Ներկայացնում ենք Հունաստանի ֆինանսների նախկին նախարար, «Եվրոպական իրատեսական անհնազանդության ճակատ» (MeRA25) կուսակցության առաջնորդ, Աթենքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յանիս Վարուֆակիսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յանիս Վարուֆակիս
2024 թվականի իմ օրացույցում ամենամեծ իրադարձությունը Եվրախորհրդարանի ընտրություններն են: Ցավոք, դրանք ինձ այնպես չեն ոգեշնչում, ինչպես հինգ տարի առաջ:
2019 թվականին ես առաջարկեցի թեկնածությունս Գերմանիայում, իսկ գերմանացի գործընկերս՝ Հունաստանում: «DiEM25»-ը՝ մեր համաեվրոպական շարժումը, ցանկանում էր շեշտել, որ եվրոպական ժողովրդավարությունը կեղծ է, քանի դեռ լիովին անդրազգային չի դարձել: 2024-ին նման ժեստերը նույնիսկ խորհրդանշական առումով իմաստազուրկ են։
Հաջորդ տարվա հունիսին կայանալիք եվրոպական ընտրություններից իմ հուսալքությունը պայմանավորված չէ եվրոպական քաղաքականության նկատմամբ հետաքրքրության կորստով կամ վերջին քաղաքական պարտություններով, որոնցից ինձ էլ է բաժին հասել։ Ես հուսալքված եմ, քանի որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ իմ կյանքի ընթացքում ժողովրդավարության սերմերը կարմատավորվեն Եվրամիությունում:
Եվրոպայի նվիրյալները կպախարակեն ինձ այս խոսքերի համար: Ինչպե՞ս եմ համարձակվում նկարագրել ԵՄ-ը որպես ժողովրդավարությունից զերծ գոտի, երբ այն ղեկավարում է խորհուրդը, որը բաղկացած է ընտրված վարչապետներից ու նախագահներից, ընտրված ազգային կառավարությունների կողմից նշանակված հանձնաժողովից եւ Եվրոպայի ժողովուրդների կողմից ուղղակիորեն ընտրված խորհրդարանից, որն ունի հանձնաժողովը պաշտոնանկ անելու իրավունք:

Լուսանկարը` REUTERS
Խորապես անհավասար հասարակություններում դեմոկրատիայի այցեքարտն այն ինստիտուտներն են, որոնց նպատակն է թույլ չտալ, որ մարդկային փոխազդեցությունը վերածվի ուժային հարաբերությունների: Բռնակալությունը զսպելու համար գործադիրի ըստ հայեցողության գործելու իշխանությունը պետք է նվազագույնի հասցվի ինքնիշխան պետական կառույցի կողմից, որը դրա համար միջոցներ ունի:
ԵՄ անդամ երկրները տրամադրում են այդ միջոցները իրենց պետական մարմիններին։ Որքան էլ սահմանափակ լինի ընտրությունը, երկրի քաղաքացիները պահպանում են ընտրված մարմիններին իրենց որոշումների համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը (երկրի արտածին սահմանափակումների շրջանակներում): Ավաղ, ԵՄ մակարդակով դա անհնար է։
Երբ ԵՄ խորհրդի նիստից հետո մեր առաջնորդները տուն են վերադառնում, նրանք անմիջապես հրաժարվում են ժողովրդականություն չվայելող որոշումներից՝ փոխարենը մեղադրելով խորհրդի իրենց գործընկերներին. «Դրանից ավելին չէի կարող բանակցել», - ուսերը թոթափելով ասում են նրանք:
ԵՄ աշխատակիցները, խորհրդականները, լոբբիստներն ու Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնյաները գիտեն սրա մասին: Նրանք արդեն սովոր են ակնկալել, որ անդամ-պետությունների ներկայացուցիչները կհետեւեն կանոններին եւ իրենց ազգային խորհրդարաններին կասեն, որ, թեեւ համաձայն չէին Խորհրդի որոշումներին, չափազանց «պատասխանատու» եւ հավատարիմ են եվրոպական «համերաշխությանը»՝ դիմակայելու համար:

Լուսանկարը` REUTERS
Եվ հենց դրանում է ԵՄ-ի ժողովրդավարության պակասը: Կարեւոր քաղաքականությունը, որը մերժում է Խորհրդի անդամների մեծամասնությունը, հաճախ հեշտությամբ ընդունվում է, եւ չկա որեւէ պետական մարմին, որը կարող է գնահատական տալ հենց Խորհրդին, պատասխանատվության ենթարկել եւ, ի վերջո, հեռացնել որպես մարմին: Երբ Խորհուրդը հասնում է քիչ թե շատ ընդունելի համաձայնության (ինչպես Իսպանիայի եւ Նիդեռլանդների վարչապետները՝ Պեդրո Սանչեսն ու Մարկ Ռյուտեն համաձայնեցին բարեփոխել ԵՄ-ի հարկաբյուջետային պայմանագիրը), ազգային ընտրությունները, որոնք հետաքրքրված չեն ԵՄ մակարդակի որոշումներով, կարող են պատճառ դառնալ, որ դրանք հօդս ցնդեն:
Ավելին, Հանձնաժողովը ամբողջությամբ հեռացնելու Եվրախորհրդարանի պաշտոնական լիազորությունը (որը դեռեւս չունի օրենսդրություն նախաձեռնելու իրավասություն) նույնքան օգտակար է, որքան հունական նավատորմը միջուկային ռումբով զինելը, որպեսզի հակազդի Թուրքիայի սպառնալիքներին՝ գրավելու իր ափին մոտ գտնվող կղզին:
Այս ամենը նորույթ չէ: Բայց ես այսօր ավելի հուսալքված եմ, քանի որ երեք զարգացումներ իսպառ ոչնչացրել են ԵՄ գաղափարը՝ որպես արդյունավետ դրական ուժ Եվրոպայի ներսում եւ դրա սահմաններից դուրս:
Նախ եւ առաջ՝ մենք կորցրեցինք հույսը, որ ընդհանուր պարտքը կարող է հանդես գալ որպես hամիլտոնյան սոսինձ, որը մեր եվրոպական համադաշնությունը կվերածի միասնական ժողովրդավարական դաշնության պես մի բանի: Այո՛, համաճարակը Գերմանիային ստիպեց, ի վերջո, ընդունել ընդհանուր եվրոպական պարտքի թողարկումը։ Բայց, ինչպես ժամանակին զգուշացրել էի, քաղաքական պայմանները, որոնց ներքո հոսեցին ֆինանսական միջոցները, եվրասկեպտիկների երազանքի իրականացումն էր: Եվ արդյունքո՞ւմ: Փոխանակ կատարելու անհրաժեշտ հարկաբյուջետային միության ստեղծմանն ուղղված առաջին քայլը՝ NextGenerationEU-ն (Եվրոպայի համաճարակից վերականգնման հիմնադրամը) բացառեց համիլտոնյան փոխակերպումը:
Երկրորդ՝ Ուկրաինայի պատերազմը ոչնչացրեց ԱՄՆ-ից ռազմավարական ինքնավարության ձեռք բերելու եվրոպական նկրտումները, եւ ԱՄՆ-ը, չնայած 2020-ին Դոնալդ Թրամփի պարտությունը հետեւած պաշտոնական բարեհաճություններին, շարունակում են դիտարկել ԵՄ-ը որպես հակառակորդի, որին պետք է զսպել: Ինչ էլ պարունակի Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության համաձայնագիրը, անվիճելի է, որ ԵՄ դեր չի ունենա այդ դիվանագիտական գործընթացում:
Երրորդը. ԵՄ-ը այլեւս չի էլ հավակնում սկզբունքային աշխարհաքաղաքացիության ջատագով լինել: Եվրոպացիները քամահրեցին Թրամփի «Կառուցի՛ր պատ» քարոզարշավը, բայց ԵՄ-ը ապացուցեց, որ պատեր կառուցելու հարցում Թրամփից ավելի հմուտ է: Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին, Մարոկկոյի իսպանական անկլավում, Հունգարիայի եւ Ռումինիայի արեւելյան սահմաններին, Լիբիայի անապատում, իսկ այժմ նաեւ Թունիսում ԵՄ ֆինանսավորմամբ այնպիսի գարշելի բաներ են կառուցվել, որոնց Թրամփը միայն կնախանձեր: Եվ բառ անգամ չի ասվում մեր առափնյա անվտանգության անօրինական պահվածքի մասին, որը գործում է մեղսակից Frontex-ի (ԵՄ սահմանների վերահսկողության գործակալություն) քողի տակ եւ անտարակույս նպաստել է Միջերկրական ծովում հազարավոր մարդկանց մահվանը:

Լուսանկարը` REUTERS
2019 թվականի եվրոպական ընտրություններից հետո ազատական մամուլը թեթեւացած շունչ քաշեց, որ Եվրոպայի ծայրահեղ աջերը այնքան մեծ հաջողության չհասան, որքան նրանք վախենում էին: Բայց մոռացան, որ, ի տարբերություն միջպատերազմյան ֆաշիստների, նոր ծայրահեղ աջերը ընտրություններում հաղթելու կարիք չունեն։ Նրանց ուժն այն է, որ հաղթեն թե պարտվեն՝ նրանք իշխանություն են ձեռք բերում, քանի որ ավանդական կուսակցությունները, իրարից առաջ ընկած, որդեգրում են այլատյացության թեթեւ տարբերակը, հետո ավտորիտարիզմի թեթեւ տարբերակը, եւ ի վերջո՝ տոտալիտարիզմի թեթեւ տարբերակը: Այլ կերպ ասած՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նման ինքնակալ եվրոպացի առաջնորդները կարիք չունեն մատը մատին խփելու, որպեսզի իրենց շովինիստական դավանանքը տարածվի ողջ ԵՄ-ում եւ Բրյուսելում:
Սրանք եվրասկեպտիկի մտքեր չեն, ով կարծում է, որ եվրոպական ժողովրդավարությունն անհնար է, քանի որ անհնար է եվրոպական դեմոսը՝ ժողովուրդը: Սա եվրոպամետի ողբ է, որի կարծիքով եվրոպական դեմոսը լիովին հնարավոր է, բայց ԵՄ-ը շարժվել է հակառակ ուղղությամբ: Մենք ականատես ենք, թե ինչպես են զուգահեռաբար տեղի ունենում Եվրոպայի արագ տնտեսական անկումը եւ ժողովրդավարության (եւ էթիկայի) կորուստը։
Չնայած կասկածներիս՝ ինձ համար հեշտ որոշում է կրկին մասնակցել Եվրոպական ընտրություններին՝ այս անգամ Հունաստանում «MeRA25»-ի հետ, հենց այն պատճառով, որ քարոզարշավի ընթացքում ես պետք է հանրորեն խոսեմ իմ կասկածների մասին: Պարադոքսն այն է, որ նախքան որեւէ մեկին համոզելը, ես պետք է ինքս ինձ համոզվեմ, որ ԵՄ ընտրական քաղաքականության համար արժե ջանք թափել:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2023.
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: