Եվրոպայի ռազմավարական անհաջողության հետեւանքները - Mediamax.am

1648 դիտում

Եվրոպայի ռազմավարական անհաջողության հետեւանքները


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ու Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ու Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը

Լուսանկարը` REUTERS

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի Последствия стратегического неуспеха Европы հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Տիմոֆեյ Բորդաչեւ

 

Եվրամիության առաջատար երկրները բախվում են աստիճանաբար սահմանային տարածքի վերածվելու հեռանկարին, որը բոլոր հակամարտող գլոբալ խաղացողները կդիտարկեն բացառապես որպես քաղաքական կամ տնտեսական ռեսուրսային բազա։ Արդյո՞ք կարող են եվրոպացիները դադարեցնել շարժումն այդ ուղղությամբ, եւ, ինչն ավելի կարեւոր է, արդյո՞ք նրանք համաշխարհային գործերում ավելի մեծ սուբյեկտակայնության կարիք ունեն ։

 

Անկախ նրանից, թե Ռուսաստանում մեզանից շատերը պատրաստ են դա ընդունել, թե ոչ, Եվրոպայի դիրքը միջազգային քաղաքականության մեջ անխուսափելիորեն կդառնա տեսական եւ գործնական նշանակության կարեւոր խնդիր։ Մեծ տերությունների համար այս հարցի արդիականությունը որոշվում է նրանով, թե ինչ են նրանք կապում Եվրոպայի հետ սեփական ծրագրերում եւ, համապատասխանաբար, որտեղ կարող են հիասթափվել։ ԱՄՆ-ի դեպքում Եվրոպայի ռազմավարական նշանակությունը որոշվում է Ռուսաստանին զսպելու նրա կարողությամբ՝ սեփական ուժերին գոնե մասնակի հիմնվելով: Ռուսաստանի համար Եվրոպայի մայրցամաքային հատվածը ԱՄՆ-ի գլխավորած Արեւմուտքի միասնական կոալիցիայի պոտենցիալ «թույլ օղակն է», որը սպառնում է ռուսաստանյան պետության շահերին եւ գոյատեւմանը։

 

Նմանատիպ դիրքորոշում է որդեգրել է Չինաստանը, որի իշխանությունները նույնպես ակնկալում են, որ ժամանակի ընթացքում ամերիկյան ազդեցությունը Եվրոպայում կնվազի, եւ դա Պեկինին թույլ կտա հասանելիություն պահպանել որոշ արեւմտյան տեխնոլոգիաների եւ շուկաների՝ ամերիկացիների հետ անխուսափելի «ամուսնալուծության» պայմաններում: Հնդկաստանի տեսանկյունից Եվրոպան ԱՄՆ-ից պակաս պահանջկոտ գործընկեր է հնդկական տնտեսության արդիականացման եւ ազգային զարգացման որոշ խնդիրների լուծման հարցում։

 

Առաջին հայացքից, Եվրամիության առաջատար երկրների (առաջին հերթին՝ Գերմանիան եւ Ֆրանսիան) մտադրություններն առանձնապես չեն փոխվել նրանց ինքնուրույն ռազմավարական նախագծի՝ եվրաինտեգրման զարգացման «ոսկե» տարիների հետ համեմատ։ Ինչպես 1990-ականներին եւ 2000-ականներին, Բեռլինը եւ Փարիզը տարբեր ինտենսիվությամբ եւ եռանդով խոսում են համաշխարհային գործերում ինքնուրույն դեր խաղալու ցանկության մասին: Սակայն նույնիսկ իրենք են խոստովանում, որ ներկայում նման ծրագրերի իրականացման հնարավորությունները լրջորեն կրճատվել են։ Եվ շուտով կարող է ակնհայտ դառնալ, որ մայրցամաքային Եվրոպան իսկապես կհայտնվի իր ամենամեծ թերահավատների կանխատեսումներին առավել համահունչ իրավիճակում։ Այլ կերպ ասած, եվրոպացիների փաստացի դիրքորոշումը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով ավելի է համապատասխանում նրան, թե ինչպես մենք կարող ենք դա տեսնել ԱՄՆ-ի հետ նրանց փոխհարաբերությունների վերացական գնահատականների եւ ինքնուրույն գործելու կարողության տեսանկյունից:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը

Լուսանկարը` REUTERS

Դրան, սակայն, խոչընդոտում են մի քանի կարեւոր գործոններ։ Նախ, Ֆրանսիան, որպես մայրցամաքային Եվրոպայի առաջատար քաղաքական ուժ, դեռեւս պահպանում է իր տեղը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Երկրորդը՝ Եվրոպայի տնտեսական հնարավորություններն ու ներուժը մեծ են։ Գերմանիան մնում է աշխարհի առաջատար տնտեսական տերություններից մեկը՝ որոշ ցուցանիշներով շատ առաջ լինելով անգամ Չինաստանից, էլ չասած Ռուսաստանի եւ Հնդկաստանի մասին։ Երրորդը՝ եվրոպական ներկայացուցիչները մասնակցում են միջազգային խոշոր կառույցների աշխատանքին եւ առաջատար դիրքեր են զբաղեցնում դրանց օրակարգի ձեւավորման գործում: Այս ամենը, ինչպես նաեւ շատ այլ բաներ, թույլ չեն տալիս քամահրանքով վերաբերվել Եվրոպային եւ հետ է պահում մեզ մայրցամաքային եվրոպացիներին ամբողջությամբ խաղից հանելուց՝ նրանց դիտարկելով բացառապես որպես Միացյալ Նահանգների կախյալ կրտսեր գործընկերներ:

 

Սակայն վերջին տեսակետը լուրջ հիմքեր ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի դրամատիկ հանգուցալուծումը, որը հանգեցրեց ներկայում գոյություն ունեցող միջազգային կարգի առաջացմանը, Եվրոպայի համար ոչ միայն գլոբալ հզորության վերջն էր, այլեւ նրա արտաքին քաղաքականությունը ինքնուրույն որոշելու ունակության կորուստը։ Կարելի է ասել, որ բոլոր արեւմտաեվրոպական պետությունները 1939–1945 թվականների իրադարձությունների արդյունքում ծանր ռազմական պարտություն կրեցին, թեկուզ եւ ֆորմալ հաղթողների թվում էին, ինչպես դա եղավ Ֆրանսիայի հետ։ Բացառությամբ Մեծ Բրիտանիայի, բոլոր խոշոր եվրոպական պետությունները ենթարկվեցին ռազմական պարտության. նրանց մեջ հաղթողներ չկային։

 

Հետագա տասնամյակներում գաղութային համակարգի կործանումը համաշխարհային վարկանիշային աղյուսակում Եվրոպայի կարգավիճակի կտրուկ անկման հետեւանք էր։ Այդ գործընթացը աստիճանական էր եւ որոշ դեպքերում մեղմվում էր նեոգաղութային կախվածության որոշակի ձեւերով։ Սակայն ինչպես տեսնում ենք Ֆրանսիայի աֆրիկյան ազդեցության օրինակով, 1960-ականներին եւ 1970-ականներին ի հայտ եկած գաղութային վարչակարգի փոխարինողները կարող էին լինել միայն ժամանակավոր լինել, որոնց անխուսափելիորեն հաջորդում էր նախկին տերերի կողմից վերահսկողության լիակատար կորուստը:

 

Մեծ Բրիտանիան ջախջախված չէր, սակայն զգալիորեն թուլացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։ Տարածաշրջանի առաջատար տնտեսական տերությունը՝ Գերմանիան, կորցրել էր ինքնիշխանությունը իր արտաքին քաղաքականության նկատմամբ նույնիսկ ֆորմալ առումով։ Ֆրանսիան որոշ ժամանակ պայքարեց, բայց 1970-ականների կեսերից աստիճանաբար բռնեց համաշխարհային քաղաքականության մեջ իր անկախ դերից հրաժարվելու ճանապարհը: Ի վերջո, 15 տարի առաջ Ֆրանսիան վերադարձավ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներ, որից հետո Ֆրանսիայի պաշտպանության պլանավորումը նույնպես ինտեգրվեց համակարգին, որը ղեկավարում են Միացյալ Նահանգները:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը

Լուսանկարը` REUTERS

Արդյունքում, արդեն 2000-ականների վերջում ձեւավորվել էին բոլոր նախադրյալները՝ իսպառ մոռանալու համաշխարհային գործերում ինքնուրույն Եվրոպայի մասին բոլոր երազանքները։ Արտաքին քաղաքականության հարցերում ինքնիշխանությունը վերականգնելու վերջին փորձը գերմանա-ֆրանսիական բողոքն էր 2002-2003 թվականներին Իրաքում ԱՄՆ-ի ծրագրերի դեմ: Սակայն դա եվրոպացիներին ոչ մի բավարար արդյունքի չբերեց։ Մնացածն ավարտին հասցրեցին գրեթե մշտական տնտեսական դժվարությունները 2008-2009 թվականների ճգնաժամից հետո եւ նույն ժամանակ մեկնարկած քաղաքական համակարգերի ճգնաժամը Եվրամիության երկրների մեծ մասում:

 

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մայրցամաքային Եվրոպայի գործողությունները 2021-2022 թվականների Ռուսաստանի հետ հարաբերություններում սուր ճգնաժամի պայմաններում արդեն լիովին համահունչ էին նրա իրական դիրքին որպես Միացյալ Նահանգների բավականին կախյալ գործընկերոջ։ Ինչ-որ չափով միամտություն կլիներ ափսոսալ այն փաստի համար, որ ԵՄ առաջատար երկրների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ինստիտուտները, լիովին ենթարկվեցին իրադարձություններին, որոնք իրենք չէին կարող վերահսկել։ Ստեղծված ճգնաժամի լրջությունը (փաստացի`ռազմական բախում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև՝ Ուկրաինայով միջնորդավորված) մանեւրելու տեղ չթողեց այն ծավալով, որը հասանելի էր եվրոպացիներին 1949-1991 թվականների Սառը պատերազմի ժամանակ:

 

Դա տեղի ունեցավ աստիճանական գործընթացի շրջանակներում, որը ներառում էր նախորդ դարի կեսերի իրադարձությունների հետեւանքները եւ եվրաինտեգրման հիման վրա իրական քաղաքական միություն կառուցելու փորձերի ձախողումը` համատեղելով այն մասնակիցների կազմի ընդլայնման եւ ֆինանսական գործիքների միջոցով եվրագոտու շրջանակներում միասնական տնտեսական քաղաքականության ստեղծման հետ։

 

Լրացուցիչ ապացույցն այստեղ Եվրամիության ինստիտուտների պահվածքի առանձնահատկությունն է, որոնք 2022 թվականի փետրվարից հետո պարզապես ՆԱՏՕ-ի տնտեսական մասնաճյուղի դեր են կատարում։ Եվրոպացի առաջնորդներն անցյալ տարվա սկզբին այնքան անօգնական էին երեւում ոչ թե այն պատճառով, որ վատն էին: Նրանց անկարողությունը դիմակայել տարածաշրջանի դեպի լուրջ ճգնաժամ գլորվելուն պայմանավորված է նրանով, որ մայրցամաքային Եվրոպան սպառել է ինքնուրույնության հնարավորությունները:

Լուսանկարը` REUTERS

Այժմ պետք է տեսնենք, թե որքան լուրջ հետեւանքներ կունենա այս գործընթացը, որն իր վերջնական փուլին է հասել 2022թ. սկզբին։ Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մայրցամաքային Եվրոպան չափազանց մեծ է եւ բազմազան, որպեսզի ամբողջությամբ կլանվի ամերիկյան ազդեցության կողմից: Եվրոպական ընկերությունները, իրենց ծավալների շնորհիվ, կարող են ինքնուրույն կապեր պահպանել ռուսական եւ չինական շուկաների հետ։ ԵՄ խոշոր երկրները հետեւում են իրենց շահերին եւ հայտնվում երկակի դիրքում՝ ռազմավարական առումով լիովին ենթարկվում են ԱՄՆ-ին, բայց միեւնույն ժամանակ ունեն արտաքին քաղաքական շփումների որոշակի ինքնավարություն։

 

Արդյունքում, մայրցամաքային Եվրոպան կարող է բառացիորեն «կախ ընկած» մնալ մի վիճակում, երբ ԱՄՆ-ի հակառակորդները համաշխարհային հարթակում կպահպանեն ազդեցությունը նրա վրա, իսկ ինքը այլեւս չի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա Եվրոպան կվերածի այլ տերությունների մրցակցության թատերաբեմի։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին