«Ես տեսել եմ Երկրորդ աշխարհամարտը ու տեսա նաեւ Արցախի հայաթափումը» - Mediamax.am

2155 դիտում

«Ես տեսել եմ Երկրորդ աշխարհամարտը ու տեսա նաեւ Արցախի հայաթափումը»


Անտոնիա Արսլանը
Անտոնիա Արսլանը

Լուսանկարը` Chiasso Letteraria

Անտոնիա Արսլանը
Անտոնիա Արսլանը

Լուսանկարը` Chiasso Letteraria

Անտոնիա Արսլանը
Անտոնիա Արսլանը

Լուսանկարը` Chiasso Letteraria


Ներկայացնում ենք ծագումով հայ իտալացի գրող, «Արտույտների ագարակը» միջազգային բեսթսելերի հեղինակ Անտոնիա Արսլանի Europe has failed Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Անտոնիա Արսլան

 

Ես հայ եւ իտալացի եմ։ Երեք տարի առաջ մի առավոտ արթնացա լուրից, որ իմ սիրելի Արցախը հարձակման է ենթարկվել։ Հիշում եմ, թե ինչպես շունչս պահեցի, եւ իտալական «Bella ciao» երգի խոսքերը հեղեղեցին գլուխս.

 

«Una mattina mi son svegliato

O bella ciao, bella ciao, bella ciao ciao ciao

Una mattina mi son svegliato  

E ho trovato l’invasor»

 

«Մի առավոտ ես արթնացա  

Ա~խ, բարո՛վ մնաս, գեղեցկուհի՛, ցտեսությո՛ւն, ցտեսությո՛ւն

Մի առավոտ ես արթնացա

Եվ հայտնաբերեցի զավթիչին»:

 

Ես ծանոթ եմ զավթիչներին. մանկության տարիներս ապրել եմ Վենետոյում պատերազմի ժամանակ: Հիշում եմ ավտոմատներով զինվորներին, հիշում եմ անցակետերը, հիշում եմ պարենաքարտերը: Ես հիշում եմ «Պիպոն»՝ միայնակ կործանիչը, որը կարող էր ռումբ կամ փայլաթիթեղ գցել, կրակել մեզ վրա կամ պարզապես հեռանալ: Հիշում եմ երկնքից ընկնող ռումբի սուլոցը: Հիշում եմ անգլիացի օդաչուն, որին մենք թաքցրինք եւ կերակրեցինք, որի պարաշյուտից մեզ՝ աղջիկների համար վերնաշապիկներ կարեցինք։ Եվ ես հիշում եմ պատերազմական գիշերների խավարը, երբ բոլորս ծածկում էինք պատուհանները հաստ մթնեցնող վարագույրներով։ Օ~, ես հիշում եմ զավթիչին։ Ես ծեր եմ, շատ ծեր:

 

Այն ժամանակ ես երեխա էի, եւ բոլոր մանուկների պես ինձ անմահ էի համարում։ Ինձ բախտ էր վիճակվել հեռվից տեսնելու զավթչի սարսափները։ Սա չի նշանակում, որ ես չգիտեի նրանց մասին. չի նշանակում, որ այնտեղ չէի, երբ նացիստները ուր որ է՝ ձերբակալելու էին մորս, երբ հայրս ու պապս մտահոգված էին, որ հայերին կհանձնեն դաշինք կնքելու դիմաց, երբ թաքցնում էին հրեաներին իրենց հիվանդանոցում:

 

Չի նշանակում նաեւ, որ ես չգիտեի, թե ինչ պետք է անել պատերազմի ժամանակ։ Ի հակառակ ժամանակակից ծնողների կարծիքի՝ երեխաները կարող են եւ պետք է պարտականություններ ստանձնեն: Ես ստանձնել էի: Ես մեծն էի, գիտեի, որ ծնողներս չեն կարող պաշտպանել փոքրերին, եթե ստիպված լինեն  իմ մասին էլ մտահոգվել: Այդ պատճառով ես ամեն գիշեր ստուգում էի, որ վերնաշապիկս եւ կիսաշրջազգեստս պատշաճ կերպով ծալված լինեն, կոշիկներս ու գուլպաներս տեղում լինեն, որպեսզի օդային տագնապի ազդանշանների ժամանակ կարողանամ արագ հագնվել: Գիտեի նաեւ, թե ինչ պետք է անել օդային տագնապի ժամանակ։ Մի գիշեր ծնողներս մոռացան ինձ, երբ մյուս երեխաների հետ վազեցին դեպի ապաստարան: Ազդանշանների սուլոցի ներքո արագ հագնվեցի եւ աստիճաններով իջա: Երբ հասա ներքին բակը, տեսա պապիկիս։ «Վախենո՞ւմ ես», - հարցրեց նա: «Ոչ», - պատասխանեցի: «Ես էլ չեմ վախենում»,- ասաց նա։ Նստեցինք կողք կողքի եւ սկսեցինք լսել, թե ինչպես են քաղաքի վրա թափվում ռումբերը:

 

Ես հիշում եմ, թե ինչ ուրախություն ապրեցինք, երբ ժամանեցին ամերիկացիները: Նրանք բերեցին սնունդ (ամենակարեւորը՝ շոկոլադ ու գետնանուշի կարագ), պաշտպանություն, ժպիտ ու ծիծաղ: Պարզապես ազատագրում չէր. արեւածագ էր, կյանքը վերսկսելու հնարավորություն: Իմ կյանքով ես պարտական եմ ամերիկացիներին. երբ արդեն մեռնում էի այն սարսափելի հիվանդություններից մեկից, որը բերում են բոլոր պատերազմները, պապս կարողացավ պենիցիլին գնել եւ իջեցրեց ջերմությունը, որի պատճառով բոլորս մազերս թափել էին:

Անտոնիա Արսլանը Անտոնիա Արսլանը

Լուսանկարը` Chiasso Letteraria

Ես տեսա, թե ինչպես է աշխարհը սկսում վերակառուցվել: Այն ժամանակ արդեն չարագուշակ նշաններ կային, նշաններ (ես ավելի ուշ հասկացա), որոնք մեր ժամանակակից սարսափելի գաղափարական պատերազմների հետեւանքն են. հանրաքվե, որը ողջ Իտալիան կասկածում էր՝ կեղծվել է, մասնավոր վենդետաներ զավթիչների համախոհների եւ դաշնակիցների դեմ, փոքր քաղաքացիական պատերազմ կենտրոնական Իտալիայում, որը հոյակապ նկարագրել է գրող Ջովանինո Գուարեսկին։ Պատերազմն ավարտված էր, երբ Իտալիան սկսեց մեծ եռանդով վերակառուցվել: Գաղափարական պատերազմը չէր ավարտվել:

 

Սառը պատերազմն արդեն սկսվել էր, երբ Ադենաուերը, Շումանը եւ Դե Գասպերին սկսեցին շարադրել միասնական Եվրոպայի ծրագրերը: Մենք՝ պատերազմի երեխաները, հրճվում էինք նրանց ծրագրերով։ Դրանք նշանակում էին ազատություն՝ կայուն ապագա: Ես այնքան էի  հավատում միացյալ Եվրոպայի գաղափարին, որ Գյոթինգենում սովորելիս մնացի «Եվրոպայի տուն/Europa-Haus» հանրակացարանում՝ իսպանացի, ֆրանսիացի, գերմանացի եւ նորվեգացի ընկերներիս հետ: Բոլորս եվրոպական դրոշով կրծքանշան էինք կրում։

 

Բայց պատերազմի թողած գաղափարական ճակատամարտը սպանեց մեր երազանքը դեռ սաղմնային վիճակում: Վաթսունականների վերջը լի էր բուռն, կատաղի բողոքներով, իսկ յոթանասունականները՝ ահաբեկչությամբ: Բռնությունից ավելի վատ էր երեսպաշտությունը այն մարդկանց, ովքեր անտեսեցին հիմնային տարաձայնությունները, ովքեր հրաժարվեցին զբաղվել դրանցով: Եվ հիմա այդ երեսպաշտությունը կործանեց Լեռնային Ղարաբաղը։

 

Պատերազմը, որի ժամանակ ես մեծացել եմ, իրականում երբեք չի ավարտվել: Այն հասավ իմ սիրելի Արցախին՝ այն Արցախին, որտեղ թթի օղի էի խմել աստղալից երկնքի տակ՝ հայոց թագավոր Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքի՝ Տիգրանակերտի պեղումների մոտ։ Այն հանձնվեց Ադրբեջանին 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Իսկ բոլորովին վերջերս՝ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո, ավելի քան 100 000 հայ քշվեց Լեռնային Ղարաբաղից:

Անտոնիա Արսլանը Անտոնիա Արսլանը

Լուսանկարը` Chiasso Letteraria

Ես հասկացա, որ կառավարությունները բարոյականության մասին ամպագոռգոռ հայտարարություններ են անելու, բայց ոչինչ չեն ձեռնարկելու: Ես հասկացա, որ փորձելու են օգտվել Կովկասում տիրող խռովությունից եւ առաջ մղել սեփական գաղափարական օրակարգը: Ես հասկացա, որ տառապելու են մարդիկ՝ իմ ժողովուրդը, արցախահայությունը։

 

Հուսով եմ՝ Միացյալ Նահանգները, որ նախկինում ազատագրել է մեզ, կհիշի իր անօրինակ առատաձեռնությունը։ Մեր հիշողությունները բռնության մասին հազարամյակների պատմություն ունեն: Երկար դարեր տեւած պատերազմներն ու արշավանքները մեզ երեսպաշտ են դարձրել։

 

Բայց Ամերիկան երիտասարդ է. այն դեռ կարող է ծառայել որպես փարոս, որպես օրինակ: Նյու Ջերսիից Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ «կանխելու էթնիկ զտումները եւ վայրագությունները էթնիկ հայերի նկատմամբ»: Նա գիտակցում է, որ խոսքը «երկու կողմերի» մասին չէ, որոնք «պարզապես տարաձայնություններ ունեն», ինչպես պնդում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ադրբեջանցիների կողմից անմեղ, խաղաղ հայ բնակիչների ռմբակոծությունից օրեր անց։ Ես շնորհակալ եմ կոնգրեսական Սմիթին աջակցելու համար, եւ, որ ավելի կարեւոր է, ճշմարտությունն ասելու համար, որը հաճախ պատերազմի առաջին զոհն է:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին