Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Economist ամսագրում հրապարակված Putin’s war in Ukraine may cost him control of the south Caucasus հոդվածի թարգմանությունը։
Մարդկանց մեծամասնության համար աշխարհաքաղաքականությունը վերացական մի բան է։ Հարավային Կովկասում ապրողների համար դա առօրյա իրականություն է։ Սեւ եւ Կասպից ծովերի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող տարածաշրջանը գտնվում է հին կայսրությունների խաչմերուկում։ Սահմանակից լինելով այսօրվա երկու ամենավտանգավոր պատերազմների՝ Ուկրաինայում եւ Իրան-Իսրայել հակամարտությանը, այն ի ցույց է դնում միջին տերությունների վերելքը եւ մեծ տերությունների նահանջը։
Այս երկու պատերազմները փոխում են տարածաշրջանի դեմքը ավելի դրամատիկ կերպով, քան որեւէ այլ բան Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Պուտինի պատերազմը Ուկրաինայի դեմ անսպասելիորեն ավարտեց նախկինում անհաղթահարելի հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որն այժմ փորձում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից եւ խաղաղություն հաստատել Թուրքիայի հետ։
Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը նավթով հարուստ Ադրբեջանին դարձրել է զարգացող տարածաշրջանային տերություն, որը կարող է դիմակայել իր խոշոր հարեւաններին: Իսրայելը նրան համարում է ռազմավարական դաշնակից Իրանի հետ իր դիմակայության մեջ: Միայն Վրաստանը, որը մի ժամանակ Արեւմուտքի ֆավորիտն էր, շարժվում է հակառակ ուղղությամբ՝ վերածվելով անճոռնի հակաարեւմտյան ավտոկրատիայի:
«Մենք ապրում ենք քամոտ վայրում», - տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն այսպես է մեկնաբանում Ադրբեջանի նախագահի հատուկ դեսպան Էլչին Ամիրբաեւը՝ Բաքվի իր շքեղ գրասենյակի պատուհանից Կասպից ծովին նայելով։
Հուլիսի 10-ին, երբ The Economist-ի այս համարը տպագրվում էր, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները իրենց առաջին ուղիղ բանակցություններն էին վարում առանց միջնորդների։ Դրան նախորդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական այցը Ստամբուլ, որտեղ նրան հանդիսավոր կերպով ընդունել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանը առեւտրի եւ էներգետիկայի այսպես կոչված «Միջին միջանցքի» մաս կդարձնի, որը կապելու է Չինաստանը եւ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Դա հատկապես կարեւոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ Վրաստանը անվստահելի գործընկեր է դառնում։
Ռուսաստանը փորձում է հակազդել՝ ճնշում գործադրելով Հարավային Կովկասի եռյակի վրա։ Սակայն Ռուսաստանի ազդեցության կորստի արագությունը զարմանալի է՝ հաշվի առնելով այն գերիշխող դիրքը, որը նա ձեռք էր բերել հինգ տարի առաջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 44-օրյա պատերազմի արդյունքում։
Երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակվել էր Ղարաբաղը վերադարձնելու համար, Ռուսաստանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանը՝ մասամբ ի պատասխան երկու տարի առաջ տեղի ունեցած ժողովրդական ապստամբության, որը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, ու մասամբ՝ որպես հնարավորություն՝ տարածաշրջանի այլ վայրերում ռուսական զորքեր տեղակայելու։
Պուտինը թույլ տվեց Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ տարածքներ՝ նախքան հրադադարի ռեժիմ սահմանելը, ինչը թույլ տվեց Ռուսաստանին զորքեր տեղակայել Ադրբեջանում՝ խաղաղապահների քողի տակ, եւ որը Հայաստանն ավելի խոցելի եւ կախյալ դարձրեց։ Հրադադարի համաձայնագիրը նաեւ նպատակ ուներ վերականգնել տարածաշրջանում տրանսպորտային կապերը՝ ճանապարհային եւ երկաթուղային կապուղիներ ստեղծելով ինքնիշխան Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջեւանին կապելու համար։ Պուտինը պայման էր դրել, որ միջանցքը վերահսկի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
Խաղաղություն առանց պահապանների
Սակայն այդ ամենը փլուզվեց 2022 թվականին Պուտինի Ուկրաինա ներխուժելուց հետո: 2023 թվականին, երբ Ռուսաստանը զբաղված էր իր սեփական պատերազմով, Ադրբեջանը 24 ժամից պակաս ժամանակում վերադարձրեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը, իսկ ռուս խաղաղապահները անօգնական կանգնած էին: Ռուսաստանը, ի վերջո, ստիպված եղավ նրանց դուրս հանել: Հաղթանակից թեւավորված՝ Ադրբեջանը «ձգտում էր Մոսկվայի հետ հարաբերվել հավասարի, այլ ոչ թե ենթակայի կարգավիճակով», - ասում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Զաուր Շիրիեւը:
Վերջերս Ադրբեջանը ցուցադրում է իր ուժը՝ հստակ հասկացնելով, որ չի ցանկանում, որ ԱԴԾ-ն վերահսկի Ադրբեջանի երկու մասերի միջեւ ընկած միջանցքը: Նա ցանկանում է, որ այն հսկվի չեզոք միջազգային հաստատության կողմից, հնարավոր է՝ Ամերիկայի մասնակցությամբ:
Նոր վեճ առաջացավ, երբ ռուս իրավապահները Ուրալում ձերբակալեցին մոտ 50 էթնիկ ադրբեջանցիների՝ 20 տարվա վաղեմության չբացահայտված գործի շրջանակում: Երկուսը ձերբակալության ժամանակ ծեծի ենթարկվեցին ու մահացան։
Ադրբեջանը հակադարձեց՝ ներխուժելով Ռուսաստանի «Սպուտնիկ» պետական քարոզչական գործակալության գրասենյակ եւ կալանավորելով երկու աշխատակցի՝ մեղադրելով նրանց ԱԴԾ գործակալ լինելու մեջ: (Ռուսաստանը հերքում է դա): Ձերբակալվեցին եւ ծեծի ենթարկվեցին եւս ութ ռուսներ, որոնք Բաքու էին տեղափոխվել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո։
Այս վեճը վերջնական հարված հասցրեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային միջանցքում ռուսական ռազմական ներկայության գաղափարին: Երկու ավտոկրատների վեճը կարող է հանդարտվել: Սակայն տարածաշրջանային աճող տերության եւ նախկին կայսերական տիրակալի միջեւ ներքին լարվածությունը չի անհետանա: Ադրբեջանը, որին զինվում են Թուրքիան եւ Իսրայելը, բավական ուժեղ է, որպեսզի Ռուսաստանը բացահայտորեն պատերազմի նրա դեմ: Ուստի ազդեցությունը վերականգնելու հարցում Պուտինի հույսը կարող է լինել Հայաստանը, որը կախված է ռուսական էներգակիրների եւ պարենի ներմուծումից, եւ որտեղ Ռուսաստանը ռազմական բազա ունի։
Սակայն Ռուսաստանը Հայաստանում բավարար ժողովրդական աջակցություն չունի: Իրենց դավաճանված զգալով, հայերից քչերն են Պուտինին դաշնակից համարում: Միեւնույն ժամանակ, պարադոքսալ կերպով, Լեռնային Ղարաբաղի կորուստը եւ 100 000 էթնիկ հայերի գաղթը, որքան էլ այն ցավոտ էր, ազատում է Հայաստանին այն հակամարտությունից, որը փակել էր նրա սահմանը Թուրքիայի հետ, ստիպել էր անվտանգության ապահովումը արտապատվիրակել Ռուսաստանին եւ նրա քաղաքականությունը պատանդ էր դարձրել Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող ղարաբաղյան կլանների ձեռքում։
Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը փորձում է ազատվել ռուսական ազդեցությունից եւ մերձենալ ԵՄ-ին։ Ավելի կարեւոր է, որ այն ակտիվացրել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը, որոնք թունավորված են 1915-16 թվականներին օսմանյան ուժերի կողմից իրականացված ցեղասպանության հիշողությամբ։

Լուսանկարը` REUTERS
Փաշինյանը փորձել է Հայաստանը դուրս բերել իր պատմական հայրենիքի կորստի տրավմայի եւ վշտի սահմաններից, որը խորհրդանշում է Արարատ լեռը (այժմ գտնվում է Թուրքիայում)։ Վերլուծաբան Արեգ Քոչինյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում էր որպես միակ պաշտպանը Թուրքիայից։ Այժմ Ռուսաստանը ընկալվում է որպես սպառնալիք։ Քոչինյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը կամրապնդի Թուրքիայի դերը որպես «Հարավային Կովկասի ծագող աստղ» եւ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր։ Սակայն Թուրքիան մտադիր չէ բացել սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության, որը մեծ ներդրումներ է կատարել Թուրքիայում։
Իսկ Ադրբեջանը ժամանակ է ձգում եւ նոր պահանջներ ներկայացնում։ Նա ցանկանում է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջը հանի սահմանադրությունից։ Նա ցանկանում է անարգել մուտք դեպի Նախիջեւան՝ Հայաստանի հարավի միջոցով։ Այս պահանջները ցույց են տալիս ոչ միայն Ադրբեջանի խորը անվստահությունը իր նախկին հակառակորդի նկատմամբ, այլեւ տնտեսական անվստահությունը։ Չնայած նավթային հարստությանը, Ադրբեջանում մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն ավելի ցածր է, քան Հայաստանում, որը բնական պաշարներ չունի։
Ժամանակ չկորցնել
Այս պահանջները վտանգում են խափանել գործարքը: Հայերը ավելի պատրաստակամ կլինեն ընդունել սահմանադրական փոփոխությունները առեւտրի եւ բաց սահմանների առավելությունները տեսնելուց հետո, քան դրանից առաջ: Հայաստանը ցանկանում է սինխրոնացնել հայ-թուրքական սահմանի բացումը իր տարածքով միջանցք ստեղծող համաձայնագրի հետ, նույնիսկ եթե դա տեղի ունենա Ադրբեջանի հետ պաշտոնական խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ:
Իլհամ Ալիեւը, իհարկե, գիտի, որ Փաշինյանը իր համար լավագույն հնարավոր գործընկերն է Հայաստանում, սակայն հանրորեն նա նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Ադրբեջանը վտանգում է անկայունացնել Հայաստանը՝ նրա վրա ավելորդ ճնշում գործադրելով անգամ այն ժամանակ, երբ նրան սպառնում է Ռուսաստանը։

Լուսանկարը` REUTERS
Պուտինի կառավարությունը ջանք չի խնայել այս կամ այն կերպով ազատվելու Փաշինյանից, ում հաջորդ տարի ընտրություններ են սպասում: Մոսկվայում հույս ունեն կրկնել վրացական սցենարը, երբ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին եւ եկեղեցին կասեցրեցին երկրի արեւմտյան կողմնորոշումը եւ տարան այն դեպի ռուսական ուղեծիր: Հունիսին Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը տապալել է սեպտեմբերին նախատեսված հեղաշրջման փորձը: Այն ձերբակալել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով, ինչը Կարապետյանը հերքում է: Ռուսական RT քարոզչական հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանին անվանել է «Հակաքրիստոս» եւ դավաճան։
Շիրիեւի խոսքով՝ Ռուսաստանի չարամիտ գործունեությունը Ադրբեջանում եւ Հայաստանում խաղաղության գործընթացին պետք է հրատապություն հաղորդի: Եթե հնարավորությունների պատուհանը փակվի, տարածաշրջանը կարող է կրկին հայտնվել վտանգավոր աշխարհաքաղաքական անորոշության մեջ։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: