Արցախից տեղահանվածների խնդիրները առանց հստակ մշակված ծրագրի չեն լուծվի - Mediamax.am

1900 դիտում

Արցախից տեղահանվածների խնդիրները առանց հստակ մշակված ծրագրի չեն լուծվի


Լուսինեն դստեր հետ
Լուսինեն դստեր հետ

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Լուսինեի ընտանիքի անդամները
Լուսինեի ընտանիքի անդամները

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Լուսինեի ընտանիքի անդամները
Լուսինեի ընտանիքի անդամները

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Մասիսում ապաստան գտած Ալինան
Մասիսում ապաստան գտած Ալինան

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Վարդենիսում ապաստան գտած Ստեփանը
Վարդենիսում ապաստան գտած Ստեփանը

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Աշխատանքի տոնավաճառը ԵՊՀ-ում
Աշխատանքի տոնավաճառը ԵՊՀ-ում

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP


Ներկայացնում ենք Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի` Armenia Struggles to Cope with Exodus from Nagorno-Karabakh հոդվածի հայերեն թարգմանությունը

 

Օլեսյա Վարդանյան

 

Լուսինեն մտադիր էր չորրորդ երեխային մեծացնել մեծ ու հարմարավետ տանը, որն իր ընտանիքը տասը տարի շարունակ կառուցել է Լեռնային Ղարաբաղում։ Երբ ներխուժեցին ադրբեջանական զորքերը, նա արագ հավաքեց իր ընտանիքն ու այն ամենը, ինչ կարող էր տանել, եւ 100,000 մարդկանց հետ փախավ Հայաստան՝ ապաստան գտնելու: Հունվարին նա հայտնվեց ցրտասարսուռ, կիսակառույց տանը, որը նրան հատկացրել էին տեղական իշխանությունները:

 

Մյուս փախստականների պես՝ Լուսինեն եւ նրա քսան ազգականները, որոնք պատսպարվել են վատ կահավորված եւ չներկված կացարանում, որն այժմ տուն են անվանում, չափազանց վախենում են վերադառնալ, նույնիսկ եթե դա հնարավոր լիներ: Որոշ փախստականներ տեղափոխվել են Ռուսաստան կամ Եվրոպա, բայց շատերի համար միակ տարբերակը Հայաստանում նոր կյանք կառուցելն է: Լուսինեի նոր հարեւանները նրանց տվել են հին մահճակալներ եւ ճոճվող սեղան. բարեգործական կազմակերպությունները տրամադրել են սնունդ եւ հագուստ, ընտանիքը մեկ սենյակում փայտի վառարան է տեղադրել: «Դեռ ցուրտ է, փայտն էլ՝ շատ թանկ, - ասում է Լուսինեն: - Մենք ստիպված էինք մեկ օրում հեռանալ: Իսկ հիմա ոչինչ չունենք: Ի՞նչ է լինելու մեր ապագան»:

Լուսինեի ընտանիքի անդամները Լուսինեի ընտանիքի անդամները

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Այս հարցը ծառացել նաեւ Հայաստանի իշխանության առջեւ: Կառավարությունը խոստացել է լիովին ինտեգրել Ղարաբաղի փախստականներին, որոնց դժբախտությունը համակրանք է առաջացրել հայ քաղաքացիների շրջանում, սակայն ռեսուրսների եւ պլանավորման խնդիրները ահռելի են:

 

Առատաձեռն սկիզբ

 

Մեծամասնությունն այն կարծիքի է, որ Հայաստանը իր հնարավորությունների չափ առատաձեռն էր Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների նկատմամբ: Կառավարությունը գրանցեց ժամանող փախստականներին եւ օգնեց նրանց ապաստան գտնել բնակավայրերում, այլ ոչ թե տանել փախստականների ճամբարներ: Բոլորն էլ իրավունք ունեն ստանալ Հայաստանի քաղաքացիություն, որից ոմանք արդեն օգտվել են: Յուրաքանչյուր մեծահասակ միանվագ ստացել է 250 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 185 ԱՄՆ դոլար ամսական թոշակ, ինչը Հայաստանում նվազագույն աշխատավարձն է (2023-ին միջին ամսական եկամուտը 668 դոլար էր)՝ տան վարձավճարը եւ հիմնական կարիքները հոգալու համար: Քաղաքներում փախստականները մի կերպ ապրում են այս օգնությամբ՝ մի քանի մարդկանց հետ մեկ հարկի տակ ապրելով: Բայց նպաստները ծանրաբեռնել են պետական բյուջեն, եւ պարզ չէ, թե Երեւանը որքան ժամանակ կարող է շարունակել վճարումները: Դրանք հսկայական բեռ են մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որի մեկ քառորդն ապրում է աղքատության պաշտոնական շեմից ցածր: Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 30 մարդուց առնվազն մեկն այժմ փախստական է Լեռնային Ղարաբաղից. նույնքան, որքան երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի բնակիչների թիվը։

 

Եթե կառավարությունը հավելյալ գումարներ չստանա փախստականների հետ կապված ծախսերը հոգալու համար, աղքատությունն ու սոցիալական խնդիրները կաճեն: «Երեք-չորս շաբաթից կսկսվեն իրական խնդիրները, եթե կառավարությունը փող չունենա վճարումները կատարելու համար», - ասում է ճգնաժամի սկզբում Հայաստան ժամանած միջազգային փորձագետը եւ զգուշացնում անօթեւանության աճի մասին: Մինչ օրս հայերը զարմանալիորեն համերաշխ էին փախստականների հետ, բայց նրանք կարող են անհամբեր դառնալ: Տեղական պաշտոնյաներն ու միջազգային փորձագետները ասում են, որ հայաստանցիները կարող են սկսել վրդովվել, եթե տեսնեն, որ փախստականները օգնություն են ստանում աշխատանքի եւ բնակարանի հարցում, մինչդեռ մյուսների համար դա խնդիր է:

 

Փախստականներին ոչ համարժեք աջակցությունը կարող է հանգեցնել ավելի ծախսատար երկարաժամկետ սոցիալական խնդիրների: «Տեղական իշխանությունները ստիպված կլինեն ավելի շատ սոցիալական աշխատողներ վարձել, - ասաց միջազգային մարդասիրական կազմակերպության ղեկավարը: -Նույնը վերաբերում է ոստիկաններին, բժիշկներին եւ ուսուցիչներին»:

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Երեւանը դիմել է միջազգային օգնության համար, սակայն ստացված գումարները բավարար չեն: Եվրամիությունը խոստացել է ավելի քան 17 մլն եվրոյի բյուջետային աջակցություն՝ փախստականներին կանխիկ վճարումների համար, սակայն միջոցների հատկացումը հետաձգվել է, ըստ երեւույթին, բյուրոկրատական խոչընդոտների պատճառով: Միջազգային եւ տեղական կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ի գործակալությունները եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նույնպես տրամադրել են մարդասիրական աջակցություն, սակայն նրանք ասում են, որ դժվարանում են ավելի մեծ միջոցներ հայթայթել: 2023-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) գնահատեց, որ կառավարությանը անհրաժեշտ է 97 մլն դոլար՝ մինչեւ մարտի վերջ փախստականների հիմնական կարիքները հոգալու համար: Վաթսուն միջազգային եւ տեղական կազմակերպություններ հավաքել են այս գումարի 47 տոկոսը (չհաշված ԵՄ խոստումը): Պակասորդը լրացնելու համար Հայաստանը վարկ է վերցրել Համաշխարհային բանկից, եւ փնտրում է նաեւ այլ միջազգային վարկատուներ: Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կազմակերպությունները օգնելու են կառավարությանը կազմակերպել կոնֆերանս՝ պետություններից եւ մասնավոր դոնորներից հավելյալ միջոցներ հայթայթելու նպատակով, սակայն դրա ամսաթիվը դեռ որոշված չէ:

 

Եթե Երեւանը ֆինանսավորում է փնտրում բացի դրամական եւ մարդասիրական օգնությունից, ապա պետք է հստակեցնի, թե կոնկրետ ինչ աջակցություն է խնդրում դոնորներից: 2023թ. հոկտեմբերից ի վեր կառավարությունն աշխատում է երկարաժամկետ ինտեգրմանն աջակցող մի քանի ծրագրերի վրա, սակայն համապարփակ ծրագիր չի հայտարարել եւ ծախսերի նախահաշիվ չի առաջարկել:

 

Բնակարանային հարցը՝ առանցքային

 

Կառավարությունն ասում է, որ հիմնական առանցքը բնակարանաշինությունն է լինելու: 2023թ. սեպտեմբերին, երբ ղարաբաղցիները եկան Հայաստան, նրանց արագ գրանցեցին եւ ուղարկեցին երկրի այն մասերը, որտեղ տեղական իշխանությունները բնակատեղեր ունեին: Սակայն փախստականների ճնշող մեծամասնությունը հակված էին դեպի մայրաքաղաք, չնայած բարձր վարձավճարներին՝ մտածելով, որ այնտեղ ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել: Գրեթե կեսը բնակություն հաստատեց Երեւանում, եւս 30 տոկոսը՝ դրա մերձակայքում: Մասիս քաղաքում տեղական պաշտոնյաները ստիպված էին ժամանակավորապես ազատել իրենց գրասենյակները, որպեսզի փախստականները կարողանան տեղափոխվել: Մանկապարտեզները, գրադարաններն ու դպրոցները վերածվեցին բնակելի տարածքի: Տեղացիների գնահատականով՝ 11,500 մարդ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին հայ բնակչության գրեթե 10 տոկոսը, ժամանել է Մասիս՝ գրեթե կրկնապատկելով բնակիչների թիվը։ Քաղաքապետարանի վրա Հայաստանի դրոշի կողքին այժմ ծածանվում է նախկին դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը։

Մասիսում ապաստան գտած Ալինան Մասիսում ապաստան գտած Ալինան

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Հայաստանի կառավարությունը, ի վերջո, պետք է ժամանակավոր կացարաններում ապրող այդ փախստականների համար տուն գտնի: Շատերը, ինչպես Լուսինեն եւ նրա ընտանիքը, ապաստան են գտել անավարտ կամ լքված տներում. տնտեսական պատճառներով երկիրը լքած ընտանիքների ժառանգություն: Դրանց մեծ մասը դեռ օրինական սեփականատերեր ունեն:

 

«Ոմանք կհամաձայնվեն վաճառել տները, ոմանք՝ ոչ»,- ասաց համայնքապետարանի ղեկավարը: Նա եւ այլ շրջանների պաշտոնյաները պատմեցին, որ մասնավոր ընկերությունների եւ հարուստ անհատների հետ քննարկում են նոր բնակարաններ կառուցելու հնարավորությունները: Կոտայքում՝ Երեւանից հյուսիս գտնվող կենտրոնական մարզում, մեկ ընտանիքի համար պետք է առնվազն 20 000 դոլար՝ մարզկենտրոնի մոտ փոքրիկ տուն կառուցելու համար:

 

Վատ բնակեցված շրջաններում կան ավելի էժան տարբերակներ, թեեւ դրանք քչերին են գրավում: Ադրբեջանին սահմանակից Վարդենիսը ամենաէժանն է. տեղափոխվելու համար պատրաստ գյուղական տունն արժե մոտ 5 000 դոլար: Սակայն ցածր գնի պատճառներից մեկն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում սա ամենավտանգավոր տարածքն է սահմանի երկայնքով, որտեղ հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ հաճախ փոխհրաձգություններ են տեղի ունենում: Բազմաթիվ բնակիչներ արդեն հեռացել են, շատերը ցանկանում են վաճառել իրենց տները ու տեղափոխվել: Ղարաբաղցիները, որոնք դեռ տառապում է բռնի տեղահանման տրավմայից, Վարդենիսը հազիվ թե գրավիչ համարեն:

 

«Փախստականները ավտոբուսներից իջնում էին ճանապարհի կեսին, երբ իմանում էին, որ կառավարությունն իրենց ուղարկում է Վարդենիս, - ասում է համայնքապետարանի ներկայացուցիչը, - ոչ ոք չցանկացավ նորից հրացանի փողի ներքո ապրել»: Շուրջ 800 ղարաբաղցիներ են ժամանել տարածաշրջան՝ ընդամենը մեկ տասներորդն այն թվի, որը պլանավորել էին տեղի պաշտոնյաները: «Նրանք ամենաաղքատներն են, ովքեր այլընտրանք չունեին», - ասում է մարդասիրական ծրագրի աշխատակիցը:

Վարդենիսում ապաստան գտած Ստեփանը Վարդենիսում ապաստան գտած Ստեփանը

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Մարտին պետական բնակարանային քաղաքականությունը կփոխվի, եւ վարձակալության նպաստները կկրճատվեն՝ հօգուտ տներ գնելու կամ կառուցելու ավելի երկարաժամկետ աջակցության: Առաջիկա շաբաթներին կառավարությունը ծրագրում է երկու երեխայից ավել ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձին առաջարկել մոտ 7,400 դոլար՝ տուն գնելու կամ կառուցելու համար: Նպատակն այն է, որ փախստականները արմատ գցեն մեկ վայրում, ասում է մի պաշտոնյա: Անհասկանալի է մնում, թե ինչ նպաստներ կշարունակեն ստանալ մյուս փախստականները եւ որքան ժամանակ։ Թեեւ նոր քաղաքականությունը կարող է օգնել փախստականներին կայուն ու տեւական բնակարանային լուծում գտնել, քաղաքապետարանի ղեկավարները պատրաստվում են նոր ճգնաժամի, եթե վարձակալության աջակցությունը նվազի:

 

Զբաղվածության մարտահրավերը

 

Զբաղվածության հարցում կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը կատարեցին առաջին արագ քայլերը: Հունվարին Երեւանը սկսեց հատուկ աջակցության ծրագիր, ըստ որի ընկերություններին առաջարկեց որոշակի ժամկետով փոխհատուցել փախստականների աշխատավարձերը՝ հույսով, որ ընկերությունները կերկարացնեն այս պայմանավորվածությունը ավելի կանոնավոր պայմանագրերով: Ավելի քան 5000 ղարաբաղցի հայեր սկսել են աշխատել Հայաստանում գտնվելու առաջին վեց ամսում։ «Գլխավոր հարցն այն է, թե քանիսը կպահպանեն այդ աշխատատեղերը»,- ասաց մի հայ գործարար:

 

Որոշ տեղացիներ ղարաբաղցիների համար աշխատանքի տոնավաճառներ կազմակերպեցին։ Այս միջոցառումներից մեկի ժամանակ, որն անցկացվեց Երեւանի գլխավոր համալսարանում, ընկերությունների ներկայացուցիչները հանդիպեցին աշխատանք փնտրողների հետ, հիմնականում տղամարդկանց, ինչը համապատասխանում է այս բնակչության գենդերային զբաղվածության տարբերությանը: Տաքսիների ընկերության ներկայացուցիչ Տիգրանը հրապարակեց ավելի քան քսան փախստականների ցուցակ, որոնց հետ հարցազրույց էր անցկացրել վարորդի աշխատանքի համար: Ակնոցավոր 21-ամյա երիտասարդը, որը նույնպես սեպտեմբերին փախել էր Լեռնային Ղարաբաղից, արդեն մի քանի շաբաթ ղեկավարում է տաքսիի վարորդներին: «Կարեւոր է այլեւս չմտածել, որ մենք փախստական ենք, - ասում է նա, - Հայաստանը մեզ համար օտար տեղ չէ: Այստեղ մենք պետք է նոր կյանք սկսենք»։

Աշխատանքի տոնավաճառը ԵՊՀ-ում Աշխատանքի տոնավաճառը ԵՊՀ-ում

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Բայց աշխատանք փնտրող բոլոր տեղահանվածների ուղին երկար է լինելու: Լավագույն դեպքում դրա համար կպահանջվի մոտ տասը-քսան տարի, ըստ կառավարության համար արված անկախ տնտեսագետների զեկույցի, որին ծանոթացել է «Crisis Group»-ը: Դա կարող է չեղարկել այն առաջընթացը, որը Հայաստանը գրանցել է գործազրկության դեմ պայքարում՝ շնորհիվ վերջին հինգ տարիների տնտեսական աճի, եւ գործազրկության մակարդակը ներկայիս 11 տոկոսից կհասնի 15-17 տոկոսի: Վերոնշյալ զեկույցն առաջարկում է սկսել հավակնոտ ծրագիր եւ ստեղծել մինչեւ 25,000 նոր աշխատատեղեր եւ մոտ 4,000 մարդու վերապատրաստել արտադրության, գյուղատնտեսության, շինարարությանը եւ մանրածախ առեւտրի ոլորտներում: Առանց այս քայլերի հազարավոր տեղահանված ընտանիքներ ստիպված կլինեն կրկին գաղթել: Ռուսաստանը հիմնական ուղղություն է հայ աշխատողների համար, որոնք բանկային փոխանցումներ են անում հայրենիք, եւ ավելի քան 6400 ղարաբաղցիներ արդեն տեղափոխվել են այնտեղ, ասում են հայ պաշտոնյաները:

 

Մի քանի օտարերկրյա զարգացման փորձագետներ համաձայն են, որ պետք է մասշտաբային մտածել: Նրանք կառավարությանը առաջարկել են հարկային արտոնություններ եւ հատուկ ծրագրեր իրականացնել՝ շինարարության եւ ենթակառուցվածքների ոլորտներում աշխատատեղեր ստեղծող ներդրումներ ներգրավելու համար: Զարգացման արեւմտյան գործակալության ներկայացուցիչն առաջարկել է, որ Արեւմուտքում հայկական սփյուռքի խմբերը օգնեն ԱՄՆ եւ եվրոպական խոշոր շինարարական եւ այլ ընկերություններին գրասենյակներ բացել հայկական այն շրջաններում, որտեղ զգալի թվով փախստականներ կան: Նախկինում հաջողակ հայ էմիգրանտները ներդրումներ են կատարել Հայաստանում՝ ստեղծելով աշխատատեղեր եւ տնտեսական խթան ապահովել համայնքներին՝ հատկապես մայրաքաղաքից հեռու գտնվող վայրերում:

 

Կառավարությունը պետք է կրկին համագործակցելու ուղիներ փնտրի սփյուռքի հետ՝ փախստականների նոր ալիքին օգնելու համար:

 

Աջակցել ամենախոցելիներին

 

Ոչ բոլոր ղարաբաղցի փախստականները կարող են աշխատել: Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի, նոր ժամանածների թվում են 30,000 երեխաներ եւ 65 տարեկանից բարձր 18,000 մարդ: Կան նաեւ մի քանի հազար հաշմանդամներ: Պատերազմական վնասվածքներից եւ ականներից վերջույթները կորցրած տղամարդիկ հազվադեպ չեն այն շրջաններում, որտեղ տեղափոխվել են փախստականները: Ստեփանը՝ 49 տարեկան, քնում է երկաթե մահճակալի վրա մանկապարտեզի միջանցքում, որտեղ վերանորոգումը դադարեցվել էր տասնյակ փախստականներ տեղավորելու համար: Նա կորցրել է աջ ձեռքն ու ձախ աչքը 1990-ականների սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ: Նա խնամում է տարեց մորաքրոջը։ Նրանք գոյատեւում են իր կնոջ չնչին աշխատավարձով, որը նա ստանում է որպես դպրոցի հավաքարար, սակայն ծանուցում են ստացել, որ մարտին ազատեն մանկապարտեզը: «Չեմ ուզում մտածել ապագայի մասին,- ասաց Ստեփանը, - մենք գնալու տեղ չունենք: Այստեղ ես ոչ ոք եմ։ Ո՞վ կօգնի մեզ»։

 

Հայաստանը պետք է ընդլայնի օգնության ծրագրերը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք անհրաժեշտ աջակցություն ստանան: Հայկական ՀԿ-ներն ասում են, որ մինչեւ 2020-ի պատերազմը Լեռնային Ղարաբաղում ապրել է մոտ 9000 հաշմանդամ, սակայն միայն մոտ 2000-ն է պաշտոնապես գրանցվել Հայաստան ժամանելուց հետո։ Տարեցներին եւ հաշմանդամներին խնամող պետական հաստատությունները փախստականների ճգնաժամից հետո գրանցել են մարդկանց 25 տոկոս աճ, ասաց Մուշեղ Հովսեփյանը, որը ղեկավարում է «Հաշմանդամության իրավունքների օրակարգ» ՀԿ-ն: Ութսունչորսամյա Արփենիկը սպասում է, որ նման խնամքի հաստատությունը իրեն տեղ հատկացնի: Սկզբում նա մնաց Լեռնային Ղարաբաղում, երբ մարդիկ սկսեցին փախչել: «Անհանգստացա, երբ նույնիսկ շների հաչոց չէի լսում», - ասաց նա: Արփենիկը կանգնեցրեց անցնող ադրբեջանական ոստիկանական մեքենան, որը նրան տարավ Հայաստանի սահման: Հայաստանում նա ժամանակավոր կացարան գտավ: «Այնքան երկար կյանք եմ ապրել մեկ տեղում,- ասում է Արփենիկը, - եթե միայն վստահ լինեի, թե որտեղ եմ անցկացնելու կյանքիս վերջին օրերը»:

 

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել Հայաստանին արագացնել բարեփոխումները, որոնք կօգնեն հատուկ կարիքներով մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը, այլ ոչ թե տեղափոխվել հատուկ հաստատություններ:

 

Մարդիկ, ովքեր իրենց հատուկ կարիքների պատճառով իրենց խարանված են զգում՝ հաշվի առնելով տարածված սոցիալական նորմերը, օրինակ՝ ՄԻԱՎ-ով կամ թմրամոլությամբ տառապողները, ավելի մեծ խնդիրների են հանդիպում: Հայկական ՀԿ-ները մեկ ամսից ավելի փնտրել են 100-ից ավել տեղահանված ղարաբաղցիների, որոնք նախկինում տվյալների շտեմարաններում էին՝ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ ստանալու համար: Եվ նույնիսկ դրանից հետո մարզարաններում եւ այլ կենտրոններում տեղավորվածներից  ոմանք հրաժարվեցին բուժումից՝ վախենալով, որ հարեւանները կիմանան եւ իրենց կվտարեն, ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը։ Նա ասաց, որ թմրամոլների համար Հայաստանում գործում է բուժման հատուկ ծրագիր, սակայն այն անվճար հասանելի է միայն մոտ 600 հոգու, իսկ Երեւանից դուրս ցանկացած տեսակի օգնություն ստանալը գրեթե անհնար է:

 

Ծրագիր է պետք

 

Ինտեգրման ծրագրերը համակարգելու հետ միաժամանակ Երեւանը ճնշման տակ է, ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղցի հայերի կողմից, որոնք չգիտեն, թե ինչ ապագա է սպասվում իրենց, այլեւ ՀՀ քաղաքացիների եւ հնարավոր դոնորների կողմից: Լիովին հստակեցված ծրագիրը պետք է ներառի բնակարանների եւ զբաղվածության խնդիրը, համագործակցի տեղական իշխանություններին հետ: Որոշ վայրերում դպրոցները, ոստիկանությունը եւ հիվանդանոցները կօգնեն բավարարել վերջերս ժամանած փախստականների կարիքները, սակայն լավ մշակված ծրագրերը կօգնեն ողջ համայնքին, ոչ միայն նորեկներին:

Լուսինեի ընտանիքի անդամները Լուսինեի ընտանիքի անդամները

Լուսանկարը` Astrig Agopian for CRISIS GROUP

Մինչդեռ Լուսինեի նման փախստականները դեռեւս բախվում են նոր ու դժվարին իրականությանը: Նրա ամուսինը վերջերս աշխատանք է գտել ճանապարհաշինության ոլորտում, բայց Հայաստանի մեկ այլ մարզում:

 

«Երեխաները երբեմն դեռ երազում տեսնում են Ասկերանի մեր տունը, - ասում է Լուսինեն: - Տարիներ, գուցե տասնամյակներ կպահանջվեն, որ կրկին նորմալ կյանքով ապրենք»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին