Բայդեն-Սի գագաթնաժողովի ամփոփումը. հրաշք տեղի չունեցավ - Mediamax.am

exclusive
1126 դիտում

Բայդեն-Սի գագաթնաժողովի ամփոփումը. հրաշք տեղի չունեցավ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Ռիչարդ Հաաս

 

Գագաթնաժողովներն, ըստ էության, մեծ քաղաքականության եւ դրամայի առիթներ են, ուստի զարմանալի չէ, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը ամբողջ աշխարհում հսկայական հետաքրքրություն առաջացրեց: Հանդիպումն արդյունավետ էր. Բայդենն ու Սին պայմանավորվեցին վերսկսել հաղորդակցությունը զինվորականների միջեւ, սահմանափակել մահացու օփիոիդային դեղամիջոց ֆենտանիլի կիրառումը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ քննարկել արհեստական բանականության հետ կապված ռիսկերը: Բայց հանդիպումը չդարձավ տարիներ շարունակ վատթարացող հարաբերությունների նոր սկիզբ, եւ տեսանելի ապագայում դրանք կմնան մրցակցային:

 

Երկու առաջնորդները եկան Սան Ֆրանցիսկո՝ հուսալով, որ չորս ժամ տեւած հանդիպումը (որը տեղի ունեցավ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումին զուգահեռ) հիմք կծառայի (Բայդենի սիրելի պատկերավոր բառակապակցությունը) այս դարաշրջանի որոշիչ երկկողմանի հարաբերությունների համար: Բայց հարկ է նշել, որ նրանց դրդապատճառները սկզբունքորեն տարբեր էին։ Բայդենը ցանկանում էր նվազեցնել լարվածությունը, քանի որ ամենից քիչ էր ուզում եւս մի դիվանագիտական կամ ավելի վատ՝ ռազմական ճգնաժամ, երբ գերծանրաբեռնված ԱՄՆ-ը պայքարում է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի եւ Իսրայելում «Համաս»-ի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակման հետեւանքների դեմ:

Լուսանկարը` REUTERS

Հաշվի առնելով, որ 2024 թվականի նախագահական ընտրություններին մեկ տարի է մնացել, Բայդենը պետք է ցուցադրի, որ կարող է կոշտ վարվել Չինաստանի հետ՝ թե՛ հանրապետականների հարձակումներին դիմակայելու համար, թե՛ ցույց տալու, որ մտահոգված է ամերիկացիների կյանքին վերաբերող հարցերով: Այս առումով նրան հաջողվեց ստիպել Չինաստանին, որ խոստանա զսպել քիմիական հումքի արտահանումը, որոնք մեքսիկական կարտելներն օգտագործում են ֆենտանիլ արտադրելու համար:

 

Իր հերթին Սին եկավ Կալիֆոռնիա որոշ չափով թուլացած դիրքերով, որոնց պատճառը Չինաստանի տնտեսության ցածր ցուցանիշներն էին: Մեկ տասնամյակ առաջ՝ Սիի իշխանության գալուց ի վեր պետության չափազանց մեծ միջամտությունից հետո երիտասարդների գործազրկությունը բարձր է, արտահանումն ու օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են, իսկ արտաքին պարտքը՝ մեծ խնդիր է դարձել: Այս պարագայում Սիին եւ Չինաստանի տնտեսությանը բացարձակապես պետք չեն ԱՄՆ-ի ավելի խիստ արտահանման վերահսկողությունը, պատժամիջոցներն ու մաքսատուրքերը:

Լուսանկարը` REUTERS

Զրույցի արդյունքում չփոխվեց ԱՄՆ-ն ու Չինաստանը պառակտող ամենավիճելի հարցի՝ Թայվանը կարգավիճակը։ Անցած հինգ տասնամյակների ընթացքում երկու կառավարությունները հարթում էին այս խնդիրը՝ համաձայնվելով չհամաձայնվել կղզու եւ Չինաստանի միջեւ վերջնական հարաբերությունների շուրջ: Սին համարում է միացումը իր երկրի ապագայի եւ իր կառավարման առանցքային հարց. ԱՄՆ-ը համարում է Թայվանի պաշտպանությունը տարածաշրջանի դաշնակիցների հետ իր դիրքի եւ օրենքի վրա հիմնված միջազգային կարգի առանցքային հարց: Հավանական է, որ այս հակասական օրակարգերից բխող լարվածությունը ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում պարբերաբար սրվի:

 

Այս համատեքստում լավ նորություն էր զինվորականների հաղորդակցությունը վերականգնելու համաձայնությունը: Չինաստանը դադարեցրել էր այն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ 2022-ի օգոստոսին Թայվան կատարած այցից հետո: Սա սկզբունքորեն ողջունելի է, քանի որ նվազեցնում է ամեն օր միմյանցից ոչ հեռու գտնվող ամերիկյան եւ չինական ինքնաթիռների կամ նավերի հետ միջադեպի հավանականությունը: Բայց հարց է մնում, թե արդյոք միջադեպի դեպքում կարելի է հույս դնել այս հաղորդակցության վրա, եւ եթե այո, ապա որքանով:

 

Գագաթնաժողովի արդյունքում կողմերը խոստացան ուժեղացնել ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը կլիմայի փոփոխության եւ արհեստական բանականության կարգավորման հարցում: Կարեւորն այն է, որ այդ խոստումը ի վերջո վերածվի իմաստալից կոնկրետ գործողությունների:

 

Գագաթնաժողովը չվերացրեց Չինաստանի եւ Ամերիկայի տարաձայնությունները աշխարհի երկու հիմնական հակամարտությունների շուրջ: Չինաստանը անցել է Ռուսաստանի կողմը, իսկ ԱՄՆ-ը՝ Ուկրաինայի: Չինաստանը (ի տարբերություն ԱՄՆ-ի) հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո օտարացել է Իսրայելից՝ հրաժարվելով դատապարտել «Համաս»-ը եւ անվերապահ հրադադարի կոչ անելով։

 

Չնայած այս տարաձայնություններին, երկու կառավարությունները կարծես այդ տարածաշրջաններում չեն բախվում: Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանին զինելուց եւ շահագրգռված է կանխելու Մերձավոր Արեւելքում հակամարտությունների սրումը, որը վտանգի է ենթարկում իրանական նավթ ներկրումը: Սին չի ցանկանում նաեւ, որ այս ճգնաժամերից որեւէ մեկի շուրջ աճող աշխարհաքաղաքական տարաձայնությունները ԱՄՆ-ի համար պատրվակ հանդիսանան ձեռնարկելու լրացուցիչ քայլեր, որոնք կմեծացնեն Չինաստանի տնտեսական դժվարությունները:

Լուսանկարը` REUTERS

Մնում է պարզել, թե արդյոք Սիի նման հաշվարկների արդյունքում Չինաստանը զսպվածություն կդրսեւորի Հարավչինական ծովում, որտեղ այն աճող ճնշում է գործադրում Ֆիլիպինների՝ ամերիկյան երկարամյա դաշնակցի վրա:

 

Գագաթնաժողովը հիմքեր չտվեց ենթադրելու նաեւ, որ Չինաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերը սանձելու համար:

 

Ավելի քան յոթ տասնամյակների ընթացքում ժամանակակից ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները զգալի զարգացում են ապրել: Սկզբում որեւէ հարաբերություն գոյություն չուներ. Նահանգները Չինաստանի հետ զինված առճակատման մեջ էին Կորեական պատերազմի ժամանակ: Երկու տասնամյակ անց հետեւեց Խորհրդային Միության դեմ ռազմավարական համագործակցության շրջանը, այնուհետեւ համատեղ առաջնահերթություն դարձավ Սառը պատերազմի ավարտից հետո առեւտրի եւ ներդրումների խթանումը: Սակայն վերջին տարիներին տնտեսական կապերը դարձել են բախումների աղբյուր, եւ քանի որ Չինաստանը ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում, երկու երկրները բախվում են գրեթե բոլոր հարցերում՝ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներից մինչեւ մարդու իրավունքներ:

 

Սան Ֆրանցիսկոյի գագաթնաժողովը չփոխեց այս իրականությունը: ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները մնում են կառավարելի հարց, ոչ թե լուծված խնդիր: Գագաթնաժողովից այլ բան ակնկալելը չափազանց շատ կլիներ: Աշխարհի կարեւորագույն երկկողմ հարաբերությունները շարունակում են մնալ խիստ մրցակցային, եւ մարտահրավերը մնում է նույնը. մրցակցությունը չպետք է բացառի ընտրովի համագործակցությունը կամ վերածվի հակամարտության:

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին