Խաղաղապահության անցյալն ու ներկան՝ «Եվրոպայի կոնցերտից» մինչեւ մեր օրեր - Mediamax.am

exclusive
1525 դիտում

Խաղաղապահության անցյալն ու ներկան՝ «Եվրոպայի կոնցերտից» մինչեւ մեր օրեր


Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Ուորվիքի համալսարանի քաղաքական տնտեսության պատվավոր պրոֆեսոր Ռոբերտ Սկիդելսկիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Ռոբերտ Սկիդելսկի

 

Աշխարհը 19-րդ դարում համեմատաբար խաղաղ էր: Ամերիկյան քաղաքացիական պատերազմից եւ Չինաստանի Տայպինյան ապստամբությունից բացի՝ 1815-ին Նապոլեոնյան պատերազմների ավարտից մինչեւ 1914-ին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը երկարատեւ հակամարտություններ քիչ են եղել: Սա էական հարց է առաջացնում. ինչպե՞ս է Եվրոպան խուսափել մեծ պատերազմներից 100 տարի՝ Հեդլի Բուլի ասած «միջազգային անարխիայի» օրոք:

 

Գերակշռող տեսակետն այն է, որ 1815 թվականին հիմնադրված «Եվրոպայի կոնցերտը» (Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը) առանցքային դեր ունեցավ խաղաղության պահպանման գործում։ Թեեւ այն հաճախ ընկալվում էր որպես մայրցամաքի տերությունների հավասարակշռությունը պահպանող մեխանիզմ, համակարգն իրականում ծառայում էր նորմատիվ նպատակի. կանխել պատերազմը ընդհանուր շահեր եւ արժեքներ ունեցող երկրների միջեւ:

 

Ըստ էության, հինգ խոշոր եվրոպական տերությունները՝ Ավստրիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Պրուսիան եւ Ռուսաստանը, համաձայնեցին չփոխել իրենց սահմանները առանց փոխադարձ համաձայնության: Ազդեցության ոլորտների ստեղծումը, որոնք հանդիսանում էին ֆիզիկական բուֆեր այս մեծ տերությունների միջեւ, նրանց աշխարհաքաղաքական հաշվարկների անբաժան մասն էր։

 

19-րդ դարի վերջում «Եվրոպայի կոնցերտը» դարձել էր համաշխարհային խաղաղապահության համակարգ, եւ տարբեր գաղութատիրական տերություններին Աֆրիկայի եւ Արեւելյան Ասիայի բաժանման ժամանակ տարածքներ էին հատկացվել: Բայց մինչ կոնցերտը փորձում էր լուծել «Արեւելյան հարցը», 1853-56 թվականների Ղրիմի պատերազմը, որը  Ռուսաստանի դեմ հանեց Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Օսմանյան կայսրությանը, ընդգծեց դրա սահմանափակումները:

 

Ղրիմի պատերազմի շարժառիթն էր Ռուսաստանի պահանջը բարելավել Պաղեստինում բնակվող ուղղափառ քրիստոնյաների վիճակը: Սաստկացող հակամարտությունը ստիպեց Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարել, եւ Բրիտանիան ու Ֆրանսիան կանգնեցին օսմանցիների կողքին:

 

Բրիտանացի պետական գործիչ Ջոն Բրայթը պատերազմի մեղքը բարդեց Բրիտանիայի վրա՝ պնդելով, որ իր երկրի անվերապահ աջակցությունը խրախուսեց օսմանցիների անզիջողականությունը։ «Ես թույլ կտայի կամ կստիպեի Թուրքիային զիջել, կամ կպնդեի, որ նա միայնակ շարունակեր պատերազմը»,- ասել էր Բրայթը: Նա կարծում էր, որ բրիտանական ռազմավարությունը՝ սատարել Օսմանյան կայսրությանը, որպես հենարան Ռուսաստանի դեպի արեւելք էքսպանսիայի դեմ, սխալ էր: Այն վախը, որ Ռուսաստանը կփորձի նվաճել Հնդկաստանը, պարանոյա էր: Պատերազմին մասնակցելը գիտակցված ընտրություն էր, պնդում էր Բրայթը, եւ հետեւաբար արդարացված չէր: Փոխարենը նա պաշտպանում էր «չմիջամտելու» քաղաքականությունը՝ զուգորդված անսահմանափակ առեւտրային եւ ֆինանսական փոխգործակցության հետ:

 

1876 թվականին Օսմանյան կայսրությունը եւս մեկ անգամ փորձության ենթարկեց «Եվրոպայի կոնցերտը»՝ կոտորելով հազարավոր բուլղարացի տղամարդկանց, կանանց ու երեխաների: Բրիտանացի լիբերալ քաղաքական գործիչ Վիլյամ Գլադստոնը պատասխանեց «բուլղարական սարսափները» դատապարտող բրոշյուրով եւ կոչ արեց արտաքսել թուրքերին Եվրոպայից: Սակայն վարչապետ Բենջամին Դիզրաելին այդ վայրագությունները համարեց նյարդայնացնող շեղում ռուսական էքսպանսիոնիզմի դեմ օսմանցիներին աջակցելու գործից:

 

Երբ մեծ տերություններին չհաջողվեց օսմանցիների կողմից վերահսկվող Բալկաններում պակաս բռնապետական վարչակարգ ստեղծել, Ռուսաստանը 1877-ի հունիսին ներխուժեց Թուրքիա՝ իբր պաշտպանելու սուլթանի քրիստոնյա հպատակներին: Անսպասելիորեն հզոր թուրքական դիմադրությունը հաղթահարելուց հետո Ռուսաստանը ստիպեց օսմանցիներին պատժիչ հաշտություն կնքել, որը մեծապես ընդլայնելու էր Բուլղարիայի տարածքը՝ որպես ուղղափառ արբանյակ պետություն եւ Կովկասում զգալի տարածքներ կընձեռեր:

 

Այս անգամ Դիզրայելին ձեռնպահ մնաց թուրքերին անվերապահորեն աջակցելուց, իսկ Ռուսաստանը համաձայնեց, որ տարածքային պահանջները պետք է քննարկել մյուս մեծ տերությունների հետ: Սա հիմք դրեց 1878-ին Օտտո ֆոն Բիսմարկի կողմից կազմակերպած Բեռլինի կոնգրեսին, որը հանգեցրեց մի շարք փոխզիջումների, եւ ռուսական նվաճումների դիմաց Բրիտանիան ստացավ Կիպրոսը: Թեեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը թերի էր, հաջորդ 36 տարիներին այն փաստորեն կանխեց խոշոր եվրոպական պատերազմը:

 

Ի վերջո, 19-րդ դարի խաղաղապահության համակարգը, որը պահպանում էին արիստոկրատ վերնախավերը (նրանք գիտեին, որ լայնածավալ պատերազմը սպառնում է իրենց կարգավիճակին), չկարողացավ դիմակայել ազգայնական եւ հեղափոխական ուժերին, որոնք 20-րդ դարասկզբին տարածվեցին Եվրոպայում եւ աշխարհի մեծ մասում: Այս ուժերի ջատագովները ուզում էին փոխարինել կայսրությունների կողմից պարտադրված խաղաղությունը իրական խաղաղությամբ, որը հիմնված է ժողովրդավարական սկզբունքների եւ ազգային ինքնորոշման վրա:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, որի նպատակն էր կայուն խաղաղություն հաստատել: Սակայն այն չուներ անհրաժեշտ բարոյական համախմբվածություն եւ լեգիտիմություն՝ վերարտադրելու 19-րդ դարի ոչ պաշտոնական պայմանավորվածությունը: Իրականում հետպատերազմյան դարաշրջանի հարաբերական խաղաղությունը ոչ այնքան ՄԱԿ-ի համակարգի արգասիքն էր, որքան Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ հավասարակշռված ահաբեկչության հետեւանքը: Երբ Սառը պատերազմն ավարտվեց, աշխարհը հայտնվեց առանց վստահելի խաղաղապահ մեխանիզմի, ինչը ճանապարհ հարթեց այսօրվա միջնորդավորված (պրոքսի) պատերազմների համար:

Լուսանկարը` REUTERS

«Եվրոպայի կոնցերտի» հաջողություններն ու ձախողումները արժեքավոր դասեր են խաղաղապահության նոր կանոնների հաստատման համար։ Հիմնական բացահայտումը, որն ընդգծել էր Բրայթը եւ ընդունել էր Դիզրաելին, այն է, որ երբ անվերապահ ռազմական աջակցություն ես ցուցաբերում թույլ երկրին, որին սպառնում է ավելի հզոր հակառակորդը, փոխզիջումների տեղ չի մնում:

 

Մյուս մարտահրավերը բարոյական եւ իրավական հարցերի շեշտադրումն է: Այսօր խաղաղության նախաձեռնությունները հաճախ խարխլվում են ինչպես իրական, այնպես էլ ենթադրյալ վայրագությունների եւ հակամարտող վարչակարգերի բնույթի պատճառով: Բարոյական նկատառումները միջազգային հարաբերություններում բարդացնում են գլոբալ խաղաղություն պահպանելու ջանքերը։ Ի վերջո, հնարավոր չէ բանակցել մի ռեժիմի հետ, որի բարոյական լեգիտիմությունը հերքում ես։ Հետեւաբար, արեւմտյան երկրների նախաձեռնած պատերազմների մեծ մասը անուղղակիորեն վարչակարգի փոփոխության նպատակ է հետապնդում:

 

Ավելին, տնտեսական պատժամիջոցները, քաղաքական բոյկոտներն ու քաղաքական առաջնորդներին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելը խոչընդոտում է արդյունավետ դիվանագիտությանը: Այս ագրեսիվ մարտավարությունները լղոզում են խաղաղության եւ պատերազմի սահմանները եւ խրախուսում են երկրներին ինքնապաշտպանության քողի ներքո հարձակողական պատերազմներ սկսել:

 

Թեեւ տասնիններորդ դարի «Մեծ խաղը» նշանավորվեց ռուսական էքսպանսիոնիզմի վերաբերյալ բրիտանացիների պարանոյայով, այսօրվա աշխարհաքաղաքական լանդշաֆտը ավելի շատ համապատասխանում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի «դոմինոյի տեսությանը»։ Նախկինում գաղափարապես թշնամական կառավարությունները դիվանագիտական եւ ընտանեկան ուղիներով կարող էին պատկերացում կազմել միմյանց մտադրությունների մասին: Մեր օրերում դիվանագետների դերը զգալիորեն նվազել է։

 

Այդուհանդերձ, այն հարցը, թե արդյոք ժողովրդավարությունը նպաստում թե խոչընդոտում է խաղաղությանը, մնում է անպատասխան: Թեեւ պատմությունը չի բացատրում, թե ինչպես պահպանել համաշխարհային կայունությունը, այն կարող է ոգեշնչման աղբյուր լինել: Ճիշտ դասեր քաղելով՝ մենք կարող ենք փորձել վերստեղծել այն պայմանները, որոնք հանգեցրել էին ոչ կատարյալ, բայց երկարատեւ խաղաղության։

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին