Եվրոպան կարող է եւ պետք է դիմադրի Թրամփին - Mediamax.am

exclusive
1291 դիտում

Եվրոպան կարող է եւ պետք է դիմադրի Թրամփին


Գրենլանդիայում
Գրենլանդիայում

Լուսանկարը` REUTERS

Գրենլանդիայում
Գրենլանդիայում

Լուսանկարը` REUTERS

Գրենլանդիայում
Գրենլանդիայում

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) պրոֆեսոր, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցչի նախկին հատուկ խորհրդական Զաքի Լաիդիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Զաքի Լաիդի

 

Ինչպես մյուս տարածաշրջանների բնակիչները, եվրոպացիներն էլ են փորձում վերծանել, թե որոնք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանավոր սադրանքների հիմքում ընկած շարժառիթները: Ի վերջո, ի՞նչ է իրականում ցանկանում Թրամփը, հաճախ անհասկանալի է եւ դժվարացնում է ռազմավարական արդյունավետ պատասխան մշակելը:

 

Ավանդաբար, ամերիկյան արտաքին քաղաքականությունը եվրոպացիները մեկնաբանում են երկուական ոսպնյակով. կա՛մ ԱՄՆ վարչակազմը «ատլանտիստ» է՝ Արեւմտյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ սերտ համագործակցության կողմնակից, որի դեպքում ամեն ինչ լավ է (հիմնականում), կա՛մ «իզոլյացիոնիստ»՝ այլ երկրների հետ կապերից խուսափող, ինչը հղի է խնդիրներով: Սակայն Թրամփը չի համապատասխանում այդ երկու սահմանումներից եւ ոչ մեկին:

 

Նա, անշուշտ, ատլանտիստ չէ, քանի որ համոզված է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի վճարած գումարների դիմաց բավարար օգուտ չի տալիս, իսկ եվրոպացիները ուղղակի անվճար օգտվում են: Բայց նա առաջին ամերիկացի առաջնորդը չէ, որը նման քննադատությամբ է հանդես գալիս: ԱՄՆ-ը բողոքում էր, որ եվրոպացիները ձրիակերներ են դեռ 1950-ականների սկզբից, երբ ՆԱՏՕ-ն նոր էր ձեւավորվում: Թրամփի եւ նրա նախորդների միջեւ տարբերությունն այն է, որ նա շատ ավելի բարձր է գնահատում ամերիկյան պաշտպանությունը եւ համարում, որ եվրոպացիները դրան արժանի չեն:

 

Սակայն Թրամփը իզոլյացիոնիստ էլ չէ, թեեւ շատ մեկնաբաններ նրան այդպես են բնութագրում: Թրամփը միայն կոպիտ գործարքային կերպով չի մտածում։ Նա կարծում է, որ Ամերիկան պետք է վայելի գերիշխանության բոլոր առավելությունները, բայց ծախսեր չանի: Նա ոչ թե իզոլյացիոնիստ է, այլ կայսերական ազգայնական, ինչպես 19-րդ դարի ամերիկացի շատ առաջնորդները: Նույնիսկ «ոսկե դար» սկսելու նրա քաղաքական գործիքները՝ մաքսատուրքերն ու տարածքային ընդլայնումը, հիշեցնում են այդ դարաշրջանը:

 

Եվրոպացիների համար երկուսն էլ այսօր անհեթեթ են թվում: Բայց ամերիկյան տեսանկյունից դրանք պատմական հնչեղություն ունեն։ Անկախության համար Ամերիկայի պատերազմը սկսվեց մաքսատուրքերի շուրջ կոնֆլիկտից, որոնք այդ ժամանակվանից համարվում են ինքնիշխանության գործիք: ԱՄՆ-ն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որի սահմանադրության մեջ բացահայտորեն նշվում է առեւտուրը: Նույնիսկ եթե մաքսատուրքերը վնասում են ներքին սպառողին, դրանք քաղաքական գործառույթ ունեն:

Գրենլանդիայում Գրենլանդիայում

Լուսանկարը` REUTERS

Սա արտացոլված է Թրամփի՝ նոր «Արտաքին եկամուտների ծառայություն» ստեղծելու առաջարկի մեջ, որը կկենտրոնացնի սակագնային վարչարարությունը եւ կդառնա մաքսատուրքերի եկամուտների գանձարան։ Նման գործակալության օգնությամբ Թրամփը կկարողանա վերաբաշխել եկամուտները նահանգների եւ քաղաքական հաճախորդների միջեւ՝ ըստ իր հայեցողության: Նա նմանատիպ ռազմավարություն էր հետապնդում իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, երբ հիմնադրամ ստեղծեց Գյուղատնտեսության դեպարտամենտում, որպեսզի փոխհատուցի նրանց, որոնք տուժել էին սոյայի ամերիկյան արտահանողների դեմ Չինաստանի պատասխան միջոցներից:

 

Բայց ամենակարեւոր նպատակն է, իհարկե, օգտագործել մաքսատուրքերը՝ ճնշում գործադրելու գործընկերների վրա, որոնք հատկապես կախված են ԱՄՆ շուկայից՝ Մեքսիկայից, Կանադայից եւ Եվրոպայից: Կանադայի եւ Գրենլանդիայի (դանիական ինքնավար տարածք) դեպքում Թրամփը նաեւ տարածքային հավակնություններ է հնչեցրել՝ ցանկանալով «ձեռք բերել Գրենլանդիան» եւ Կանադան դարձնել «51-րդ նահանգ»։ Առեւտրային ճնշումը, այսպիսով, տարածքային ընդլայնման միջոց է, ինչպես ԱՄՆ-ի համար 19-րդ դարում:

 

Գրենլանդիայից մինչեւ Մեքսիկա ձգվող ամերիկյան աշխարհառազմավարական ամրոցի իր գաղափարով Թրամփն ակամայից կրկնում է 19-րդ դարի կեսերի ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը, որում ասվում է, որ Գրենլանդիայի ձեռքբերումը «հյուսիսից եւ արեւմուտքից հազարավոր մղոններով կշրջապատի բրիտանական Հյուսիսային Ամերիկան եւ մեծապես կնպաստի, որ նա խաղաղ եւ հոժարակամ Ամերիկայի մի մասը դառնա»:

 

Եվրոպան հասկանալիորեն ցնցված էր Թրամփի ոչ ատլանտիստական, ոչ իզոլյացիոնիստական աշխարհաքաղաքական նախագծով: Ի՞նչ կարելի է անել։ Պարզապես աղոթե՞լ, որ դա տեղի չունենա։ Քիչ թե շատ՝ հենց դա էր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նոր Գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի պատասխանը: Իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկում նա քիչ բան ասաց Ամերիկայից եկող սպառնալիքի մասին, քանի որ առաջին հերթին մտահոգված էր միայն մեկ հարցով՝ պահպանել անդրատլանտյան համերաշխությունը՝ Ուկրաինայում Ռուսաստանին դիմակայելու համար: Նպատակը թերեւս գովելի է, բայց մի ձեռքով ծափ տալն անհնար է:

Գրենլանդիայում Գրենլանդիայում

Լուսանկարը` REUTERS

Ոչ մի եվրոպացի պաշտոնյա չհիշատակեց ԵՄ-ի Հակահարկադրման գործիքը, որը թույլ է տալիս պատասխան մաքսատուրքեր սահմանել ցանկացած պետության դեմ, որը կօգտագործի առեւտրի սահմանափակումները աշխարհաքաղաքական նպատակներով: Եթե Թրամփը որոշի ուժեղացնել ճնշումը Դանիայի վրա բարձր մաքսատուրքերի միջոցով, ԵՄ-ն այլ ելք չի ունենա, քան գործարկել այդ մեխանիզմը։ Այլ կերպ վարվելը կնշանակի հաստատել եւ կրկնապատկել սեփական աշխարհաքաղաքական թուլությունը:

 

Նույն պատճառով Դանիայի կառավարությունը սխալ է գործում՝ փորձելով խաղաղեցնել Թրամփին: Ակնհայտ է, որ ուժերի հարաբերակցությունը Դանիայի օգտին չէ։ Բայց իր վախը չթաքցնելով՝ Դանիան Թրամփին դրդում է է՛լ ավելի ագրեսիվ լինել:

 

Թեեւ Եվրոպայի համար իմաստ չունի զորք տեղակայել Գրենլանդիայում (ինչը կա՛մ ծիծաղելի կթվա, կա՛մ ԱՄՆ-ի հետ պատերազմի հավանականություն կստեղծի), իմաստ չկա նաեւ խռովելու: Ինչ էլ որ լինի, ամենամեծ հաղթողն առայժմ Ռուսաստանն է։ Մինչ եվրոպացիները վարանում են, ոչ մեկին թող չզարմացնի, եթե Սպիտակ տունն ու Կրեմլը փակ դռների հետեւում որոշեն Ուկրաինայի ապագան:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին