Ներկայացնում ենք Project Syndicate-ի արհեստական բանականության բաժնի խմբագիր Չարլզ Ֆերգյուսոնի հոդվածը:
Չարլզ Ֆերգյուսոն
Հունիսի 1-ին Ուկրաինայի ձեռնարկած հարձակումը Ռուսաստանի ռազմական օդանավակայանների նոր դարաշրջանի սկիզբ խորհրդանշեց. մարդկային անձնակազմով թանկարժեք սպառազինությունը (տանկեր, ինքնաթիռներ, նավեր), որը երկար ժամանակ որոշում էր աշխարհի բանակների «առաջադեմ» բնույթը, վերածվում է ժամկետանց թափոնի՝ էժան դրոնների շնորհիվ: Սակայն, դա ոչ լիարժեք գնահատական է եւ, հավանաբար, վտանգավոր: Դրոնների կիրառմամբ պատերազմը սթափեցնող դաս դարձավ, որը վերաբերում է ոչ միայն անցյալի թանկարժեք զենքի խոցելիությանը: Արհեստական բանականության (ԱԲ) գալիք ինտեգրումը մարտական դրոններում կստիպի կարոտով հիշել ներկա իրավիճակը:
Դիտարկենք Ուկրաինական պատերազմի արդեն հայտնի դասերը: Առաջին հերթին, դրոնների էֆեկտը վերաբերում է ոչ միայն ավանդական զենքին: Անօդաչուները իսկապես զգալիորեն բարձրացրեցին տանկերի եւ զրահատեխնիկայի խոցելիությունը, հետեւաբար ռուսական ցամաքային հարձակումներում այժմ հաճախ օգտագործվում են հետեւակ, մոտոցիկլետներ եւ ամենագնացներ: Բայց դա չի օգնում, քանի որ դրոնները սարսափելի արդյունավետ են նաեւ մարդկանց դեմ: Կորուստների ծավալները, ինչպես միշտ, բարձր են, սակայն այժմ երկու կողմից էլ դրանք ավելի քան 70%-ով ապահովվում են դրոնները:

Լուսանկարը` REUTERS
Դրանք արդյունավետ են գրեթե ամեն ինչի դեմ: Ուկրաինան դրոնները օգտագործում է ռուսական ամենատարբեր օբյեկտները ոչնչացնելու համար՝ զենքի գործարաններ, գնացքներ, զենք-զինամթերքի պահեստներ, նավթամշակման գործարաններ, նավեր եւ նավահանգիստներ:
Ուկրաինայի պատերազմի եւս երկու սթափեցնող դասեր կան, որոնք վերաբերում են դրոնների պատերազմի կախվածությանը արդյունաբերական բազայից: Առաջին հերթին, շատ կարեւոր է արագ եւ ճկուն արձագանքը: Դրոնների տեխնոլոգիաները, սպառազինությունը եւ մարտավարությունը փոխվում են ապշեցուցիչ տեմպերով: Նոր դրոնը օգտակար է միայն 2-6 ամիս: Քանի որ հակառակորդը հակամիջոցներ է մշակում, անընդհատ պահանջվում է նոր պրոդուկտների մշակում, որի դեմ մշակվում են նոր հակամիջոցներ եւ այսպես շարունակ:

Լուսանկարը` REUTERS
Սկզբում Ուկրաինայում օգտագործվող դրոնները կոպիտ զենք էին, որը կառավարվում էր ռադիոյով մոտակայքում գտնվող օպերատորի կողմից: Դրոնների ավելի բարդ եւ մահաբեր դառնալուն զուգահեռ սկսեցին օգտագործվել «խլացնող սարքեր»՝ ռադիոազդակները արգելափակելու համար: Դա հանգեցրեց հաճախականությունների փոփոխության, ապա՝ հաճախականությունների ցատկային վերակառուցման: Ի պատասխան սկսեցին օգտագործվել բազմահաճախականային խլացնող սարքեր, բայց դրանք էլ հարվածային դրոնների թիրախ դարձան: Հետո Ռուսաստանը մշակեց մանրաթելային օպտիկական կաբելով կառավարվող դրոններ, որոնք հնարավոր չէ խլացնել: Ուկրաինան փորձում է հետեւել այդ կաբելին մինչեւ վերջինիս աղբյուրը եւ սպանել օպերատորին (դրոնի միջոցով): Ուկրաինան եւս ձեռք է բերել օպտիկամանրաթելային դրոններ:
Դրոնների կառավարման տեխնիկան եւս բարդացվում է, որպեսզի դրանք կարողանան խուսափել ռադարներից՝ թռչելով շատ ցածր կամ սթելս տեխնոլոգիաներ օգտագործելով: Դրոնների հայտնաբերման եւ դրանց հետեւելու համակարգերը նույնպես կատարելագործվում են. դրանցում օգտագործվում են բջջային հեռախոսների եւ միկրոֆոնների ցանցեր, որոնք միացվում են ձայնային վերլուծության ծրագրերին:
Նույնիսկ մեկ ամսով հետ մնալը կարող է մահաբեր լինել: Պաշտպանական արդյունաբերության նորմալ ընթացակարգերն անհամարժեք են դառնում, իսկ ամերիկյան դրոնների արտադրողների մեծ մասը հուսահատորեն դանդաղաշարժ են, իսկ դրանց արտադրանքը թանկ է եւ քիչ օգտակար: Այս խնդիրը լուծելու համար ուկրաինացի դրոն արտադրողները եւ բանակը որդեգրել են հետազոտության եւ մշակման, ինչպես նաեւ արտադրության եւ ներդրման հեղափոխական մոդել:
Այն հիմնված է ռազմական ստորաբաժանումների եւ դրոն արտադրողների միջեւ ուղղակի մշտական կապի վրա: Ուկրաինայի ռազմական հրամանատարությունն ու թվային փոխակերպման նախարարությունն անգամ միավորների համակարգ են մշակել. նրանք հրապարակում են ռազմական ստորաբաժանումների արդյունավետության մշտապես թարմացվող վարկանիշները՝ հիմնված դրոնների միջոցով թշնամու հաստատված խոցումների տվյալների վրա:
Ուկրաինային օգնում է ուժեղ ստարտափների էկոհամակարգի առկայությունը, որի շնորհիվ ռազմական արդյունաբերությունը (հարյուրավոր ընկերություններով) կարող է շաբաթների ընթացքում մշակել, արտադրել եւ ծառայության մեջ դնել նոր զինատեսակներ: Այս տարի Ուկրաինան կարտադրի ավելի քան 4 միլիոն դրոն, ընդ որում դրանց մեծ մասն այն մոդելներն են, որոնք դեռ մեկ տարի առաջ գոյություն չունեին: Ռուսաստանն էլ է հարմարվում եւ նույնպես ակտիվ հիմնվում է մասնավոր ստարտափների վրա:

Լուսանկարը` REUTERS
ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պաշտպանական հետազոտությունները եւ գնումները մնում են դանդաղաշարժ եւ ոչ մրցունակ: Դա նվազեցնում է դրանց դրոններից պաշտպանվելու եւ դրանցից օգտվելու ունակությունը: Քչերն են հասկանում, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն այսօր Ուկրաինայի ծայրահեղ կարիքն ունեն՝ դրոնների հետ աշխատանքի վերջինիս փորձի պատճառով: Ուկրաինան այսօր աշխարհում միակ երկիրն է, որի տեխնոլոգիաները կարող են հավասարվել չինական եւ/կամ ռուսական տեխնոլոգիաներին, ներառյալ պատերազմի ընթացքում փոփոխությունների նկատմամբ արձագանքի ժամանակի առումով: Առանց Ուկրաինայի եւ առանց իրենց ուժերի արդիականացման՝ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն կարող են սարսափելի կորուստներ կրել Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմում եւ նույնիսկ կարող են պարտվել:

Լուսանկարը` REUTERS
Ավելին, ամեն ինչ կփոխի արհեստական բանականությունը (ԱԲ): Ուկրաինայի հունիսի 1-ի գործողությունում օգտագործվեց 117 դրոն: Դրանցից յուրաքանչյուրը կառավարվում էր փորձառու օպերատորի կողմից, եւ, ըստ զեկույցների, այդ դրոնների մոտ կեսը ոչնչացվել է ռուսական պաշտպանական միջոցներով (հիմնականում խլացնող սարքերով), քանի որ դրոնները պետք է ռադիոկապ պահպանեին օպերատորների հետ: Եթե դրոնները ինքնավար լինեին, դրանք թիվը կարող էր հազարներով չափվել: ԱԲ առկայության դեպքում օպերատորի հետ կապը հարկավոր չէ, եւ հետեւաբար արդյունավետ «խլացնող սարքեր» չեն կարող լինել: Դա զգալիորեն ավելացնում է դրոնների թռիչքի տեւողությունը եւ դրանց մահաբերությունը: Հինգ տարի անց սովորական թիրախներին կանխարգելիչ հարվածներ հասցնելը չափազանց հեշտ կլինի:
ԱԻ-ն բարձրացնում է մարդկանց դեմ օգտագործվող դրոնների մահաբերությունն ու ճշգրտությունը: Չինացիներն արդեն ցուցադրել են, թե ինչպես է անօդաչուների երամը ցրվում անտառի վրայով շարժվելիս, իսկ երբ անոդաչուները անցնում են անտառը, նորից երամ են ձեւավորում: Խոսքը միայն պատերազմների մասին չէ, այլ նաեւ ահաբեկչական գործողությունների:

Լուսանկարը` REUTERS
ԱԲ-ի պահանջվող ֆունկցիոնալը դեռեւս շատ ավելի մեծ հաշվողական հզորության եւ հիշողության կարիք ունի, քան հնարավոր է տեղավորել փոքր դրոնում: Եվ դա էժան չէ: Օրինակ, Nvidia չիպերից յուրաքանչյուրն արժե մինչեւ $ 50 հազար, եւ նույնիսկ մեկ հզոր ԱԲ-պրոցեսորը դրոնների մեծ մասը չափազանց թանկ կդարձնի: Բայց իրավիճակը արագ է փոխվում, եւ դրան նպաստում է յուրաքանչյուր սմարթֆոնում ԱԲ լուրջ հնարավորություններ ներկառուցելու ցանկությունը: Երբ դա իրականություն դառնա, նույն հնարավորությունները հասանելի կլինեն ցանկացած ռազմական դրոնի համար:
Ստյուարտ Ռասելը Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանից երկար ժամանակ հանդես է գալիս զենքի վերահսկման պայմանագրի կնքման օգտին, որը կկանխի փոքր, ԱԲ միջոցով կառավարվող դրոնների զանգվածային արտադրությունը: Նա անգամ մասնակցել է «Մարդասպան բոթեր» կարճամետրաժ ֆիլմի ստեղծմանը, որում ցուցադրված էին այն ռիսկերը, որոնք առաջանում են, երբ դրոնները սխալ ձեռքերում են հայտնվում:

Լուսանկարը` REUTERS
Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում ցանկացած նշանակալի պայմանագրի կնքումը քիչ հավանական է, հետեւաբար մենք պետք է պատրաստվենք ապրել աշխարհում, որտեղ նման զենքը, հավանաբար, իրական կդառնա: Սակայն արեւմտյան պաշտպանական իսթեբլիշմենթը նման է մի հին ընկերության, որի համար տեխնոլոգիաների փոփոխությունները անսպասելի էին: Այդպիսի «տարեցների» դիմադրությունը կարող է թանկ նստել, բայց այդ վնասը բացառապես ֆինանսական կլինի, իսկ պատերազմում այն կարող մահաբեր լինել:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2025.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: