Կյանքը մեկ ճամպրուկի մեջ. Ղարաբաղի հայերը փորձում են նոր կյանք սկսել Ռուսաստանում - Mediamax.am

2215 դիտում

Կյանքը մեկ ճամպրուկի մեջ. Ղարաբաղի հայերը փորձում են նոր կյանք սկսել Ռուսաստանում


Գագիկ Խաչատրյանը
Գագիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյան/The Moscow Times

Աստղիկը՝ ամուսնու եւ դստեր հետ
Աստղիկը՝ ամուսնու եւ դստեր հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյան/The Moscow Times


Ներկայացնում ենք The Moscow Times պարբերականում հրապարակված A Life in One Suitcase։ The Karabakh Armenians Who Continued Onward to Russia հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Արփինե Հովհաննիսյան

 

«Ողջ կյանքս այս մի ճամպրուկի մեջ է», - ասաց մի տղամարդ՝ Գորիսում միկրոավտոբուս նստելիս: Այն տանում էր դեպի մայրաքաղաք Երեւան՝ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայ բնակչության զանգվածային արտագաղթի ժամանակ:

 

Տղամարդը՝ 70-ամյա ստեփանակերտցի Արմենը, որը նոր էր ժամանել Գորիս, երթուղայինի վարորդին պատմեց Ղարաբաղում անցկացրած իր վերջին օրերի եւ ապագա ծրագրերի մասին։ Իննսունկիլոմետրանոց ճանապարհորդությունից հետո, որը մեքենաների խցանման պատճառով տեւեց 30 ժամ, նա ուղեւորվում էր Հայաստանի մայրաքաղաք։

 

Սակայն Երեւանը չէր նրա վերջնական նպատակակետը։ Երկու օրից նա ժամանելու էր Մոսկվա՝ վերամիավորվելու դստեր հետ։

 

«Ինձ Մոսկվան պե՞տք է, - դիմեց նա վարորդին՝ ինքն իր հարցին պատասխանելուց առաջ, - Իհարկե՝ ոչ: Գնում եմ Մոսկվա, որ կյանքիս վերջին օրերը աղջկաս կողքին լինեմ»։

 

Ավելի քան 100,000 էթնիկ հայեր արմատախիլ արվեցին անցյալ աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անջատված անկլավի կայծակնային գրավման արդյունքում: Գրավումը վատթարացրեց կապերը Երեւանի եւ նրա անվտանգության երկարամյա երաշխավոր Մոսկվայի միջեւ, որի խաղաղապահները չմիջամտեցին:

 

Բայց Հայաստանում հաստատվելու փոխարեն ղարաբաղցի տարհանվածներից շատերն որպես իրենց վերջնական նպատակակետ ընտրել են Ռուսաստանը՝ առաջնորդվելով ընտանեկան կապերով եւ հարաբերություններով, ինչպես նաեւ տնտեսական իրողություններով:

 

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ տեղահանված ղարաբաղցիներից մոտ տաս հազարը հոկտեմբերի կեսերին լքել են Հայաստանը եւ հաստատվել արտասահմանում։ Շատերն ընտրել են Ռուսաստանը անձնական կապերի եւ երկրին ծանոթ լինելու պատճառով:

 

Պատերազմի տեղահանված վետերանը մեկնում է Ռուսաստան

 

49-ամյա Գագիկ Խաչատրյանը Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է։ Նա այն տեղահանված հայերի թվում է, որոնք որոշել են հնարավորինս շտապ մեկնել Ռուսաստան։

 

«Ես ուղղակի այլ ճանապարհ չեմ տեսնում»,- ասաց նա՝ մատնանշելով Հայաստանում բնակարանների եւ աշխատանքի հնարավորությունների բացակայությունը։

 

Գագիկը 1992 թվականի Ղարաբաղյան առաջին պատերազմի վետերան է. ընդամենը 18 տարեկանում նա պաշտպանել է հայրենի Մարտունի քաղաքը: Պատերազմում ծանր վիրավորվելուց հետո նա բուժում անցավ Երեւանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ նրան կրկին հյուրընկալեցին երեք տասնամյակ անց, երբ նա կորցրեց իր տունը եւ ապրելու տեղ չուներ:

 

Հայաստան ժամանելուց անմիջապես հետո ղարաբաղցի տարհանվածները հայտնաբերեցին, որ 2022 թվականին ռուս միգրանտների ներհոսքից հետո տեղական վարձավճարներն ու ապրելու ծախսերը աճել են՝ բարդացնելով ապագայի վերաբերյալ նրանց որոշումը:

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյան/The Moscow Times

Փախստական բնակչությանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ստեղծեց «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»: Հայաստանում կամ արտերկրում գտնվող ֆիզիկական անձինք, որոնց վերջին գրանցման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն ստանալ այս կարգավիճակը:

 

Գագիկին հյուրանոցային համար հատկացրին Երեւանից ոչ հեռու՝ Աբովյան քաղաքում։

 

Կառավարության առաջարկած մեկ այլ տարբերակ Հայաստանի քաղաքացիություն ստանալն է։ Շատերը, ինչպես Գագիկը, միշտ ենթադրում էին, որ Հայաստանի քաղաքացիներ են, քանի որ ունեն հայկական անձնագրեր։

 

Միակ բանը, որ խանգարեց Գագիկին ավելի վաղ հեռանալ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներն էին։ Քաոսի ու անորոշության պայմաններում նա թողել էր իր փաստաթղթերը Ճարտարում՝ ավտոմեքենայի եւ այլ իրերի հետ միասին։ Նրա վարորդական իրավունքը եւ կորցրած ծննդյան վկայականը պետք է վերականգնվեին:

 

Ամենակարեւորը, ինչ Գագիկն իր հետ բերեց, իր սիրելիների՝ հոր, տատիկի ու պապիկի շիրիմների հողն էր:

 

«Հուսով եմ, որ նրանց համար փոքրիկ դամբարան կստեղծեմ այնտեղ, որտեղ հաստատվեմ, քանի որ ուզում եմ նրանց մի մասն ինձ մոտ ունենալ, որտեղ էլ որ գնամ»,- բացատրեց նա։ Նա ցուցադրեց մնացած իրերը, որ հասցրել էր բերել՝ սիրելիների լուսանկարները, իր նոր վերանորոգված տան սեփականության վկայականները, մի քանի ձմեռային հագուստ։

Գագիկ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյան/The Moscow Times

«Այն ամենն է, ինչ կարողացա տեղավորել այս մի ճամպրուկի մեջ, - ժպտաց նա: - Նույնիսկ այս հագուստը, որը հիմա կրում եմ, տրամադրվել է վերականգնողական կենտրոնում, որտեղ սկզբում մնացի երեք շաբաթ»:

 

Ռուսաստանում, որտեղ վաղուց են բնակություն հաստատել մայրն ու քույրերը, նա ծրագրում է դառնալ գյուղատնտես եւ ապրուստի համար բանջարեղեն աճեցնել։

 

Հարցին, թե մտավախություն ունի՞ տեղափոխվելու պատերազմող երկիր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Գագիկը պատասխանեց.

 

«Պատերազմն ինձ ուղեկցում է ամենուր: Երբ 2022-ի սեպտեմբերին աղջկաս հետ հասանք Ջերմուկ, Հայաստանում հակամարտություն բռնկվեց: Առավոտյան տեսանք, որ Ջերմուկում մնացել էին միայն ղարաբաղցի հայերը՝ աշխատակիցների հետ միասին։ Նույնիսկ իմ 17-ամյա դուստրը չէր վախենում. մենք սովոր ենք դրան»։

 

Գագիկը հույս ունի նոր կյանք սկսել մերձմոսկովյան գյուղերից մեկում եւ Ռուսաստան բերել նաեւ իր դուստրերին, որոնք այժմ ապրում են նախկին կնոջ հետ։

 

«Մենք այստեղ ոչինչ չունենք՝ ոչ տուն, ոչ աշխատանք: Կարծում եմ, որ այնտեղ կյանքը մեզ համար ավելի բարվոք կլինի»:

 

Արտաքսում եւ կորուստ

 

«Շատ հապճեպ որոշեցինք գնալ Ռուսաստան, ընդամենը մի քանի օրվա մեջ,- ասում է 30-ամյա Աստղիկ Հայրապետյանը, որը միայնակ մայր է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Խնածախ գյուղից։ Ամուսինը՝ Սերգեյը, 2023-ի մայիսին մահացավ սրտի կաթվածից։

 

Իր երկու դուստրերի հետ՝ 2 եւ 6 տարեկան, նա մեկնեց Հայաստանից նոյեմբերի 8-ին: Նրանք հաստատվել են Ստավրոպոլի մարզի Միխայլովսկ քաղաքում, որտեղ բնակվում է նրա հորեղբայրը: Հարազատների աջակցությամբ Աստղիկը հույս ունի աշխատանք գտնել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար:

 

«Շատ հայեր Ղարաբաղից տեղափոխվել են Ռուսաստան՝ աշխատելու եւ կրկին ոտքի կանգնելու: Ես ընկերների հինգ ընտանիք գիտեմ, որոնք Կրասնոդարում են, Պյատիգորսկում, Ստավրոպոլում եւ այլ քաղաքներում», - ասաց նա:

 

Նա պատմեց նաեւ մի քանի դեպքերի մասին, երբ ընտանիքների հայրերը սկսեցին աշխատանք փնտրել Ռուսաստանում՝ Հայաստանում անբավարար աշխատավարձի պատճառով։

 

«Ես աշխատանք գտա ընդամենը 80.000 դրամ (200 դոլար) աշխատավարձով, մինչդեռ Երեւանում բնակարանների մեծ մասը վարձով են տրվում (սկսած) մոտ 250.000 դրամից (600 դոլար)»,- ասաց մեզ Աստղիկը։

 

Հայաստանի կառավարությունը Ղարաբաղի հայերին աջակցություն է տրամադրել՝ մեկ անձի համար միանվագ վճարելով 100,000 դրամ (250 դոլար), որը նրա կրտսեր դուստրը չի ստացել գրանցման հասցեի հետ կապված խնդիրների պատճառով։

Աստղիկը՝ ամուսնու եւ դստեր հետ Աստղիկը՝ ամուսնու եւ դստեր հետ

Լուսանկարը` ընտանեկան արխիվ

Ավելին, կառավարությունն առաջարկում է ամսական 40,000 դրամ ($ 100) օգնություն՝ կացության ծախսերը հոգալու համար, եւ հավելյալ 10,000 դրամ ($ 25) տրամադրվում է յուրաքանչյուր անձի համար կոմունալ ծախսերի դիմաց՝ վեց ամիս տեւողությամբ:

 

«Ես չկարողացա ստանալ իմ հանգուցյալ ամուսնու զինվորական թոշակը. պարզ չէր՝ արդյո՞ք կստանանք այն եւ ե՞րբ: Հոգնեցի այդ ամենից եւ որոշեցի հեռանալ իմ եղբայրների եւ նրանց ընտանիքների հետ», - հիշում է նա:

 

Աստղիկն ասաց, որ ավագ դուստրը չի ցանկանում Ռուսաստանում դպրոց գնալ.

 

«Կարոտում է Ղարաբաղը, մեր բարբառը, չի ուզում նոր լեզու սովորել»,- ասում է նա։

 

Այնուամենայնիվ, Աստղիկը փորձում է պահպանել հույսը, որ մի օր կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, որը հայերն անվանում են Արցախ։

 

«Հայաստանից դուրս բնակվելն է՛լ ավելի է հեռացնում մեզ Արցախ վերադառնալու հնարավորությունից»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին