Արատավոր շրջանն ու խաղաղության բանալի հաշվետվողականությունը - Mediamax.am

1935 դիտում

Արատավոր շրջանն ու խաղաղության բանալի հաշվետվողականությունը


Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com


Ներկայացնում ենք Jacobin պարբերականում հրապարակված իսպանացի ֆոտոլրագրող Օմար Համեդ Բեատոի Nagorno-Karabakh Bears the Scars of Azeri Control հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Օմար Համեդ Բեատո

 

2022 թվականի սեպտեմբերի 12-ին քառասուներկու տարեկան Գայանեն՝ չորս երեխաների մայրը, կարճ հեռախոսազրույց ունեցավ իր ութամյա որդու՝ Հայկի հետ (իրական անունը չէ), որպեսզի իմանա՝ ինչպես է ու տեղեկացնի, որ որոշ ժամանակ անհասանելի է լինելու: Մի քանի շաբաթ առաջ նա իր բանակային գնդի հետ գործուղվել էր Սոթք՝ պարեկելու ադրբեջանական սահմանին մոտ գտնվող վերջին հայկական քաղաքը: Ո՛չ Գայանեն, ո՛չ Հայկը չէին կարող պատկերացնել, որ վերջին անգամն են լսում միմյանց ձայնը: Ժամեր անց ադրբեջանական զինուժը հրետանային եւ անօդաչու սարքերով  մի շարք հարձակումներ իրականացրեց սահմանամերձ ռազմական դիրքերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Երկօրյա մարտերը խլեցին գրեթե 300 զինծառայողի կյանք:

 

Երբ լուրեր տարածվեցին, Լալան սկսեց զանգահարել առաջնագծի հիվանդանոցներ, որպեսզի իմանա, թե արդյոք իր քույրը՝ Գայանեն, տուժածների թվում է: «Պատերազմի իրական ժամանակով քարտեզ կար. երբ ստուգեցինք, տեսանք [որ տարածքը, որտեղ տեղակայված էր Գայանեն, գրավել են]: Հասկացանք, որ նա [մահացած] է. հաջորդ քայլը նրան գտնելն էր»,- պատմում է Լալան։

 

Հաջորդ երկու օրերը Լալան փնտրում էր կորած քրոջը ադրբեջանական Telegram ալիքներում: Նա գիտեր, որ այս պատերազմում սովորական էր դարձել դաժան վերաբերմունքը եւ համացանցում նման արարքների տեսանյութեր տեղադրելը: «Ցավալի է ասել, բայց դա առավելություն էր քրոջ փնտրելիս», - ասում է նա, - Նա կին էր, այդ պատճառով վստահ էինք, որ նրանք տեսանյութ կտեղադրեն»:

 

Իսկապես, 2020-ի սեպտեմբերի 15-ին Լալայի վատագույն մղձավանջները սարսափելի իրականություն դարձան: Նա տեսավ տեսանյութ, որում քրոջ անշունչ մարմինն էր՝ մերկ եւ անդամահատված, կտրատված մաշկով եւ պղծված դեմքով: Որպես ծայրահեղ դաժանություն՝ նրա բերանը խցանել էին իր իսկ մատով: Ենթադրվում է, որ Գայանեն սպանվել էր ադրբեջանական ավիահարվածի հետեւանքով՝ նախքան նրա մարմինը պղծվել էր:

 

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ մարդիկ ունակ են դա անել մեկ այլ մարդու հետ», - ասում է Լալան: Ադրբեջանը երկու ամիս անց միայն վերադարձրեց Գայանեի աճյունը Հայաստանին՝ երկու երկրների միջեւ զոհված զինվորների բազմաթիվ փոխանակումներից մեկի ժամանակ: «Գուցե եթե կիսվենք այս պատմությամբ, նրանք կդադարեն ատել մեզ», - մտածում է Լալան:

 

Արատավոր շրջան

 

Այս փոխհրաձգությունները ադրբեջանական լայնածավալ հարձակման մի մասն էին, որը սկսվեց 2020-ին եւ նպատակ ուներ վերագրավել Լեռնային Ղարաբաղը՝ 95 տոկոս հայ բնակչություն ունեցող շրջանը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Երկու ժողովուրդներն էլ ունեն երկարամյա պատմական հավակնություններ այդ տարածքի նկատմամբ, որոնք հիմնականում ճնշվել են խորհրդային իշխանության ժամանակ: Այնուամենայնիվ, երբ 1980-ականների վերջին Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ նոր սահմաններ հայտնվեցին, դարավոր վեճը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի:

 

«1990-ականներին Հայաստանի զորքը շատ ուժեղ էր եւ հաջողությամբ հաղթեց ադրբեջանական բանակը»,- ասում է Խաղաղության միջազգային ինստիտուտի գիտաշխատող Մարիլյա Հուշչան: Հայաստանի հաղթանակը հանգեցրեց ինքնահռչակ Արցախի Հանրապետության ստեղծմանը՝ անջատված տարածաշրջանի, որը սերտորեն կապված էր Հայաստանի կառավարության հետ եւ զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն ու հարակից շրջանները: Պատերազմը երկու կողմից խլեց ավելի քան 30,000 կյանք, եւ ավելի քան 500,000 ադրբեջանցիներ (բնակչության մոտ 8 տոկոսը) տեղահանվեցին ու փախան Ադրբեջան:

 

1994 թվականին Human Rights Watch-ի զեկույցում փաստագրվել են պատերազմական օրենքների համատարած խախտումներ, որոնց մեծ մասը կատարվել է հայկական եւ ղարաբաղա-հայկական ուժերի կողմից: Այս խախտումները ներառում էին քաղաքացիական տարածքների դիտավորյալ եւ անխտրական թիրախավորումը, բռնի տեղահանումը, պատանդ վերցնելը, կողոպուտը, բռնաբարությունը եւ քաղաքացիական անձանց տների հրկիզումը: Զեկույցում կան նաեւ ռազմագերիների մահապատժի դեպքեր, ինչը հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

 

«Տեղահանված ադրբեջանցիների պատմությունները սնում էին կառավարական քարոզչությունը, - շարունակում է Հուշչան, - Կան բազմաթիվ ատելության պատմություններ այն մասին, թե ինչ են արել հայերը ադրբեջանցիների հետ: Դրանք անհիմն չեն, բայց մանտրայի պես ավելի քան երեսուն տարի օգտագործվել են իշխանության կողմից»:

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Մոտ երեսուն տարի պահանջվեց, որպեսզի Ադրբեջանը վերակառուցի իր ռազմական հզորությունը՝ նավթի եւ գազի հարստության օգնությամբ, եւ նորից հարձակման անցնի: «Այն, ինչ Հայաստանը արեց Ադրբեջանին երեսուն տարի առաջ, հիմա ադրբեջանցիները անում հայերի հետ», - ասում Հուշչան:

 

Պատմական լարվածությունը վերսկսվեց, եւ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեցին քառասունչորսօրյա պատերազմի առաջին համազարկերը: Երեսունչորս տարեկան Անահիտ Գեւորգյանը՝ չորս զավակների մայր, տանն էր Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում իր երեխաների հետ, երբ լսվեցին առաջին ավիահարվածները: Անահիտը դադար է վերցնում Երեւանի ծայրամասում գտնվող իր նորաբաց հացատանը, եւ հիշում. «Օդային հարվածները շատ մոտ էին հնչում, շատ ավելի մոտ, քան նախկինում»: Նրա ամուսինը՝ քառասունմեկ տարեկան Իգորը, նոր էր վերադարձել աշխատանքից, տան ճանապարհին իր գլխավերեւում տեսել էր ԱԹՍ-ները եւ արագ հորդորել ընտանիքին թաքնվել քաղաքի կենտրոնում բանկի տակ գտնվող ռմբապաստարանում:

 

Այլ քաղաքացիական անձանց հետ վարելիս նրանց մեքենան ցնցեց մոտակա պայթյունը:

 

«Աղջիկս՝ Վիկտորիան, ուզում էր նայել երկնքին, որ տեսնի դրոնները, եւ ես հանկարծ զգացի, որ ինչ-որ բան ընկնում է: Բոլորս մի քանի րոպեով կորցրինք գիտակցությունը, իսկ երբ ուշքի եկա, տեսա սպիտակ ամպ ու ոչինչ չէի լսում [պայթյունի պատճառով]: Տեսա, որ ռումբ են գցել մեր կողքի տանը. բոլորս վիրավորվել էինք, ու ես հասկացա, որ աղջիկս չի շնչում»:

 

Իգորը, որը ավտոբուսով քաղաքացիներին տեղափոխում էր ապաստարան, դեպքի վայր ժամանեց ու տեսավ ավերածությունը: Մյուսների օգնությամբ նա զգուշորեն ավտոբուս բարձրացրեց վիրավորներին, այդ թվում՝ Անահիտին եւ նրանց երեք տարեկան որդուն՝ Արծվիկին: Ութամյա Վիկտորիան եւ հարեւանը արդեն մահացած էին: Իգորը վիրավորներին շտապ տեղափոխեց հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձեցին փրկել նրա կնոջն ու որդուն, որոնք ծանր վիրավորվել էին: Բժիշկները խորհուրդ տվեցին բեկորային վնասվածքների պատճառով անդամահատել Արծվիկի ձեռքը եւ ոտքի մի մասը:

 

Իգորը մերժեց բժիշկների խորհուրդը եւ վիրավոր ընտանիքին տեղափոխեց Երեւան, որտեղ որդին մեկ ամիս մնաց հիվանդանոցում եւ տասներկու վիրահատություն տարավ՝ բեկորները հեռացնելու համար: Մինչ օրս բազմաթիվ վիրահատությունների պատճառով նրա գլուխը փոքր-ինչ դեֆորմացված է, իսկ բժիշկներին չհաջողվեց հեռացնել բոլոր բեկորները, քանի որ հետագա վիրահատությունները չափազանց ռիսկային են:

 

Ճգնաժամ Ղարաբաղում

 

Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված հրադադարին, շատ չանցած Ադրբեջանը վերսկսեց իր ռազմական հարձակումը: 1990-ականներին կորցրած տարածքների մեծ մասը վերադարձնելուց մոտ երկու տարի անց ադրբեջանական ուժերը 2022-ի դեկտեմբերի 12-ին շրջափակեցին Լաչինի միջանցքը: Այս հողակտորը, որը միակ կապն էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, կենսական նշանակություն ուներ ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի համար: Դրա փակումը փաստացի խզեց բոլոր ֆիզիկական կապերը շրջանների միջեւ՝ թողնելով շուրջ 120,000 ղարաբաղցի հայերին անօգնական՝ զրկված սննդի եւ դեղորայքի կարեւորագույն մատակարարումներից:

 

Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից (Ադրբեջանում հայտնի է որպես Խանքենդի) վաթսունվեց տարեկան տատիկ Ջանետտան հիշում է սարսափելի պայմանները. «Մնացինք առանց սնունդ ու լույս, ոչինչ չունեինք»: Նա ասում է, որ շատ անգամներ ամբողջ ընտանիքը ստիպված էր սոված մնալ: «Նույնիսկ մի կտոր հաց չունեինք: Մենք ուզում էինք, որ փոքր երեխաները գնան Հայաստան, որովհետեւ կարծում էինք, որ նրանք կարող են մեռնել, բայց մենք գնալու տեղ չունեինք»:

 

Amnesty International-ի տվյալներով՝ շրջափակումը անհամաչափորեն ծանր է ազդել տարեցների եւ երեխաների վրա: Վառելիքի բացակայության պատճառով հիվանդանոցները ստիպված դադարեցրին բազմաթիվ ընթացակարգեր, իսկ դպրոցները փակվեցին, քանի որ շենքերը հնարավոր չէր ջեռուցել: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը որակել է որպես ցեղասպանություն՝ հայտարարելով, որ «Սովը անտեսանելի ցեղասպանության զենք է»՝ վկայակոչելով Ցեղասպանության կոնվենցիայի սահմանումը որպես գործողություններ, որոնք նպատակ ունեն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնել ազգը, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը, ներառյալ «միտումնավոր ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք նախատեսված են խմբի ֆիզիկական ոչնչացման համար»:

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Ադրբեջանցի պաշտոնյաները հերքում էին սա՝ պնդելով, որ անցակետն անհրաժեշտ է անվտանգության նկատառումներից ելնելով, եւ քննադատում Օկամպոյի զեկույցը՝ ասելով, որ այն լի է «լուրջ փաստական, իրավական եւ էական սխալներով»՝ առանց հակափաստարկներ ներկայացնելու:

 

Շրջափակումն անսպասելիորեն ավարտվեց 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը նոր հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ ստիպելով այդ տարածքում ապրող գրեթե բոլոր 120,000 հայերին փախչել Հայաստան:

 

Բերքաձորցի վաթսուներեքամյա տատիկ Կարինե Աղաթելյանը հարձակման օրը տանը զրուցում էր հարազատների հետ: Թոռներից մեկը դպրոցից շուտ տուն եկավ ու հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը:

 

«Այդ պահին ռմբակոծությունը սկսվեց մեր գյուղի մոտ: Թոռնիկս բղավում էր, որ վախենում է՝ թուրքերը [այսինքն՝ ադրբեջանցիները] գալիս են»,- պատմում է Աղաթելյանը Երեւանի իր տնից: Ամբողջ գյուղը շտապեց ռմբապաստարան, բայց Աղաթելյանը մնաց տանը՝ սպասելով, որ մյուս թոռնիկը վերադառնա դպրոցից: Երբ մեքենայում էին, որը շարժվում էր դեպի ապաստարան, մոտակայքում հարվածեց հրետանային զարկը ՝ բեկորներ ցաքուցրիվ անելով: Աղաթելյանն ու նրա թոռը՝ Յուրան, ամենածանր վիրավորներից էին: Հարձակման պահին գյուղացիների մեծ մասն արդեն հասել էր ռմբապաստարան:

 

Ի վերջո, շտապօգնության մեքենաներ ժամանեցին Աղաթելյանին ու նրա ընտանիքին տարհանելու համար: Վնասվածքների լրջության պատճառով ռուս խաղաղապահները նրանց տեղափոխեցին Երեւան, որտեղ նա ու Յուրան մի քանի վիրահատության ենթարկվեցին՝ բեկորները հեռացնելու համար:

 

«Ադրբեջանցիներն ագրեսորներ են, գազանների պես, չգիտենք, թե ինչու մեզ թիրախ դարձրին... Գյուղում հայ զինվոր չկար, միայն խաղաղ բնակիչներ էին», - ասում է նա:

 

Կոտրել բռնության ցիկլը

 

Վերջին ռազմական արշավից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խոր հակասություններ ունեն: Մի կողմը կրում է զանգվածային տեղահանումների եւ ցեղասպանության տրավմայի անտանելի բեռը, իսկ մյուսը՝ վայելում փոխհատուցման ու հաղթանակի նոր զգացումը:

 

Բռնության ցիկլը կոտրելու համար Հայաստանի կառավարությունը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Դրան նպաստելու համար Հայաստանի կառավարությունը զգալի զիջումների է գնացել. հանել է COP 29-ը հյուրընկալելու իր հայտը հօգուտ Բաքվի, ձեռնպահ մնացել ռազմական պատասխան գործողությունների քննարկումից եւ հանձնել 1990-ականներին գրաված ադրբեջանական չորս գյուղերը:

 

Հուշչան նշում է, որ շատ հայեր դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ զգալով, որ նա անտեսում է պատմական անարդարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փոխզիջումների հասնելու համար: «Բոլոր նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տներն ու ընտանիքի անդամներին, դժվարությամբ են ընդունում սա, - ասում է Հուշչան, - Այս խաղաղ բանակցություններում արդարությունը օրակարգի առաջին տեղում չէ»:

 

2021 թվականին Հայաստանի կառավարությունը գործ է հարուցել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), որը երկրների միջեւ վեճերը լուծող գլխավոր դատարանն ՄԱԿ-ում՝ մեղադրելով Ադրբեջանին հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ռասայական խտրականության մեջ: Դրանից անջատ՝ «Ճշմարտության եւ արդարության կենտրոնը» (CFTJ), որը 2020-ից պատերազմական հանցագործությունները փաստագրող ամերիկահայ ՀԿ է, գործ է հարուցել ՄՔԴ-ում անցած ապրիլին՝ դատախազ Քարիմ Խանից պահանջելով Ալիեւին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ցեղասպանության մեղադրանք ներկայացնել։

Լուսանկարը` Omar Hamed Beato/Jacobin.com

Այնուամենայնիվ, այդ դատարանների միջոցով հաշվետվողականության հասնելու գործում զգալի խոչընդոտներ կան: Հայաստանի կառավարությունը կարող է հետ կանչել իր գործը ԱՄԴ-ից, եթե դա անհրաժեշտ լինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար: Ավելին, Ադրբեջանի հրաժարվելը ՄՔԴ-ին միանալուց սահմանափակում է դատարանի իրավասությունը: Քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, ՄՔԴ-ն կարող է տարածաշրջանում ենթադրյալ ռազմական հանցագործությունները հետաքննելու գործում բախվել խնդիրների: Այս անորոշությունը կասկածի տակ է դնում, թե արդյոք հակամարտության զոհերը արդարադատություն կհասնեն:

 

Գասիա Ափկարյանը՝ CFTJ-ի հիմնադիր անդամներից մեկը, մտահոգված է, որ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար հրաժարվում է միջազգային դատարաններում արդարադատության իր հայցից: «Մենք անընդհատ կրկնում ենք մանտրան, որ չենք կարող կայուն խաղաղության հասնել, եթե միաժամանակ չձգտենք արդարադատության, - ասում է Ափկարյանը: - Խնդիրը, որն ունեցել ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ դրան հաջորդած բոլոր վայրագություններից ի վեր, այն է, որ եթե մարդկանց պատասխանատվության չենթարկեք, վայրագությունները անպատիժ կրկնվում են: Ահա թե ինչու հաշվետվողականությունը խաղաղության բանալին է»:

 

«Զենքերը լռելու են, երկինքը մաքրվելու է ռումբերից ու ԱԹՍ-ներից, երբ արդար խաղաղության համաձայնագիր լինի եւ երկու երկրները ակտիվորեն աշխատեն վերքերն ամոքելու ուղղությամբ, - ասում է Ափկարյանը, - Մեր նման կազմակերպությունները պետք է գոյություն ունենան, որպեսզի ասեն ճշմարտությունը եւ պաշտպանեն այն երկու կողմերի անունից»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին