Թուրքիայի պրագմատիկ իսլամիստը - Mediamax.am

2106 դիտում

Թուրքիայի պրագմատիկ իսլամիստը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իսրայելի նախկին արտգործնախարար Տոլեդոյի Խաղաղության միջազգային կենտրոնի փոխնախագահ Շլոմո Բեն-Ամիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Ի՞նչ է նշանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աննախադեպ՝ երրորդ ժամկետով ընտրությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության համար։ Շատ բան չի նշանակում: Իրականում նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթեր, երկրի արտաքին քաղաքականությունը կփոխվեր միայն աշխատաոճով, ոչ ըստ էության։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ իր պարտավորությունների եւ Ռուսաստանի ու Չինաստանի հետ աշխատանքային հարաբերությունների միջեւ պրագմատիկ հավասարակշռությունը Թուրքիայի համար անխուսափելի մշակութային եւ ռազմավարական հրամայական է:

 

Էրդողանը գուցե եւ իսլամիստ մենիշխան է՝ բռնկուն բնավորությամբ, բայց երբ խոսքը վերաբերում է աշխարհում Թուրքիայի դերին, նա բացարձակապես գործնական է: Նա արդեն երկար ժամանակ սիրաշահում է հիասթափված ընտրողներին Արեւմուտքի վրա պարբերական հարձակումներով եւ «եվրասիականություն» քարոզելով, որն ավանդաբար Թուրքիայի ծայրահեղ ձախերի կոչն է: Ավելին. գլոբալ վերադասավորումների օրոք Էրդողանը որոշել է, որ Թուրքիայի շահերից բխում է ապահովագրվել՝ շարունակելով հարաբերությունները Արեւմուտքի հակառակորդների հետ:

 

Սակայն Էրդողանը, որն իր նախագահության սկզբում զգալի քայլեր էր ձեռնարկել Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, գիտի, որ իր երկրի շահերից է բխում չօտարել Միացյալ Նահանգները կամ Եվրոպան: ՆԱՏՕ-ից դուրս գալը, Եվրոպայի հետ կապեր խզելը եւ Ռուսաստանի եւ Չինաստանի գլխավորած «հակաիմպերիալիստական» խմբակցությանը միանալը հետօսմանյան Թուրքիայի համար երբեք ընդունելի տարբերակ չի եղել:

Լուսանկարը` REUTERS

Անշուշտ, Էրդողանին գրավել է որոշակի «նեոօսմանիզմը»։ Արտաքին քաղաքականության հարցերով նրա նախկին ուսուցիչ Ահմեդ Դավութօղլուն այն կարծիքի էր, որ երկրի դիրքը մայրցամաքների եւ քաղաքակրթությունների խաչմերուկում պետք է այն դարձնի համաշխարհային «առանցքային պետություն» եւ իսլամական աշխարհի առաջնորդ: Դավութօղլուն էր, ով 2004 թվականին ձեւակերպեց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, որը դարձավ Թուրքիայի արտաքին քաղաքականության հենասյունը։

 

Երբ ԵՄ-ի հետ հարաբերությունները փչացան (անդամակցության գործընթացը Էրդողանի համար չափազանց դանդաղ էր, իսկ ԵՄ որոշ անդամներ պարզորոշ ասացին, որ ամենեւին չեն ցանկանում Թուրքիային իրենց ակումբում ողջունել), Դավութօղլուի գաղափարները հիմնավոր դարձան: Եվրոպայից վիրավորված՝ Էրդողանը ղեկավարում էր մի հզոր երկիր, որն իր դերն է փնտրում։ Այսպիսով, կեսդարյա օտարացումից հետո Թուրքիան սկսեց կրկին զբաղվել Մերձավոր Արեւելքով. ընդլայնել առեւտրային կապերը, վերացնել վիզային սահմանափակումները եւ նույնիսկ միջնորդ հանդիսացավ Իսրայելի եւ Սիրիայի, Աֆղանստանի եւ Պակիստանի, պաղեստինյան երկու հիմնական քաղաքական կուսակցությունների՝ Ֆաթահի եւ Համասի միջեւ բանակցություններում:

 

Այդ ամենը սկսեց տապալվել 2010-ին՝ «Արաբական գարնան» բռնկումից հետո, երբ Էրդողանը սկսեց իսլամիզմը որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործել։ Սիրիայի քաղաքացիական պատերազմում Էրդողանը սատարեց Սիրիայի ազատ բանակին, որը հիմնականում իսլամիստական էր։ Նա նույնիսկ կարճ ժամանակով համագործակցեց «Իսլամական պետության» հետ, որը կիսում էր Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզը վերանայելու Էրդողանի տեսլականը:

Լուսանկարը` REUTERS

Սակայն Էրդողանը շուտով ստիպված եղավ վերագնահատել իր իսլամիստական արտաքին քաղաքականությունը։ 2013-ին Եգիպտոսի բանակի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին պետական հեղաշրջում կատարեց երկրի դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահի՝ իսլամիստական «Մահմեդական եղբայրների» ներկայացուցչի դեմ: Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադը նույնպես սպասվածից ավելի դիմացկուն դուրս եկավ: Պարզ դարձավ, որ աշխարհիկ ուժերը ջանք չեն խնայի իսլամիզմը հաղթելու եւ արաբական Մերձավոր Արեւելքում Թուրքիայի նման ոչ արաբական տերության գերիշխանական նկրտումները խափանելու համար:

 

Էրդողանի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերի ֆոնին Դավութօղլուն 2016-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, եւ Էրդողանը շարունակեց ամրապնդել իր իշխանությունը։ Միաժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սկսեց փոխվել: 2019 թվականին Էրդողանը ներխուժեց Հյուսիսային Սիրիա եւ ստեղծեց «բուֆերային գոտի»՝ իբր «Իսլամական պետությանը» Թուրքիայի սահմանից հեռու պահելու համար, բայց իրականում քրդերի ինքնավարությունը խափանելու համար: Հաշվի առնելով, որ քրդերն Ամերիկայի ամենաարդյունավետ դաշնակիցներն էին «Իսլամական պետության» դեմ, Էրդողանի այս քայլը է՛լ ավելի վանեց ԱՄՆ-ին։

Լուսանկարը` REUTERS

Սակայն ավելի լայն առումով Էրդողանը որդեգրեց պակաս գաղափարական՝ ավելի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը գործում է մինչ օրս։ Թուրքիայի տարածաշրջանային մեկուսացմանը վերջ տալու համար նա հետամուտ է եղել «Մահմեդական եղբայրների» արաբ թշնամիների, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաշտեցմանը: Էրդողանն այժմ նույնիսկ աշխատում է Ասադի հետ մերձեցման ուղղությամբ (Ռուսաստանի միջնորդությամբ), թեեւ այս գործընթացը չի ավարտվի, քանի դեռ Թուրքիան շարունակում է զինագրավել Սիրիայի հյուսիսը։

 

Միեւնույն ժամանակ Էրդողանը սկսել է կրճատել իր աջակցությունը Պաղեստինին եւ Համասին («Մահմեդական եղբայրների» պաղեստինյան ճյուղին, որին թույլատրվել է հարձակվել իսրայելցիների վրա թուրքական հողից), որպեսզի աջակցի Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացմանը: Ի վերջո, Իսրայելը Արեւելյան Միջերկրական ծովում նորաստեղծ էներգետիկ տերություն է: Թուրքիան, որը դուրս է մնացել Արեւելյան միջերկրածովյան գազային ֆորումից, հույս ունի տարանցիկ ուղի դառնալ դեպի Եվրոպա իսրայելական գազի արտահանման համար։

Լուսանկարը` REUTERS

Նույնքան փայլուն է Էրդողանի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։ Նա կատարել է Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ում եւ կարեւոր ռազմական օգնություն առաջարկել Ուկրաինային՝ ի լրումն հռետորական աջակցության, ինչպես ցանկացած արեւմտյան դաշնակից: Բայց նա թույլ է տվել նաեւ ռուսական կազմակերպություններին եւ անհատներին օգտագործել Թուրքիան՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները: Սա նրան հնարավորություն տվեց դիվանագիտական դեր ստանձնել պատերազմում։ Անցյալ տարվա հուլիսին նրա միջնորդությամբ կնքվեց «հացահատիկային միջանցքի» գործարքը, որը հնարավորություն ընձեռեց արտահանել ուկրաինական արտադրանքը եւ նպաստել հարավային երկրների պարենային անվտանգությանը:

 

Արեւմուտքը պետք է ընտելանա Էրդողանի դիվանագիտական ձեռնածություններին: Տեղի է ունենում գլոբալ քաղաքական վերադասավորում, եւ Թուրքիան միակ ամերիկյան դաշնակիցը չէ, որը որոշել է գործել որպես «չկողմնորոշված նահանգ» եւ տատանվում է հակադիր պարտավորությունների եւ շահերի միջեւ: Նման կերպ են վարվում նաեւ Սաուդյան Արաբիան եւ Հնդկաստանը։

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճիշտ էր, երբ վերջերս որակեց Թուրքիան որպես «դժվար դաշնակից»: Այդ կարգավիճակը սազում է Էրդողանին, եւ դժվար թե այն փոխվի նրա նախագահության երրորդ ժամկետում։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին