Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 29-րդ - Mediamax.am

exclusive
31011 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 29-րդ

24 հոկտեմբերի: Տուր XXIX, որում երեւանցիները Մոսկվայում հաղթում են ԲԿՄԱ-ին եւ գրեթե չեմպիոն դառնում:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Նիկիտա Սիմոնյանը, Հովհաննես Զանազանյանը եւ Ալյոշա Աբրահամյանը:
Նիկիտա Սիմոնյանը, Հովհաննես Զանազանյանը եւ Ալյոշա Աբրահամյանը:

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից.

Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը եւ Նիկոլայ Ղազարյանը:
Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը եւ Նիկոլայ Ղազարյանը:

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

ԲԿՄԱ (Մոսկվա) - «Արարատ» 0:1 (0:1):

 

Մոսկվա. «Դինամո» մարզադաշտ. 24 հոկտեմբերի. 8 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով (Ն.Պետրոսյան, 73), Պողոսով, Ն.Ղազարյան (Մարտիրոսյան, 89):

 

Գոլեր՝ 0:1 Իշտոյան (33):

 

Արսեն Կակոսյան

 

24 հոկտեմբերի: Տուր XXIX, որում երեւանցիները Մոսկվայում հաղթում են ԲԿՄԱ-ին եւ գրեթե չեմպիոն դառնում

 

 «ԱՐԱՐԱՏԻ» ԲԱՐՁՈՒՆՔԸ

 

Մտածում էի, որ այժմ կհնչի հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը, եւ իմ պատուհանի տակ կրկին, ինչպես եւ երկու շաբաթ առաջ, հաղթականորեն կազդանշանեն մեքենաները, տղաները դուրս կվազեն եւ կվանկարկեն. «Ա-րա-րատ», «Ա-րա-րատ»: Ես նույնիսկ դուրս եկա պատշգամբ այդ տեսարանի ակնկալիքով: Բայց Նալբանդյան փողոցում լռություն էր տիրում: Տարօրինակ է: Մի՞թե երկրպագուները չեն հասկացել, որ այսօր հաղթելով ԲԿՄԱ-ին՝ «Արարատը» գրեթե չեմպիոն է դարձել: Չէ՞ որ ամեն ինչ կանեն սեփական հարկի տակ «Զենիթին» հաղթելու համար, իսկ կիեւցիները պետք է երկու դժվարին հանդիպում անցկացնեն Ալմա-Աթայում եւ Տաշքենդում: Եվ եթե նույնիսկ հաղթեն երկու հանդիպումներում էլ, միեւնույն է, չեն հասնի «Արարատին»: Իսկ երկրպագունե՞րը: Մի՞թե նրանք սպառել են իրենց այն անհավանական գիշերվա ընթացքում: Հավանաբար, զգացմունքների այդպիսի պայթյուն կարող է լինել կյանքում միայն մեկ անգամ: Եվ դա լավ է: Դա խոսում է այն մասին, որ թեեւ մեր երկրպագուն ակտիվ է, տաքարյուն, բայց ոչ մոլեռանդ: Երբ Տիգրան Պետրոսյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, մարդկանց մոտ այլեւս չկար այն խանդավառությունը, որն առկա էր 1963 թվականին: Կարող եմ ցանկացած մեկի հետ վիճել, որ չորս օր անց, երբ «Արարատը» կդառնա չեմպիոն, ուրախության այնպիսի արտահայտում, ինչպիսին գավաթի հաղթանակից հետո էր, Երեւանում չի լինի: Թեեւ չեմպիոնի տիտղոսը շատ ավելի պատվավոր է: Հիրավի, մարդն ամեն ինչի սովորում է…

 

Բայց անդրադառնամ հեռուստացույցին: Մերոնք պետք է խաղան Մոսկվայում, իսկ եղանա՞կը: Ձյուն, ցուրտ, ցեխ: Ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ կրկին խանգարում է սովորական պատկերացումը թույլիկ թիմի մասին: Չէ՞ որ հիմա «Արարատն» արդեն  այն թիմը չէ, որը կարող է պատճառաբանել վատ եղանակը: Նա արիացել է, ֆիզիկապես գերազանցում է բազմաթիվ այլ ակումբների, իսկ տեխնիկական գերազանցությունը պետք է վճռորոշ դեր կատարի եղանակային վատ պայմաններում խաղի ժամանակ: Եվ հետո՝ վիճակագրությունը. վերջին երեք տարիների ընթացքում մեր ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում ոչ մի պարտություն չեն կրել: Ավելին, բանակայինները ոչ մի անգամ չեն կարողացել գրավել երեւանցիների դարպասը:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Եվ ահա խաղը սկսվեց: Թիմի կազմում կրկին փոփոխություններ կան, որոնք, ըստ երեւույթին, պայմանավորված են Զանազանյանի բացակայությամբ: Բայց 10-15 րոպե անց ի հայտ եկավ արարատցիների հաղթանակելու վստահությունը: Նրանց մոտ ամեն ինչ մի փոքր ավելի լավ է ստացվում, մի փոքր ավելի հստակ: Եվ հենց այդ «մի փոքրն» էլ թույլ է տալիս հաղթել հակառակորդին բոլոր գծերում: Նկատելի է, թե ինչ խորամանկորեն է գրոհ կազմակերպում Մարկարովը, ակտիվ է Անդրեասյանը, լավ է ստացվում Իշտոյանի խաղը (ինչպես միշտ Մոսկվայում): Ահա, ահա, հիմա գոլ կլինի: Եվ իսկապես: Գնդակը հայտնվում է բանակայինների դարպասի ցանցի մեջ: Լսում եմ, որ խփել է Իշտոյանը: Բայց ինչպես է դա տեղի ունենում, չեմ տեսնում: Բանն այն է, որ օպերատորը որոշել էր ցուցադրել այն պահի կրկնապատկերը, երբ Անդրեասյանը աջ եզրից հիանալի, ճշգրիտ փոխանցում էր կատարել տուգանային հրապարակ, իսկ հենց այդ պահին գոլ էր գրանցվել մեկ ուրիշ կոմբինացիայի արդյունքում, որը տեսախցիկը չէր հասցրել արձանագրել: Ափսոս: Գոլեր այլեւս չարձանագրվեցին, թեեւ հնարավորությունները շատ էին: Հիանալի հարված կատարեց Մարկարովը: Նա ԲԿՄԱ-ի պաշտպաններին այնքան վարպետորեն շրջանցեց, որ եթե Էդիկը խփեր այդ գոլը, հնարավոր է, այն կդառնար ամենագեղեցիկը խաղաշրջանում: Ինձ նույնիսկ թվաց, թե գնդակը թափ տվեց բանակայինների դարպասաձողի վրայի ձյունը: Իսկ ավարտից մի քանի րոպե առաջ չափազանց հարմար դիրքից վրիպեց Ղազարյանը: Ա՜խ, Կոլյա, Կոլյա…    

 

...Հանդիպումը նոր էր ավարտվել, երբ զանգահարեցին Մոսկվայից: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի մարզական բաժնի տղաները խնդրում էին շտապ ակնարկ տրամադրել «Արարատի» մասին, ընդ որում, նրանք նշում էին, որ ցանկալի է պատմել ոչ այնքան գավաթակիրների ու չեմպիոնների (նրանք նույնպես չէին կասկածում, որ «Արարատն» արդեն չեմպիոն է) մարզական, ֆուտբոլային պայքարի, որքան թիմում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Մի խոսքով, կոլեկտիվի կերպարը: Բայց հեշտ է միայն դա ասելը՝ կոլեկտիվի կերպարը: Ինչ-որ ծավալուն, բայց բացարձակ աներեւակայելի մի բան:

 

Բայց ի՞նչ արած: Ակնարկը պետք է ուղարկեմ մեկ օրից: Որոշեցի սկզբի համար ակնարկը գրել օրագրիս մեջ:

 

...Եվ այսպես, հաղթանակ: Ոսկե դուբլ: Ու հիմա հարկավոր է առանց շտապելու, հիմնավորապես պարզել, թե ո՞րն է հաջողության գրավականը: Ինչպիսի՞ն է այսօր «Արարատը»` հայրենական ֆուտբոլի ճանաչված առաջատարը: Ինչո՞ւմ է նրա ուժը: Ո՞րն է գաղտնիքը:

 

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:    

 

Ականատեսները պատմում են, որ այն հիշարժան օրը՝ հոկտեմբերի 10-ին, երեւանցի ֆուտբոլիստների երկրպագուներն իրենց հետ Լուժնիկի մարզադաշտ էին բերել այսպիսի գրությամբ պաստառ. «Արարատ»՝ աստղ-թիմ, «Արարատ»՝ աստղերի թիմ»: Բանն այն է, որ Նիկոլայ Օզերովը, մեկնաբանելով հայաստանյան ֆուտբոլիստների հերթական հաջողությունը, նշում էր, որ այդպիսի կոլեկտիվների մասին սովորաբար ասում են. դա ոչ թե աստղերի թիմ է, այլ՝ աստղ-թիմ է: Այդ բանաձեւի մի մասը հոգեհարազատ էր երկրպագուներին, իսկ մյուս մասը նրանք վճռականապես հերքում էին. «Ինչպե՞ս թե աստղեր չկան: Իսկ Զանազանյանը, Մարկարովը, Անդրեասյանը, Աբրահամյանը, Իշտոյանը, Ղազարյանը, Կովալենկոն մի՞թե աստղեր չեն»:

 

Խոստովանեմ, ինձ նույնպես պարուրում էին կասկածները: «Արարատի» ֆուտբոլիստներից շատերը տարբեր ժամանակներում խաղացել են երկրի հավաքականների կազմերում. արդյո՞ք դա նրանց վարպետության ցուցանիշը չէ: Բայց, միեւնույն ժամանակ… Թեեւ, ես որոշել էի հարմար առիթի սպասել եւ այդ մասին խոսել հենց տղաների հետ: Առիթ էր հանդիսացել թիմի հաղթական վերադարձը Երեւան բյուրեղապակյա գավաթով:   

 

Ժամանակ գտնելով՝ մենք Հովհաննես Զանազանյանի հետ հանգամանալից զրույցի բռնվեցինք: Ի զարմանս ինձ՝ «Արարատի» ավագը կիսում էր իմ այն կարծիքը, որ իր եւ առանցքային խաղացողների մեծ մասի համար (բացառությամբ Ալյոշա Աբրահամյանի) նախորդ խաղաշրջանն ամենեւին էլ ամենահաջողը չէր: Ինքը՝ Զանազանյանը, օրինակ, իր լավագույն խաղաշրջանը համարում է 1969 թվականը: Ըստ նրա, տարբեր պատճառներով (վնասվածքներ, հիվանդություններ) ավելի վատ են խաղացել Լեւոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը, Նորիկ Մեսրոպյանը, Ալեքսանդր Կովալենկոն: Արկադի Անդրեասյանը, ավագի կարծիքով, իր լավագույն խաղը ցուցադրել է նախորդ տարի, իսկ Էդուարդ Մարկարովը (նա ինքն է ինձ ասել)՝ նախանցյալ տարի, երբ դարձավ թիմի առաջին ռմբարկուն…

 

Եվ այստեղ ավագը գիտակցեց իրավիճակի պարադոքսալ բնույթը: Նա անսպասելիությունից նույնիսկ ձեռքերն իրար հարվածեց. «Իսկապես, գրեթե բոլոր տղաներն իրենց նախկին ուժով չեն խաղացել, բայց թիմը դեռ երբեք այդքան լավ հանդես չի եկել…»:

 

Մեր սեղանիկի շուրջը պտտվում էին թիմի բժիշկն ու մերսողը, խեթ էին նայում մարզիչները. մոտենում էր ընթրիքի ժամը: Բայց Զանազանյանն արդեն ինքն էր շահագրգռված բացահայտել թիմի հաջողության գաղտնիքը, որն ամբողջ երկար ուղին՝ գարնանից մինչեւ աշուն, անցել էր բացառապես հարթ, նպատկասլաց, եռանդուն, եւ այժմ տոնում էր արժանի հաղթանակը:

 

...Նախորդ ֆուտբոլային խաղաշրջանի ավարտին թիմի տնօրեն Ռոբերտ Ծաղիկյանը հարցազրույցներից մեկում բավականին կտրուկ հայտարարություն էր արել. «Հաջորդ խաղաշրջանում նախատեսում ենք ոսկե մեդալներ շահել: Կպայքարենք նաեւ Գավաթի համար»: Նա գիտեր` ինչ է ասում: Տեսնում էր, զգում էր. «Արարատը» վերելք է ապրում: Թիմի ղեկավարներին չէր շփոթեցնում նույնիսկ այն հանգամանքը, որ «Արարատն» այն ժամանակ երկրորդ տեղից հայտնվել էր չորրորդում: Նրանք հստակ գիտեին, թե ինչու էր այդպես ստացվել. ֆուտբոլիստները վատ էին անցկացրել նախապատրաստական շրջանն ու գարնանային ուսումնամարզական հավաքը: Փոխարենը հետո… Ութերորդ տուրից սկսած՝ մինչեւ առաջնության ավարտը «Արարատն» ավելի շատ միավորներ էր հավաքել, քան բարձրագույն լիգայի ցանկացած այլ թիմ: Եվ եթե հնարավոր լիներ… տեղաշարժել առաջնությունը, ապա երեւանցիները չեմպիոն կդառնային: Թիմում տեղի էին ունեցել ներքին ողջունելի փոփոխություններ, որոնք հաջողության վստահություն էին ներշնչում:  

 

Եվ ահա նախապատրաստումը այս խաղաշրջանին: Ֆուտբոլիստները մարզվում էին մեծ ծանրաբեռնվածությամբ: Թիմի մարզավիճակի մասին հարցին «Արարատի» ղեկավարները մշտապես պատասխանում էին. «Պատրաստվածություն թիվ մեկ»… Բայց թիմը թիվ մեկ պատրաստվածությունն ուներ ոչ միայն մարզական տեսանկյունից: Այն միաձուլվել էր իսկական կոլեկտիվի, որի մասին կարելի էր ասել. ապրում էին մեծ, համերաշխ ընտանիքի նման…

 

Եվ այստեղ շատ տեղին է պատմել «Արարատի» մարզչի մասին: Ի՞նչ կարելի է ասել: Թիմի երկրպագուները հաճույքով ընդունեցին Ն. Սիմոնյանին ավագ մարզիչ նշանակելու մասին լուրը: Նախկինում հանրահայտ կենտրոնական հարձակվողի մարզչական ձեռագիրը զարմանալիորեն համընկնում էր կաշվե գնդակի հայաստանյան վարպետների ֆուտբոլային մտածողության եւ ըմբռնման հետ: Ինքը Նիկիտա Պավլովիչը խանդավառ ողջույններին համեստորեն էր պատասխանում. «Ոչ թե մարզիչներն են հաղթում գավաթներն ու առաջնությունները, այլ՝ խաղացողները»:

 

Այնուամենայնիվ, բազմաթիվ հանդիպումներում մասնագետները մատնանշում էին հենց մարզչական մտքի սուր մենամարտերը, որոնցից, որպես կանոն, հաղթող էր դուրս գալիս Սիմոնյանը: Այդուհանդերձ, իրականության հանդեպ մեղք չեմ գործի, եթե ասեմ, որ արարատցիներն իրենց մարզչին ամենեւին էլ մարզչական խորաթափանցության համար չէ, որ սիրում են: Նրանք նախկինում եւս նրա մեջ գնահատում էին մասնագետին, իսկ հիմա իսկապես սիրում են ընկերոջը: 

 

... Մի անգամ բազա էին բերել «Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթի թարմ համարը: Տղաները կարդում էին եւ աչքերին չէին հավատում. թիմերից մեկի ֆուտբոլիստները, որոնք դատական հայց էին ներկայացրել իրենց մարզչի դեմ, դատարանում ասում էին. «Մեզ պետք է հետեւել ու առաջ մղել… Փափկությունը վհատեցնում է մեզ: Մեզ հետ այդպես չի կարելի վարվել: Մեզ փայտ է հարկավոր»:

 

Իսկ Սիմոնյանն իր աշխատանքը կառուցում է խաղացողների գիտակցության, նրանց նկատմամբ վստահության վրա: Բազմիցս դեպքեր են գրանցվել, որ նա չի ցանկացել այս կամ այն խաղացողին ընդգրկել հանդիպման կազմում, բայց մոտեցել է թիմի ավագը, խառնվել են այլ ֆուտբոլիստներ, եւ նա փոխել է իր որոշումը: Բազմամյա փորձը հուշել է. ֆուտբոլիստներն իրար հետ ավելի անկեղծ են, նրանք ավելի լավ գիտեն, ավելի լավ են զգում, թե իրենցից ով է այդ պահին ավելի լավ մարզավիճակում, ով՝ վատ: Միայն հարկավոր է թիմում ձեւավորել անկեղծության, փոխադարձ պատասխանատվության մթնոլորտ: 

 

Առաջնության մեկնարկից քիչ առաջ էր: Էդիկ Մարկարովը հրաժարվել էր թիմի հետ մեկնել հավաքների: Պատճառը զուտ անձնական էր, հնարավոր է հարգելի, բայց այնուամենայնիվ՝ անձնական: Մարզիչը նրան հասկացավ, բայց չէ՞ որ տուժում էին թիմի շահերը: Եվ Սիմոնյանը, որ նոր էր գործի անցել, սկսեց նրանից, ինչից չէր ցանկանա սկսել. նա հեռացրեց թիմի լավագույն խաղացողներից մեկին, հիանալի վարպետի, որի հետ մեծ հույսեր էր կապում: 

 

Նիկիտա Պավլովիչն այն ժամանակ ասում էր, որ սպասում էր, թե ֆուտբոլիստները կմիջնորդեն Էդիկի համար, քանի որ իրենց համար դժվար կլինի խաղալ առանց նրա: Եվ շատ է զարմանում, երբ դա տեղի չի ունենում: Քանի որ թիմը հասկացել էր իր մարզչին, հասունություն էր ցուցաբերել:

Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը եւ Նիկոլայ Ղազարյանը:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Այդ ամենի մասին կարելի էր նաեւ չհիշել, հատկապես այսօր, երբ խոսակցության թեման տոնական է: Բայց այդ պատմությունը լավագույնս բնութագրում է «Արարատում» տիրող բարոյական մթնոլորտը, որն այդ ժամանակ արդեն ձեւավորվել էր, եւ որը ֆուտբոլիստների համար ամեն ինչից թանկ էր: Դա մեկ բառով կարելի է այսպես բնութագրել՝ կոլեկտիվիզմ: Զանազանյանը կարծում է, որ հենց այստեղ է հարկավոր որոնել հայաստանյան ֆուտբոլիստների ներկայիս հաջողության գլխավոր բաղադրիչը:

 

Իսկ ի՞նչ է նշանակում «աստղ-թիմ» բնորոշումը: Մասնագետներն այսպիսի բացատրություն են տալիս. «ֆուտբոլային կոլեկտիվ, որն անթերի է խաղում բոլոր գծերում, օղակներում, ունի գերազանց ֆիզիկական կարգավիճակ, հատկապես արագություն»: Նկատեք, որ առաջին պլան է մղվում ոչ թե սպորտային կատեգորիան՝ տեխնիկան, տակտիկան, ատլետիզմը, այլ մարդկայինը՝ կոլեկտիվիզմը: Եթե դա չլիներ, «Արարատն», ի դեպ, չէր տիրապետի պայքար ծավալելու սիրված ոճերից մեկին, երբ հակառակորդի դարպասի մոտ կարուսել ստեղծելով՝ նրան շփոթության մեջ են գցում: Եվ երբ գնդակը հայտնվում է դարպասում, հաճախ տեսնում ես, թե ինչպես է հարձակվողը՝ գոլի հեղինակը, հետ վազում դեպի իր թիմի պաշտպանները, շնորհավորում նրանց եւ շնորհակալություն հայտնում մասնակցության համար:  

 

Պատահական չէ, որ Արկադի Անդրեասյանը, դժգոհություն հայտնելով հավաքականի խաղից, գանգատվում է գործընկերների հետ իր շփման միակողմանի բնույթից: Բացակայում է փոխըմբռնումը, դաշտում խոսակցությունը ծավալվում է տարբեր ֆուտբոլային լեզուներով: Մինչդեռ «Արարատում» Անդրեասյանը սովոր է մշտապես զգալ ընկերների թիկունքը: 

 

Ամենասուր խնդիրներից մեկը ցանկացած կոլեկտիվում հոգեբանները համարում են առաջնորդության խնդիրը: Իշխելու կամքը մարդուն բնազդաբար ներհատուկ է փոքր տարիքից: Իմանալով թիմում Զանազանյանի մեծ հեղինակության մասին՝ ինձ խիստ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով է նա պահպանում առաջատարի իր դիրքն «Արարատում»: Բայց այդ մասին անձամբ նրան հարցնելն անհարմար էր: Որոշեցի պարզել անուղղակի ճանապարհներով:   

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Երբ գիտակցեցինք, որ պայքարում ենք չեմպիոնության համար, սկսեցինք հաշվել բոլոր միավորները եւ կշռադատել մեր բոլոր քայլերը: «Արարատը» ցուցադրում էր կայուն, նպատակաուղղված հարձակվողական խաղ եւ արժանի էր հաղթանակի: Չեմ հիշում մի դեպք, երբ մենք մրցակցի հետ պաշտպանողական ֆուտբոլ խաղայինք:

 

Գրեթե բոլոր խաղերում երեք հարձակվողով էինք դուրս գալիս խաղադաշտ. աջից խաղում էր Լեւոն Իշտոյանը, կենտրոնում` Էդուարդ Մարկարովը, ձախից` ես,  իսկ Արկադի Անդրիասյանը չորրորդ հետ քաշված հարձակվողի դերում էր:

 

Հարձակվողական խաղով հաղթելը մեծ պատիվ է բերում թիմին: Մենք շատ երկրպագուներ ձեռք բերեցինք այդ խաղաոճի շնորհիվ` ոչ միայն հայերի շրջանում: 

 

Մեր ավագ Հովհաննես Զանազանյանը թիմում իսկական առաջնորդ էր եւ կարողանում էր պայքարի դրդել մեզ: Թիմի ավագն իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում. նա օրինակ է ծառայում թիմի մյուս խաղացողների համար: Զանազանյանն իրեն չէր խնայում, ամբողջովին տրվում էր խաղին եւ դա մեզ շատ էր ոգեւորում:

Նիկիտա Սիմոնյանը, Հովհաննես Զանազանյանը եւ Ալյոշա Աբրահամյանը:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Երբ ինչ-որ մի խաղացողի գործերը լավ են, ավագը կարող է նրա հետ ընդհանրապես չշփվել: Բայց եթե ինչ-որ մեկն ընկճված է, վատ մարզավիճակում է, ապա Հովհանն անմիջապես հայտնվում է նրա կողքին: Նա օրերով, շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով պտտվում է նրա շուրջը՝ ինչպես դայակը հիվանդ երեխայի անկողնու մոտ: «Նա ուրիշների վրա կենտրոնացած անձնավորություն է»,- ասաց ինձ խաղացողներից մեկը: «Երկաթյա ձեռք թավշյա ձեռնոցում»,- կարծում է մյուսը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին