Թրամփը պատրաստ է սեղմել ձգանը - Mediamax.am

396 դիտում

Թրամփը պատրաստ է սեղմել ձգանը


Դոնալդ Թրամփը եւ նրա փեսա Ջարեդ Կուշները
Դոնալդ Թրամփը եւ նրա փեսա Ջարեդ Կուշները

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի Trump’s coming decision to hit Iran, explained հոդվածի թարգմանությունը` կրճատումներով:

 

Իեն Բրեմեր

 

Դոնալդ Թրամփը կարող է շուտով հատել այն գիծը, որ սահմանել էլ մոտ մեկ շաբաթ առաջ: Եթե Իրանը կապիտուլյացիա չհայտարարի, ինչին ոչ ոք չի սպասում, ԱՄՆ նախագահը, հավանաբար, ամերիկյան ռմբակոծիչներին հրաման կտա հարված հասցնել Ֆորդոյին՝ Իրանի ամենապաշտպանված ստորգետնյա օբյեկտին, այդպիսով միանալով Իսրայելի պատերազմին Իսլամական Հանրապետության դեմ: 

 

Այս քայլը իրանական ռեժիմը չի տապալի: Սակայն այն ներքաշելու է Վաշինգտոնը այն հակամարտության մեջ, որից Թրամփը խուսափելու հույս ուներ:

 

Հունիսի 13-ից հետո Իսրայելը ոչնչացրել կամ լրջորեն վնասել է իրանական հրթիռային լիցքաթողիչների, անօդաչուներ արտադրող գործարանների եւ ցամաքային միջուկային օբյեկտների զգալի մասը: Հունիսի 16-ին Իսրայելը հայտարարեց Թեհրանի երկնքում ամբողջական օդային գերակայության հասնելու մասին:

 

Իրանը չկարողացավ արդյունավետ պատասխան կազմակերպել: Այն հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչուներ արձակեց իսրայելական բնակավայրերի, սակայն դրան միայն 5 տոկոսը հաղթահարեցին Իսրայելի բազմաշերտ օդային պաշտպանությունը: Թեեւ այդ գրոհները վնաս պատճառեցին հիմնականում բնակելի շենքերին եւ տասնյակ իսրայելցիներ սպանեցին, Թեհրանի բալիստիկ զինանոցը սկսեց սպառվել, եւ յուրաքանչյուր հարձակման ալիքը ծավալով ավելի փոքր էր նախորդից: Որքան երկար տեւի պատերազմը, այնքան աճելու է Իսրայելի առավելությունը:

 

Այնուամենայնիվ, չնայած Իրանին հասցված լուրջ վնասին, Իսրայելը ինքնուրույն չի կարող հասնել իր հիմնական ռազմական նպատակին՝ իրանական միջուկային ծրագրի ոչնչացմանը: Նատանզի, Իսֆահանի եւ Պարչինի միջուկային օբյեկտների մասնակի վնասումը, ինչպես նաեւ 14 առաջատար միջուկային գիտնականների սպանությունը ծրագիրը ամիսներով է հետ մղել: Սակայն Ֆորդոյի ստորգետնյա հարստացման կայանը Իսրայելի հասանելիության սահմաններից դուրս է մնում: Միայն ԱՄՆ օդուժի հակաբունկերային ռումբները կարող են «ավարտել գործը»:

Լուսանկարը` REUTERS

Իսրայելը կարող է եւ շարունակելու է հարվածներ հասցնել Իրանի այլ միջուկային, հրթիռային եւ ռազմական ենթակառուցվածքին շաբաթների (եթե ոչ ամիսների) ընթացքում, սակայն եթե պատերազմն ավարտվի Ֆորդոյի պահպանմամբ, դա կնշանակի, որ Թեհրանը կրկնապատկելու է միջուկային ռումբի ստեղծման ջանքերը՝ հենց որ «ծուխը ցրվի»: Հետեւաբար, Իսրայելի հաղթանակի միակ երաշխավորը Թրամփն է:

 

Սկզբից նա պարզ կարմիր գիծ սահմանեց. ամերիկյան ուժերը անմիջական մասնակցություն չեն ունենա, եթե Իրանը հարձակում չգործի ամերիկյան ռազմական բազաների վրա կամ կարգելափակի ռազմավարական կարեւորություն ունեցող Հորմուզի նեղուցը: ԱՄՆ Նախագահը ընտրվել էր որպես խաղաղության ջատագով՝ խոստանալով ավարտել արտասահմանյան պատերազմները եւ թույլ չտալ նորերի բռնկումը: Նա փորձեց, բայց ոչ արդյունավետ կերպով: Անգամ հունիսի 13-ի իսրայելական գործողությունը հավանության արժանացնելուց հետո նա դեռ պնդում էր, որ ԱՄՆ-ն դրա հետ ոչ մի կապ չունի եւ իրանցիներին կոչ էր անում վերադառնալ բանակցություններին:

 

Սակայն վերջին մի քանի օրերը վկայում են, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը փոխվել է: Հունիսի 15-ին Թրամփն ասաց, որ «գուցե մենք միջամտենք»: Հաջորդ օրը նա զգուշացում հղեց Թեհրանի 10 մլն բնակիչներին՝ առաջարկելով «անմիջապես տարհանվել» քաղաքից: Իսկ հունիսի 17-ին նա անուղղակիորեն սպառնաց սպանել Իրանի բարձրագույն առաջնորդ Ալի Խամենեիին եւ Իրանի «ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ» կոչ արեց:

 

Զուգահեռաբար, Թրամփի վարչակազմը եւ MAGA-ի մեդիա-ապարատը սկսեցին քաղաքական հիմք պատրաստել ԱՄՆ-ի միանգամյա հարվածի համար՝ Հանրապետական կուսակցության մեկուսացման կողմնակից թեւին համոզելով, որ միանգամյա օդային հարվածները, ի տարբերություն ցամաքային գործողության եւ երկարաժամկետ օկուպացիայի, ոչ միայն համապատասխանում են նախագահի «Ամերիկան ամենից առաջ» մոտեցմանը, այլեւ անհրաժեշտ են նախագահի «խաղաղություն ուժի միջոցով» տեսլականը կյանքի կոչելու համար:

Լուսանկարը` REUTERS

Հաղորդվում է, որ Թրամփը դեռ որոշում չի կայացրել: Նա ասում է, որ դեռ «չափազանց ուշ» չէ խուսափել ամերիկյան հարձակումից, եթե Իրանը համաձայնվի հրաժարվել իր միջուկային ծրագրից: Սակայն քանի որ Իսրայելն ու Իրանը հարվածներ են փոխանակում արդեն մոտ մեկ շաբաթ, նախագահը ցանկացած պահի կարող է կանաչ լույս վառել հարվածի համար: Սակայն նա պետք է հաշվի առնի, որ հատուցման հարվածները Իրաքում ամերիկյան ուժերի նկատմամբ կարող են ԱՄՆ-ն ներքաշել հերթական ճահճուտի մեջ:

 

Այն պայմաններում, երբ Իրանի կապիտուլյացիան իրատեսական չի թվում եւ Թրամփն իր վերջնագրից ետքայլ կատարելու այլ պարզ տարբերակ չունի, ԱՄՆ-ի հարվածը Ֆորդոյին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտակա օրերին:

 

Թեհրանը կբախվի հակահարված հասցնելու աճող ճնշման հետ, սակայն հուսով եմ, որ թուլացած ռեժիմը, ձեռնպահ կմնա հակամարտության հետագա ընդլայնումից, հատկապես այն եղանակով, որը կստիպի նրան կռվել երեք ճակատներում՝ Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների դեմ:

 

Մեծ վտանգը թաքնված է պատերազմի մշուշում: Եթե նրան անկյուն մղեն, Իրանը կարող է որոշել բարձրացնել տոկոսադրույքները՝ չնայած հատուցման ռիսկերին:

Լուսանկարը` REUTERS

Նախագահ Թրամփը դեռ կարող է հետ քաշվել անդունդի եզրից: Հունիսի 18-ին նա ասել է լրագրողներին. «Կարող եմ դա անել, կարող եմ նաեւ չանել»: ԱՄՆ-ի համար Ֆորդոն ոչնչացնելու հնարավորությունը չի անհետանա մեկ կամ վեց ամսից: Այս պահին այն ամերիկյան զինվորներին անիմաց ռիսկի կենթարկի եւ ռեժիմի փոփոխության չի բերի: Հարվածը ավելի շուտ կմիավորի իրանցիներին եւ կընդլայնի կոշտ գծի կողմնակիցների լիազորությունները: Ավելի իմաստուն կլիներ թույլ տալ Իսրայելին շարունակել թուլացնել իրանական միջուկային, հրթիռային եւ ռազմական ներուժը:

 

Սակայն, ինչպես երեւում է, Թրամփը պատրաստվում է սեղմել ձգանը: Երբ նա դա անի, վերնագրերը կողջունեն ամերիկա-իսրայելական հաղթանակը: Սակայն իրական պատկերը ավելի խառն կլինի. իրանական միջուկային ծրագիրը ճնշված է, բայց ոչնչացված չէ, ռեժիմը թուլացած է, բայց կենդանի է, ԱՄՆ-ն ավելի խորն է ներգրավված այն հակամարտության մեջ, որից երդվում էր խուսափել, Իսրայելը դիմակայում է թշնամուն, ում միջուկային զենք ձեռք բերելու վճռականությունը միայն աճել է:

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին