Ներկայացնում ենք Asbarez պարբերականու հրապարակված Րաֆֆի Արդալջյանի After Defeat: Can Armenia’s Leaders Still Find Common Purpose? հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ Րաֆֆի Արդալջյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին, պետական հաստատություններին ու ՀԿ-ներին։
Րաֆֆի Արդալջյան
2024 թվականի հոկտեմբերին հրապարակված «Նոր Ալեքսանդրապոլի կանխարգելումը. Ընդհանուր հայտարարի Հայաստանի որոնումը» գրել էի հայկական պետականության փխրունության մասին եւ նշել էի, որ առանց քաղաքական համաձայնության եւ ռազմավարական մտածելակերպի երկիրը վտանգում է կրկնել անցյալի ողբերգական էջերը: Այսօր՝ 2020 թվականի կործանարար 44-օրյա պատերազմից հինգ տարի եւ 2023 թվականին Արցախի էթնիկ զտումից մոտ երկու տարի անց, ճգնաժամը Հայաստանում շարունակվում է՝ ոչ միայն գործնականում, այլեւ քաղաքացիների գիտակցության եւ սրտերի մեջ։
Այս տարիների իրադարձությունները խորը վերքեր են թողել: Կյանքերի, տարածքների եւ անվտանգության զգացողության կորուստը քաղաքական ու հուզական կաթված է առաջացրել: Սակայն պահի լրջության գիտակցելու փոխարեն Հայաստանի քաղաքական դասակարգը շարունակում է պառակտվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրությունների արդյունքում նորից խորհրդարանական մեծամասնություն ձեւավորեց, չի կատարել բարեփոխումների, կայունության, խաղաղության եւ ազգային վերականգնման իր հիմնական խոստումները: Նրանց արձագանքը Արցախի հայկական բնակչության էթնիկ զտմանը ծայրաստիճան անհամարժեք էր:
Միեւնույն ժամանակ՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողացել միավորվել եւ վստահություն ներշնչող քաղաքական ուժ ձեւավորել: Չնայած բողոքի ցույցերին եւ իմփիչմենտի կոչերին, նրանց ուղերձները մնացել են ցաք ու ցրիվ, իսկ դաշինքները՝ փխրուն: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները ունակ չեն եղել առաջ գնալու որեւէ հստակ ուղի առաջարկել:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Կազդուրման եւ վերակառուցման քաղաքականության փոխարեն տեսնում ենք մեղադրանքների քաղաքականություն, որը հաճախ բորբոքվում է եսասիրության եւ ժառանգության մարտերով: 2020 թվականի պատերազմի, Արցախի անկման կամ Հայաստանի աճող մեկուսացման համար մեղադրանքները շարունակվում են, իսկ ազգային պատասխանատվության անհրաժեշտությունը հաճախ փոխարինվում է աղմուկով։
2021 թվականին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն հետաքրքիր գաղափար առաջարկեց՝ երեք նախկին նախագահները ընտրական դաշինք ձեւավորեն՝ ոչ թե իրենց թեկնածություններն առաջադրելու, այլ ընդդիմությունը միավորելու եւ կայունացնելու համար: Նրա առաջարկությունը մերժվեց եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի կողմից, ովքեր նախընտրեցին առանձին մասնակցել ընտրություններին՝ ստանալով համապատասխանաբար 29 եւ 7 տեղ եւ խորհրդարան մտնելով որպես փոքրամասնություն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը: Պատմությունը անկասկած կվերլուծի 2021 թվականին միավորվելու եւ ամբոխավարական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անպատասխանատու ուղին կանգնեցնելու անկարողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ պահն անցել է, բայց ոգին արդիական է մնում: Երբեմն իմաստությունը կայանում է ոչ թե իշխանություն վերադառնալու, այլ ազգային գոյատեւման համար մյուսների համագործակցությանը օգնելու մեջ։
Այսօր Հայաստանը գտնվում է շատ ավելի վտանգավոր իրավիճակում: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գլոբալ մրցակցությունը շարունակում է վերաձեւակերպել տարածաշրջանը: Սիրիայի փլուզումը 2024 թվականի վերջին եւ Իրանի եւ Իսրայելի 12-օրյա պատերազմը անկայունությունը մոտեցրել են Հայաստանի սահմաններին:
Կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համագործակցություն, ոչ թե բաժանում. փախստականների ինտեգրումը, ռազմական բարեփոխումները, ազգային անվտանգությունը եւ դիվանագիտական ռազմավարությունը: Անգամ եթե ամբողջական քաղաքական միասնությունը հասանելի չէ, ընդդիմադիր ուժերի միջեւ հիմնական ազգային առաջնահերթությունների շուրջ ընդհանուր հարթակ գտնելը հնարավոր է մնում: Դա պահանջում է հասունություն եւ հետեւանքերի գիտակցում ։
Այսօր Հայաստանում եւ Սփյուռքում քաղաքական միտքը հնարավորություն ունի վեր կանգնել անհատների ու իշխանության համար պայքարից: Փոխարենը այն կարող է կենտրոնանալ Հայաստանի համար նվազագույն ազգային կոնսենսուս ձեւավորելու վրա. կարմիր գծերի, առաջնահերթությունների եւ արժեքների լայն ընկալում, որը կարող է առաջնորդել ցանկացած կառավարության՝ անկախ նրանից, թե ով է նրա ղեկին: Խոսքը ոչ թե կարգախոսների, այլ լուռ հստակության եւ ընդհանուր պատասխանատվության մասին է:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Այսպիսի կոնսենսուսը կարող է վահան հանդիսանալ շտապ կամ վատ մտածված համաձայնագրերի դեմ: Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է ցանկալի լինել հայերի մեծամասնության համար, բայց ոչ այնպիսին, որը բանակցվում է անպատասխանատվությամբ կամ ամեն գնով:
Ընդդիմության միավորված ձայնը ոչ թե ռեւանշիզմ է, այլ բնակչության նշանակալի եւ աճող մասի կարծիքի արտացոլում: Այդպիսի ձայնը կարող է օգնել ուղղորդել գործընթացը դեպի ազգային արժանապատվություն եւ երկարաժամկետ կայունություն։
Վերջին հարցազրույցներում եւ հրապարակումներում Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը զգուշացրել է Հայաստանի անվտանգային աճող ռիսկերի մասին: Ռուսաստանի հետ լարվածության աճը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել հետեւանքների, որոնց երկիրը պատրաստ չէ: Իսկ իշխող կուսակցության ենթադրությունը, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կլուծի Հայաստանի ընդհանուր անվտանգային խնդիրը, նրա կարծիքով վտանգավորության աստիճանի լավատեսական է: Գրիգորյանը նշել է, որ հեղափոխական կառավարությունները առաջ են բերում անփորձ անձանց, որոնք բարձր խաղադրույքներ են կատարում խաղաղության եւ պատերազմի հարցերում՝ առանց լիարժեք հաշվի առնելու երկարաժամկետ հետեւանքները: Տարածաշրջանային աճող անկայունության պարագայում չափավոր, իրատեսական դիրքորոշումը կարող է Հայաստանի համար ավելի մեծ ճկունություն ապահովել, քան գաղափարախոսական տենդը կամ միակողմանի քայլերը։

Լուսանկարը` Ֆոտոլուր
Չնայած որ հայկական եկեղեցու եւ ընդդիմադիր խմբերի դեմ վերջերս գործածվող ճնշումներին դիմակայելու կոչերը հիմնավորված եւ անհրաժեշտ են, դրանք բավարար չեն: Այսօր անհրաժեշտ են լուրջ եւ համակարգված ջանքեր բաժանված ընդդիմադիր ուժերը հավատ ներշնչող քաղաքական այլընտրանքի մեջ միավորելու համար: Առանց նպատակի միասնության եւ ռազմավարական համակարգման՝ առանձին ցույցերը եւ ռեակտիվ պոռթկումները չեն կարող փոխել երկրի ներկայիս ուղղությունը կամ ապահովել նշանակալի պաշտպանություն ժողովրդավարության հետագա նահանջից եւ ռազմավարական սխալներից։
Միավորված ընդդիմությունը կարող է առաջարկել ավելին, քան սոսկ մարտավարական արձագանք կառավարությանը՝ անցումային քաղաքական շրջանակ հաստատելու հնարավորություն, որը հիմնված է իրատեսության եւ պատասխանատվության վրա: Սա ոչ միայն չի փոխարինի ժողովրդավարությունը, այլեւ կբարձրացնի քաղաքական դիսկուրսի եւ գործողությունների նշաձողը: Այդպիսի շրջանակը՝ օգտագործելով Հայաստանի քաղաքական սպեկտրի տարբեր դեմքերին, ռեսուրսներն ու եւ ավանդույթները, կարող է օգնել վերագտնել ազգային ուղղությունը եւ վերականգնել համակարգվածության ու նպատակի զգացումը: Այն կազդարարի, որ այս փոքր երկիրը ունակ է դիմակայել մարտահրավերներին ոչ թե պառակտման, այլ կարգապահ համագործակցության միջոցով: Այն նորից ուշադրություն կսեւեռի Հայկական ազգային նախագծի անավարտ աշխատանքի վրա՝ ինքնիշխանության, գոյատեւման եւ ինքնահարգանքի համար երկարատեւ ու ծախսատար պայքարի, որը ընթացել է նախորդ 150 տարվա ընթացքում:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Եթե Հայաստանի քաղաքական դասակարգը՝ եւ՛ տանը, եւ՛ Սփյուռքում, շարունակի անտեսել Հանրապետության գոյատեւման վտանգները եւ չկարողանա կենտրոնանալ պարզ ազգային առաջնահերթությունների վրա, պատմությունը կարող է չներել հետեւանքները: Քրդերի եւ ասորիների նման պետականություն չունեցող ազգերը ցավոտ հիշեցում են այն մասին, թե ինչ ես կորցնում, երբ մասնատվածությունը հաղթում է տեսլականին։
Այս վճռական պահին Հայաստանը ոչ թե ավելի բարձր, այլ ավելի իմաստուն ձայների կարիք ունի:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: