Ներկայացնում ենք Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի եւ ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի՝ Die Zeit թերթում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը։
Շտեֆան Մայսթեր
Լեռնային Ղարաբաղում հայերի վիճակը գնալով ավելի հուսահատ է դառնում. Ադրբեջանը շրջափակել է վիճելի տարածքի միակ ճանապարհը դեպի Հայաստան՝ Լաչինի միջանցքը, եւ դա անում է 2022 թվականի դեկտեմբերից: Այս հումանիտար աղետը վկայում է, որ Հարավային Կովկասում ուժերի վերադասավորում է տեղի ունենում հօգուտ Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի: 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո, գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանն է այժմ որոշում վիճելի տարածաշրջանի ապագան։
Ռուսաստանը, որն ավանդաբար Հայաստանի պաշտպանն էր եւ 2020 թվականի հրադադարի համաձայնագրի երաշխավորը, 2022 թվականի փետրվարից թուլացել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Ինչպես Հայաստանի ռազմաբազայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մոտ 2 000 խաղաղապահ զորքում պրոֆեսիոնալ զինվորները հիմնականում փոխարինվել են ժամկետային զինծառայողներով: Ադրբեջանցիները բազմիցս փորձարկել են միջազգայնորեն չճանաչված այս ռուս խաղաղապահների արձագանքելու ունակությունը եւ ըստ այդմ ընդլայնել իրենց ազդեցության գոտին։
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում փոխվում են Ուկրաինայի դեմ պատերազմի եւ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով. Ռուսաստանին անհրաժեշտ են այլընտրանքային առեւտրային ուղիներ, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը Ադրբեջանի տարածքով դեպի Իրան ու Հնդկաստան, եւ Թուրքիան՝ որպես արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու առանցքային երկիր։ Սա իր հերթին ամրապնդում է Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակցային դիրքերը Ռուսաստանի նկատմամբ։ Թուրքիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է զենքի մատակարարման եւ ռազմական պատրաստության հարցում, եւ սերտ տնտեսական կապեր ունի նրա հետ։ Ադրբեջանը Թուրքիային գազ մատակարարող կարեւոր երկիր է: Նախագահ Էրդողանը ցանկանում է ավելի մեծ դեր խաղալ Հարավային Կովկասում եւ իր ազդեցությունը ընդլայնելու համար օգտագործում է Պուտինի թուլությունը։
Լուսանկարը` REUTERS
Այս զարգացումներում պարտվող կողմը Հայաստանն է, որը ռազմական առումով զիջում է Ադրբեջանին՝ զինված ժամանակակից, այդ թվում՝ իսրայելական սպառազինությամբ։ Հայաստանն այլեւս չի կարող ապավինել նաեւ Մոսկվայի անվտանգության երաշխիքներին։ Ռուսաստանի գլխավորած տարածաշրջանային անվտանգության դաշինքին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ուղղված մի քանի հարցումները մերժվել են: Միեւնույն ժամանակ պարզ է դառնում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն կա ադրբեջանական զորքի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա հարձակման դեպքում, քանի որ ռուսական զորքերը միշտ ժամանակին նահանջում են եւ ոչինչ չեն անում Լաչինի միջանցքի շրջափակման դեմ։
Նպատակը համաձայնագիր կորզելն է
Ռուսաստանը շահագրգռված է այն միջանցքով, որն Ադրբեջանը պահանջում է Հայաստանի տարածքով դեպի իր Նախիջեւան էքսկլավը։ Այս միջանցքը կանցնի Հայաստանի հարավային Սյունիքի մարզով եւ կարող է փակել Հայաստանի սահմանը կարեւոր առեւտրային գործընկեր Իրանի հետ։ Ռուսաստանի համար դա եւս մեկ ճանապարհ կլինի դեպի Թուրքիա։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, թեեւ հիմնականում բնակեցված է հայերով։ 1990-ականների սկզբին Հայաստանը հաղթեց վիճելի տարածաշրջանի համար մղված առաջին պատերազմում եւ նվաճեց ադրբեջանական տարածքի հարակից յոթ շրջանները։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց այս շրջանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողությունը։
Ռուսաստանի կողմից բանակցված հրադադարի համաձայն՝ ռուս խաղաղապահները երաշխավորում են պաշտոնապես 120 000 (ոչ պաշտոնական գնահատականներով՝ մոտ 60 000-70 000) ղարաբաղցի հայերի անվտանգությունը եւ Լաչինի միջանցքով ազատ տարանցումը դեպի Հայաստան։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին զինված բախման հետեւանքով մոտ 300 մարդ զոհվեց։ Ադրբեջանը փորձել էր ուժ կիրառել, որպեսզի ճնշում գործադրի Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության գալու համար, եւ առաջին անգամ հարցականի տակ դրել նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս քայլը խիստ միջազգային քննադատության արժանացավ:
Սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանի ղեկավարությունն անցավ «սալյամիի» մարտավարությանը. սկզբում կազմակերպված ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները շրջափակեցին Լեռնային Ղարաբաղը, իսկ հետո տարածաշրջանն ավելի ու ավելի մեկուսացվեց: Տեղադրվեցին սահմանային անցակետեր, իսկ վերջում դադարեցվեցին բոլոր մատակարարումները Հայաստանից։ Նպատակն է ստիպել ստորագրել մի համաձայնագիր, որն անվերապահորեն ճանաչում է տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։
Արեւմուտքն այլ կողմ է նայում
Դիտորդները ենթադրում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է հսկայական ճնշման միջոցով վտարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի նախագահ Ալիեւին մեղադրում է «ցեղասպանական մտադրությունների մեջ»։ Առաջին պատերազմից հետո սկսված եւ ղեկավարության կողմից հետեւողականորեն բորբոքված ատելության պատճառով ադրբեջանական պետությունում ոչ մի հայ իրեն ապահով չի զգա։ Փոխադարձ էթնիկ զտումները 1990-ականների սկզբի պատերազմի մաս էին, եւ պաշտոնական ու լրատվական ադրբեջանական խոսույթում առկա է վրեժխնդրության եւ հատուցման պահանջը: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պետության ինքնիշխանության ճանաչումը Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի տարբերակ չէ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկրի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս, սակայն պայմանով, որ այնտեղ ապրող հայերի համար վստահելի անվտանգության երաշխիքներ լինեն։ Իրականության այս ընդունումը նրա համար քաղաքականապես վտանգավոր է, քանի որ ընդդիմությունը, որը մասամբ նպաստել է ներկայիս անելանելի վիճակին, նրան մեղադրում է դավաճանության մեջ։ Եթե Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ տեղի ունենան, դա ամենայն հավանականությամբ կնշանակի Փաշինյանի իշխանության վերջը: Հայաստանը հարավկովկասյան աշխարհաքաղաքական տեղաշարժերում տուժող կողմ է՝ ռազմական առումով ստորադաս, առանց Ռուսաստանի աջակցության հույսի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ թակարդված:
ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը մինչ այժմ զգուշորեն են արձագանքել Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետին, չնայած դրա մասին հայտարարվել է ավելի քան վեց ամիս առաջ։ Թեեւ գոյություն ունեն առանձին բանակցային ձեւաչափեր, հակամարտող կողմերի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու պատրաստակամությունը բացակայում է։
Դիտորդական առաքելությունը գերազանցող խաղաղապահներ
Դրա համար հիմքեր կան. Ադրբեջանի դերը որպես կարեւոր տարանցիկ երկիր աճել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵՄ եւ Չինաստանի համար, քանի որ Ուկրաինայի պատերազմն արգելափակել է Ռուսաստանով անցնող հյուսիսային երթուղին: Ասիայի եւ Եվրոպայի միջեւ այսպես կոչված «միջին միջանցքն» անցնում է Հարավային Կովկասով, հետեւաբար՝ Վրաստանով եւ Ադրբեջանով։ Միաժամանակ Ադրբեջանը Եվրոպային ավելի շատ գազ է առաջարկում այն պահին, երբ ԵՄ անդամ երկրները փորձում են ձերբազատվել Ռուսաստանի կախվածությունից։ Նախքան ռուսական հարձակումը Ադրբեջանը մատակարարում էր ԵՄ ներկրվող գազի երկու տոկոսը եւ նավթի մոտ հինգ տոկոսը:
Լուսանկարը` REUTERS
ԵՄ հանձնաժողովի հետ կնքված համաձայնագրի համաձայն՝ մինչեւ 2027 թվականը գազի արտահանումը ԵՄ պետք է կրկնապատկվի։ Քննարկվում է նաեւ Կասպից ծովով եւ Ադրբեջանով ղազախական նավթի եւ գազի մատակարարումը Եվրոպա։ Ադրբեջանն արդեն մատակարարում է Իտալիան, Հունաստանը, Ռումինիան եւ Բուլղարիան։ Վերջերս նախագահ Ալիեւը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր ստորագրեց: Ադրբեջանի ղեկավարությունն օգնում է ԵՄ-ին «պոկվել» ռուսական գազից եւ միեւնույն ժամանակ դաշնակիցներ է «գնում»։
Լուսանկարը` REUTERS
Խնդրահարույց է, որ ԵՄ-ն այլ կողմ է նայում, երբ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սովամահ են լինում։ ԵՄ անդամ երկրների համար ադրբեջանական գազի եւ նավթի ծավալները կարեւոր են, բայց ոչ կրիտիկական։ Տեսանելի ապագայում Ադրբեջանը չի կարողանա շատ ավելի մեծ ծավալներ մատակարարել։ Մինչդեռ ԵՄ վստահելիությունը արժեքների եւ աշխարհաքաղաքականության առումով տուժում է։ Ավելի բազմակարծ Հայաստանի հաշվին ավտորիտար Ադրբեջանի հետ գործարքները բացասաբար են անդրադառնում ԵՄ վրա նաեւ տարածաշրջանից դուրս։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բացակայում է ԵՄ առանցքային անդամ երկրների (առաջին հերթին՝ Գերմանիայի, որպես Հարավային Կովկասում ավանդաբար ակտիվ եվրոպական պետության) կողմից իրական հանձնառությունը:
Լուսանկարը` REUTERS
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից բացի սեփական խաղաղապահ ուժերը տեղակայելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք եւ պատժամիջոցային մեխանիզմներ: ԵՄ-ն պետք է սակարկություն սկսի Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով Միության դերը որպես ադրբեջանական հումքի իրացման կարեւոր շուկա, ենթակառուցվածքային ներդրումներն ու ազատագրված շրջանների վերակառուցումը: Փոխարենը եվրոպացիներն ասես թույլ են տալիս, որ իրենց մատների վրա խաղացնեն, բայց սեփական մատները չեն ուզում այրել առանցքային աշխարհաքաղաքական տարածաշրջանում այս հակամարտության մեջ:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: