Ղարաբաղի պաշարումն ու Ադրբեջանի երկու տեսլականները - Mediamax.am

1563 դիտում

Ղարաբաղի պաշարումն ու Ադրբեջանի երկու տեսլականները


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Վիգէն Չըթըրեանի՝ Agos թերթում հրապարակված Siege of Karabakh and Two Visions of Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Վիգէն Չըթըրեան

 

Ղարաբաղի շրջափակումը Ադրբեջանի իշխանությունների կողմից տեւում է արդեն գրեթե ինը ամիս։ Սննդի, վառելիքի եւ դեղորայքի պակասից մահվան դեպքեր են արձանագրվել: Մոտենում է ձմեռը, եւ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Լեռնային Ղարաբաղի (կամ հայկական Արցախի) ողջ բնակչությանը։ Այս պաշարումը ադրբեջանական իշխող շրջանակներում գերիշխող կոնկրետ գաղափարական տեսլականի արդյունք է: Միեւնույն ժամանակ ձեւավորվում են այլընտրանքային ձայներ, որոնք դեռեւս փոքրամասնություն են, բայց ազդեցիկ:

 

Ղարաբաղը ցամաքային եւ օդային ամբողջական շրջափակման ենթարկելուց հետո ադրբեջանական իշխանությունները ճնշում են գործադրում, որպեսզի «մարդասիրական օգնություն» ուղարկեն պետության կողմից վերահսկվող ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով:

 

Իլհամ Ալիեւը ղարաբաղցի հայերին ընտրություն չի թողնում. կա՛մ ենթարկվել իր տիրապետությանը, կա՛մ մահ։ Անգամ ենթարկվելու դեպքում ղարաբաղցիներին սպասում է ձերբակալություն, ցուցադրական դատավարություններ եւ մահվան վտանգ. վերջին մի քանի ամիսներին ադրբեջանցի զինվորները ձերբակալել են տարեց հայերի (այդ թվում՝ 68-ամյա անառողջ Վագիֆ Խաչատրյանին), որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով անցնում էին Լաչինի միջանցքով, մեղադրել նրանց նախկինում «հանցագործություններ» կատարելու մեջ եւ ձերբակալել։ Օգոստոսի 28-ին ձերբակալվել են նաեւ ռուս խաղաղապահների մեքենաներով Ղարաբաղից Հայաստան մեկնող երեք ուսանող։ Ցանկացած հայի, ով հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում, սպառնում է նման առեւանգման վտանգ, քանի որ Ադրբեջանում գործող դատական համակարգ գոյություն չունի:

 

Երբ մի վարչակարգ, որի եկամտի 94%-ը կախված է նավթի եւ գազի արտահանումից, օգտագործում է բնապահպանության ալիբին, դա ոչ միայն ցինիկություն է, այլ նաեւ իմաստի միտումնավոր աղճատում: Ալիեւների տոհմի ավտորիտարիզմը վերածում է «բնապահպանություն», «ակտիվիզմ», «փրկել մոլորակը» հասկացությունները էթնիկ ատելության, պաշարողական պատերազմների եւ ցեղասպանության սպառնալիքի օրուելյան մղձավանջի:

 

2020-ի պատերազմից հետո բռնաճնշումները սաստկանում են

 

Իմաստի այս աղճատումը միայն հայերին չի վերաբերում. դա համապարփակ համակարգ է, որը մշակել է Իլհամ Ալիեւը այն ժամանակվանից, երբ երկու տասնամյակ առաջ ժառանգեց իշխանությունն իր հորից: Երբ հուլիսին ադրբեջանական Սոյուդլու գյուղում իրական բնապահպանական բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնց ընթացքում գյուղացիները բողոքում էին հանքարդյունաբերության թունավոր աղտոտման դեմ, ադրբեջանական ոստիկանությունը դաժանորեն հարձակվեց տարեց ցուցարարների վրա, գյուղը շրջափակման մեջ առավ եւ ակտիվիստներին բանտ նետեց:

 

COVID-19-ի համաճարակից ի վեր Ադրբեջանը խիստ վերահսկողության տակ է։ Հարեւան երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ ցամաքային սահմանները մինչ օրս փակ են։ Պաշտոնական հիմնավորումը համաճարակն է, թեեւ ոչ պաշտոնապես Ալիեւն իրեն ավելի ապահով է զգում, երբ Ռուսաստանի եւ Իրանի հետ Ադրբեջանի սահմանները փակ են։ Հարավարեւելյան Վրաստանի էթնիկ ադրբեջանցի փոքրամասնությունը բողոքել է այս շրջափակման դեմ՝ Բաքվին խնդրելով վերաբացել սահմանը:

Լուսանկարը` REUTERS

Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը շարունակում ագրեսիվ քաղաքականությունը եւ նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո ամեն ինչ անում Ղարաբաղի հայերի էթնիկ զտման համար։

 

Բացատրություններից մեկն այն է, որ նման ծայրահեղական քաղաքականությունը նրան անհրաժեշտ է ժողովրդականություն ձեռք բերելու համար: Թեեւ ադրբեջանցիների մեծ մասը համաձայն է հայերի դեմ ագրեսիվ քաղաքականությանը, Իլհամ Ալիեւն իր քաղաքականության համար հանրային համաձայնության կարիք չունի: Ռազմական հաղթանակը Ալիեւին տվեց այնպիսի լեգիտիմություն, ինչպիսին անկախությունից ի վեր չի վայելել Ադրբեջանի ոչ մի այլ ղեկավար։ Նրա վարած քաղաքականությունն արտացոլում է իր սեփական տեսլականները եւ իր ազգամոլական գաղափարախոսությունը՝ ծայրահեղ ազգայնական եւ ռասիստական հայացքները, որոնք գերիշխում էին Եվրոպայում 1930-ականներին:

 

Իլհամ Ալիեւի համար հայերը պարզապես գոյության իրավունք չունեն: Նրանց ինչ-որ տեղից «բերել է ռուսական գաղութատիրությունը», եւ նրանք քաղաքական հայացքներ ունենալու արտոնություն չունեն։ Ոչ միայն Ալիեւն է անկեղծորեն խոսում ղարաբաղցի հայերի էթնիկական զտման իր ծրագրերի մասին, այլեւ նրա ռեժիմը բացահայտորեն մարտահրավեր է նետում հենց հայկական պետականության լեգիտիմությանը. պաշտոնական ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանն իր ներկայիս սահմաններում նշված է որպես «արեւմտյան Ադրբեջան»: Նման գաղափարախոսությունը հավերժական ազգամիջյան պատերազմների աղբյուր է։

 

Նման լույսի ներքո Ալիեւը տեսնում է նաեւ Ադրբեջանի ժողովուրդը։ Նրա համոզմունքը, որ կան կառավարելու ժառանգական լեգիտիմություն ունեցող իր պես անհատներ եւ ստորադաս զանգվածներ, որոնց ճակատագիրն է կառավարվել, միայն ամրապնդվեց 2020 թվականի ռազմական հաղթանակով: Իր համոզմամբ՝ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, բազմակողմանիությունը, ժողովրդավարությունն ու նման բաները թույլերի համար են։ Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղը ինը ամիս շրջափակման մեջ է, այդ իսկ պատճառով ադրբեջանցի այլախոհների դեմ ճնշումները պատերազմից հետո ակտիվացել են, այլ ոչ նվազել. 2020 թվականից ի վեր ադրբեջանցի քաղբանտարկյալների թիվն ավելացել է: Վերջին մի քանի ամիսներին քաղբանտարկյալներ Շաիք Քազըմովը եւ Սաբուհի Սալիմովը մահացել են երկարատեւ հացադուլից հետո, որը սկսել էին որպես բողոք սարսափելի բանտային պայմանների դեմ:

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւի պետությունում կարելի է կա՛մ անձնապես ենթարկվել իշխողին ու նրա քմահաճույքին, կա՛մ դառնալ ընդդիմություն ու ենթարկվել բռնաճնշման։ Անձնիշխան վարչակարգերին անհրաժեշտ են արտաքին թշնամիներ՝ արդարացնելու ներքին կարգապահությունն ու բռնաճնշումները: Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի աշխատությունները, որոնցից վերջինում նա եզրակացրել էր, որ «նավթը խոչընդոտում է ժողովրդավարությանը», պարզապես չեն հանդուրժվում. նա ձերբակալվեց Բաքվում հուլիսի 23-ին «կեղծարարության» անհավանական մեղադրանքով եւ բանտում խոշտանգումների ենթարկվեց։

 

Ամենադաժան բռնաճնշումների ենթարկվել են կրոնասեր շիա հավատացյալները: Վերջին ամիսներին հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Թեեւ շիա իսլամը պետական կրոն է, Ալիեւի ռեժիմն ցանկանում է վերահսկել ցանկացած ինքնավար կազմակերպություն եւ կասկածում է, որ շիա հավատացյալները կարող են կապեր ունենալ Իրանի հետ:

 

Տասնամյակներ շարունակվող բռնաճնշումները կազմաքանդում են այն, ինչ մնացել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպումից, եւ այս քաղաքականությունն աղետալի հետեւանքներ կունենա, երբ Ալիեւի անձնիշխանական ռեժիմը ճգնաժամային փուլ մտնի։

 

Այլընտրանքային Ադրբեջան

 

Իլհամ Ալիեւի ազգամոլական գաղափարախոսությունը չի համոզում Ադրբեջանի կրթված շրջանակների, հատկապես 2020-ի պատերազմից հետո։ Պատերազմը վերացրեց հակահայկական ատելության հիմնական արդարացումը. Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականությունը, շարունակվող զինված հարձակումները եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումը պարզ դարձրին, թե այս հակամարտությունում որն է մշտական բռնության աղբյուրը։ Ավելին, Ադրբեջանում շատերը հույս ունեին, որ պատերազմից ու հաղթանակից հետո ներքին ռեպրեսիաները կթուլանան։ Այժմ նրանք իրար են կապում այլախոհ ադրբեջանցիների նկատմամբ չդադարող ներքին հալածանքն ու Ղարաբաղի հայերի նկատմամբ արտաքին բռնությունները։

 

Էթնիկ թշնամու ու պատերազմի եւ ներքին ռեպրեսիաների միջեւ հենց այս կապն է Ադրբեջանական ֆեմինիստական խաղաղության կոլեկտիվի օգոստոսի 10-ի հայտարարության ինքնատիպությունը: Հայտարարության վերնագիրն ինքնին բավական է կովկասյան քաղաքականության դիտորդին զարմացնելու համար. «Ի նշան Ղարաբաղի/Արցախի հետ համերաշխության եւ ընդդեմ տոտալ պատերազմի, շրջափակման եւ գերիշխանության»։ Հայտարարությունը մերժում է Արցախի հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ազգային պետության անունից իրականացվող բռնությունները.

 

«Լինի Ղարաբաղի/Արցախի շրջափակումը, Սոյուդլու գյուղի բնակչության նկատմամբ բռնությունը, թե քաղաքականապես ակտիվ բնակչության դեմ կազմակերպված պետական տեռորը, կարեւոր է հասկանալ, որ այս ամենը փոխկապակցված է, եւ որ իրական թշնամին անզոր հայկական համայնքը չէ, այլ Ադրբեջանի գերիշխող ու հեգեմոն պետությունը»։

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւի շարունակական բռնաճնշումները ոչնչացրել են քաղաքական կենտրոնը եւ բեւեռացրել ադրբեջանցիներին, որոնք բաժանվում են նրանց, ովքեր անձնական հավատարմություն ցուցադրելով հանձնվում են իշխողներին, եւ նրանց, ովքեր դուրս են մղվում եւ արմատականանում:

 

Նման արմատական հայացքներն այսօր փոքրամասնություն են կազմում, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը հետեւում է Ալիեւին: Այնուամենայնիվ չպետք է թերագնահատել նոր գաղափարների ձեւավորման կարեւորությունը: Երեսուն տարվա հակամարտության ընթացքում առաջին անգամ նման արմատական քննադատություն է հնչում գերիշխող գաղափարախոսության դեմ եւ հնարավորություն ստեղծում հաղթահարելու հակամարտության բուն պատճառը՝ ագրեսիվ ազգայնականությունը։ Չպետք է թերագնահատենք նաեւ Ալիեւի գաղափարախոսության դեմ բարձրացված քննադատական գաղափարների կարեւորությունը. գաղափարախոսության, որը չունի բովանդակություն, աղճատում է իմաստը եւ հիմնված է ոչ թե համոզելու, այլ բիրտ ուժի վրա։ Միայն ապագայի ընդգրկուն հակաազգայնական տեսլականը կարող է վերջ տալ Կովկասում անվերջ պատերազմներին, որոնք մղվում են ինչպես «ուրիշի», այնպես էլ սեփական ժողովրդի դեմ:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին