Միջազգային իրավունքի երկընտրանքը. մահ կամ վերադարձ համեստ նպատակներին - Mediamax.am

378 դիտում

Միջազգային իրավունքի երկընտրանքը. մահ կամ վերադարձ համեստ նպատակներին


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Չիկագոյի համալսարանի Իրավաբանության դպրոցի պրոֆեսոր Էրիկ Պոզների հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Էրիկ Պոզներ

 

Վերջին ամիսներին Իսրայելը մի քանի անգամ հարվածեց Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով ռազմական օբյեկտները եւ գրավելով տարածքներ՝ ակնհայտորեն խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որն արգելում է ռազմական ուժի կիրառումը օտար պետությունների դեմ, բացառությամբ ինքնապաշտպանության կամ Անվտանգության խորհրդի բանաձեւերով նախատեսված դեպքերի։

 

Մինչ որոշ երկրներ դատապարտել են Իսրայելին, ԱՄՆ-ն եւ մյուսների մեծ մասը լռել են։ Նրանք հավանաբար վախենում են, որ եթե Սիրիայի զենքերը չոչնչացվեն, դրանք կարող են հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։ Կարեւոր չէ, որ միջազգային իրավունքը նման բացառություններ չի թույլատրում:

 

Սիրիայում Իսրայելի հարվածները բնավ մեկուսացված օրինակ չեն։ Միջազգային իրավունքի ավերակները մեր շուրջն են։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2014-ին եւ կրկին 2022-ին, ապօրինաբար բռնակցեց ուկրաինական տարածքները, վայրագություններ գործեց ուկրաինացի զինվորների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ եւ այժմ մեղադրվում է ցեղասպանության մեջ։ Չինաստանը բռնություն է կիրառել Հարավ չինական ծովի նկատմամբ իր վերահսկողությունը ընդլայնելու համար, եւ այժմ թվում է, թե պատրաստվում է ներխուժել Թայվան, ինչը, շատերի կարծիքով, չի կանխվի միջազգային իրավունքի գործիքներով:

 

Ավելին, վերջին տասնամյակների ընթացքում Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում եւ այլուր ԱՄՆ բոլոր ռազմական միջամտությունները հիմնված էին կասկածելի իրավական տեսությունների վրա։ Միջազգային հանցագործություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում՝ հակամարտություններով լի վայրերում, ինչպիսիք են Իսրայելը եւ Գազան, Մյանման, Եթովպիան եւ Սուդանը, ինչպես նաեւ ավտորիտար երկրներում։

 

Պատերազմներն ու բռնությունը միջազգային իրավունքի անկման միակ ցուցիչները չեն։ Նույն միտումը տիրում է համաշխարհային տնտեսությունում։ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն անօգնական հետեւում է, թե ինչպես է աշխարհը դիմում պրոտեկցիոնիզմի։ Նմանապես, Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) եւ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) թույլ գործունեությունը ասես ծաղրեն հիմնադիրների հավակնությունները։ ԱՄԴ-ն պետք է կանխեր պատերազմները, իսկ ՄՔԴ-ն՝ արդարություն ապահովեր պատերազմական հանցագործությունների զոհերի համար։ Սակայն դատարաններից ոչ մեկը շատ բան չի անում:

Լուսանկարը` REUTERS

Պակաս տեսանելի, բայց ոչ պակաս կարեւոր զարգացում է այն, որ միջազգային ներդրումային իրավունքը հակազդեցություն է առաջացրել իր ենթադրյալ շահառուների կողմից։ Երկկողմ ներդրումային պայմանագրերը պետք է խթանեին տնտեսական զարգացումն ավելի աղքատ երկրներում՝ պաշտպանելով օտարերկրյա ներդրողներին սեփականազրկումից։ Սակայն քիչ ապացույցներ կան, որ դա օգնել է այս երկրներին հասնել զարգացման։ Փոխարենը, բազմազգ կորպորացիաներն օգտագործել են դրանք՝ խոչընդոտելու զարգացող երկրներին իրականացնել այնպիսի տնտեսական բարեփոխումներ եւ բնապահպանական կանոնակարգեր, որոնք կարող էին կրճատել իրենց շահույթները։

 

Միեւնույն ժամանակ, միգրանտների պաշտպանության միջազգային իրավունքը հարուցել է ազգայնական հակազդեցություն շատ երկրներում, հատկապես նրանցում, որոնք հեղեղվել են ապաստան հայցողներով։ Քանի որ ժողովրդավարությունը նահանջում է ամբողջ աշխարհում, մարդու իրավունքներին վերաբերող օրենքներն քրքրված են։ Շատ կառավարություններ քաղաքացիներին զրկում են հիմնական իրավական պաշտպանությունից, եւ քաղաքական ճնշումներն աճում են այն երկրներում, որոնք ժամանակին համարվում էին քաղաքական ազատության ճանապարհին գտնվող։ Նույնիսկ Եվրոպական միությունը՝ ամենահաջողված միջազգային կազմակերպությունը, կորցրել է Միացյալ Թագավորությունը, ստիպված է եղել առճակատման մեջ մտնել Հունգարիայի ոչ լիբերալ կառավարության հետ, եւ նոր մարտահրավերների է բախվում, քանի որ ծայրահեղ աջ եվրոսկեպտիկ կուսակցությունները իշխանության են գալիս իր անդամ պետություններում։

 

Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփը հաղթեց 2024 թվականի նախագահական ընտրություններում՝ նաեւ միջազգային իրավունքի նկատմամբ իր արհամարհանքի շնորհիվ։ Նրա առաջին պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն դուրս եկավ ավելի քան մեկ տասնյակ միջազգային համաձայնագրերից, որոնք վերաբերում էին անվտանգությանը, մարդու իրավունքներին, կլիմայի փոփոխությանը եւ միգրացիային։ Այժմ Թրամփը պլանավորում է ԱՄՆ-ն դուրս բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Սակայն Բարաք Օբաման եւ Ջո Բայդենը նույնպես քիչ բան արեցին իրենց պաշտոնավարման ժամանակ միջազգային իրավունքը խթանելու համար։

 

Ինչո՞ւ սա տեղի ունեցավ։ Ամենապարզ բացատրությունն այն է, որ միջազգային իրավունքը հակագլոբալիզացիոն հակազդեցության զոհ դարձավ։ Գլոբալիզացիան ժամանակին ազատության եւ հարստության խոստացված ուղին էր, բայց այսօր մարդիկ այն կապում են անվերահսկելի միգրացիայի, աշխատատեղերի կորստի, համաճարակների, ֆինանսական ճգնաժամերի եւ հակամարտությունների հետ։ Համաշխարհային տնտեսական աճի համար դրա ստեղծած օգուտները բավականաչափ տեսանելի չէին՝ փոխհատուցելու իրական կամ ընկալվող վնասները։

 

Միջազգային իրավունքը պետք է ամրապնդեր լիբերալ գլոբալ կարգը։ 1990-ականներին պաշտոնյաներն ու մեկնաբանները պնդում էին, որ միջազգային իրավունքն ինքն իրեն է կիրարկում։ Բայց իրականում միջազգային իրավունքը գոյություն ունի այնքանով, որքանով պետությունները՝ իրենց առաջնորդներով, էլիտաներով եւ հասարակություններով, պատրաստ են եւ ի վիճակի են կիրարկել այն։

Լուսանկարը` REUTERS

Միջազգային իրավունքի կիրարկումը թանկ է նստում կիրարկողի վրա, ով պետք է պատժամիջոցներ կիրառի, դիվանագիտական հարաբերությունները խզի կամ այլ գործողություններ ձեռնարկի, որոնք կարող են իրեն վնասել նույնքան կամ նույնիսկ ավելի շատ, քան խախտողին։ Քանի որ կառավարություններն աստիճանաբար հասկացան, որ օրենքը խոչընդոտում է իրենց նպատակներին, որոնք փոխվում են ներքին կարիքների եւ միջազգային հարաբերությունների փոփոխություններին ի պատասխան, այն պահպանելու ցանկությունը նվազեց։ Չօգնեց նաեւ այն, որ 1990-ականներին սովորական էր պնդել, որ միջազգային իրավունքը խորանում է պետությունների ավանդական իրավասությունների մեջ՝ ընտանեկան հարաբերությունները, կրոնական նորմերը, մշակութային արժեքները եւ տնտեսության կազմակերպումը կարգավորող դրույթներով։

 

Միջազգային իրավունքի աջակիցները հավատում էին, որ այն երկրներին կխթանի որդեգրել ընդհանուր բարոյական եւ քաղաքական արժեքներ. դա ակնհայտորեն  տեղի չի ունեցել։ Նրանք նաեւ հավատում էին, որ երկրները ծնկի կգան Վաշինգտոնյան կոնսենսուսի առջեւ՝ ազատ առեւտուր եւ ներդրումներ, սեփականության իրավունքներ, ամուր շուկաներ, ցածր հարկեր, քանի որ այս ամենն իմաստալից էր թվում ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում 1990-ականներին։ Բայց պարզվեց, որ նման քաղաքականությունը ոչ միայն դժվար է պարտադրել այլ երկրներին, այլեւ պահպանել «տանը»։ Ազգային բարգավաճումը կախված է կայունությունից, իսկ կայունությունը պահանջում է տնտեսական օգուտների լայն բաշխում, տեղական մշակույթների եւ նորմերի նկատմամբ հարգանք: Այն նաեւ պահանջում, որ քաղաքացիներն ընկալեն, որ իրենց քաղաքական առաջնորդները պատասխանատու են իրենց, ոչ թե արտասահմանյան ՀԿ-ների եւ միջազգային բյուրոկրատների առջեւ:

 

Անցյալում միջազգային իրավունքը կենտրոնացած էր ինքնիշխանության պաշտպանության, համակարգման հիմնական ձեւերի հաստատման (ինչպիսիք են սահմանները, ժամային գոտիները, ծովային կանոնները եւ ե այլն) եւ, ավելի սահմանափակ հաջողությամբ, բռնության ամենածայրահեղ ձեւերի սահմանափակման վրա, հատկապես պատերազմների ժամանակ։ Շատ պետություններ՝ ոչ միայն Չինաստանն ու Ռուսաստանը, վաղուց աշխարհին կոչ են անում վերադառնալ այս համեստ, բայց կայուն մոտեցմանը։ ԱՄՆ-ն, առաջնորդելով լիբերալ միջազգայնականությունը, խոչընդոտում էր։ Թրամփի օրոք Ամերիկան կարող է միանալ նրանց:

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին