաճնշում
Փաշինյանի եւ հոգեւորականության միջեւ բախումը տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ համընկնում է Փաշինյանի պատմականորեն ամենացածր վարկանիշի հետ։ Կառավարության կողմից ձախողված հեղաշրջման փորձ որակված միջադեպից հետո Փաշինյանը լայնածավալ արշավ է սկսել ընդդիմադիր ուժերի դեմ։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը գրոհ ձեռնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր գրասենյակում եւ Գարեգին Բ Կաթողիկոսի նստավայրում։
Հայաստանի քննչական կոմիտեն հոգեւորականների, քաղաքական գործիչների եւ գործարարների տասնյակ ձերբակալությունների հրաման է տվել։ Նշանավոր ձերբակալվածների թվում են արքեպիսկոպոս Գալստանյանը, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որի Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությանը այժմ սպառնում է ազգայնացումը։
Կառավարամետ լրատվամիջոցները Կարապետյանի ձերբակալությունը բնութագրել են որպես անհրաժեշտ միջամտություն՝ հոգեւորականության եւ նախկին նախագահներ Քոչարյանի եւ Սարգսյանի մասնակցությամբ կառավարությունը տապալելու խոր արմատներ ունեցող դավադրությունը կանխելու համար։
Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ձերբակալություններին՝ դրանք բնութագրելով որպես իրավապահների հաջողված միջամտություն, որը կանխել է կառավարության անկայունացումը եւ ահաբեկչական գործողությունները։
Փաշինյանի խաղադրույքը
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հայտնվել է անորոշ վիճակում։ Հոգեւորականության եւ դրա քաղաքական կապերի վրա իր հարձակումով նա շարունակում է կազմաքանդել նախահեղափոխական քաղաքական համակարգի մնացորդները։
Հայաստանի կառավարությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին մեղադրում են միմյանց եկեղեցու եւ պետության սահմանադրական բաժանումը խախտելու մեջ։ Վարչապետը քայլեր է ձեռնարկում, որպեսզի զուգահեռ կառույց ստեղծի՝ Գարեգին Բ-ի փոխարեն նոր եկեղեցու առաջնորդ ընտրելու համար։
Թեեւ հոգեւորականությունը Փաշինյանի քաղաքական օրակարգի եւ նրա բարեփոխումների ակնառու հակառակորդն է, դրա անդամների եւ գլխավոր գրասենյակի վրա նման ուղղակի եւ աննախադեպ հարձակումը մեծ բեւեռացնող պահ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։
Դիմակայությունը եկեղեցու հետ թուլացրել է Փաշինյանի դիրքը, թեեւ նա փորձում է բռնաճնշումները ներկայացնել որպես սահմանադրական կարգը պաշտպանելու, եկեղեցու եւ պետության բաժանումը կիրառելու եւ ահաբեկչական գործողություններ կանխելու անհրաժեշտ միջոց։ Այս ռազմավարությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ Փաշինյանի համար։
Այն հակասում է Փաշինյանի հետեւողական հրապարակային հանձնառությանը օրենքի գերակայության, սահմանադրության նկատմամբ հարգանքի եւ արդար ու ազատ ընտրությունների նկատմամբ։ Այն նաեւ կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասի միակ ժողովրդավարական պետության, միջազգային համբավը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Փաշինյանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է եղել արեւմտյան երկրների աջակցություն ստանալու վրա՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը միջազգային նորմերին, մարդու իրավունքներին եւ լիբերալ ժողովրդավարությանը։ Փաշինյանը հաճախ իր կառավարությունը հակադրել է Իլհամ Ալիեւի ավտորիտար վարչակարգին՝ ասելով, որ Ադրբեջանը չի հետեւում միջազգային իրավունքին եւ այնտեղ բացակայում են ժողովրդավարական հակակշիռներն ու զսպումները։
Այդ պատճառով հաջորդ տարվա ընտրություններում հաղթելու համար պայքարելիս Փաշինյանը վտանգում է իր արտաքին քաղաքականության մոտեցումը, ինչը կարող է է՛լ ավելի թուլացնել նրա բանակցային դիրքերը Ադրբեջանի նկատմամբ խաղաղության բանակցություններում ընդհանրապես եւ Զանգեզուրի միջանցքի շուրջ՝ մասնավորապես։
Ռուսաստանի դերը
Հայաստանի քաղաքական ճգնաժամը ոչ միայն սպառնում է Հայաստանի դիրքերին արեւմտյան երկրների աչքերում, այլեւ հնարավորություն է տալիս Մոսկվային միջամտել Հայաստանի ներքին գործերին կամ, առնվազն, վերականգնել իր հեղինակությունը այն բանից հետո, երբ չկանխեց Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը Ադրբեջանի կողմից։
Կրեմլն արդեն սկսել է շահագործել Կարապետյանի ձերբակալությունը եւ եկեղեցու ենթադրյալ հետապնդումները։ Նրա քարոզչական մեքենան ՀՀ կառավարությունը պիտակավորեց որպես կոռումպացված եւ Հայաստանի պատմությանը դավաճանող, եւ կազմակերպեց «մատրյոշկա» բոտերի հարձակումը Փաշինյանի վրա։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հայաստանի կառավարությունը քաջ գիտակցում է, որ Մոսկվան փորձելու է ազդել ընտրությունների վրա։ Ռուսաստանը միջամտել է Լեհաստանում, Մոլդովայում եւ Բուլղարիայում վերջերս կայացած ընտրություններին, ինչպես նաեւ 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններին։
Կրեմլը փորձում է օգտվել ազգային բեւեռացման եւ քաղաքական ճգնաժամերի պահերից՝ օգտագործելով արհեստական բանականությունն ու սոցցանցերը։ Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ ազգայնական ուժերը մեղադրում են գործող կառավարությանը ազգային դավաճանության մեջ, կարծես հատուկ այս ռազմավարության համար է ստեղծված։ Ավելին՝ եկեղեցու դեմ հալածանքները կատարյալ պատրվակ են տալիս Մոսկվային իրեն ներկայացնելու որպես ավանդական արժեքները պաշտպան եւ ենթադրյալ արեւմտյան լիբերալիզմի եւ դեկադենտության դեմ պատնեշ։
Արեւելյան Եվրոպայում իր քաղաքական օրակարգը առաջ մղելու համար Կրեմլը մշտապես մշուշել է քաղաքական եւ անօրինական գործունեության միջեւ սահմանները՝ օգտագործելով տեղական քրեական եւ հանցավոր տարրերը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից դժգոհ վետերաններն ու փախստականները, ինչպես նաեւ Ուկրաինայում ռուսական ուժերի կողքին (մասնավորապես՝ Վագներ խմբում եւ այլ վարձկան ստորաբաժանումներում, օրինակ Արբատի գումարտակում) հայ մարտիկները նորակոչիկների զգալի բազա են եւ պարարտ հող Կրեմլի քարոզչությունը տարածելու համար։
Այս մարտիկները լուրջ կապեր ունեն ռուսական կազմակերպված հանցավորության հետ. փաստագրված է, որ Մոսկվան վերջին տարիներին Արեւմտյան Եվրոպայում նմանատիպ հանցավոր եւ վարձկան միջնորդներ է օգտագործել։ Անցյալ տարի Հայաստանի իշխանությունները մեղադրեցին մի խումբ մարդկանց նրա համար, որ Ռուսաստանի ռազմաբազայում հայերին նախապատրաստում են Փաշինյանի կառավարությունը տապալելուն, եւ Հայաստանի քննչական կոմիտեն գործեր հարուցեց յոթ կասկածյալների դեմ։
Այսպիսով Հայաստանում գործող օտարերկրյա ազդեցության ցանցերը բարդ փոխազդեցության մեջ են, եւ գալիք տարում երկիրը կբախվի նշանակալի մարտահրավերների։ Մոսկվայի կողմից ընտրություններին միջամտելու վտանգը շոշափելի եւ կարեւորագույն սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարական գոյատեւման համար, սակայն Փաշինյանն օգտագործում է այս սպառնալիքը՝ ընդդիմադիր ուժերին թիրախավորելու համար։
Նշանակալի էր 2024-ի մայիսի դեպքը, երբ վարչապետը հրապարակավ Հայ եկեղեցուն բնութագրեց որպես «արտաքին ազդեցության գործակալ»։ Նման վարվելակերպը, որն ընկալվում են որպես չարաշահում, կարող է խաթարել նրա կերպարը՝ որպես ժողովրդավարական կառավարման նվիրյալ բարեփոխիչ, եւ թուլացնել նրա հակադրությունը նախորդ վարչակարգի եւ դրա կոռումպացված վերնախավի հետ։
Եզրակացություն
Հայաստանի քաղաքական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը։ Այն բարդացնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր պատմական կարգավորումը, ինչպես նաեւ երկարատեւ ղարաբաղյան հակամարտության հնարավոր ավարտը։
Այս համատեքստում անհրաժեշտ է զարգացնել դիմադրողականություն արտաքին միջամտության նկատմամբ եւ ամրապնդել ժողովրդավարական կառավարման մշակույթը, որպեսզի Հայաստանը չգնա հարեւան Վրաստանի ուղով։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Եվրոպական կառավարությունները ներկայումս աջակցում են Հայաստանի կառավարությանը եւ խուսափում քննադատելուց։ Նրանք գովաբանում են Փաշինյանի դիվանագիտական մոտեցումը թե՛ Զանգեզուրի միջանցքի, թե՛ ղարաբաղյան հակամարտության հարցում՝ այն միջազգային իրավունքին համապատասխանող համարելով։ Ավելին՝ եկեղեցու եւ ընդդիմադիր ուժերի հետ իր հարաբերությունների հարցում Փաշինյանն այժմ օգտվում է անմեղության կանխավարկածից։
Վտանգն այն է, որ քաղաքական հակառակորդների վրա հարձակումների եւ լրատվամիջոցների ազատությունն ու մարդու իրավունքները սահմանափակող օրենսդրության պատճառով Հայաստանը կարող է ժողովրդավարական նահանջ ապրել։
Այն, որ Վրաստանը չկարողացավ պաշտպանել իր նորաստեղծ ժողովրդավարությունը, պետք է նախազգուշացում լինի հայերի եւ եվրոպական երկրների համար։ Հայաստանը ժողովրդավարական առաջընթաց է գրանցել, բայց դա չպետք է խանգարի եվրոպական կառավարություններին քննադատաբար մոտենալու երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը ցույց կտա՝ արդյո՞ք նրա ինստիտուտները բավարար դիմադրողականություն ունեն ներկա ճգնաժամի եւ արտաքին ազդեցության պայմաններում կողմնորոշվելու համար։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: