Արարատ 73` վերելքի ուղին. վերջին եւ հաղթական խաղը - Mediamax.am

exclusive
41022 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. վերջին եւ հաղթական խաղը

28 հոկտեմբերի: Տուր XXX, որում «Զենիթը» առաջինն է շնորհավորում նոր չեմպիոններին

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Արարատ» - «Զենիթ» Լենինգրադ 3:2 (1:0):

 

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 28 հոկտեմբերի. 70 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան (Բոնդարենկո, 70), Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Պետրոսյան (Մարտիրոսյան, 80), Իշտոյան, Մարկարով, Զանազանյան,  Ն.Ղազարյան: 

 

Գոլեր՝ 1:0 Զանազանյան (27), 2:0 Մարկարով (47), 2:1 Նիկոլաեւ (48), 2:2 Զինչենկո (52), Մարկարով (59):

 

Արսեն Կակոսյան

 

28 հոկտեմբերի: Տուր XXX, որում «Զենիթը» առաջինն է շնորհավորում նոր չեմպիոններին

 

«ՎԵՐՋԻՆ ՄԵՏՐԵՐԻ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ»

 

Ավելի քան 70 հազար երկրպագուներ այսօր մարզադաշտ են եկել ասես ոչ թե ֆուտբոլային հանդիպում դիտելու, այլ՝ մեծ ու վառ տոնին մասնակցելու նպատակով: Բոլոր տրիբունաներից երաժշտություն է լսվում՝ կլառնետ, դուդուկ, զուռնա, դհոլ: Տրիբունաների միջեւ անցումներում երեւում են գունագեղ տարազներ. հայ ազգային երգի ու պարի համույթների (ինչպես պետական, այնպես էլ սիրողական) տղաներն ու աղջիկները եկել են, որպեսզի արարատցիներին շնորհավորեն երկրի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Դժվար չէ պատկերացնել, թե այս պահին ինչ դժվար կացության մեջ են ֆուտբոլիստները: Նրանցից պահանջվում է հաղթանակ, թեեւ պաշտոնապես առանց դրա էլ արդյունքը պարզ է: Քանի որ Կիեւի դինամոյականները, ինչպես ենթադրվում էր, Ալմա-Աթայում չեն կարողացել հաղթել «Կայրաթին»: Նրանք ոչ-ոքի են խաղացել հիմնական ժամանակում եւ դաշտի տերերին զիջել են 11-մետրանոցներով: Թեեւ «ետնաբեմում» խոսում են, որ ֆուտբոլիստներից թաքցրել են այդ փաստը: Բայց ես այնքան էլ չեմ հավատում. մի՞թե կարելի է դա թաքցնել:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Հանդիպումից առաջ մենք իմացանք, որ Կիեւի «Դինամոն» պարտվել է եւ, անկախ «Զենիթի» հետ խաղի արդյունքից, մենք դառնում էինք առաջնության հաղթող: Այդ խաղի օրը վատառողջ էի, սակայն դուրս եկա խաղադաշտ:

 

Բավական է մի երկրպագու իմանա ղազախստանյան հանդիպման արդյունքի մասին (իսկ շատերը մարզադաշտ էին եկել տրանզիստորներով), որպեսզի այդ մասին լուրը վայրկենապես հասնի գոնե մեկ արարատցու ականջին: Հետեւաբար, նաեւ մյուս ընկերներին: Ամեն դեպքում, նրանք մեզանից պակաս չեն տենչում վերջնական հաղթանակի…

 

Եվ ահա, դիտելով այսօրվա մրցապայքարը, հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները, ես մտածում էի այն մասին, թե խաղի ինչպիսի բարձր որակ է ձեռք բերել «Արարատը», որ նույնիսկ այդչափ լարված, պատասխանատու պահին կարողացավ ցուցադրել իսկական ժամանակակից ֆուտբոլ: Հիրավի, պետք է ունենալ մարտական ոգի, արիություն՝ չլսված ֆուտբոլային այդ մրցավազքի «վերջին մետրերն» անցնելու համար, որը չափվում է ոչ թե կիլոմետրերով, այլ՝ համառ պայքարի ամիսներով:  

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Եվ նոր, հենց նոր ծնված չեմպիոնը ճանապարհի այդ հատվածն անցավ արժանապատվորեն: Ոչ այնպես, ինչպես ուժասպառ վազորդը, ով եզրագծի ժապավենը հատելուց անմիջապես հետո անգիտակից հայտնվում է մարզչի գրկում: «Արարատն» ուժ ուներ նաեւ «երրորդ շրջանի» համար՝ ամենահուզիչ, ամենազգացմունքային, երբ նրանք անցնում էին պատվո շրջանը, երբ շնորհավորանքներ էին ընդունում, երբ խեղդվում էին երկրպագուների պինդ գրկախառնություններում: 

Հիմա այն մասին, թե ինչպես ընթացավ խաղը: Սկզբում ոչինչ փոթորիկ չէր կանխատեսում: Արդեն հանդիպման տասներորդ րոպեին երեւանցիները պայքարի տարերքում մոռացան իրենց ճնշող չեմպիոնական շղթաների եւ բոլոր «պայմանական հանգամանքների» մասին: Նրանք ամուր իրենց ձեռքում էին պահում խաղի բոլոր թելերը: Իսկ երբ Զանազանյանը 27-րդ րոպեին իր ոճով խփեց առաջին գոլը, պարզ դարձավ, որ հաղթանակը ոչ այնքան տեխնիկայի, որքան ժամանակի խնդիր է… Հետո երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին Մարկարովը գլխով գեղեցիկ գոլ խփեց, եւ բոլորը սկսեցին մտածել, որ «Արարատն» իր ակտիվում կգրանցի յոթերորդ խոշոր հաշվով հաղթանակը: Բայց սա դեռ սկիզբն էր:

 

Ուղիղ մեկ րոպե անց Նիկոլաեւը, օգտվելով Մեսրոպյանի սխալից, մոտ տարածությունից խփեց առաջին պատասխան գոլը, իսկ չորս րոպե անց Զինչենկոն հավասարեցրեց հաշիվը: Կախվեց ոչ-ոքիի սպառնալիքը, բացարձակ անորոշությունը… Պատկերացնում եմ, թե ինչ ընկճող ազդեցություն կգործեր անհաջողությունը երկրպագուների վրա: Ո՞վ քոչարի պարելու տրամադրություն կունենար: Երաժիշտներից ո՞վ կկարողանար իրեն ստիպել նվագել հաղթական «տուշը»:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Հիշում է Նորայր Մեսրոպյանը

 

Մինչեւ վերջ չես կարող վստահ լինել, որ կդառնաս հաղթող կամ գավաթակիր: Անգամ «Զենիթի» հետ վերջին հանդիպումից առաջ մենք 100%-ով չէինք երաշխավորել հաղթանակը: Սակայն մենք շատ վստահ էինք մեր ուժերում:

 

Հաղթանակը առաջնությունում, իհարկե, ավելի թանկ էր մեզ համար: Եղել են դեպքեր, երբ առաջնությունում 6-7 տեղերը զբաղեցրած թիմերը նվաճել էին Գավաթը, բայց առաջնության պարագայում դա բացառվում էր: Մեր հաղթանակը նշանակում էր, որ 250 միլիոնանոց Սովետական Միությունում հաղթել էր 3 միլիոնանոց հանրապետություն ներկայացնող թիմը:

 

Որեւէ մարզիչ մեկ տարվա ընթացքում չի կարող թիմը զրոյից չեմպիոն դարձնել, եթե խաղացողները պատրաստ չլինեն դրան: Իսկ մենք արդեն պատրաստ էինք: Մենք արդեն փորձառու էինք, բոլորս միմյանց հետ լավ հարաբերություններ ունեինք, կարգապահության հետ խնդիր չունեինք: Նիկիտա Սիմոնյանը համախմբեց մեզ եւ բերեց հաղթանակի:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Եվ Էդուարդ Մարկարովի խփած երրորդ գնդակը պատմության մեջ կմտնի ոչ միայն այն պատճառով, որ հաղթանակ պարգեւեց «Արարատին», այլ նաեւ որ ձախողումից փրկեց կայանալիք տոնակատարությունը:

 

Ասում են, գոլերը լինում են ոսկե, հաղթական, վճռորոշ: Մարկարովի 15-րդ գոլը ներկայիս Գավաթի ու առաջնության խաղերում, Գ. Ֆեդոտովի ակումբի անդամի 114-րդ գոլը կարելի է անվանել նաեւ տոնական...

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

Առաջնությունում հաղթանակը, իհարկե, ավելի բարձր է դասվում, քան Գավաթի նվաճումը: Գավաթը՝ մեկ խաղ է, եւ հաղթանակն այդ խաղում կապված է բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում՝ հաջողության: Իսկ առաջնությունում հաղթելու համար պետք է կայուն խաղ ցուցադրես ողջ տարին:

 

1973թ., անկասկած, լավագույնն էր «Արարատի» պատմության մեջ: Անձամբ ինձ համար, այդքան էլ հաջող չէր, քանի որ ես այն ժամանակ հանդես էի գալիս ԽՍՀՄ հավաքականում, որը չկարողացավ 1974թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, իսկ աշխարհի առաջնությունում հանդես գալը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է: Բացի այդ, մի քանի հանդիպում բաց թողեցի վնասվածքի պատճառով:

 

Սակայն, միաժամանակ հաղթանակ տոնել եւ ԽՍՀՄ-ի գավաթում, եւ առաջնությունում, իհարկե, շատ մեծ պատիվ էր: Սովետական Միության ընդամենը մի քանի ակումբների էր դա հաջողվել:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

... Երեւան-Էջմիածին ճանապարհի միջնամասում՝ մայրուղու ձախ կողմում, ձգվում է Թաիրովի անվ. սովխոզի սպիտակ պատը: Ես նկատեցի տղաների, ովքեր շտապում էին դրա վրա գրանցել «Արարատի» վերջին արդյունքը:

 

Այդ պատի հետաքրքիր պատմությունը: Սկզբում դրա վրա մի տղա գրել էր կայանալիք հանդիպման կանխատեսումը: Ինչպես սովորաբար լինում է, ջախջախիչ հաշիվ էր կանխատեսվում՝ 5:0: Պատահեց այնպես, որ «Արարատն» իսկապես հաղթանակ տարավ այդ հաշվով: Տղաներին դա դուր եկավ: Հաջորդ հանդիպմանը նրանք մեծահոգաբար զիջեցին մինչեւ 4:0. հակառակորդը շատ ուժեղ էր: Այդ օրը նույնպես «մարգարեությունն» իրականացավ: Իրադարձությունների այդպիսի շրջադարձը մոլի երկրպագուներին դարձրեց իսկական գրագետ երկրպագուներ: Այժմ նրանք համբերությամբ սպասում էին հանդիպման ավարտին եւ նոր միայն «հավերժացնում» դրա արդյունքը պատի վրա ձեռքի տակ ընկած ներկերով կամ մազութով:      

 

Այդպես էլ գրվում էր այդ տարեգրությունը՝ ուղիղ ու թեք, տարբեր չափսերով, տարբեր ներկերով, մինչեւ, վերջապես, հերթը հասավ հայաստանյան ֆուտբոլի պատմության մեջ ամենահիշարժան օրվան՝ երկրի Գավաթի հաղթանակը «հավերժացնելուն»: Հասկանալի էր, որ այս անգամ պատի «տերերը» աշխատանքում ներգրավել էին նկարիչների, հնարավոր է՝ ինքնուս, սիրողական, բայց նկարիչների: Ամեն դեպքում, Գավաթը նույնպես գունագեղ պատկերվել էր՝ բոլոր մանրուքներով, եւ որ ամենահաճելին է, հաջող էր ստացվել ներկայումս արդիական թեմայի ծաղրանկարը՝ «նապաստակ եւ գայլ»: Բնականաբար, «Նապաստակը» «Արարատն» էր, իսկ «Գայլը»՝ Կիեւի «Դինամոն»:     

 

Այսպիսով, բացի բոլոր մեծ ու պաշտոնական իրադարձություններից, տղաներն, ըստ երեւույթին, այդ օրը տոնել էին նաեւ «Արարատի» հուշապատի բացումը: Ամեն դեպքում, այն փաստը, որ տոնական սեղաններ էին գցվել հենց այդ պատի մոտ, եւ այստեղ էլ կայացել էր հաղթողներին ողջունելու արարողությունը, վկայում է նրանց անմեղ մտահղացման օրինականացման եւ պաշտոնական ճանաչման մասին:                                 

 

Հիշում է Լեւոն Իշտոյանը

 

Իրականում «Արարատը» շատ ուժեղ էր: Բոլոր գծերում ունեինք բարձրակարգ վարպետներ: Ոչ միայն հիմնական կազմի խաղացողներն էին պրոֆեսիոնալ, այլեւ փոխարինողների նստարանին նստած էին շատ բարձրակարգ տղաներ: Թիմը հենց այդպիսին պետք է լինի, որպեսզի հաջողության հասնի:

 

Այն ժամանակ խաղում էին հիմնականում 4-3-3 սխեմայով, իսկ մեր կիսապաշտպանության եւ հարձակվողական վեցյակը (Մարկարով, Անդրեասյան, Իշտոյան, Բոնդարենկո, Ղազարյան, Զանազանյան) երեք տարի անընդմեջ ընդգրկվում էր ԽՍՀՄ-ի 33 լավագույն խաղացողների ցանկում:

 

1973 թվականին, ինչպես նաեւ 1971թ. եւ 1972թ., մենք շատ լավ մարզավիճակում էինք: Նիկիտա Սիմոնյանը, իհարկե, մեծ աշխատանք կատարեց, բայց իր գլխավոր ներդրումը նրանում էր, որ նա մեզ չխանգարեց: Ցավոք, նրանից հետո եկան մարդիկ, ովքեր խանգարեցին: Որոշեցին, որ եթե Արարատ-73-ի խաղացողներին շուտ ուղարկեն թոշակի, ավելի շուտ նոր թիմ կհավաքեն եւ հաջողության կհասնեն: Բայց այդպես չի լինում՝ սերնդափոխությունը պետք է ճիշտ ձեւով իրականացվի:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Բացատրեմ, թե ինչու եմ այդպես մանրամասն խոսում սպիտակ կրաքարով պատված այդ անհրապույր պատի մասին: Մի քանի օր առաջ, երբ պետք է որոշ փաստեր բացահայտեի «Արարատի» պատմությունից, զարմանքով պարզեցի, որ թիմն արխիվ չունի, ամեն դեպքում, թիմի ղեկավարությունը չգիտեր ոչ դրա գոյության, ոչ գտնվելու վայրի մասին: «Արարատը» չունի իր տարածքը, որը կարելի է վերածել ակումբի (թանգարանը շատ բարձրագոչ է հնչում): Այդ դեպքում որտե՞ղ են պահվում մրցանակները, գավաթները, պատվոգրերն ու դիպլոմները, որոնք հայաստանյան ֆուտբոլիստները նվաճել են տարբեր տարիների ընթացքում: Եվ մի՞թե վատ կլիներ, որ բյուրեղապակյա Գավաթն այսօր ցուցադրվեր «Արարատի» «թանգարանում»:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո արդեն պարզ էր, որ «Արարատը» դառնում է առաջնության հաղթող, սակայն սեփական հարկի տակ վերջին խաղում «Զենիթին» պարտվել չէինք կարող:  Փառք ու պատիվ մեր տղաներին, որ այդ հանդիպմանը խաղադաշտ էին դուրս եկել միմիայն հաղթելու համար: Այդպես մեզ տրամադրել էին մեր մարզիչները: Հարկավոր էր մոռանալ ամեն ինչի մասին եւ պրոֆեսիոնալ խաղ ցուցադրել: «Արարատի» հաջողությունների մեծ մասը մեր մարզիչների վաստակն էր:

 

Պետք է առանձին շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք միշտ մեզ հետ էին: Նրանց ոգին հաղթեց ոչ միայն Գավաթի խաղի ժամանակ, այլ նաեւ ԽՍՀՄ առաջնության վերջին տուրում: Նրանք կարողանում էին ներել եւ ոգեշնչել մեզ: Պարտությունների ժամանակ նրանք երես չէին թեքում թիմից, ինչը մեզ դրդում էր ավելի լավ նախապատրաստվել եւ հաղթել հաջորդ խաղերում:

 

«Արարատը» ժողովրդական թիմ էր: Ժողովուրդը սիրում էր թիմի բոլոր խաղացողներին, բոլորիս մեկ ամբողջության մեջ եւ մեզանից ոչ մեկին չէր առանձնացնում: Հիշում եմ, մեկնաբան Նիկոլայ Օզերովի արտահայտությունն էր` «Արարատ»՝ աստղ-թիմ, «Արարատ»՝ աստղերի թիմ» (Арарат-команда звезда, Арарат-команда звезд):

 

Երբ չեմպիոն դարձանք, մեր մասին լեգենդներ էին շրջանառվում, բայց մեր տղաներն այնքան համեստ էին, որ «աստղային հիվանդությամբ» չտառապեցին: Կարծում եմ, մեր ուժը նաեւ նրանում էր, որ ոչ ոք չէր մեծամտանում, դա ակնհայտ էր թե մեր խաղում, թե մեր կենցաղում, եւ թե մամուլի հետ մեր շփումներում: Թիմը կարգապահ էր բոլոր առումներով:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Միգուցե ասեն, որ թիմի նվաճումներն այնքան մեծ չեն, որպեսզի նրա համար հատուկ թանգարան կառուցվի: Բայց չէ՞ որ խոսքը բազմահարկ Պալատի մասին չէ, այլ թեկուզ մի փոքր սենյակի, որում կարտացոլվեր թիմի պատմությունը: Թեեւ, եթե ֆուտբոլային նվաճումները համեստ են, միգուցե իմաստ ունի ստեղծել Հայաստանի մարզական փառքի թանգարա՞ն:

 

«Արարատ 73` վերելքի ուղին» նախագիծն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին