Ռուսաստանն եւ Արեւմուտքը առաջ են մղում հայ-ադրբեջանական գործընթացը - Mediamax.am

1072 դիտում

Ռուսաստանն եւ Արեւմուտքը առաջ են մղում հայ-ադրբեջանական գործընթացը



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Christian Science Monitor-ի հատուկ թղթակից Ֆրեդ Ուէյրի Not partners, but on same page: Russia, West push Armenian-Azeri peace հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ադրբեջանի ներսում գտնվող Լեռնային Ղարաբաղի հայաբնակ անկլավի ճակատագրի շուրջ երեք տասնամյակ տեւած դառը հակամարտությանը վերջ դնող խաղաղության համաձայնագիրը մոտ է կնքմանը:

 

Թերեւս ամենաուշագրավն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության եզրին են հասել արեւմտյան եւ ռուսական դիվանագիտության ջանքերով, ովքեր աշխատել են զուգահեռ, եթե ոչ սինքրոնացված:

 

Համաձայնագիրը մոտ է, քանի որ հյուծված եւ հիասթափված Հայաստանը, որը պարտություն է կրել 2020-ի պատերազմում, ընդունում է Ադրբեջանի պահանջների մեծ մասը՝ հույս ունենալով, որ կկարողանա նոր ուղղություն բռնել առանց նոր պատերազմի: Համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն հունիսի 1-ին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Քիշնեւում կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին:

 

Բայց թեեւ համաձայնագիրը կարող է դժգոհություն առաջացնել հայերի մոտ, այն հուշում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ դեռեւս պահպանվող ընդհանուր եզրերի մասին, նույնիսկ եթե նրանք տարակարծիք են Ուկրաինայի հարցում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շրջում էին Վաշինգտոնի, եվրոպական մայրաքաղաքների եւ Մոսկվայի միջեւ, որտեղ լսում էին տեւական կարգավորման հաստատման համար անհրաժեշտ մոդելի մասին ուղերձներ: Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կովկասյան առաջնորդներին ասաց, որ, չհաշված մի քանի տեխնիկական հարցերը, համաձայնությունը, որին աջակցում է Ռուսաստանը, գրեթե պատրաստ է:

 

«Չի կարելի ասել, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը միասին են աշխատել այս ուղղությամբ։ Ավելի շուտ ասենք, որ նրանք նույն կողմում էին», - ասում է «Россия в глобальной политике» ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը: «Նրանց շահերն այս դեպքում համընկել են, նույնիսկ եթե դա մի փոքր անսովոր է հնչում այսօրվա համատեքստում», - ավելացրել է նա:

 

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

 

Հակամարտությունը սկսվել է խորհրդային տարիներին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դաժան փոխադարձ էթնիկական զտումների միջով անցան: Դրան հաջորդեց արյունալի պատերազմը, որը մարեց 1990-ականների սկզբին, երբ հաղթանակած Հայաստանը վերահսկում էր Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Ադրբեջանի հսկայական մի հատված:

 

Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ տեղահանվել էին, իսկ վրիժառուի կեցվածքով նախագահ Ալիեւը տարիներ առաջ «Մոնիտոր»-ին տված հարցազրույցում խոստացել էր օգտագործել Ադրբեջանի նավթային հարստությունը՝ ռազմական այնպիսի մեքենա կառուցելու համար, որը կկարողանա վերականգնել կորցրած հողերը: 2020 թվականին նրան հաջողվեց դուրս մղել Հայաստանը այդ տարածքներից։ Սակայն Ռուսաստանը՝ տարածաշրջանի ավանդական միջնորդը, ձեռնամուխ եղավ զինադադարի հաստատմանը՝ ռուսական խաղաղապահ ուժեր ուղարկելով՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը:

 

Բայց Ռուսաստանի ազդեցությունն արդեն թուլանում էր տարածաշրջանում, իսկ Թուրքիայի հովանավորությունը հաղթած Ադրբեջանին նոր գործոն էր: Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի վերահսկողությունն ավելի թուլացավ։ Արեւմտյան տերությունները հնարավորություն տեսան արեւմտամետ առաջնորդ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը դուրս բերել Մոսկվայի ուղեծրից:

 

Վերջին տարվա ընթացքում Ալիեւը շատ ավելի համառորեն է ձգտում վերջ դնել հակամարտությանը, որը Լեռնային Ղարաբաղը՝ իր 120 000 հայ բնակիչներով, թողնում է Ադրբեջանի ներսում: Նա վերջերս հրաժարվել է ինքնավարության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած առաջարկներից եւ պնդել, որ քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն ինքնիշխան Ադրբեջանի մաս է, տարածքը պետք է կառավարվի Բաքվից, իսկ այնտեղի ժողովուրդը պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիության պայմանները կամ հեռանա:

 

Մինչեւ վերջերս Հայաստանի համար դա անհնարին էր ընդունել: Բայց ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի մաքոքային դիվանագիտության մի քանի փուլերից հետո Փաշինյանը վերջապես մայիսի 22-ին առաջարկեց վճռորոշ զիջում: Երեք տասնամյակ շարունակ ռուսական եւ արեւմտյան դիվանագիտությունը միակարծիք էր, որ Լեռնային Ղարաբաղը իրավական առումով Ադրբեջանի մաս է, եւ Հայաստանի ղեկավարն առաջին անգամ, թեկուզ դժկամորեն, ընդունեց դա:

 

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառ. կմ տարածքով՝ ակնկալելով, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,800 քառ. կիլոմետր տարածքով»,- ասել էր Փաշինյանը։ «Այդ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը»։

 

Լեռնային Ղարաբաղի ապագան

 

Մյուս հարցն այն է, թե ինչպես վարվել այս փոքրիկ, լեռնային, ինքնահռչակ անկախ պետության բնակչության հետ:

 

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատումից հետո, Լեռնային Ղարաբաղի բնակչության հարցը դառնում է ներքին հարց»,- ասում է անկախ քաղաքական փորձագետ Իլգար Վելիզադեն: «Սա լուրջ խնդիր է, բայց ես վստահ եմ, որ այն կլուծվի։ Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել բարիդրացիական հարաբերություններ»։

 

Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ Փաշինյանը զիջումն արել է պայմանով, որ «հազարավոր տարիներ իրենց հայրենի հողում [Ղարաբաղում] ապրած հայերի իրավունքներն ու անվտանգությունը կհարգվեն։ Բայց ոչ մի խոսք չկա, թե որոնք են այդ իրավունքները կամ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ ...Պարզ չէ, թե ինչպես են Ռուսաստանը կամ Արեւմուտքը օգտագործելու իրենց լծակներն ու միջոցները՝ պայմանավորվածությունների կատարումը երաշխավորելու եւ վերահսկելու համար»։

 

Երեք տասնամյակ շարունակ հիմնական ենթադրությունն եղել է այն, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող լքել Ղարաբաղի հայերին եւ քաղաքականապես գոյատեւել դրանից հետո, ասում է Լուկյանովը։ Բայց Փաշինյանը, կարծես, պատրաստ է հենց դա անել։

 

«Կարծես թե ճիշտ էր այն ենթադրությունը, թե Փաշինյանը ցանկանում է ազատվել Ղարաբաղի բեռից»,- ասում է Լուկյանովը։ «Բայց առեղծվածն այն է, թե ինչո՞ւ է հայ հասարակությունն այդքան պասիվ նայում դրան։ Համաձայնությունը հնարավոր է հիմա՝ Ադրբեջանի կողմից բալանսը փոխելուց հետո, քանի որ Հայաստանն այժմ ընդունելի է համարում այս արդյունքը։ Եթե հայերի համար դա նորմալ է, ինչո՞ւ դա չպետք է գոհացնի ուրիշներին»:

 

Ղարաբաղի հայերի ապագան, հավանաբար, կլուծվի Հայաստան տարհանմամբ, զգուշացնում են փորձագետներից շատերը։ Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, կարծես, պատրաստ չեն ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի այն ինքնավարություն հաստատի այդ պաշարված բնակչության համար, որի մշտապես կասկած առաջացնող կենսունակությունը՝ որպես անկախ պետություն, լիովին փլուզվել է երեք տարի առաջ Հայաստանի կրած պարտությունից հետո:

 

Համաձայնությունը, որը կարող է շուտով ձեռք բերվել, տարածաշրջանը կբացի տնտեսական զարգացման համար, ներառյալ երկար շրջափակված տրանսպորտային միջանցքները, խողովակները եւ զբոսաշրջությունը: Ռուսաստանը եւ Արեւմուտքը, թեեւ համաձայնության ապահովման դե ֆակտո գործընկերներ են, արագ կվերադառնան բացահայտ մրցակցության, ասում է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մակարկինը:

 

«Ռուսաստանն ու Արեւմուտքը չէին համագործակցում, պարզապես մրցում էին, թե ով կարող է այնպես անել, որ երկու կողմերը նստեն եւ համաձայնագիր ստորագրեն»,- ասում է նա։ «Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր ավանդական դերը տարածաշրջանում՝ շարունակելով իր խաղաղապահ առաքելությունը: Արեւմուտքը կցանկանա նվազեցնել Ռուսաստանի դերը եւ ստիպել նրա խաղաղապահ ուժերին հեռանալ համաձայնագրի ստորագրումից հետո։ Շահերը կարող էին կարճ ժամանակով համընկած լինել, բայց մրցակցությունը տեւական է լինելու», - եզրափակում է նա:

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ  Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

 

Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ  Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին