Հայաստանին դաշնակից հռչակելը չի նպաստի ԱՄՆ շահերին եւ ռիսկեր կառաջացնի - Mediamax.am

2097 դիտում

Հայաստանին դաշնակից հռչակելը չի նպաստի ԱՄՆ շահերին եւ ռիսկեր կառաջացնի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք The Hill պարբերականում հրապարակված ամերիկացի վերլուծաբան Զաքարի Վայսի Conflict in the Nagorno-Karabakh demands American diplomacy - without NATO overreach հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Այս տարվա սկզբին Միացյալ Նահանգները կրոնական ազատությունը ոտնահարելու համար Ադրբեջանին ներառեց դիտացանկում: Պատճառը Ադրբեջանի ներխուժումն էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ քրիստոնեական կրոնական վայրեր կան: Այս որոշումը, որը կարող է պատժամիջոցների հանգեցնել, մեկն է այն մի քանի քայլերից, որոնք Միացյալ Նահանգները ձեռնարկել է՝ պատժելու Ադրբեջանին իր չհրահրված ագրեսիայի համար. նոյեմբերին Սենատը միաձայն կողմ քվեարկեց Բաքվին ռազմական օգնությունը նվազեցնելու օրինագծին:

 

Հնարավոր պատժամիջոցները եւ ռազմական օգնության սահմանափակումը վկայում են այն մասին, որ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ (եթե երբեւէ եղել է): Սակայն քվեարկությունը հարցեր է առաջացնում հայ-ադրբեջանական հակամարտությունում Միացյալ Նահանգների դերի մասին:

 

Արտերկրում հակամարտությունների նվազեցումը ամերիկյան արտաքին քաղաքականության վեհ նպատակներից է, սակայն այն, թե ինչպես է Վաշինգտոնի պատմականորեն մոտեցել հակամարտություններին, հաճախ վատթարացրել է դրանք: Օրենսդիրները պետք է ընդունեն երկու իրողություն եւ համապատասխանաբար գործեն: Առաջինը՝ հայ-ադրբեջանական հակամարտության ելքը քիչ առնչություն ունի ամերիկյան շահերի եւ անվտանգության հետ, եւ երկրորդը՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը հակամարտության մեջ, որպես կանոն, Ռուսաստանի դեմ պայքարի մեթոդ է, որը կարող է հանգեցնել ավելի երկարաժամկետ հակամարտության ինչպես Կովկասում, այնպես էլ ուղղակիորեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:

 

Ադրբեջանի վայրագությունները եւ էթնիկ զտումները անտեսելու կամ կողմերից որեւէ մեկին զինելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է միջնորդ դառնա:

 

Ադրբեջան զենքի մատակարարման կրճատումը անհրաժեշտ սկիզբ է: Երբ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ սկսեց, Ադրբեջանը Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների համար էներգիայի կարեւոր մատակարար դարձավ, բայց այս արտաքին հարաբերությունները բավարար պատճառ չեն ռազմական միջոցներով հակամարտությանը նպաստելու համար:

 

Քանի որ ամերիկացիների կյանքն ու հիմնական շահերը վտանգված չեն, սխալ կլինի նաեւ ակնարկել Հայաստանին ռազմական աջակցության մասին, ինչպես դա արվեց սեպտեմբերին կայացած համատեղ զորավարժությունների ժամանակ: Հայաստանին ռազմական դաշնակից հայտարարելը, ինչն առաջարկում էին արտաքին քաղաքականությամբ զբաղվողներից ոմանք, մի քայլ կլինի, որն ավելի մեծ ռիսկ կբերի ԱՄՆ-ին եւ ոչ մի ակնհայտ օգուտ ամերիկյան ժողովրդին:

Լուսանկարը` Kremlin.ru

Հայաստանը աշխարհագրական եւ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ, եւ Ռուսաստանը մշտապես ցանկացել է գերիշխող ազդեցություն ունենալ Կովկասում: Արդյունքում ամերիկացի առաջնորդները Ռուսաստանի դեմ պայքարում որոշել են տարածաշրջանին վերաբերվել որպես անվտանգության տեսանկյունից կարեւոր կամ նույնիսկ՝ վճռորոշ Ռուսաստանի դեմ պայքարում: Այս հակազդողական արտաքին քաղաքականությունը նպաստեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ անհարկի բռնություններին տարածաշրջանում։

 

Չնայած Հայաստանի հետ Ռուսաստանի պատմական կապերին եւ հակամարտությունների ժամանակ տրամադրած օգնությանը, 2020 եւ 2023 թվականներին հակամարտությունը կանխելու ձախողված ջանքերը հանգեցրին նրան, որ Հայաստանի ժողովուրդն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգացին, որ երկիրը պետք է այլ տեղերում ռազմական եւ դիվանագիտական աջակցություն փնտրի։ 2019-ի հոկտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում հայերի 88 տոկոսը Ռուսաստանը նշել էր որպես Հայաստանի կարեւորագույն քաղաքական գործընկերներից մեկը: Երբ 2020-ին Ռուսաստանը չմիջամտեց հակամարտությանը, այդ տոկոսը նվազեց մինչեւ 50-ը։

Լուսանկարը` Kremlin.ru

Երբ 2023-ի սեպտեմբերի դեպքերը ցուցադրեցին Մոսկվայի ձախողումները, Հայաստանը ավելի օտարացավ Ռուսաստանից: Փաշինյանը հրապարակավ մատնանշեց, որ անվտանգության հարցում Ռուսաստանի վրա հույս դնելը սխալ էր, եւ քայլեր ձեռնարկեց՝ միանալու Միջազգային քրեական դատարանին, որը նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել։ Բայց հայկական քաղաքականության այս փոփոխությունը, որը ԱՄՆ-ը խրախուսել էր, բավական պատճառ չէ երկիրը Ռուսաստանից է՛լ ավելի հեռու մղելու համար. պատմության մեջ բազմաթիվ ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ի եւ դրա ազդեցության ընդլայնումը Ռուսաստանի հարեւանությամբ ուժեղացրել են վերջինիս ագրեսիան, հատկապես Կովկասում:

 

2008-ի Բուխարեստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ամիսներ անց (դրա ընթացքում ԱՄՆ-ը խրախուսում էր Վրաստանի անդամակցությունը դաշինքին) Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, իսկ Հարավային Օսիայի հետ հակամարտությունը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Տասնհինգ տարի անց Ռուսաստանը դեռ զբաղեցնում է միջազգայնորեն ճանաչված Վրաստանի տարածքի 20 տոկոսը: Գագաթնաժողովում Պուտինը նախազգուշացրել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ կդիտվի որպես «ուղիղ սպառնալիք»: Թեեւ Ռուսաստանը իրավունք չունի օգտագործել սեփական ռազմական ուժը՝ Հայաստանին կամ Ադրբեջանին ճնշելու համար, օրենսդիրները պետք է գիտակցեն, որ Ռուսաստանի արձագանքը Կովկասում ՆԱՏՕ-ի միջամտելուն սրել է տարածաշրջանի հակամարտությունները:

 

Հայաստանի հեռացումը ռուսական ազդեցությունից կարող է գայթակղել ԱՄՆ պաշտոնյաներին տարածաշրջանում Ռուսաստանի դեմ պայքարել պրոքսիի միջոցով: Բայց Ադրբեջանի ագրեսիան ապացուցում է կարգավորման անհրաժեշտությունը, եւ Միացյալ Նահանգները կարող են դա լավագույնս անել դիվանագիտության միջոցով՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու հույսով: Բացի դիվանագիտության խթանումից, ամերիկյան ուղղակի շահերից չի բխում նպաստել պատերազմին՝ տարածաշրջանային հակամարտությունում զենք տրամադրելով:

Լուսանկարը` REUTERS

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում ՆԱՏՕ-ի եւ Վաշինգտոնի դերն ընդլայնելու փոխարեն, ԱՄՆ-ը կարող է եւ պետք է շարունակի օգտագործել դիվանագիտական եւ հումանիտար միջոցներ՝ միջնորդելու համար, ինչպես դա արեցին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վաշինգտոնը պետք է դասեր քաղի իր նախկին ձախողումներից ՝ ընտրելով դիվանագիտությունը, որը պակաս սադրիչ եւ ավելի արդյունավետ է, քան ռազմական ներգրավվածությունը:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին