Ներկայացնում ենք 1921 թվականի մայիսին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Caucasus Near East կազմակերպության աշխատակից Էլիզաբեթ Անդերսոնի Hunting Trouble in Armenia հոդվածի հայերեն թարգմանությունը:
Էլիզաբեթ Անդերսոն (The Atlantic Monthly ամսագիր, 1921թ. մայիս)
1919-ի աշնանը՝ Ֆրանսիայում Կարմիր Խաչի հետ երկու տարի անցկացնելուց հետո, ես եկա տուն՝ որոշելով «վերադառնալ նորմալ կյանքին» եւ տնավորվել։ Բայց շուտով հայտնաբերեցի, որ «նորմալ»-ը «ձանձրալի» բառի հոմանիշն է, եւ պարզապես չէի կարողանում տեղս գտնել:
Մի առավոտ, երբ մոտ մեկ ամիս նորմալ կյանք էի վարում, միսս Անդրեսից գրություն ստացա. «Կգա՞ք ինձ հետ Թիֆլիս երկու շաբաթից»։ Այո՛, կգա՛մ, եւ նոյեմբերի 22-ին մենք՝ ես ու քույրս, նավ նստեցինք։
Մեզ գործուղեցին Կովկասի Դելիջան (բնագրում այդպես է-Մեդիամաքս), որտեղ մենք զբաղված եւ ոչ անհետաքրքիր ձմեռ անցկանցրինք՝ վեց որբանոցներ ղեկավարելով։ Ապրիլի 1-ին հրաման ստացանք մեկնել Կարս, որտեղ ինձ կրթության եւ գյուղատնտեսության տնօրեն նշանակեցին։ Ես նոր էի անցել գործի՝ հերկել դաշտերը, հինգ հազար երեխաներին բաժանել դասարանների, երբ մայիսի 2-ին հանկարծակի տարհանվելու հրաման ստացանք:
Սեւ ծովով յոթնօրյա նավարկությունից հետո (հիսուն վեց կին ամերիկյան «U.S.S. Pittsburgh» ռազմանավի վրա) մենք հասանք Կոստանդնուպոլիս եւ տեղավորվեցինք կղզիներից մեկի վրա:

1920 թվականի հունիսի առաջին շաբաթը գնդապետ Հասքելից հեռագիր եկավ. նա խնդրում էր տասնհինգ կանանց ուղարկել Բաթում, քանի որ ամեն ինչ հանդարտվել էր: Կոստանդնուպոլսից մենք 1500-տոննայանոց բեռնատար նավով անցանք Սեւ ծովը, եւ մեզ դիմավորեցին այն լուրով, որ մենք պետք է միանգամից շրջվենք եւ նորից հետ գնանք, քանի որ բրիտանացիներն այս անգամ իրոք տարհանում են նավահանգիստը, եւ այդ հանգամանքներում որոշվել է կանանց չուղարկել երկրի խորքը: Իմ եւ քրոջս բախտից շտաբում մարդանց պակաս կար, եւ մեզ խնդրեցին մնալ ու օգնել: Ես աշխատեցի որպես մեքենագրուհի, իսկ քույրս զբաղվեց սպաների ճաշարանով։
Կովկասում հումանիտար օգնության ռազմական հսկողությունն ավարտվեց հուլիսի 1-ին, եւ գնդապետ Հասքելը գործերը հանձնեց պարոն Յարրույին։ Ես ու քույրս հանձնառություն վերցրինք աշխատել նոր ղեկավարության հետ, եւ մեզ ընդունեցին. այսպիսով հուլիսի չորսը տոնեցինք Կարսում. առաջին վերադարձած ամերիկուհիներինը։ Սրան արժեր սպասել։

Գարունը կերպարանափոխել էր Կարսը։ Մայիսին եւ հունիսի մեծ մասը ամեն օր անձրեւ էր գալիս, եւ երբ մենք հասանք, բլուրները բոցավառվել էին ծաղիկներով. բացի ծաղկավաճառի ցուցափեղկից երբեք այդպիսի բան չեմ տեսել: Կային նաեւ բազում զվարճալի փոքրիկ, վառ գույնի թռչուններ եւ արտույտներ, որոնք բարձր դայլայլում էին շափյուղայի գույնի երկնքում:

Կարսը հին ռուսական սահմանի անառիկ ամրոցներից մեկն էր։ Այն շրջապատված է ժամանակակից բերդերով, որոշները կառուցված են ընդամենը 1914 թվականին: Ժամանակակից քաղաքը կառուցվել էր զինվորականների կողմից ու երեւի բավականին տպավորիչ էր: Հայերը մասամբ ավերել էին այն՝ 1917 թվականին թուրքերից նահանջելու ժամանակ, երբ ռուսական բանակը դարձավ բոլշեւիկ, եւ այժմ քիչ բան է մնացել, բացի լայն, լավ ասֆալտապատ փողոցներից եւ մի քանի ծխից սեւացած ճակատներից, որոնցից երեւում է, թե ինչպիսին էր քաղաքը նախկինում: Ռուսական վարչակարգի ժամանակ կայազորի թիվը երեսուն հազար էր, եւ բազմաթիվ գեղեցիկ քարե բարաքներ կային՝ ինչպես քաղաքում, այնպես էլ այն ձորում, որտեղ ապրում էր մեր անձնակազմը։ Կոմիտեն այս շենքերում վեց հազար երեխայի էր խնամում, երբ ես վերադարձա Կարս։
Մայիսին՝ մեր հեռանալուց հետո, պարոն Ֆոքսը՝ շրջանի ղեկավարը անխոնջ աշխատել էր եւ ոչ միայն պահպանել էր կազմակերպության կարգուկանոնը, այլեւ բազմաթիվ բարելավումներ արել:
Մեր պատասխանատվության տակ էին յոթ մանկատներ եւ վեց հիվանդանոցներ. քրոջս տվեցին մանկատները, իսկ ես զբաղվեցի հիվանդանոցներով:
Մի անգամ ես մասնակցել եմ Կարմիր խաչի «Հիվանդների տնային խնամք» դասընթացին, բայց ինձ չեն սովորեցրել, թե ինչպես հիվանդանոցի տեսուչ աշխատել: Երեք շաբաթ աշխատել եմ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում եւ սովորել, թե ինչպես պետք է մանրակրկիտ մաքրել մահճասեղանները: Ֆրանսիայում ինձ գործուղել էին տարհանման հիվանդանոցներ, ես աշխատել եմ երեք մեծ ռազմարշավների ժամանակ եւ հմտացել ոտքեր լվանալու գործում: Բայց հիվանդանոց երբեք չէի ղեկավարել։ Կարսում ես ղեկավարում էի յոթ հիվանդանոց եւ պատասխանատու էի մոտ 1800 հիվանդների համար։ Ես կորցրի քսան ֆունտ քաշ եւ իմ մեղմ բնավորությունը, բայց մահացության մակարդակը չաճեց:

Կովկասում «քույր» ասվածը բարձր կարգավիճակի խնդիր է։ Քույր դառնալու համար պետք է ընդամենը սպիտակ գլխաշոր կրել եւ խոսել հեղինակության մասին: Հեղինակություն նշանակում է, որ դուք չեք կարող անկողին հավաքել, պատուհան բացել կամ հիվանդին լողացնել. գիշերային հերթապահությունը չլսված բան է, քանի որ այն կնճիռներ է առաջացնում եւ խանգարում ձեր հասարակական կյանքին: Իմ աշխատակազմում վաթսուն քույր կար, եւ նրանցից միայն երեքը գիտեին, թե ինչպես ենթամաշկային սրսկում անել:
Առաջին բաներից մեկը, որ ես արեցի, դա բուժքույրերի վերապատրաստման դպրոց հիմնելն էր, եւ դա գրեթե հեղափոխություն էր, քանի որ ես պնդում էի, որ ուսանողները պետք է սովորեն հատակ լվանալ ու ապուր եփել, նախքան նրանց թույլ կտան վերքեր վիրակապել հագցնել եւ դեղեր տալ:
Հեղինակությունն ու փակ պատուհաններն իմ ամենամեծ մտահոգությունն էին։ Բայց միակը չէին։ Ամեն առավոտ իմ գրասեղանը լի էր մինչեւ արմունկը հասնող գրություններով: Հայերը ամեն ինչից շատ սիրում են նամակ գրել, եւ դա անում են ամենափոքր սադրանքի դեպքում։
Բժիշկներից մեկը իր կարծիքով կարող էր անգլերեն գրել, եւ նրա որոշ խնդիրներ վրդովեցուցիչ էին. օրինակ՝
ՄԻՍՍ ԲԵԹԻ ԱՆԴԵՐՍՈՆԻՆ՝ հիվանդանոցի մենեջերին.
Թիվ 1 հիվանդանոցի տնային տնտեսուհին պնդում է, որ հիվանդանոցի խոզերը կերակուր չեն ստանում եւ չեն ենթարկվում խոզապահին։ Ուստի նա աղաչում է, որ կարգավորվի խոզերի հարցը, որոնք չեն ուզում հնազանդվել խոզապահին առանց ուտելիքի։
Հետո, երբ խոզի հարցը լուծվեց, ես ստացա հետեւյալը.
ՄԻՍՍ ԲԵԹԻ ԱՆԴԵՐՍՈՆԻՆ.
Այսօր էլ ոչ մի կաթիլ ջուր։ Տակառում չկա, խողովակներից չի գալիս: Խնդրում եմ, ակնարկներ արեք:
Առավոտից երեկո ձիուս վրա կատարում էի իմ շրջայցերը։ Մոտ վեց շաբաթից ամերիկացի բժիշկ ժամանեց եւ ստանձնեց իմ պարտականությունների մի մասը, բայց ես դեռ բավական գործ ունեի, ոչ պարապ չմնամ:
Շրջանի ղեկավարն ու քույրս տքնաջան աշխատում էին մանկատներում: Պարոն Ֆոքսը որոշեց, որ պետք է մի բան անել, որպեսզի անտարբեր, հիվանդոտ երեխաներն մի քիչ մարդկանց նմանվեն: Ամբողջ օրը նրանք նստում էին արեւի տակ եւ տեղից վեր կենում միայն ուտելու համար։ Նա կարուսելներ ու ճոճանակներ կառուցեց, շաբաթներ շարունակ գնում էր մանկատուն եւ հեռացատկ, բարձրացատկ, օղակների նետում եւ աչքակապուկ ցուցադրում: Երեխաները սիրում էին դիտել նրան եւ մեխանիկորեն անում էին այն, ինչ ասվում էր, բայց անմիջապես հետո նորից սուզվում իրենց թմրած վիճակի մեջ:
Ուսուցիչներին հրամայված էր ստիպել տղաներին խաղալ. յուրաքանչյուրը պետք է հինգ րոպե ճոճանակ նստեր կամ նման մի բան աներ: Տղաներն այնքան թշվառ տեսք ունեին, եւ խաղը նրանց այնքան զզվելի էր թվում, որ վերջապես ընդունվեց, որ խաղահրապարակի գաղափարը ձախողված է։ Այնուամենայնիվ իմ բուժքույրերը սիրեցին ճոճանակները, եւ երբ հիվանդասենյակում ինձը մեկը պետք լիներ, ես գիտեի, թե նա որտեղ է:

Սեպտեմբերի 30-ին լրացավ Մերձավոր Արեւելքի Օգնության կազմակերպության հետ իմ պայմանագրի ժամկետը, եւ ես ծրագրել էի անմիջապես մեկնել քրոջս եւ պարոն Ֆոքսի հետ։ Ամառվա կեսերին երեք աղջիկ եւ մի տղամարդ եկան մեզ փոխարինելու, եւ մենք կարող էին հեռանալ, հենց որ մեր պայմանագրերը ավարտվեն:
Մոտավորապես այս ժամանակ փայտի խնդիրը ավելի լուրջ դարձավ։ Կարսի շրջանում անտառներ չկան, եւ մեր ամբողջ վառելիքը երկաթուղով բերում էին Սարիղամիշից։ Ամռան ամիսներին մշտական կռիվներ էին ընթանում հայերի եւ քեմալականների միջեւ։ Հայերը վստահ էին, որ կշարժվեն դեպի Էրզրում եւ մոբիլիզացրել էին մարտական տարիքի բոլոր տղամարդկանց (ի դեպ՝ անտեսելով բերքահավաքը): Բրիտանացիները զինտեխնիկա, զենք եւ զինամթերք էին ուղարկել քառասուն հազարանոց բանակի համար, եւ հեռանկարները կարծես պայծառ էին: Բայց սեպտեմբերի 28-ին թուրքերը հանկարծակի գրավեցին Սարիղամիշը, որը կարեւոր ռազմավարական հենակետն էր հայկական սահմանին՝ Կարսից մոտ վաթսուն վերստ հեռավորության վրա։

Մեզ լուրեր էինք հասել, որ գործերը լավ չեն, բայց այն ժամանակ մենք «պատերազմին» նայում էինք որպես զվարճալի մի բանի, որը չի կարող ազդել մեզ վրա Կարսում: Սարիղամիշի գրավումով, սակայն, ամեն ինչ լրջացավ. մեր փայտանյութի մատակարարումը դադարեց, փախստականները գյուղերից լցվեցին քաղաք, իսկ կարսեցիները խուճապի մեջ էին։
Սեպտեմբերի 30-ի գիշերը քեմալականները կրկին առաջ շարժվեցին եւ մտան Բեգլիահմեդ գյուղը, որը Կարսից մոտ տասնհինգ վերստ հեռավորության վրա է։ Այդ գիշեր ուշ երեկոյան քաղաքային ժողովի ժամանակ որոշվեց տարհանել կանանց ու երեխաներին։ Մինչ այդ ոչ ոքի թույլ չէին տալիս հեռանալ քաղաքից, քանի որ կարծում էին, որ դա վատ կանդրադառնա զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Խուճապ սկսվեց, եւ գիշերվա ժամը մեկին աշխատակազմի տանը մեզ հաղորդագրություն ուղարկեցին, որ քաղաքում վիճակը ծանր է։
Մինչեւ այդ պահը բոլորս տանը քնած էինք։ Պարոն Ֆոքսը ուշ երեկոյան շրջայց կատարեց բոլոր հաստատություններով, եւ թվաց, թե մեր սովորական առօրյան փոխելու անհրաժեշտություն չկա։ Նա յուրաքանչյուրիս մի պաշտոն տվեց անախորժության դեպքում, եւ խուճապի առավոտյան մենք արթնացանք մեր խաղաղ քնից եւ, սուրճի մի բաժակ շտապ կուլ տալով, ցրվեցինք մեր զանազան պարտականություններով։
Ես հեծնեցի իմ ձին եւ մթության մեջ գնացի իմ վեց հիվանդանոցները շրջայց կատարելու: Հովտի երկու հիվանդանոցները խաղաղ էին, թեեւ անձնակազմը հարցակոխ արեց ինձ՝ աղաչելով խորհուրդ տալ՝ մնա՞լ, թե՞ գնալ։ Մենք չէինք կարող պաշտպանություն ապահովել, իհարկե, քանի որ չգիտեինք, թե թուրքերը ինչպես կվերաբերվեն կոմիտեին, բայց պարոն Ֆոքսը խոստացել էր անել հնարավոր ամեն ինչ մեր տեղացի աշխատակիցների եւ նրանց ընտանիքների համար:

Երբ հասա քաղաքի ծայրամասը, ինձ դիմավորեցին հիվանդանոցի անձնակազմի խմբերը եւ կառչեցին ասպանդակներից, ձիու պոչից, իմ ձեռքերից՝ հեկեկալով, համբուրելով ոտքերս եւ աղաչելով փրկել իրենց: Ես կարող էի միայն հորդորել նրանց հանգիստ լինել եւ աղաչել հետ գնալ հիվանդանոցներ, որտեղ նրանք հիվանդ երեխաներին բոլորովին միայնակ էին թողել։
Օրվա լույսի հետ վերադարձավ վստահությունը: Իշխանությունները որոշեցին այլեւս թույլ չտալ քաղաքացիական անձանց լքել քաղաքը. զեկույցում ասվում էր, որ թուրքերը չեն առաջանում Նովո Սալեմից՝ մոտ տասնութ մղոն հեռավորության վրա, եւ բարոյահոգեբանական վիճակը լավացել է։ Այդ գիշեր ես քնեցի հիվանդանոցում (իրականում լվերի պատճառով չքնեցի), եւ իմ ներկայության փաստը կարծես հանգստացրեց բոլորին: Եթե իմանային, թե որքան խեղճ էի ինձ զգում եւ որքան վախեցած էի, չեմ կարծում, որ այդքան վստահ լինեին: Այնուամենայնիվ բացի լվերից ինձ ոչինչ չէր անհանգստացնում։
II
Սարիղամիշի անկումից հետո Կարսը գրավել են մաուզերիստները կամ կամավորները՝ կիսառազմական կազմակերպություն Սաբո անունով առաջնորդի ներքո: Այս մաուզերիստները (անունը գալիս է ատրճանակից, որը նրանք կրում են) չէին վարձատրվում կառավարության կողմից, այլ հարստանում են ավարից, որը հավաքում են կանոնավոր զինվորների հետեւից գնալով։ Նրանց թիվը մոտ տասնհինգ հազար էր, եւ նրանք իրենց օրենքով էին շարժվում։ Առանց վարանելու մեր վագոններից պաշարներ էին վերցնում եւ հոգնած ձիուն փոխում ռուսներից մեկի թարմ ձիու հետ։ Ռուսները պատկանում էին Մոլոկան կոչվող կրոնական աղանդին, որը նման է Փենսիլվանիայի մենոնիտներին, եւ հավատում էին չդիմադրելուն: Սառնասիրտ նստում էին իրենց վագոնների վրա եւ թույլ տալիս, որ հայերն անեն իրենց ուզածը։ Այդ պատճառով վագոնների շարասյան հետ մի ամերիկացի պետք է գնար, որպեսզի պաշտպաներ հայ երեխաների համար նախատեսված սնունդը հենց հայերից։
Մի բուժքույր եկավ, որ ինձ ազատի հիվանդանոցներում իմ պարտականություններից, եւ ես իմ օրերն անց էի կացնում թամբի վրա՝ ուղեկցելով խոտ եւ վառելափայտ տեղափոխող վագոնները։ Հաճելի գործ էր գեղեցիկ աշնանային եղանակին։ Մենք գնում էինք մոտ տասնհինգ վերստ, ես ճաշում էի մի հյուրընկալ ռուսական խոհանոցում, մինչ վագոնները բարձում էին, հետո մթնշաղով վերդառնում տուն՝ ճանապարհին միշտ առնվազն բանավոր կռվի հեռանկարով։ Այս ճամփորդությունների ժամանակ կարող էի լսել ատրճանակների ձայնը եւ տեսնել թուրքական դիրքերը հարթավայրին նայող բարձունքների վրա:

Թուրքերը մի քանի շաբաթ պահեցին նույն գիծը։ Քաղաքն աստիճանաբար հանդարտվեց, եւ ոչ ոքի թույլ չտվեցին հեռանալ։ Հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ, որոնք հայերը ամռանը տարել էին քրդերից, արածում էին քաղաքից դուրս հարթավայրերում, եւ ամենուր գաղթականների ճամբարներ էին։
Հոկտեմբերի 15-ին հայերը պետք է մեծ հարձակում սկսեին։ Բոլորը նախապես գիտեին դրա մասին, դա խոսակցության միակ թեման էր։ Չգիտես ինչու՝ այն ձախողվեց, եւ հայերը հետ գնացին նոր դիրքեր։ Ինձ ասացին, որ ձախողման պատճառն այն էր, որ բրիտանական նոր հրացանները ընդամենը մեկ օր առաջ էին բաժանվել, եւ զինվորները երբեք դրանցից չէին կրակել. բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ է:
Կարճ ժամանակ անց պարոն Ֆոքսը, ընդառաջ գնալով «ճակատը տեսնելու» իմ խնդրանքին, մեզանից երեքին տարավ այցելելու գնդապետ Միրամանոֆին իր բլինդաժում։ Նա այնտեղ էր ընդամենը երկու օր առաջ. բայց երբ տեղ հասանք, ճամբարը դատարկ գտանք եւ գնացինք շտաբը փնտրելու: Կարծում էինք, որ երեւի հայերը հաջող գրոհ են կատարել, քանի որ ոչ մի կենդանի հոգի չտեսանք։ Բեգլիահմեդը, որը պարզապես ցրված հյուղակների բնակավայր է, լքված էր, եւ մենք շարժվեցինք դեպի Նովո Սալեմ: Այստեղ պարոն Ֆոքսը սկսեց ինչ-որ բան կասկածել, քանի որ գիտեր, որ թուրքերը մի քանի շաբաթ առաջ գրավել էին ռուսական այդ գյուղը։ Նա կանգնեցրեց մեքենան եւ ռուս վարորդին ուղարկեց լուրերի հետեւից։
Մենք սպասում էինք գյուղին նայող բլրի վրա։ Խաղաղ տեսարան էր. կարմիր տանիքով տները, յուրաքանչյուրի տանիքին՝ արագիլի բույն, խմբված էին ոլորապտույտ գետի մոտ, կոկիկ դաշտերը բարձրանում էին դեպի ձյունածածկ լեռները: Կիրակի էր, եւ մոլոկանները, իրենց սիրելի վառ գույներով հագնված, զբոսնում էին կամ խմբերով կանգնած բամբասում։ Երբ տեսան մեր մեքենան, խմբերը ցրվեցին, եւ նույնիսկ երեխաները փախան տները, այնպես որ այդ պահին ոչ ոք չէր երեւում։
Ջորջը հեւիհեւ շտապ վերադարձավ։ «Թուրքերն այստեղ են,- շնչակտուր ասաց նա ռուսերենով, - եւ այնտեղ... այնտեղ... թուրքական հրետանի է»:
Մինչ նա խոսում էր, պարոն Ֆոքսը շրջեց մեքենան եւ ոտքը դրեց արագացուցիչին: Ֆրանսիայում նա շտապօգնության մեքենա էր վարել, բայց ես վստահ եմ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ գլխավերեւը փամփուշտներ էին սուրում, նա ավելի արագ չէր վարել, քան այդ օրը: Ես կարծում էի, որ մենք սողում ենք ժամում տասնհինգ մղոն արագությամբ, բայց նա ասաց, որ մենք հիսուն մղոն էինք անում: Ճանապարհի հինգ մղոնը մենք թուրքական հրետանու տեսադաշտում էինք եւ տեսնում էինք, թե ինչպես են մարդիկ մեզ նայում: Շունչներս պահած՝ վերջապես հասանք Բեգլիահմեդի մյուս կողմում հայ զինվորների փոքր խմբին։ Սա հայկական բանակի ֆորպոստն էր, բայց նրանց մտքով չէր էլ անցնում, որ մեզ կանգնեցնեն. իրականում ես հիշում եմ, որ զգաստ կանգնեցին եւ ողջունեցին պարոն Ֆոքսին, երբ մենք անցանք: Մեզանից մեկը, հարթելով մազերը, որոնք բիզ-բիզ էին կանգնել մեր փախուստի ժամանակ, մրմնջաց. «Դժոխային ռազմաճակատ է»:
Հոկտեմբերի 28-ի գիշերը թուրքերը կտրեցին Ալեքսանդրապոլ տանող երկաթուղին։ Նման լուրջ բան դեռ չէր պատահել, քանի որ դա խզեց մեր կապը արտաքին աշխարհի հետ, եւ թվաց, թե մենք երկար պաշարման մեջ ենք լինելու: Այդ պահին երեխաների համար ընդամենը մոտ մեկ ամսվա սննդի պաշար ունեինք։

Հոկտեմբերի 30-ի առավոտյան ես կաթով ու ալյուրով վագոններ էի տանում քաղաքի հիվանդանոցներ։ Սկսվել էր ձմեռը՝ ձյուն ու ձնախառն անձրեւ, եւ ուղեկցելու գործն այլեւս հաճելի զբոսանք չէր: Քաղաքը սովորական տեսք ուներ. ատրճանակներն այդքան էլ հաճախ չեն կրակում, մտածեցի ես։ Ժամը տասնմեկին հենց նոր էի հասցրել բեռնաթափել տասը վագոն եւ վերադառնում էի պահեստ, երբ քաղաքում հանկարծ դժոխք սկսվեց։ Մարդիկ դուրս թափեցին տներից. փողոցները խցանվեցին եզների սայլերով, ձիերով, զինվորներով, շներով, մանուկներով, ոչխարներով եւ ամեն տեսակի կենդանիներով, որոնց մեջքին անկողնային պարագաներ էին հապճեպ կապած: Դժոխային խառնաշփոթ, որն ինձ հիշեցրեց Պոմպեյի վերջին օրերի մասին հրաշալի ֆիլմի տեսարանը:
«Թուրքը էգա՜վ» գոռում էր ժողովուրդը. «թուրքերը գալիս են»: Խուճապի մատնված ամբոխը վախեցած անասունի պես դեսուդեն էր անում։ Իմ ռուս թիմակիցները՝ սառնարյուն եւ վստահելի, ինձնից հրամաններ էին սպասում: Ես մատնացույց արեցի պահեստը եւ ամբոխի միջով քշեցի իմ անհանգիստ ձիուն։
Հեռու չգնացինք։ Մեզնից մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա մի արկ պայթեց, եւ ես տեսա բեռնված վագոնները, որոնք գալիս էին պահեստից։ Պարոն Ուայթը քշեց թիկունքից եւ խնդրեց ինձ գլխավորել շարասյունը։
Երբ անցանք հիվանդանոցի դարպասը, դուրս վազեց քույրս։ «Ասում են՝ թուրքերը քաղաքում են, Բե՛թի: Ես կմնամ այստեղ, հոգ տար քո մասին»։ Ժամանակ կար միայն հապճեպ ձեռք սեղմելու, եւ ես քշեցի ձիս։
Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես մեզ հաջողվեց հրմշտոցի մեջ պահպանել այդ քառասուն վագոնները։ Ես շարունակ հետ էի պահում զինվորներին ֆուրգոններից, որոնք արդեն բեռնված էին բրնձով, ալյուրով եւ կաթով: Մայրերը փորձում էին երեխաներին խցկել իմ գիրկը, ոչխարի եղջյուրները խճճվում էին ձիուս ասպանդակների մեջ, ձիս վախեցավ ուղտից եւ համարյա մագլցեց եզների սայլի մեջ. բայց մենք, այնուամենայնիվ, առաջ շարժվեցինք մարդկային այդ խուճապի միջով: Այդ փախուստի մեջ ամեն ոք ինքն իր համար էր։ Ես տեսա զինվորների՝ այտերով հոսող սարսափի արցունքներով, որոնք մի կողմ էին հրում կանանց ու երեխաներին, որպեսզի կարողանան մեկ-երկու քայլ առաջ անել: Բոլորն ունեին դատարկ, վախից քարացած հայացք, որը երբեք չեմ մոռանա: Հազարավոր մարդկանց հառաչներն ու հեկեկոցը միախառնվում էր եզների սայլերի զրնգոցին, ոչխարների մայունին եւ անթիվ անասունների բառաչին։
Երբ դուրս եկանք քաղաքից եւ մտանք հովիտը, ականջիս մի նոր ձայն լսվեց՝ հրացանների եւ գնդացրային կրակոցների ձայնը։ Հովիտը նեղ էր, մեր մոտ դրան ձոր են ասում: Նրա միջով հոսում է սրընթաց Կարսչին, որի երկու ափերին ճանապարհ կա, իսկ կիրճի պատերը կտրուկ բարձրանում են մոտ ութ-ինը հարյուր ոտնաչափ, եւ պսակվում են ամրություններով։ Զառիթափ քարե աստիճանները տանում էին դեպի անդունդը: Ես տեսա, թե ինչպես է հայկական հեծելազորը վազքով իջեցնում իր ձիերին այդ աստիճաններով, իսկ հետեւակը արագ իջնում է անասունների զիգզագաձեւ ճանապարհով եւ մի կողմ նետում հրացանները։ Գետի մյուս կողմում տեսա, որ երկու սպա փորձում էին կանգնեցնել այդ խուճապահար փախուստը: Նրանք իջել էին ձիերից, ձիերով փակել ճանապարհը եւ գոռում էին մոտեցող ամբոխի վրա։ Այդուհանդերձ մարդիկ իջնում էին, եւ սպաները կրակեցին առաջին շարքի վրա. երկու հոգի ընկան, բայց մնացածը սուրացին ներքեւ, եւ ես չտեսա, թե ինչ եղավ սպաներին:
Կրակահերթի ճայթճայթյունն անդադար էր, եւ բլրի գագաթին՝ երկնքի ֆոնի վրա ես տղամարդկանց կերպարներ տեսա: Հիմա գիտեմ, որ նրանք թուրք զինվորներ էին, որոնք գրավել էին բերդը եւ կրակում էին փախչող թշնամու վրա, բայց այն ժամանակ կարծում էի, որ հայեր են:
Անձնակազմի տանը մատակարարման աշխատակիցը ստանձնեց իմ վագոնների կառավարումը, եւ ես ձիս քառատրոփ քշեցի թիվ 2 հիվանդանոց, որտեղ սարսափելի խառնաշփոթ էր տիրում:

Դա առաջին ամերիկյան շենքն էր փախստականների ու զինվորների ճանապարհին, եւ մարդիկ լցվում էին այնտեղ կոտրած դռներից ու պատուհաններից։ Իմ ձիուց ես մտրակով խփում էի ներքեւի գլուխներին։ Ես հայերեն լեզվով գոռում էի, որ սա մանկական հիվանդանոց է, եւ զինվորները չպետք է այնտեղ ապաստանեն. բայց գլխներից արյուն հոսելով՝ նրանք ներս էին խուժում, եւ ես հասկացա, որ անհույս է փորձել կանգնեցնել նրանց: Որոշեցի երեխաներին դուրս բերել եւ բարձրացնել թիվ 1 հիվանդանոց՝ բլրի վրա։ Նրանք պառկած հիվանդներ չէին, բայց բոլորը քոս ունեին՝ գլխամաշկի հիվանդություն։ Պարոն Ուայթը ձիով գնաց, որ նրանց համար տեղ ստեղծի, մինչ ես փորձում էի հավաքել երեխաներին։
Սարսափելի դժվար էր շենք մտնել։ Վերեւ բարձրանալու համար ստիպված էի բարձրանալ այնտեղ խմբված մարդկանց գլխների եւ ուսերի վրայով։ Բուժքույրերը փորձել էին ազատ պահել հիվանդասենյակները, բայց ամբոխը դուրս էր եկել նրանց վերահսկողությունից, եւ մարդիկ խցկվել էին մահճակալների վրա, մահճակալների տակ, ամենուր:
Չորս հարյուր բալիկները կորել էին ամբոխի մեջ եւ ուրախ ճիչերով ողջունեցին ինձ. ես հավաքեցի մանուկներին եւ տվեցի ավելի մեծ աղջիկներին, որ տանեն, հետո սկսեցի վերմակներն ու սավանները հանել մահճակալներից՝ մտադրվելով փակել դրանք պահեստում։ Բուժքույրերն, իհարկե, հիստերիայի մեջ էին, իսկ հայ բժիշկը ոլորում էր սեփական ձեռքերը։

Լուսանկարը` Yasar Yagci
Հանկարծ աղմուկին մի նոր ձայն ավելացավ՝ ապակին կոտրող փամփուշտների ճայթյուն ու դղրդոց։ Մեկ, երկու, երեք գնդակ վզզացին ներս: Ես գիտեի, որ խելագարություն է կրակոցների տակ փորձել տեղափոխել երեխաներին, ուստի ասացի, որ պառկեն հատակին, իսկ ինքս շտապեցի դեպի դուռը:
Շենքում հիմա ամեն ինչ լուռ էր. մարդիկ դադարեել էին տնքալ եւ ընկղմվել էին համր սարսափի մեջ։ Դռան մոտի ամբոխն ասես կախարդանքով տարրալուծվել էր։ Գետի մյուս կողմի բարձունքից լսվեց գնդացրի ռիթմիկ «ռա-թա-թաթ»-ը, եւ ես հետ քաշվեցի, երբ ականջիս մոտ սուլեց փամփուշտը։
Հայ բժիշկը բառիս բուն իմաստով պոկում էր իր մազերը. «Նրանք գալի՛ս են», - հառաչեց նա, - շուտով այստեղ կլինե՛ն: Ի՞նչ անեմ»:
Մուտքի միջանցքից բացվում էին սպաների համար նախատեսված երկու փոքր սենյակները։ Դուռը կողպված էր։ Դռան առջեւ կռացած կանգնած էր բարձրահասակ հայ զինվոր։ «Կոտրեք-բացե՛ք այդ դուռը», - հրամայեցի ես։ Հետո բժշկին ասացի, որ հավաքի բոլոր բուժքույրերին ու մեծ աղջիկներին ու բերի ինձ մոտ։ Վեպերում կարդացել էի հրացանի կոթով դուռ ջարդելու մասին, բայց երբեք չէի մտածել, որ այդքան բուռն հետաքրքրություն կունենամ այդ գործի նկատմամբ: Թվաց, թե մի ժամ դուռ էինք կոտրում։ Բարձրահասակ զինվորն այնքան վախեցած էր, որ ուժ չուներ. վերջապես տարիքով որբերից մեկը խլեց հրացաննու ու ջարդեց դուռը։
Առաջինը դռնից ներս վազեց բարձրահասակ զինվորը։
«Դո՛ւրս արի: Այս սենյակը կանանց համար է», - ասացի ես նրան։
Նա սկսեց սողալով մտնել բազմոցի տակ, բայց ես ատրճանակս ուղղեցի նրա վրա, եւ նա դուրս սողաց դռնից՝ ինչ-որ տհաճ բան մրմնջալով առհասարակ ամերիկուհիների եւ մասնավորապես իմ մասին։ Երբ հիմա հիշում եմ, սարսափով հասկանում եմ, որ ուր որ է՝ սպանելու էի այդ արարածին:
Բժիշկը ներս բերեց մոտ երեսուն կնոջ, եւ ես նրանց տարա հետեւի սենյակ, որտեղ նրանք կծկվեցին՝ վախից գրեթե անզգա։ Հազիվ էի նրանց տեղավորել, երբ մի տղա ներխուժեց եւ ասաց, որ բակում հայերի գունդ է թաքնվել։ Ես չկարողացա դուրս գալ դռնից, ուստի դուրս թռա պատուհանից եւ վազեցի տան հետեւի կողմը: Այնտեղ գտա մոտ հարյուր զինվոր։ Նրանցից ոմանք վիրավոր էին, իսկ սատկող ձին սարսափելի ձայներ էր հանում։ Հայերենով գոռացի այդ տղամարդկանց, որ այստեղ թաքնվելով նրանք վտանգում են իրենց երեխաներին, բայց նրանք ապուշ հայացքով նայեցին ինձ, իսկ մեկը վախից փսխեց։

Փամփուշտներն այնքան ինտենսիվ էին, որ չէի կարողանա նորից վազել տան ճակատային մասի մոտով. լսվում էր, թե ինչպես են դրանք հարվածում պատին: Այդ պատճառով սողոսկեցի հետեւի պատուհանից եւ դժվարությամբ հասա իմ գրասենյակ, որտեղ կարող էի գոնե շունչ քաշել: Մարդիկ տնքում էին ու համբուրում ոտքերս, երբ անցնում էի նրանց կողքով։ Զինվորներից ոմանք հանում էին իրենց բրիտանական համազգեստը եւ հագնում գաղթականների կողմից տված լաթերը։ Զզվանքի զգացումը համակեց ինձ՝ զզվանք այդ բոլոր վախկոտների նկատմամբ։ Ես չէի ուզում մեռնել այնտեղ՝ այդ թշվառ արարածների կողքին: Երեւի ինքս էլ բավականին վախեցած էի եւ կփախչեի, եթե հնարավոր լիներ:
Բարեբախտաբար այլեւս իմ մասին մտածելու ժամանակ չունեի: Մի քանի ծանր վիրավոր երեխաների բերեցին ինձ մոտ, եւ ես գործի անցա։ Մի փոքրիկ աղջկա որովայնը պայթուցիկ գնդակ էր խոցել, եւ աղիքները դուրս էին թափվոլ։ Վիրակապ չկար, ես քաշեցի պատուհանի վարագույրները, պատռեցի ու խցկեցի վերքի մեջ։ Երեխային հնարավորինս հարմարավետ տեղավորեցի վերմակով եւ բարձով, բայց գիտեի, որ նրան րոպեների կյանք է մնացել:
Նոր էի ավարտել մյուս վերքերը կապելը, երբ հայտնվեց պարոն Ուայթը։
«Կրակոցները դադարել են, - ասաց նա։ - 1-ին հիվանդանոցի բժիշկ Սուրյանը ծանր վիրավոր է. ձեր բժշկին անմիջապես այնտեղ ուղարկեք»։
Գարագաշյանը սկզբում հրաժարվեց գնալ, բայց երկու-երեք րոպե հետո, երբ տեսավ, որ կրակոցները չեն վերսկսվում, վերցրեց իմ փոքրիկ ամերիկյան դրոշն ու ճանապարհ ընկավ։
Պարոն Ուայթն ասաց, որ կարծում է, որ ամեն ինչ լավ է ընթանում, եւ հայերը հետ են մղել թուրքերին. բայց խոսքերը բերանից չեկած՝ Գարագաշյանը վերդարձավ: «Թուրքերն այստեղ են, դռան մոտ, - շունչ քաշեց նա , - նստե՛ք հատակին»:
Գաղթականները միանգամայն լուռ էին, կարելի էր լսել ասեղի ընկնելը: Հիշում եմ միայն ոտքերիս մոտ մեռնող երեխայի խզզացող շնչառությունը։ Ես նայեցի պատուհանից դուրս, եւ դիմացի բլրի գագաթին տեսա տղամարդկանց շարասյուն, որը գալիս էր երթով՝ ասես շքերթի ժամանակ։ Շարասյան սկզբում կարմիր դրոշ էր՝ աստղով ու կիսալուսնով:

Ես երբեք այսքան միայնակ, այսքան լիովին անօգնական ու վախեցած ինձ չեմ զգացել: Ես վերցրի ամերիկյան դրոշը հատակից, որտեղ այն գցել էր բժիշկը, եւ մոտեցա դռանը։ Փոքրիկ, տնական դրոշ էր, որի վրա ընդամենը տասը աստղ կար, բայց ինձ զրահ թվաց:
Կիսաբաց դռան միջից մի սվին դուրս եկավ՝ դանդաղ, զգուշորեն, մոտավորապես ստամոքսիս մակարդակի վրա։ Հետեւում երեւաց մի դեմք՝ հյուծված, քրտնած, անհամբեր, ստոր։
«Ամերիկացի՛», - դողդոջուն ձայնով ասացի ես՝ փորձելով թուրքական առոգանությամբ խոսել, եւ պարզեցի իմ դրոշը: Սվինը բարձրացավ, եւ հրացանը գլխիս վրայով կրակեց: Այն հսկա պայթյունի ձայն հանեց փոքրիկ նեղ մուտքում։ Ես երերացի դռան շրջանակի մոտ եւ նվազ ձայնով կրկնեցի՝ «ամերիկացի»։
Կարծում եմ՝ թուրքը ժպտաց։ Նա իջեցրեց իր սվինը եւ ինձ հրեց դեպի սենյակ։
Եվս հինգ-վեց զինվոր մտան շենք։ Իմ թուրքը (ես հիմա ժամանակ ունեի նրան ուսումնասիրելու) մոտ վեց ոտնաչափ հասակ ուներ եւ շիկահեր էր: Մեզ զննելուց հետո նա թփթփացրեց ուսիս, ասաց, որ մնամ իմ տեղում եւ հեռացավ: Երկու այլ զինվորներ ներս մտան եւ հրամայեցին Գարագաշյանին եւ պարոն Ուայթին մտնել սրահ։ Նրանցից մեկը խլեց իմ ձեռքի ժամացույցը, ապարանջանն ու մատանին. հետո ձեռքը տարավ գրպանս եւ վերցրեց իմ ատրճանակը։ Հետո քաշեց իմ ձիարշավի շալվարը, ցույց տվեց իր լաթերը եւ ասաց, որ հանեմ իմը։ Ես վճռականորեն օրորեցի գլուխս, բայց նա ավելի ուժեղ քաշեց։
«Դրանք շատ փոքր են ձեզ համար, եւ ես դրանք չե՛մ հանի», - ասացի ես անգլերեն, ինչն, իհարկե, նա չէր կարող հասկանալ: Մի քանի րոպե վիճեցինք՝ նա թուրքերեն, ես անգլերեն, ամեն պահ ավելի էինք հուսահատվում: «Չե՛մ հանի, չե՛մ հանի, չե՛մ հանի», - դիմադրում էի ես: Հետո նա ծիծաղեց եւ ընդօրինակեց ինձ. «Չե՛մ, չե՛մ, չե՛մ»։ Ես գիտեի, որ հաղթել եմ եւ ճանապարհեցի նրան՝ մեծահոգաբար նվիրելով նրան ուրիշի անձրեւանոցը։
Հենց այդ պահին վերադարձավ պարոն Ուայթը։ Սկզբում ես նրան չճանաչեցի, քանի որ թուրքերը մերկացրել էին նրան, թողնելով ոտաբոբիկ ու անդրավարտիքով։ Հետեւից եկավ Գարագաշյանը՝ ծնկներին հասնող վուշե վերնաշապիկով։ Նրանք այնքան թշվառ ու անհեթեթ տեսք ունեին, որ ես ծիծաղեցի, մինչեւ արցունքները հոսեցին այտերիս վրայով: Հենց որ կարողացա դադարեցնել ծիծաղը, ամեն մեկին ծածկոց տվեցի, որի մեջ նրանք տոգաների պես փաթաթվեցին։ Նրանց կարծիքով դա ամենեւին ծիծաղելի չէր:
Ներս մտավ մի սերժանտ։ Ինչ-որ բան ինձ դրդեց նրան ֆրանսերեն դիմել, եւ նա նույն լեզվով քաղաքավարի պատասխանեց։ Նա լսել էր Ամերիկայի մասին, բայց չգիտեր, որ Կարսում ամերիկացիներ կան։ Ասաց, որ պատրաստվում է բոլոր փախստականներին տանել կամուրջի վրա իր սպայի մոտ, եւ մենք նույնպես պետք է գանք։
Ես աղաչում էի, որ ինձ թույլ տան մնալ երեխաների հետ, բայց սերժանտը հրաժարվեց։ Նա կռացավ՝ շոյելու հատակին նստած վիրավոր երեխաներից մեկի գլուխը եւ ասաց, որ շատ վատ է, որ նրանք ստիպված են տառապել: Բուժքույրերն այդ պահին լուռ սարսափից անցան բարձրաձայն սարսափի, եւ նա մոտեցավ դռանը, սիրալիր խոսեց նրանց հետ եւ ասաց, որ վախենալու ոչինչ չունեն։ Այնուամենայնիվ, նրանք ողբում էին, եւ նա դարձավ դեպի ինձ ձեռքերի արտահայտիչ շարժումով, որն ասում էր՝ «Ա՜խ, այս կանայք»:

Մինչ դա շարունակվում էր, վերեւի հարկից սարսափելի ճիչեր եկան։ Սերժանտը բարձրացավ վերեւ, եւ աղմուկը դադարեց։ Դռան շեմին կանգնած երկու տղամարդիկ կա՛մ հրաժարվել էին շարժվել, կա՛մ չափազանց սարսափած էին, որ շարժվեն, ինչպես թուրքերը հրամայել էին, եւ նրանց հարվածել էին սվիններով։ Որքանով հասկացա, այդ երկու տղամարդիկ, եւս մեկը, որին պատահաբար կրակել էին, եւ փոքրիկ աղջիկը միակ մահերն էին իմ հիվանդանոցում, եւ ես չգիտեմ դիտավորյալ սպանության որեւէ այլ դեպք՝ ոչ այն ժամանակ, ոչ ավելի ուշ:
Հրաման էր տրվել, որ շենքն ազատվի եւ մնան միայն երեխաները։ Մինչ նրանք զինվորներին դուրս էին հանում մահճակալների տակից, ես զրուցեցի այն զինվորի հետ, որն ինձ համարյա սվինահարել էր։ Միասին սիգարետ ծխեցինք եւ ռուսերեն խոսեցինք։ Նա գիտեր տասներկու բառ, ես՝ տասնմեկ, բայց մենք հաջողությամբ շփվեցինք, եւ նա նման էր այն հազարավոր թոմիներին, պոիլուսներին ու յանկիներին, որոնց հետ ես զրուցել էի Ֆրանսիայում։
III
Շենքը շուտով դատարկվեց, եւ մենք շարժվեցինք ճանապարհով: Ես առաջնորդում էի երթը (շատ շնորհակալ էի, որ ունեմ իմ ձիարշավի շալվարը)՝ ամերիկյան դրոշը ձեռքիս։ Պարոն Ուայթը եւ Գարագաշյանը քայլում էին հանդիսավոր՝ ոտքերը սուր քարերի վրա զգուշավոր դնելով, նրանց հետեւից քմծիծաղող սերժանտն էր, երկու հազարից ավելի փախստականներն ու զինվորները:
Ճանապարհը գրեթե անանցանելի էր։ Մենք ստիպված էինք քայլել մեռած մարդկանց եւ մահացող կենդանիների վրայով, մագլցել եզների սայլերի, կենցաղային իրերի, ալյուրի պարկերի, անկողնային պարագաների, ոչխարների, հավերի, կատուների վրայով։ Թշվառ գաղթականների ողջ աշխարհիկ ունեցվածքն այնտեղ էր, եւ թուրք զինվորներն արդեն սկսել էին թալանը։
Կամուրջի վրա փախստականների մեկ այլ ամբոխ էր, որոնց հավաքել էին հովտում: Ճերմակ դրոշի տակ կանգնած էր մի գեղեցիկ երիտասարդ թուրք սպա՝ ոլորված սեւ բեղերով եւ աշխույժ սեւ աչքերով։ Մենք մոտեցանք նրան եւ թարգմանչի միջոցով ասացինք, որ ամերիկացի ենք: Նա քաղաքավարի էր, բայց անտարբեր, եւ մեզ ասաց, որ մնանք ամբոխի հետ եւ նրանց հետ գնանք քաղաք: Ավելի ու ավելի շատ մարդիկ եկան կամրջի վրա, բայց մեր մյուս հաստատությունների անձնակազմից ոչ ոք եւ ոչ մի այլ ամերիկացի չկար: Մեր ռուս թիմակիցները կանգնած էին եզրապատի վրա, եւ նրանց հսկայական մարմինները ցնցվեցին տիտանական ծիծաղից, երբ տեսան պարոն Ուայթի զգեստը:

Սոսկալի նեղվածք էր։ Մարդիկ նորից սկսել էր տնքալ՝ ցածրաձայն ողբ, որ անհնար է նկարագրել, եւ եթե մի անգամ լսես, երբեք չես մոռանա: Իմ հետեւը մի հայ զինվոր էր, որի այտերից արցունքներ էին հոսում։ Հեկեկոցի արանքում նա ինձ պատմեց, որ եղել է Լոս Անջելեսում, որ Աստված բարի է եւ սպասում է մեզ, եւ արդեն քիչ է մնացել: Մի կին մոտեցավ ինձ եւ մի քանի զարդ խցկեց գրպանս. ասաց, որ չի ուզում, որ թուրքերը դրանք վերցնեն, երբ սպանեն իրեն: Բոլոր դժբախտ արարածները միանգամայն վստահ էին, որ իրենց կոտորելու են՝ չնայած զինվորների ու համբերատար սպայի բարյացակամ վերաբերմունքին։
Մոտ քառասունհինգ րոպե կանգնած դողում էինք։ Հետո վերեւի ճանապարհին վերջապես տեսա պարոն Քլարկին եւ ձիով մի մոլոկանի։ Ես ծածանեցի իմ դրոշը այնքան ժամանակ, մինչեւ թեւս փայտացավ, եւ վերջապես նրանք տեսան ինձ եւ իրենց ձիերը շրջեցին մեր ուղղությամբ:
Ֆրեդը՝ մոլոկանը, եղել էր Ամերիկայում։ Նա վեց ոտնաչափից բարձր հասակ ուներ, գրավիչ ժպիտ եւ հումորի լավ զգացում: Մենք ընկերացել էինք այն շաբաթների ընթացքում, երբ ես ուղեկցում էի նրա վագոնները:

Ես գնացի նրան ընդառաջ եւ բռնեցի նրա մեծ, կոշտացած ափը։ «Ֆրե՛դ, ինձ դուրս բեր այստեղից»։
«Իհարկե դուրս կբերեմ, - քմծիծաղեց նա, - ինչի՞ համար է այս... քեզ այստեղ պահում»:
Նա ավելի քաղաքավարի ձեւով այդ հարցը տվեց սպային եւ ավելացրեց, որ Փաշան շատ կբարկանա, եթե իմանա, որ ես գերի եմ մնացել փախստականների հետ։
Սպայի վարքագիծը փոխվեց. նա ասաց, որ պարոն Ուայթը, Գարագաշյանը (ում մենք ներկայացրել էինք որպես ամերիկացի բժիշկ) եւ ես կարող ենք հսկողության տակ վերադառնալ անձնակազմի տուն, եթե խոստանանք մնալ այնտեղ մինչեւ հետագա հրամանները։
Ես հարցրի, թե ինչ է լինելու մյուս բանտարկյալների հետ, եւ նա ասաց, որ բացառությամբ զինվորների՝ բոլորին կազատեն, երբ հասնեն քաղաք։
Երբ ես սկսեցի հեռանալ կամրջից, ողջ ամբոխը փորձեց հետեւել ինձ։ Կարծում եմ, որ հերոսական բան կլիներ նրանց հետ մնալ, բայց այդ պահին ես այլեւս չէի կարող դիմանալ. միակ միտքս էր հեռանալ նրանց ձայնից ու հոտից:
Տունը սարսափելի խառնաշփոթի մեջ էր։ Բարեբախտաբար, տիկին Ուայթը փակել էր իմ սենյակը, եւ այնտեղից ոչինչ չէին տարել։ Այդ պահին ես նման անկարեւոր բաների մասին չէի էլ հոգում, որովհետեւ ոչ մի այլ բանի մասին չէի կարող մտածել, քան իմ քույրը եւ թե ինչ է կատարվել նրա հետ։ Մենք միշտ մտածել ենք, որ խռովության դեպքում քաղաքն ամենավտանգավոր վայրն է, եւ հասկանալով, թե ինչի միջով եմ ես անցել, վախենում էի, որ նա վիճակն էլ ավելի լավ չէր:
Ընդամենը մի քանի րոպե էի տանը, երբ լսեցի բլուրով բարձրացող «դոջ» մեքենայի մռնչյունը եւ շտապեցի ընդառաջ։ Առջեւի ապակուց ծածանվում էր Կարմիր մահիկի մեծ դրոշը, եւ պարոն Ֆոքսը հետեւի նստատեղին զրուցում էր պատկառելի տեսքով մի թուրք սպայի հետ։
Ես երբեք այսքան ուրախ չէի որեւէ մեկին տեսնել։ Իհարկե առաջին բանը, որ հարցրի՝ «Ինչպե՞ս է Ֆրենսիսը»:
«Լավ է, քաղաքում խռովություն չկա: Ի՞նչ է տեղի ունեցել այստեղ»։
Մենք թեյ խմեցինք ու պատմեցինք մեր պատմությունները, իսկ հետո պարոն Ֆոքսը մեկնեց, որ գտնի Փաշային։ Սպան խնդրեց, որ այդ գիշեր այլեւս տնից դուրս չգանք, եւ ինձ խորհուրդ տվեց բոլոր ամերիկացիների համար կարմիր կիսալուսնով թեւկապներ պատրաստել։
Կամաց-կամաց ես վերստեղծեցի Կարսի գրավման պատմությունը։ Թուրքերը ցրված մարտական շարքերով առաջ էին եկել հարթավայրով եւ դիմադրություն չէին հանդիպել։ Ներքին ամրոցների մեծ գնդացիրներից ոչ մեկը չէր կրակել, եւ քեմալականները մի կողմից մտան ամրոցը, մինչդեռ հայերը մյուս կողմից փախան։

Քեմալականները հսկայական ավար վերցրին Կարսում։ Բացի մեծ գնդացիրներից եւ զինամթերքի հսկա պահեստներից, կային նաեւ երեք հարյուր նոր գնդացիրներ, որոնք վերջերս էին ստացվել բրիտանացիներից եւ չէին հանվել փաթեթավորման արկղերից։ Ինձ ասացին, որ այդ գնդացիրներներից մի քանիսը, եթե ճիշտ տեղադրվեին, կարող էին օրերով պահել բերդը, քանի որ թուրքերը պետք է առանց պաշտպանության առաջ շարժվեին խրամատների, փշալարերի եւ խանդակների համակարգի վրայով, որպեսզի մոտենան ամրոցին: Տարել էին նաեւ բազմաթիվ բրիտանական հրացաններ եւ հազարավոր փամփուշտներ՝ ի լրումն սննդի, հագուստի եւ ամեն տեսակի սարքավորումների։ Ինձ ասացին, որ Կարսի շրջանում հայկական բանակը մոտ տասնհինգ հազար էր, իսկ քեմալականները՝ յոթ, բայց ես չեմ կարող երաշխավորել այս թվերի ճշգրտությունը:
Թուրքերի հրամանատար Քազըմ Կարաբեքիր Փաշան քաղաքի գրավման հաջորդ օրը շրջայց կատարեց մեր հաստատություններում։ Նրան շատ էր հետաքրքրում մեր համակարգն ու կազմակերպությունը, նա սիրալիր խոսեց երեխաների եւ աշխատակազմի հետ՝ ասելով, որ նրանք վախենալու ոչինչ չունեն: Խնդրեց պարոն Ֆոքսին շարունակել աշխատանքը նախկինի պես, եւ իր ուժերի սահմաններում ցանկացած պաշտպանություն եւ օգնություն խոստացավ: Ստուգումից հետո նա եկավ տուն թեյ խմելու իր օգնականի եւ Ռուշթի Բեկի հետ, որը լինելու էր Կարսի զինվորական կառավարիչը։

Փաշան ամրակազմ, միջին հասակի մարդ է։ Նա ունի ամուր կզակ, դեպի վեր ոլորված մուգ բեղեր, ուղիղ քիթ եւ անսովոր բարի ու հումորով շագանակագույն աչքեր։ Հագին մոխրագույն համազգեստ էր եւ վերարկու՝ առանց զարդերի եւ տարբերանշանների, նա գերազանց խոսում էր ֆրանսերեն՝ առանց օտար առոգանության, եւ հմայիչ վարվելաձեւ ուներ։ Նա ներողություն խնդրեց զինվորի համար, որը վերցրել էր իմ ժամացույցն ու ապարանջանը, եւ խոստացավ, որ կփորձի դրանք վերադարձնել։ Նաեւ շնորհավորեց ինձ շալվարս պահելու համար. բոլորն արդեն գիտեին այդ պատմությունը, եւ ես հայտնի էի որպես «իր շալվարը պահած աղջիկ»: «Եթե ամրոցում հինգ ամերիկուհիներ լինեին, մադմաուզե՛լ», - ասաց գեներալը, - իմ զինվորներն այսօր Կարսում չէին լինի»։
Թուրքերը հմայիչ են:
Կռվի հաջորդ օրը վաղ առավոտյան ես ինձ վրա կարմիր կիսալուսիններ փակցրեցի եւ գնացի տեսնելու, թե ինչ է կատարվում։ Թիվ 2 հիվանդանոցն ամենասարսափելի տեսքն ուներ, որը կարող էի պատկերացնել։ Թուրքերը պատռել էին բոլոր ներքնակներն ու ծածկոցները, մինչեւ ծնկները փետուրներ էին։ Ամենուր արյուն էր հոսել, եւ աստիճանների գլխին կանգնած երկու սվիններով մարդիկ սարսափելի խառնաշփոթ էին ստեղծել։ Շենքում փախստականների ու աղբի հոտ էր գալիս. գողացել էին բոլոր վերմակներն ու սավանները, ինչպես նաեւ սննդի բոլոր պաշարները: Միակ բանը, որ գտա, հինգ թշվառ երեխաներ էին, որոնք հեկեկում էին փետուրների մեջ, իսկ վեցերորդը կիսախեղդված էր լոգարանի մեջ: Ես վերցրի նրանց ու գնացի թիվ 1 հիվանդանոց։

Ես պետք է աչքս պահեի նաեւ հովտի երեք մանկատների վրա: Անընդհատ ահազանգեր էին հնչում, եւ ես շտապում էի այնտեղ՝ ակնկալելով գտնել, որ սարսափելի թուրքերը առեւանգել են բոլոր աղջիկներին։ Սովորաբար հայտնաբերում էի մի զինվորի` կարկատած տաբատով, որը հույսով էր հայի վրա ավելի լավ զույգ գտնել: Ես նրան տանում էի մանկատան միջով, եւ եթե նա մեր անձնակազմի վրա ինչ-որ բան տեսներ, որ հավանում էր, ես վերահսկում էի փոխանակումը, նրան ծխախոտ տալիս եւ ուրախ ճանապարհ դնում: Նրանք միշտ ինձ հետ քաղաքավարի ու սիրալիր էին:
IV
Օրվա ընթացքում մեր բոլոր հիմնարկներում պահակներ էին կանգնած։ Նրանք ոչ թե կանոնավոր քեմալական զինվորներ էին, այլ քուրդ կամավորներ։ Ցնցոտիավոր, չվարժված գյուղացիներ էին, բայց միանգամայն բարեհամբույր էին եւ լիովին ենթարկվում էին իրենց սպայի հրամաններին։ Մի անգամ տեսա, թե ինչպես են իմ երկու պահակները մեծ հետաքրքրությամբ նայում իրենց հրացանների փողերի մեջ եւ զարմանում, թե ինչպես են դրանք կրակում։ Ես ցույց տվեցի նրանց այն ամենը, ինչ գիտեի, եւ նրանք երախտապարտ էին՝ բացատրելով (մնջախաղով), որ երբ բանը հասնում էր կալանավորելուն, նրանք ապավինում են իրենց չարագույժ տեսք ունեցող դանակներին:
Մեր ողջ անձնակազմն ու որբերն այնպիսի խուճապի մեջ էին, որ օրերով ոչինչ չէինք կարողանում անել նրանց հետ։
Ես մաքրել տվեցի թիվ 2 հիվանդանոցը, իսկ երեխաները վերադարձան երեք օրից, բայց ես մինչեւ հիմա թոքերումս փետուրներ եմ զգում: Ամենասարսափելին դիակները թաղելն էր։ Հայերը սնահավատ են դիակների նկատմամբ եւ ձեռք չեն տալիս դրանց: Դիակները տեղափոխելու համար ինքս պետք է պարան կապեի դրանց շուրջ, հետո հրամայեի տղամարդկանց, որ քարշ տան ու գցեն գերեզմանը։

Ճակատամարտից հետո մեկ շաբաթ անց ես անընդհատ հայտնաբերում էի վիրավոր մարդկանց, ովքեր սողալով թաքնվել էին մեկուսի անկյուններում։ Հետաքրքիր էր, որ այդ դեպքերի մասին ինձ մշտապես հայտնում էին թուրք զինվորները, որոնք ամեն կերպ փորձում էին գալ ու պատմել ինձ իրենց կողմից հայտնաբերված ինչ-որ կնոջ կամ երեխայի մասին, որին պետք էր տեղափոխել հիվանդանոց։ Սա նրանց կողմից մաքուր բարություն էր, որովհետեւ եթե նրանք կտրեին այդ դժբախտների կոկորդը, ոչ ոք չէր իմանա։
Թուրքերն արագ կարգուկանոն հաստատեցին քաղաքում։ Ինչպես ընդունված է աշխարհի այս մասում՝ նվաճող բանակին թույլատրվեց երեք օր թալանով զբաղվել։ Դրանից հետո բոլոր հանցագործությունները խստագույնս պատժվեցին, սահմանվեց խիստ ռազմական դրություն։ Տասնութից երեսունվեց տարեկան բոլոր տղամարդիկ աքսորվեցին Սարիղամիշ՝ աշխատելու երկաթուղում եւ փայտասղոցարանում։ Մերձավոր Արեւելքի Օգնության աշխատակիցներից ոչ մեկին, սակայն, չտարան, եւ նրանց ամենայն ազատություն թույլատրվեց: Մեր պահեստները կնքված էին, եւ պահեստ մտնելու համար ստիպված էինք մարզպետից թույլտվություն խնդրել։ Մատակարարման բաժնի աշխատակիցներից մեկը ներխուժեց բժշկական պահեստ եւ վերցրեց իր ուզածը: Երբ դա հայտնաբերվեց, սպային հեռացրին եւ մեզանից ներողություն խնդրեցին:
Թուրքերը կարծես թե ամեն ինչով ապահովված էին։ Զինվորներից ոմանք ցնցոտիներով էին, բայց մեծամասնությունը տաք հագուստ ուներ։ Լավագույն գնդերից մեկը կրում էր ամերիկյան համազգեստ:
Այս համազգեստներն ի սկզբանե գնել էին բրիտանացիները եւ ուղարկել Դենիկինի բանակին, որից այն անցել էր բոլշեւիկներին, որոնք էլ այն ուղարկել էին քեմալականներին:
Ամերիկյան անձնակազմին տվել էին թուրքերենով գրված զինվորական անձնագրեր, եւ նրանց համար որեւէ սահմանափակում չկար։ Իմ անձնագրում գրված էր. «Սա միսս Անդերսոնն է. վնաս չտաք նրան եւ թույլ տվեք ազատ շրջել Կարսում»:
Բայց մենք միեւնույնն է բանտարկյալ էինք։ Պարոն Ֆոքսի խնդրանքը, որ իրեն թույլ տան գնալ Ալեքսանդրապոլ, քաղաքավարի կերպով մերժվեց։ Թուրքերը երբեք կտրականապես «ոչ» չեն ասում, այլ ասում են, որ գուցե վաղը չէ մյուս օրը դա հնարավոր լինի: Երբ վաղը գալիս է, ասում են՝ «երկու օրից», եւ այդպես շարունակ։
Կովկասում անցկացրած այդ տարվա ընթացքում շատ քիչ հայեր էին մեր տուն այցելում, ինձ էլ երբեք իրենց տուն չէին հրավիրում, բացի պաշտոնական խնջույքներից: Բայց թուրքերի հետ այլ էր։ Սպաները սիրում էին մեր տուն գալ, եւ չնայած այն քաղաքից երկու մղոն հեռավորության վրա էր, հաճախ երեկոյան գալիս էին մեր կրակի մոտ նստելու, թուրքական սուրճ պատրաստելու եւ զրուցելու։ Բոլորը կրթված մարդիկ էին. շատերը լավ ֆրանսերեն էին խոսում եւ կրթություն էին ստացել Փարիզում կամ Վիեննայում: Հինգ տարի նրանք աշխարհից կտրված էին։
Մեր հյուրերից էր քեմալական խորհրդարանի նախագահ Ջելալադին Արիֆ Բեյը, մյուսը՝ հայտնի Էնվեր Փաշայի խորթ եղբայրը՝ Նուրի Փաշան։ Արիֆ բեյը մոտ երեք հարյուր ֆունտ է կշռում, սիրում է պարել եւ երբեք չի հոգնում Փարիզի մասին խոսելուց։ Նուրին երեսուն տարեկան մարդ է, երազող եւ իդեալիստ։ Նա լավ նկարիչ է եւ հույս ունի, որ մի օր կարող է վերադառնալ Վիեննա սովորելու:
Բոլոր սպաները խանդավառությամբ խոսում էին գեներալ Հարբորդի մասին՝ նրան միշտ «Նորին Գերազանցություն» անվանելով: Նրանք ուզում են բարեկամանալ ամերիկացիների հետ՝ ասելով, որ մենք միակ ժողովուրդն ենք, որը կարող է անշահախնդիր օգնել իրենց: Նրանք ուզում են ամերիկյան արդյունաբերություն եւ ամերիկյան առեւտուր: Բոլորն առանց բացառության ատում են անգլիացիներին:
Մեզ համոզել էին, որ թուրքական առաջխաղացման նպատակը բոլշեւիկների հետ միանալն էր. բայց թուրքերը երբեք դա չհաստատեցին։ Նրանք իրար մեջ կատակում էին բոլշեւիզմի մասին, քննարկում դրա առավելություններն ու թերությունները, նույնիսկ կարծիք հայտնում, որ Ռուսաստանում այն ձախողվել է։ Ես նկատեցի, որ այս բոլոր մարդիկ առատորեն ռուսական ոսկի են ստանում, եւ զարմացա, թե ինչպես են այն ձեռք բերում։
Քաղաքում փախստականների վիճակը հուսահատ էր. երկու հազար կին, երեխա ու ծերունի տեղավորված էին այն շենքերից մեկում, որը մենք ժամանակին որպես մանկատուն էինք օգտագործում։ Առաջին մի քանի շաբաթները այս մարդիկ ապրում էին գյուղերից բերած ցորենի ու գարու շնորհիվ. բայց շուտով այս պաշարը սպառվեց: Հոկտեմբերի վերջին նրանք սկսեցին սովամահ լինել եւ ուտել կովերի ու ձիերի նեխած միսը, որոնք սպանվել էին երեք շաբաթ առաջ մարտի ժամանակ։ Թուրքերը գիտակցում էին համաճարակի վտանգը եւ ծրագրում էին մարդկանց հետ ուղարկել գյուղեր, որտեղ ուտելիքը թեեւ առատ չէր, բայց գոնե կար։ Նրանք հաշվում էին գաղթականների թիվը եւ պլանավորում էին հացի չափաբաժին տրամադրել:

Դեկտեմբերի 1-ին մեզ վերջապես թույլ տվեցին Կարսից մեկնել Ալեքսանդրապոլ։ Աշխատակազմի պետը մեզ նավախոհանոց տվեց, եւ մենք շուքով հեռացանք։ Պարոն Ֆոքսն էր, պարոն Քլարկը, քույրս ու ես, եւ մենք շատ ուրախ քառյակ էինք։ Գործը շարունակող բազմաթիվ ամերիկացիներ կային, թուրքերն ամեն ինչով օգնում էին, եւ հաստատությունները աշխատում էին սովորականի պես։
Կոնստանդնուպոլսում ուզում էին մեզ հերոսացնել, բայց մենք նախընտրեցինք շտապել եւ մեր փառքը թաքցնել Էյֆելյան աշտարակի ստվերի տակ։ Կոստանդնուպոլսի եւ Փարիզի միջեւ ինչ-որ տեղ ինձ կողոպտեցին վերջին անգամ (հուսով եմ), եւ ես կորցրի երկու գեղեցիկ ոսկե գավաթներ, որոնք ինձ նվիրել էր հայ բժիշկը, որը կարծում էր, որ ես փրկել եմ իր կյանքը: Ձիարշավի իմ հայտնի շալվարից բացի ինձ ոչինչ չմնա՛ց:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: