Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գերմանիայի նախկին արտգործնախարարն ու փոխկանցլեր Յոշկա Ֆիշերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Յոշկա Ֆիշեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը Ուկրաինա հետ մղեց Եվրոպան դեպի պատմության մութ էջերը: Մայրցամաքը կրկին առերեսվել է իր ամենասարսափելի տառապանքի ուրվականին՝ լայնածավալ նվաճողական պատերազմին:
Տասնամյակներ տեւած հարաբերական խաղաղությունից ու կայունությունից հետո եվրոպական սահմանների ուժով վերաձեւումը եւ ինքնիշխան պետությունների ոչնչացումը հանկարծ շոշափելի դարձավ: Քանի որ Ռուսաստանը խաղաղ համագործակցությանը նախընտրեց ագրեսիան, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ուկրաինացիները պայքարում են ոչ միայն իրենց, այլեւ Եվրոպայի ազատության համար:
Պատմությունը թյուրիմացություններն ու մոլորությունները շտկելու միջոց ունի։
Երբ 1989 թվականին Բեռլինի պատը փլուզվեց՝ ազդարարելով Սառը պատերազմի ավարտը, Եվրոպան աշխուժացավ նոր լավատեսական զգացումով: Բրանդենբուրգյան դարպասը վերաբացվեց, Կարմիր բանակը հեռացավ Վարշավայի պայմանագրի երկրներից, Խորհրդային Միությունը կազմալուծվեց։ «Պատմության վերջը» մոտ էր, իսկ Իմանուել Կանտի «հավերժական խաղաղության» ուտոպիստական տեսլականը հասանելի թվաց:
Եվրոպացիները՝ հատկապես գերմանացիները, միավորմանը հաջորդած էյֆորիայից ոգեւորված, մինչեւ վերջերս դեռ կառչած էին այս պատրանքից: Ավաղ, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Հավերժական խաղաղությանը հասնելու փոխարեն Սառը պատերազմի երկբեւեռ կարգի փլուզումը առաջացրեց բազմաբեւեռ աշխարհ, որտեղ գերիշխում են տարբեր մայրցամաքային եւ ենթամայրցամաքային տերություններ, եւ նշանավորվեց 21-րդ դարի երկու գերտերությունների՝ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ աճող մրցակցությամբ:

Լուսանկարը` REUTERS
1999-ին իշխանության գալուց ի վեր Պուտինը ձգտում է շրջադարձել Սառը պատերազմի արդյունքը եւ վերականգնել Ռուսաստանի կարգավիճակը որպես գերտերություն՝ հիմնականում ռազմական միջոցներով: Այդ նպատակով պուտինյան Ռուսաստանը երես թեքեց 1989 թվականից հետո եվրոպական կոնսենսուսից եւ փորձեց վերադառնալ անցած դարաշրջանի նորմերին:
Վերջին երկու տասնամյակների աշխարհաքաղաքական վերադասավորումները համընկան թվային հեղափոխության հետ: ԱՄՆ-ն ու Չինաստանը գլխավորում են արմատական տեխնոլոգիական փոփոխությունները, մինչդեռ Եվրոպան հետ է մնացել: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական, տնտեսական եւ անվտանգության խոցելի տեղերը՝ Եվրոպայի հեռանկարը մռայլ էր թվում նախքան իր տարածքում հայտնվեց պատերազմի նոր սպառնալիքը:
Հաշվի առնելով Ռուսաստանի էքսպանսիոնիստական նկրտումներից բխող վտանգը, եվրոպական երկրները պետք է ավելի մեծ քաղաքական եւ ռազմական միասնության ձգտեն: Այնուամենայնիվ, չնայած երկու համաշխարհային պատերազմների եւ տասնամյակներ տեւած Սառը պատերազմի դասերին, իսկական եվրոպական միավորումը եւ ընդհանուր ինքնիշխանությունը մնում են անհասանելի՝ մայրցամաքի լեզվական ու մշակութային բազմազանության պատճառով: Մինչ Ուկրաինայում մոլեգնում է Պուտինի ռազմական ագրեսիան, ազգային ինքնության ձգողական ուժը Եվրոպայում ակնհայտորեն գերազանցում է վախը արտաքին սպառնալիքներից՝ լինի դա Ռուսաստանը, թե ԱՄՆ-ի վերադարձը իզոլյացիոնիզմի եւ ահագնացող մրցակցությունը Չինաստանի հետ, եթե Դոնալդ Թրամփը հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո վերադառնա Սպիտակ տուն:

Լուսանկարը` REUTERS
Քանի դեռ Եվրոպան իրապես չի միավորվել, այն, որպես հզոր ուժ, չի կարողանա վերականգնել իր կարգավիճակը 21-րդ դարի բազմաբեւեռ աշխարհում: Գլոբալ պատկերում, որտեղ իշխում են գերտերությունները, Եվրոպան կարող է կախյալ մնալ ԱՄՆ-ի հետ իր դաշինքից եւ դառնալ ստորադաս կրտսեր գործընկեր, այլ ոչ իրապես ինքնիշխան սուբյեկտ:
Բայց հարցը մնում է բաց. արդյո՞ք Եվրոպան դեռեւս ունի այն վստահությունը, որն անհրաժեշտ է համաշխարհային բեմում կարեւոր դեր խաղալու համար: Դրան համապատասխանելու համար եվրոպական երկրները պետք է զգալի խոչընդոտներ հաղթահարեն եւ հզորացնեն իրենց քաղաքական եւ ռազմական կարողությունները: Պուտինի պատերազմն Ուկրաինայում ջրբաժան պահ է այս դարի մշտապես փոփոխվող գլոբալ կարգի եւ դրանում Եվրոպայի դիրքի համար:
Հաշվի առնելով Թրամփի նոր նախագահության հետ կապված ռիսկերը եւ Ամերիկայի աշխարհաքաղաքական ուշադրությունը դեպի Խաղաղ օվկիանոս տեղափոխելը՝ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու Եվրոպայի գոյատեւումը, նույնիսկ եթե ԱՄՆ-ն այլեւս ի վիճակի չլինի կամ չցանկանա ծառայել որպես մայրցամաքի վահան: Այլապես եվրոպացիները կարող են հավերժ ապրել ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ եւ բավարարել Կրեմլի բոլոր քմահաճույքները:
Այս ռիսկը մեղմելու համար Եվրոպայի առաջնային նպատակը պետք է լինի ռազմական զսպման կարողությունների հզորացումը ցամաքում, ծովում եւ օդում: Դատելով Ուկրաինայի փորձից՝ այս խնդիրը պետք է գերակա լինի պետական ֆինանսների համախմբման կամ սոցիալական նոր ծրագրերի ներդրման նկատմամբ։

Լուսանկարը` REUTERS
Անվտանգությունը ընդամենը մեկն է այն երեք մոնումենտալ կառուցվածքային մարտահրավերներից, որոնց ներկայում բախվում է Եվրոպան: Ի լրումն աշխարհաքաղաքական լարվածությանը եւ պատերազմի վերադարձին մայրցամաք, Եվրոպան պետք է հարմարվի արագ տեղաշարժին դեպի արհեստական բանականություն եւ մաքուր էներգիա: Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են համարձակ, փոխակերպող միջոցներ, որոնք հիմնովին կվերափոխեն մեր աշխարհը:
Եվրոպան, իր ներքին տարատեսակությամբ, հաճախ չի ցանկացել կամ չի կարողացել զբաղվել ուժային քաղաքականությամբ: Բայց այս պահը ազդեցիկ համաշխարհային դեր խաղալու անսպասելի եւ անօրինակ հնարավորություն է ընձեռում։ Ազգային մեկուսացածությունը շքեղություն է, որը Եվրոպան այլեւս չի կարող իրեն թույլ տալ։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2023.
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: