Ներկայացնում ենք The Financial Times-ում հրապարակված Azerbaijan’s victory over Armenian enclave raises fears of another war հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հարյուրավոր «կալաշնիկով» ինքնաձիգեր կոկիկ շարված էին գետնին, նռնականետերի կողքին մի շուն էր քնած: Տանկերը՝ մի քանիսը մաշված եւ ծեծված, զինաթափ կանգնած էին մութ լեռների հորիզոնին: «Մեր ավարը», - ժպտալով ասաց մայորը:
Անցյալ ամիս նավթով հարուստ կովկասյան երկիրը ջախջախիչ հարված հասցրեց իր վաղեմի թշնամուն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անջատված էթնիկ հայկական փոքր պետությանը՝ գրավելով անկլավի զենքերը եւ հանգեցնելով գրեթե ողջ բնակչության արտագաղթի։
Ընդամենը 24 ժամվա ընթացքում Ադրբեջանն իր վերահսկողության տակ առավ տարածաշրջանը. ապշեցուցիչ հաղթանակ եւ նախագահ Իլհամ Ալիեւի համար պատմական պահ: Բայց խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու փոխարեն Բաքվի պահվածքը դրդում է հարեւան Հայաստանին կասկածել, որ նրա հավակնություններն ավելի մեծ են, եւ հակամարտությունը դեռ չի ավարտվել:
«Մենք Ադրբեջանին անընդհատ ասում ենք՝ դուք եք հաղթողը, կարող եք ձեզ թույլ տալ մեծահոգի լինել», - ասում է արեւմտյան մի դիվանագետ: Սակայն Բաքվի ռազմական հաղթանակին «հռետորական զինադադար» չի հետեւել, ասում են դիտորդները, եւ ոչ մի իմաստալից քայլ չի ձեռնարկվել՝ հաշտեցնելու երկու հասարակությունները, որոնք տասնամյակներ տեւած պատերազմների պատճառով չարացած են իրար նկատմամբ:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի ղեկավարը նկարահանվել է շրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի դատարկ փողոցները շրջելիս եւ դրոշը տրորելիս։ Իր հաղթական ելույթում նա կենտրոնացած էր անցյալի վրա եւ ծաղրում էր Ղարաբաղի ղեկավարներին, որոնք այժմ բանտարկված են Բաքվում:
Կայծակնային հարձակման շնորհիվ Ադրբեջանը լիովին իր վերահսկողության տակ վերցրեց այն տարածքները, որոնք գտնվում են իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց դե ֆակտո անկախ էին 1990-ականներից, երբ էթնիկ հայ բնակչությունը անջատողական պատերազմում հաղթանակ տարավ:
Այժմ լռություն է տիրում Լեռնային Ղարաբաղի գյուղերում եւ ձորերում, որոնք մի քանի օրվա ընթացքում լքել են ավելի քան 100 000 հայեր: Գյուղացիներից մեկի տանը խոհանոցի սեղանի վրա կիսաեփ ուտելիք է՝ հապճեպ լքված: Կողքին անավարտ թղթախաղ է:
Ադրբեջանցիներն ասում են, որ արդարությունը վերականգնվել է:
«Մենք 30 տարի սպասում էինք այս պահին», - ասում է մայոր Անար Քազիմովը եւ ուսումնասիրում է բլրի գագաթին գտնվող բունկերը, որն իր զինվորները գրավել են ընդամենը երկու շաբաթ առաջ: Նա ցույց է տալիս հաղորդագրությունը, որը հարձակման ժամանակ ուղարկվել է իր կառավարության կողմից տեղական հեռախոսահամարներին՝ կոչ անելով հայերին մնալ:

Լուսանկարը` ԵՄ Խորհրդի մամուլի գրասենյակ
Բայց այդ հաղորդագրությանը քչերը վստահեցին: Հիմա մի բուռ հայ է մնացել, ասում է Քազիմովը։ Նա այցելել էր այն քաղաքը, որը հայերն անվանում են Ստեփանակերտ, իսկ ադրբեջանցիները՝ Խանքենդի. «Financial Times»-ին, որը կարող էր Ղարաբաղ մեկնել միայն Ադրբեջանի կառավարության կողմից համակարգված ուղեւորության ժամանակ, թույլ չտվեցին այնտեղ մտնել:
Փախստականները հեռացան Ղարաբաղից միակ ոլորապտույտ ճանապարհով։ Մեկ շաբաթ անց ճանապարհին այսուայնտեղ մանկասայլակներ են, ջարդված մեքենաներ, իսկ այրված հողակտորները ցույց են տալիս, թե որտեղ են մարդիկ կրակ են վառել՝ տաքանալու համար:
Լաչինի միջանցքով ճանապարհը տանում է դեպի հարավային Հայաստան, որն իր հերթին երկու կողմից Ադրբեջանով շրջապատված նեղ շերտ է։ Այնտեղի բնակիչները վախենում են, որ հաջորդն իրենք են լինելու, եւ մատնանշում վերջին տարիների միջադեպերը, երբ Բաքուն ուժով ներխուժել է ինքնիշխան հայկական հողը:
Ադրբեջանի պաշտոնյաները կտրականապես հերքում են նման ծրագրերի գոյությունը։ «Մենք Հայաստանի տարածքում ռազմական նպատակներ չունենք»,- ասում է Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը։ «Ղարաբաղը վերադարձնելով՝ Ադրբեջանն ամբողջական է: Այն լիարժեք ու միակտոր է»։
Նախկինում էլ են եղել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու նման խոստումներ, բայց դրանք խարխլվել են, երբ վերջին պահին Ալիեւը որոշեց չմասնակցել ԵՄ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցություններին:
«Մենք ուզում ենք հավատալ նրանց խոսքին, բայց կա մի «բայց»,- ասում է արեւմտյան դիվանագետը: «Եթե այլեւս ռազմական նպատակներ չկան, - հարցնում է նա, - ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ կազմակերպում առաջնորդների հանդիպումը... Եթե ասում եք, որ հավատարիմ եք խաղաղությանը, խնդրում ենք ստորագրել դրա տակ»:
Երկու դիվանագետներ ասացին, որ նախքան մեկօրյա պատերազմի սկիզբը հավաստիացումներ էին ստացել, որ Ղարաբաղում ռազմական գործողություն չի իրականացվի: «Մենք մեզ խաբված ու զայրացած էինք զգում»,- ասաց նրանցից մեկը։ Երբ խոսքը հետագա ռազմական գործողությունների ռիսկի մասին է, «խոհեմ կլինի վստահել, բայց ստուգել», - ասաց երկրորդը:

Լուսանկարը` ԵՄ Խորհրդի մամուլի գրասենյակ
Նույնիսկ եթե Ալիեւը արհամարհի եվրոպացիներին, նա ի վերջո կվերադառնա բանակցությունների սեղանին, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ասում են վերլուծաբանները։ Մինչ Հայաստանի ավանդական սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացել են, Բաքուն ձգտում է հավասարակշռված մոտեցում պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։
Ռուսաստանը դեռեւս Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներ ունի, սակայն նրանց ապագան տարածաշրջանում այժմ պարզ չէ։ Նրանց մի քանի ամրակետերը փակվել են, իսկ մյուսները դեռ կան եւ կրում են «Z» նշանը, ինչպես Ուկրաինայում ռուսական զինված ուժերը: Զինվորներն այստեղ կարծես հավաքում էին իրերը եւ իջեցնում իրենց ներկայությունը գովազդող վահանակները՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է» կարգախոսով։
Բաքվում տոնակատարություններն արդեն չունեին այն ազգայնական ոգեւորությունը, որը պատել էր երկիրը նախորդ՝ 2020-ի հաղթանակից հետո, երբ Ադրբեջանը ճանկել էր Ղարաբաղի որոշ տարածքներ: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա փախստականների նկատմամբ հարգանքից է, իսկ պաշտոնյաները պնդում են, որ Ղարաբաղի հայերի վերադարձը ողջունելի է:
Բայց հաշտությունը հեռավոր հեռանկար է։ 1990-ականների պատերազմի ընթացքում ավելի քան 700 000 ադրբեջանցիներ ստիպված էին լքել Ղարաբաղը։ Շատերն ունեն մարտերում զոհված ընկերներ ու հարազատներ։
Բաքվի գերեզմանոցում 19-ամյա ուսանողուհի Այսու Շապազովան իմամի հետ աղոթել է ընկերոջ գերեզմանի մոտ, որը մահացել էր կայծակնային հարձակման ժամանակ: «Նա մի երազանք ուներ: - ասաց Շապազովան, - Ամեն օր լսում էր սպանվածների մասին եւ ուզում էր գնալ կռվելու»։
«Ընկերս զոհվել է բանակում: Մենք ատում ենք հայերին», - ասաց երիտասարդ ուսանողուհին։
Դիտորդների կարծիքով՝ «հռետորական զինադադարը» պետք է սկսվի կրթական համակարգից: «Դպրոցներում բավականին ծայրահեղ բաներ են սովորեցնում», - ասում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: «Հինգ տարեկանից սովորեցնում են, որ հայերը բարբարոսներ, ահաբեկիչներ եւ օկուպանտներ են»:
Բաքվի մերձակայքի դպրոցներից մեկում, որը գտնվում է 1990-ականներին տեղահանվածների բնակարանային համալիրում, նախասրահը պատված է զինվորների իրական չափերի պատկերներով: Մանկական նկարների ցուցահանդեսում գերակշռում էին տանկերը, նռնակները եւ «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսը:
Երկու երեխաների մայր 46-ամյա Գյունայը պատմում է, որ ուրախությունից վազեց, երբ լսեց հաղթանակի մասին։ «Չեք պատկերացնի, թե ինչպես էի գոռում այս միջանցքներում, որ մենք հետ ենք վերցրել մեր հողերը», - ասաց նա:
Նա ընտանիքի հետ փախել էր 1990-ականներին իրենց գյուղում տեղի ունեցած ջարդերից հետո: Գյունայը պատմում է, որ երեք տասնամյակ չէր կարող վերադառնալ տուն կամ այցելել մոր գերեզմանը: «Չեմ կարող ներել այս մարդկանց, ես ուզում էի սպանել նրանց», - ասում է նա: «Հիմա ասում են՝ պետք է միասին ապրենք։ Ես չեմ ուզում իմ հացն ու ջուրը նույն տեղից գնել»։
Տեղահանված ադրբեջանցիները ցրվելու եւ ինտեգրվելու փոխարեն տեղավորվել են հատուկ բնակելի շենքերում: Մի քանիսը ժամանակակից տեսք ունեն, բայց Գյունայի կենսապայմանները ծանր են. ամեն մի հարկում բնակվում են երկու տասնյակ ընտանիքներ, ապրում են մեկ սենյակում՝ նեղ ընդհանուր միջանցքով եւ մեկ լոգասենյակով: Մի քանի մարդ ապրում է տանիքի տնակներում, որտեղ երեխաներն ու հավերը վազվզում են արբանյակային ալեհավաքների միջեւ:
Ալիեւի հաջորդ մեծ, հայրենասիրական նախագիծը «Մեծ վերադարձն» է։ Լուսադեմին միկրոավտոբուսները կանոնավոր կերպով մեկնում են Բաքվից՝ տեղափոխելով տեղահանված ընտանիքներին դեպի այն տարածքներ, որոնք Ադրբեջանը վերադարձրել է: Գյունայը շուտով կտեղափոխվի: Բոլոր հարեւանները նույնն են ասում:
Ֆիզուլիում՝ Ղարաբաղից հարավ, վերադարձողներին սպասում են մի քանի ավարտված բազմաբնակարան շենքեր եւ մեկ նոր սուպերմարկետ: Բաքվից հեռացող ընտանիքների մեծամասնությունը ուրախություն է հայտնում տեղափոխվելու կապակցությամբ, թեեւ թվաց՝ քչերն են տեղյակ ականների եւ պատերազմից ավերված լանդշաֆտի մասին, որը շրջապատում է այն տարածքը, ուր նրանք գնում են: Ֆիզուլի մեկնող մի դեռահաս աղջնակ ասաց, որ իրեն պարտադրված է զգում գնալ: «Ես կարոտելու եմ իմ ընկերներին», - ասաց նա:
Տասնամյակներ շարունակ Ալիեւը համախմբել է երկիրը 1990-ականների պատերազմում պարտության տրավմայի շուրջ եւ իր անձնական լեգիտիմությունը կառուցել Ղարաբաղը վերադարձնելու պայքարի շնորհիվ: Ռազմական հաղթանակը մեծացրել է նրա ժողովրդականությունը, եւ քիչ ադրբեջանցիների է հիմա անհանգստացնում բռնաճնշումը ակտիվիստների նկատմամբ:
Հայերը, որոնք անհանգստությամբ հետեւում են Ալիեւի հետագա անելիքների նախանշաններին, տագնապած էին, երբ նա Հայաստանի հարավը անվանեց «արեւմտյան Ադրբեջան» եւ ստեղծեց այդ տարածաշրջանից եկած ադրբեջանցիների իրավունքներով զբաղվող կազմակերպություն:
Ալիեւին այդ հարցում «սխալ են հասկացել»՝ պնդում է նրա օգնական Հաջիեւը։ Ղեկավարն իբր միայն անդրադարձել է ադրբեջանցիների՝ որպես զբոսաշրջիկ իրենց ծննդավայր այցելելու իրավունքին, ասում է նա։
Սակայն հարավային Հայաստան հնարավոր ներխուժման մտավախությունները խորն են, հատկապես, որ Բաքուն նախկինում պահանջել էր Հայաստանի այդ տարածքում իր էքսկլավին միացնող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»:
Տեղացի վերլուծաբաններն ասում են, որ Ղարաբաղը հետ վերցնելուց հետո Բաքուն հրաժարվել է այդ պահանջից: «Ադրբեջանը նահանջում է իր մաքսիմալիստական դիրքերից»,- ասում է Բաքվում գործող Թոփչուբաշովի վերլուծական կենտրոնի նախագահ Ռուսիֆ Հուսեյնովը։ «Դա ազդանշան է, որ միջանցքը նրան պետք չէ»։
85-ամյա Սավիյա Ասլանովան ծնվել է հարավային Հայաստանում եւ ասում է, որ կցանկանար այցելել, բայց նոր պատերազմ չի ուզում: «Ես կարող եմ ապրել հայերի հետ,- ասում է Ասլանովան, - բայց ինչպե՞ս կարող են հանգիստ ապրել հայերի հետ այն մարդիկ, որոնք կորցրել են հարազատներին»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: