Հայ գործիչների ճակատագրական սխալն ու ապստամբ հանրապետության մահը - Mediamax.am

4202 դիտում

Հայ գործիչների ճակատագրական սխալն ու ապստամբ հանրապետության մահը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Վիգէն Չըթըրեանի՝ Agos թերթում հրապարակված Nagorno-Karabakh, The Death of a Rebel Republic հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Վիգէն Չըթըրեան

 

Միջազգային քաղաքականության փոփոխություններին չհետեւելը հայ քաղաքական գործիչների ճակատագրական սխալն էր։ Միջնորդելու եւ հակամարտության սրումը կասեցնելու համար նրանք հույսը դնում էին Ռուսաստանի վրա: Բայց Պուտինի Ռուսաստանը տարբերվում էր Ելցինի Ռուսաստանից: Հայերը հատկապես հույսը դնում էին Ռուսաստանի վրա Հարավային Կովկասում թուրքական ուղղակի միջամտությունը կանգնեցնելու հարցում։ Նրանք կարծում էին, որ դա կերաշխավորեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանելը։ Նրանք սխալվեցին։

 

Սեպտեմբերի 19-ի կեսօրին ադրբեջանական զինուժը լայնածավալ եւ չհրահրված հարձակում սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջնագծի բոլոր ուղղություններով։ Թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը հարձակվեցին Ղարաբաղի հակաօդային պաշտպանության վրա, իսրայելական արտադրության LORA բալիստիկ հրթիռներն արձակվեցին հրետանային դիրքերի ուղղությամբ, այնուհետեւ ադրբեջանական ուժերը առաջ եկան՝ կտրելու ճանապարհները Ղարաբաղի խորքում՝ մեկուսացնելով քաղաքներն ու գյուղերը։ Մեկ օր տեւած ինտենսիվ մարտերից հետո Ղարաբաղի ղեկավարությունը համաձայնեց հանձնվել՝ այնտեղ տեղակայված ռուս «խաղաղապահների» միջնորդությամբ։

 

Ադրբեջանական այս լայնածավալ ռազմական ագրեսիան վաղուց էր մշակվում: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը պաշարել է Լեռնային Ղարաբաղը՝ փակելով Հայաստանին, հետեւաբար՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս շրջափակումը սկզբում կազմակերպվել էր «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր իրականում պետական գործակալներ էին։ Քանի որ ռուսական «խաղաղապահ» ուժերը չմիջամտեցին, ինչպես նախատեսված է իրենց մանդատով, որը ներառում էր Լաչինի միջանցքի անվտանգ գործունեության ապահովումը, Ադրբեջանը խստացրեց պաշարումը մինչեւ Ղարաբաղը արտաքին աշխարհից ամբողջությամբ կտրելը։ Արդյունքում, Ղարաբաղը ու նրա 120 հազար բնակիչներն ապրում էին սովի պայմաններում՝ առանց դեղորայքի հիվանդների ու վիրավորների համար, առանց վառելիքի ջեռուցման, շտապօգնության կամ ռազմական մեքենաների համար։

Լուսանկարը` REUTERS

Այնուհետեւ Ադրբեջանը կրկին սկսեց զենք ներկրել Իսրայելից, որը սովորաբար մեծ ռազմական էսկալացիայի նախերգանք է լինում: Մի զեկույցի համաձայն, մարտ ամսից Իսրայելն Ադրբեջան է ուղարկել զենքով լի 11 «Իլյուշին-76» ինքնաթիռ, որոնցից հինգը՝ սեպտեմբերի առաջին կեսին։ Յուրաքանչյուր թռիչքի տարողությունը 40 տոննա էր։ Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը սկսեց նաեւ զորքեր կուտակել Ղարաբաղի շուրջ եւ Հայաստանի հետ սահմանին։

 

Պատերազմը նախ հայտարարվեց, իսկ հետո իրականացվեց ըստ սցենարի։ Իլհամ Ալիեւը միշտ պատերազմ է ցանկացել, այլ ոչ բանակցված խաղաղություն։

 

Սառը, երկար ձմռան գալուստը

 

Գիշերները ցուրտ են Ղարաբաղի, հայկական Արցախի լեռներում։ Երբ մեր բազմաթիվ թշնամիներն եկան դարպասի մոտ, մեր ընկերները չկային։

 

Դժվար է հասկանալ ադրբեջանական ագրեսիվությունը՝ առանց հաշվի առնելու Թուրքիան եւ թուրքական հսկայական ռազմական աջակցությունը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր թաքցնում իր աջակցությունն ադրբեջանական ագրեսիային. 2020 թվականին թուրք զինվորներն ուղղակի մասնակցություն ունեցան պատերազմին։ Եթե նկատի ունենանք, որ Թուրքիան երեսուն տարի է, ինչ շարունակում է Հայաստանի շրջափակումը, տպավորություն է ստեղծվում, որ այն չի ներել հայերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր կողմից իրագործած ցեղասպանությունից փրկվելու համար։

Լուսանկարը` REUTERS

Ռուս «խաղաղապահները» հակառակ կողմ էին նայում, երբ ադրբեջանցի զինվորները հարձակվում էին։ Ռուսաստանի ղեկավարությունը նույնիսկ իր քարոզիչներին հրամայեց վերջին ռազմական գործողությունների համար մեղադրել ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանին: Այսպիսի ընկերներ ունենալու պարագայում թշնամիներ էլ պետք չեն։

 

Եվրամիությունը՝ այն կառույցը, որն իր գլուխը ոտքից չի տարբերում, անցյալ տարի օգնեց Ադրբեջանին՝ ավելացնելով նավթի եւ գազի ներկրման ծավալները։ 2022 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ գազի ներկրումն ավելացնելու նպատակով մեկնեց Բաքու՝ ռուսական գազին ԵՄ-ի այլընտրանքներ փնտրելու շրջանակներում։ ԵՄ-ն էլ ավելի շատ նավթադոլարներ ուղղեց Ադրբեջան, եւ «հարաբերությունների եւ համագործակցության ողջ շրջանակը» քննարկելիս, ֆոն դեր Լայենը չառաջարկեց ոչ մի նախապայման Ղարաբաղի հայերի հավանական էթնիկ զտումները կանխելու համար։ Ուկրաինա ներխուժելու համար Պուտինին պատժելու համար ԵՄ-ն ֆինանսավորեց Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի բնաջնջումը ռեալպոլիտիկի միայն կողմնակի վնասն էր։

 

Երկար տատանվելուց հետո Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը 1915 թվականին հայերի դեմ օսմանյան ոճրագործություններն որակեց որպես «ցեղասպանություն»։ Դա տեղի ունեցավ 2022 թվականին, ուստի դեռ վառ է բոլորի հիշողություններում։ Մինչդեռ նա բավական ժամանակ ու հնարավորություն ուներ Իլհամ Ալիեւին պատժամիջոցներով զգուշացնելու եւ Ղարաբաղում էթնիկ զտումները դադարեցնելու համար։ Սակայն նա դա չարեց:

 

Ցեղասպանությո՞ւն։ Այո։ Բայց «այլեւս երբեք»-ը կարծես չի տարածվում հայերի վրա։

 

Միջազգային քաղաքականությունն այսօր եւ ամեն օր

 

Հայերը շատ որակներ ունեն, բայց պետական գործիչ լինելը դրանց թվում չէ։

 

Հայրենասիրական կարգախոսներով ելույթները նրանք շփոթեցին քաղաքականության հետ։ Տասնամյակներ շարունակ հայերը փնտրում էին «արդարություն», իբրեւ թե ցեղասպանությունից հետո արդարությունը հնարավոր է: Հայերը ճանաչում էին փնտրում, բայց խոսքեր էին ստանում՝ քաղաքականության կանոններով խաղալու եւ իրական ազդեցություն զարգացնելու փոխարեն։

Լուսանկարը` REUTERS

Միջազգային քաղաքականության փոփոխություններին չհետեւելը հայ քաղաքական գործիչների ճակատագրական սխալն էր։ Միջնորդելու եւ հակամարտության սրումը կասեցնելու համար նրանք հույսը դնում էին Ռուսաստանի վրա: Բայց Պուտինի Ռուսաստանը տարբերվում էր Ելցինի Ռուսաստանից: Հայերը հատկապես հույսը դնում էին Ռուսաստանի վրա Հարավային Կովկասում թուրքական ուղղակի միջամտությունը կանգնեցնելու հարցում։ Նրանք կարծում էին, որ դա կերաշխավորեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանելը։ Նրանք սխալվեցին։ Երբ Ադրբեջանը սկսեց իր հարձակումը 2020 թվականին, թուրքական զինուժը միջամտեց, մինչդեռ Ռուսաստանը 44 օր անգործության մեջ էր։

 

Սակայն ամենացավալին հայ քաղաքական էլիտայի շարունակական անկարողությունը տեսնելն է: 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր հայաստանյան քաղաքականությունը բեւեռացված է նոր «հեղափոխական» ղեկավարների եւ հին կարգի կողմնակիցների միջեւ։ 2020 թվականին այս ներքաղաքական կռիվը թույլ չտվեց քաղաքական դասին տեսնել գալիք փոթորիկը։ Պատերազմից եւ պարտությունից հետո հնարավորություն կար ազգային միասնության կոչ անելու, միասնական հարթակում աշխատելու համար՝ փրկելու Լեռնային Ղարաբաղը կամ այն, ինչ մնացել էր դրանից։

Լուսանկարը` REUTERS

Ամեն քաղաքական գործիչ չէ, որ պետական գործիչ է։ Երեւանի քաղաքական դասը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, թվում է, թե չափազանց զբաղված են իրենց անձնական ներքին կռիվներով, որպեսզի նկատեն, որ կորցնում են հայրենիքը:

 

Փոքր պետությունները, փոքր ազգերը միայն մեկ անգամ են սխալվում, եւ այդ մեկ պարտությունը կարող է ճակատագրական լինել: Հայոց պատմությանը նայելիս հասկանում ես, որ մեկ սխալի տեղ չկա, որ մեկ պարտությունը կարող է ճակատագրական լինել։

Լուսանկարը` REUTERS

Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վիրավոր արծվի վրա, նույնիսկ Հայաստանը չօգնեց։ Այժմ Ղարաբաղի ողջ բնակչությունը պատանդ է ադրբեջանցի զինվորականների ձեռքում, մինչդեռ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը հայտարարում է նրանց բռնի «ինտեգրման» մասին։ Մտածելով դրա մասին, համակենտրոնացման ճամբարների պատկերներ են գալիս միտքս:

 

Հանգչի՛ր խաղաղությամբ, լեռնային ռազմիկ, քո՛ քաջությունն ու համառ հայրենասիրությունը բավարար չէին գոյությունդ պաշտպանելու համար։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին