ԼՂ հակամարտության ավարտը «ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար» - Mediamax.am

1235 դիտում

ԼՂ հակամարտության ավարտը «ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար»


Լուսանկարը` Շառլ Միշելի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` Շառլ Միշելի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` Շառլ Միշելի մամուլի գրասենյակ


Ներկայացնում ենք The Financial Times թերթում հրապարակված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջել Գուլդ-Դեյվիսի End of the Nagorno-Karabakh conflict holds hope for new beginnings հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Նայջել Գուլդ-Դեյվիս

 

Իր վերջին ռազմական հարձակումից հետո Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ իր սահմաններում գտնվող անկլավի, որը մինչ այժմ վերահսկվում էր հարեւան Հայաստանի կողմից: Սրանով վերջ կդրվի 1988 թվականին սկսված հակամարտությանը, որը հանդիսանում էր Կովկասում միջազգային ներգրավվածության հիմնական շարժիչ ուժը: Արդյունքը ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար:

 

Ադրբեջանի համար սա լիակատար հաղթանակ է, որը ձեռք է բերվել ռազմական ուժի դաժան, կոշտ մեթոդների եւ տնտեսական շրջափակման օգնությամբ՝ Թուրքիայից ստացված վերապատրաստման եւ տեխնիկայի հետ միասին։

 

Հայաստանի ջախջախիչ պարտությունը ցուցադրեց, որ այն չկարողացավ դիվանագիտական կամ ռազմական ճանապարհով նախապատրաստվել եռապատիկ ավելի հզոր հակառակորդի ուժեղացմանը եւ փոխարենը ապավինեց ռուսական անվտանգության երաշխիքների հակասական խառնուրդին, որոնք չհարգվեցին, եւ Արեւմուտքի համակրանքին, որը զուտ հռետորական էր։

 

Արեւմուտքին պատերազմի ավարտը ցույց տվեց, որ այն արդյունքները, որոնք նա «անընդունելի» է անվանում, միայն խոսքերով եւ հանդիպումներով չեն կարող կանխվել: Ցավալիորեն բացահայտվեցին Արեւմուտքի միջնորդության եւ փափուկ ուժի սահմանները։ Արեւմուտքի ուշադրությունն այժմ մարդասիրական խնդիրների վրա է. անկլավից ավելի քան 100 000 հայերի փախուստը եւ այն քչերի ճակատագիրը, ովքեր դեռ մնացել են տեղում: Բայց պետք է արագ հաշվարկել նաեւ երկարաժամկետ ռազմավարական հետեւանքները: Պատերազմի ավարտը կարող է փոխակերպել տարածաշրջանը եւ դրա ներսում նոր հարաբերություններ ստեղծել:

 

Հայաստանը, հիասթափված Ռուսաստանից՝ իր ենթադրյալ պաշտպանից, մասնակցեց ամերիկյան ուժերի հետ զորավարժություններին։ Ի հեճուկս Մոսկվայի զգուշացումներին՝ Երեւանը ծրագրում է նաեւ միանալ Միջազգային քրեական դատարանին, որն այս տարի Վլադիմիր Պուտինին մեղադրեց ռազմական հանցագործությունների մեջ: Արեւմուտքը պետք է օգնի Երեւանին ապահովել Ադրբեջանից ժամանողների բարեկեցությունը, որոնք 4 տոկոսով կավելացնեն Հայաստանի բնակչությունը եւ ռեսուրսների խնդիր կառաջացնեն:

Լուսանկարը` Շառլ Միշելի մամուլի գրասենյակ

Բայց առանցքային հարցն այն է, թե ինչպես կզարգանան Արեւմուտքի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Արեւմուտքի էներգետիկ կապերը նավթով եւ գազով հարուստ երկրի հետ կարեւոր են ավելի, քան երբեւէ, քանի որ Արեւմուտքը փորձում է հրաժարվել ռուսական մատակարարումներից: Այժմ անվտանգության նոր հնարավորություններ կան, հատկապես ուկրաինական պատերազմի լույսի ներքո։ Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմանակից է եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Իրանին՝ Արեւմուտքի երկու հակառակորդներին, որոնց սերտացող հարաբերություններն տագնապալի են: Ադրբեջանի կապերը Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի հետ, որը նաեւ զենքով աջակցում է Ուկրաինային, նշանակում է, որ Ադրբեջանը դաշինքի չափանիշներին համապատասխան ռազմական վերապատրաստում է ստանում: Այս ամենն ավելի խոր հարաբերությունների ներուժ է ընձեռում, եթե Արեւմուտքը դա ընկալելու ռազմավարական երեւակայություն ունի:

 

Բայց շատ բան կախված է Ադրբեջանի ընտրությունից. դրանից ելնելով կորոշվի, թե արդյոք Արեւմուտքի ներգրավվածությունը սահմանափակ եւ գործարքային կլինի, թե ավելի խորը եւ կայուն: Բաքուն պետք է հիշի Չերչիլի խոսքը. «Հաղթանակի դեպքում՝ մեծահոգություն»: Հայերը, ովքեր նախընտրում են մնալ Ադրբեջանում, պետք է պաշտպանված լինեն եւ ապահով ապրեն: Բաքուն պետք է պատրաստ լինի արագ խաղաղության պայմանագիր ստորագրել եւ հրաժարվի Հայաստանի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգությունից:

 

Բացի դրանից, բոլոր կողմերը պետք է ուսումնասիրեն տնտեսական հնարավորությունները, որոնք մատչելի չէին հակամարտութան ժամանակ: Ֆրանսիան եւ Գերմանիան 70 տարվա ընթացքում երեք անգամ պատերազմել են, սակայն կարողացել են ինտեգրման միջոցով հաշտեցում սկսել: Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք երեք պատերազմ են վարել 35 տարվա ընթացքում, կարող են դասեր քաղել, իսկ ԵՄ-ն կարող է աջակցել:

Լուսանկարը` Շառլ Միշելի մամուլի գրասենյակ

Նպատակը պետք է լինի կառուցել տարածաշրջան, որը սահմանվում է ապագայի շահերով, այլ ոչ անցյալի տառապանքով: Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ անվտանգ, կայուն եւ կառուցողական հարաբերությունները ոչ միայն ինքին դրական են, այլեւ անցանկալի են Ռուսաստանի համար, որը բարգավաճում է անկայունության պայամաններում: Արեւմուտքը պետք է պատրաստ լինի դրան աջակցելու: Ամենակարեւորը Ադրբեջանի ընտրությունն է: Տասնամյակների փոխադարձ թշնամանքից հետո պարտված Հայաստանի հանդեպ մեծահոգությունը կարող է անհամաչափ մեծ պտուղներ բերել: Հաջորդ քայլը Բաքվինն է:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին