Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 26-րդ - Mediamax.am

exclusive
21840 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 26-րդ

7 հոկտեմբերի: Տուր XXVI: «Արարատ» - «Դինամո» Մոսկվա

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Արարատ» - «Դինամո» Մոսկվա 1:1 (0:1), 3:5 – 11-մետրանոցներով

 

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 7 հոկտեմբերի. 55 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Ն.Պետրոսյան, Զանազանյան, Ն.Ղազարյան  (Մարկարով, 65): 

 

Գոլեր՝ 0:1 Կուրնենին (3), 1:1 Անդրեասյան (50): 

 

11-մետրանոցները իրացրեցին՝ Կովալենկո, Իշտոյան, Ն.Պետրոսյան:

 

Չիրացրեցին՝ Մարկարով, Մարտիրոսյան:

 

Արսեն Կակոսյան

 

7 հոկտեմբերի: Տուր XXVI: «Արարատ» - «Դինամո» Մոսկվա

 

«ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱ՞Ր»

 

«Հրազդան» մարզադաշտի ճանապարհին, ինչպես ընդունված, կանխատեսումներ էինք անում Մոսկվայի դինամոյականների հետ կայանալիք հանդիպման մասին: Ես ասացի, որ մերոնք անպայման կհաղթեն, եթե «դժբախտ պատահար» տեղի չունենա: Ի՞նչ է դա: Դե, ասենք, երբ գոլ են խփում սեփական դարպասը: 

 

Այնպես ստացվեց, որ այդ առանցքային հանդիպման արդեն երրորդ րոպեին երիտասարդ Կուրնենինը մոտ երեսուն մետր հեռավորությունից գոլ խփեց: Նորակոչիկը նույնիսկ չէր մտածում այդ մասին: Նա գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, Աբրահամյանը դուրս եկավ որսալու այն, բայց գնդակը դիպավ Մեսրոպյանի մեջքին եւ փոխեց ուղղությունը դեպի դարպասի հեռավոր անկյունը: 

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Բայց արարատցիներն իրենց շատ արագ հավաքեցին եւ համախմբված ու գեղեցիկ խաղ ցուցադրեցին: Եվ դա` չափազանց խիստ պրեսինգի պայմաններում: Դինամոյականները ոչ մի վայրկյան չէին թողնում մտածելու համար: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար: Փակել էին դեպի իրենց դարպասը տանող բոլոր ուղիները: Այնուամենայնիվ, կրկնում եմ, երեւանցիները ճեղքեր էին գտնում հարձակման համար եւ մի քանի անգամ շատ մոտ էին հաջողությանը: Բայց Պիլգույը այսօր փայլուն էր խաղում: Ընդմիջմանը, երբ կարծիքներ էինք փոխանակում խաղի մասին, ես ասացի, որ եթե դինամոյականները նույնքան գրագետ պրեսինգ կիրառեն երկրորդ խաղակեսում, եթե նրանք չհոգնեն, չսխալվեն, այդ պարագայում գոլ խփելը հավասարազոր կլինի սխրանքի: Եվ այդպիսի սխրանք գործեց Անդրեասյանը: Նրա խփած գոլը թեեւ հաղթանակ չբերեց (11-մետրանոցներն ավելի լավ իրացրին հյուրերը), բայց եւս մեկ անգամ ապացուցեց, որ «Արարատը» կարող է «անել անհնարինը»: Հանդիսատեսները, իհարկե, մարզադաշտը լքում էին առանց ոգեւորության, բայց հանդիմանանքի խոսքեր ֆուտբոլիստների հասցեին եւս չկային: Ուրախալի է, որ երկրպագուները դարձել են ավելի գրագետ եւ արդարամիտ: Ես մտածում էի առաջիկա գավաթի հանդիպման մասին եւ որոշեցի, որ այս պարտությունը թիմին տեմպից չի գցի: Իհարկե, ցավալի կլինի, եթե հենց այսպիսի խաղը թիմին զրկի ոսկե մեդալներից: Եվ այդ պահին, ասես որոտ պարզ երկնքում, հնչեց հաղորդավարի ձայնը. կիեւցիները պարտվեցին բանակայիններին, այն էլ ինչ հաշվով` 0:3: Դա սենսացիա էր: Մրցաշարային աղյուսակում հավասարակշռությունը չի խախտվել: «Արարատն» առաջվա պես զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

 

Հիշում է «Արարատի» երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը

 

Մի խաղի ժամանակ, որն անհաջող էր ընթանում մեզ համար, Սիմոնյանը տաքացած ասաց ինձ.

 

- Սոկրատ, ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, նստել: Գնա, կիսապաշտպաններին ասա, որ առաջ քաշվեն:

 

Ինչո՞ւ հենց ինձ հանձնարարեց փոխանցել խաղացողներին այդ ցուցումը` եթե Սիմոնյանը դա ասեր ռուսերեն, մրցակիցները նույնպես կլսեին հրահանգը եւ հետեւություններ կանեին:

 

Հենց մոտեցա դաշտի եզրին եւ պետք է գոռայի, «Արարատը» գոլ խփեց: Երկրպագուները չհասկացան, որ ես բան չհասցրեցի ասել: Հանկարծ լսեցի, թե ինչպես են մեր երկրագուները գոռում. «Հարութ, մնա այդտեղ, հետ մի արի»: Իրենց թվացել էր, որ ես մի կախարդական բան ասացի, եւ մերոնք միանգամից գոլ խփեցին:

 

Հետաքրքիր է, որ հանդիպման նախօրեին Բլոխինը «Սովետսկի Սպորտ»-ի հետ հարցազրույցում ուղղակիորեն հայտարարել էր, որ իրենք բանակայիններին կհաղթեն առանց դժվարության, ասել է թե ԲԿՄԱ-ն խնդիր չի ներկայացնում կիեւցիների համար: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես պետք է մոսկվացիներին զայրացներ այդ ոչ հարգալից արտահայտությունն իրենց հասցեին: Նրանցից յուրաքանչյուրը, հավանաբար, մտքում կրկնում էր ներկայումս շատ տարածված բանաձեւը` «Դե, սպասի՛ր… Բլոխին», իսկ կանաչ դաշտում կյանքի էր կոչում իր սպառնալիքը: 

 

Ահա ինչպես է պատժվում ամբարտավանությունը: Միեւնույն ժամանակ, ես մեծ հարգանք սկսեցի տածել Անդրեասյանի նկատմամբ, երբ նույն «Սովետսկի Սպորտ»-ում կարդացի.

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում կանխատեսումներին:

 

- Զգույշ: Հատկապես նրանց, որոնք պետք է կատարվեն կամ չկատարվեն մի քանի օր անց:

 

- Բայց երկրի առաջնությունը կավարտվի միայն նոյեմբերին:

 

- Հուսով եմ` ուժերի ներկայիս հարաբերակցությունը կպահպանվի…

 

Եթե հաշվի առնենք, որ «Արարատն» ու Կիեւի «Դինամոն» ընթանում են, ինչպես ձիասերները կասեին, «քիթ քթի տված», ապա Արկադիի այդպիսի պատասխանը կարելի է համարել շատ դիվանագիտական եւ պատշաճ:

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Առհասարակ, Անդրեասյանի կերպարն ինձ վաղուց է հետաքրքրում: Այդքան հակասական խոսքեր ոչ մի այլ ֆուտբոլիստի մասին չեմ լսել: Ասում են, որ նա շուտ է վիրավորվում, որ բարդ բնավորություն ունի, բայց, միաժամանակ, նույն մարդիկ խոստովանում են, որ քչերն են այնպես լուրջ վերաբերվում իրենց գործին, ինչպես Արկադին: «Որպեսզի նա երբեւէ խախտի ռեժի՞մը: Խմի կամ ծխի՞,- ասաց ինձ մի մարզական լրագրող: - Ի՞նչ եք ասում: Դրա համար նա չափազանց շատ է հարգում իր անձը»:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Մոսկվայի «Դինամոյի» հետ մեր խաղը չստացվեց: Կարծում եմ հաջող չխաղացինք, քանի որ մտածում էին հոկտեմբերի 10-ին կայանալիք Գավաթի եզրափակիչ խաղի մասին:

 

Դաշտում ցանկացած խաղացող իր տեղն ու դերն ուներ, եւ Արկադի Անդրեասյանի դերը ոչ ոք չէր կարող տանել: Նա միշտ գլուխը բարձր էր խաղում. վստահ էր իր ուժերի վրա: Անդրեասյանը կազմակերպում էր խաղը եւ գոլեր էր հեղինակում:

 

Նա տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ էր եւ դաշտը լավ էր տեսնում: Ցանկացած պահին գիտեր, թե ում պետք է փոխանցի գնդակը: Կարողանում էր գնդակն իր մոտ պահել այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլայ Ղազարյանն արագություն կհավաքեր, կամ էլ Լեւոն Իշտոյանն կազատվեր վերահսկողությունից:

 

Հայտնի է, որ Արկադի Անդրեասյանը մի փոքր ծանր բնավորություն ունի: Դրա հետ կապված Իշտոյանը նրան երբեմն ասում էր`«Ժպտա էլի, դա էլ հո փողով չէ»:

 

Յուրաքանչյուր մրցաշրջանի ժամանակ մեր կիսապաշտպանները 10-11 գոլ էին խփում, ինչը վկայում էր նրանց բարձր վարպետության եւ աշխատասիրության մասին:

 

Թիմի տղաների հետ մտերիմ ընկերներ էինք, բայց բոլորս էլ լուրջ էինք մոտենում մեր աշխատանքին: Երբեմն մեզ թույլ էինք տալիս մի փոքր խախտել ռեժիմը, բայց խաղերից եւ հավաքներից առաջ միշտ կենտրոնանում էինք մեր աշխատանքի վրա: Մեր հաջողության գրավականներից մեկը մեր անսահման նվիրումն էր թիմին ու ընդհանուր գործին:

 

Ոչ թե «անձը», այլ սպորտը, ֆուտբոլը, իսկ դա նույն բանը չէ: Իսկ ինչ վերաբերվում է Անդրեասյանի թերություններին, ապա, լինելով ինքնաքննադատության եւ ինքնավերլուծության հակված անձնավորություն, նա ինքը զգում է դրանք` մատնանշելով նախեւառաջ տաքարյունությունը: Իսկ այն հարցին, թե դա ո՞ւմ է ավելի շատ խանգարում` իրեն, խաղընկերներին, թե դատավորներին, պատասխանում է. «Երեւի` բոլորին»:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Դժվարին է եղել Արկադիի ուղին դեպի բարձրագույն լիգա: 1964թ. նա սկսեց խաղալ Լենինականի «Շիրակում», որի մարզիչն այն ժամանակ իր հորեղբայրն էր` նախկինում հայտնի ֆուտբոլիստ Հայկ Անդրեասյանը: Ի դեպ, Արկադիի հայրը եւս խաղացել է Բաքվի ակումբներից մեկում: Ընտանիքում,- ասում է Արկադին,- բոլորը հետաքրքրվում էին ֆուտբոլով: Բայց նրա առաջին խաղաշրջանն «Արարատում» անհաջող էր: Նա ամուր հիմնավորվել էր փոխարինող կազմում եւ շուտով գնաց «Սեւան»: Այդ թիմը, իհարկե, ավելի ցածրակարգ էր, բայց Անդրեասյանը անհատական մարզումներում հասնելով ֆանատիզմի` անընդհատ կատարելագործում էր իր տեխնիկան: Զգալով, որ բարելավել է իր խաղը, երիտասարդ ֆուտբոլիստը վերադարձավ «Արարատ» եւ արդեն 1971թ. ցուցադրեց փայլուն խաղ` նվաճելով ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալները: Հաջորդ տարի նա օլիմպիական մրցաշարի բրոնզե մեդալակիրն էր:

 

Իհարկե, այս տարի Անդրեասյանի մոտ ամեն ինչ բարենպաստ չէ. վնասվածքները հետապնդում են նրան, եւ նա արդեն բաց է թողել 5-6 խաղ: Բայց նրա վարքագծում նկատելի են փոփոխություններ, ակնհայտ է ավելի ծանրակշիռ, ողջամիտ մտածողությունը: Նախկինում նա գնդակը շատ երկար էր պահում իր մոտ, ասես հիանալով, պարծենալով իր տեխնիկայով: Նա զգում էր. հանդիսատեսին դա դուր է գալիս: Մեծանալով` Արկադին հասկացավ, որ մի բան է հարգել հանդիսականին, այլ բան է ենթարկվել նրա կամքին: Հիմա, երբ գնդակը նրա մոտ է, նա չի արգելակում հարձակման տեմպը, նրա յուրաքանչյուր փոխանցումը հնարավորություն է ընձեռում գրոհ կազմակերպելու համար: Ընդ որում, ոչ թե պարզունակ, հակառակորդի համար հեշտ բացահայտելի, այլ` գաղտնի, հետեւաբար` անսպասելի, հետեւաբար` շատ հաճախ դարպասի գրավմամբ ավարտվող գրոհ: Հետաքրքիր է, որ ընդլայնելով գրոհ կազմակերպողի իր իրավասությունները, առատորեն փոխանցումներ կատարելով` նա ինքն էլ ի պատասխան սկսել է հաճախակի փոխանցումներ ստանալ: Եվ գոլեր խփել: Պատահական չէ, որ այս տարի նա բոլորից շատ է գոլ խփել` 13 գնդակ: Կարող էր ավելի շատ լինել, եթե, իմ կարծիքով, որոշ դրվագներում ի հայտ չգային նախկին «հիվանդության» հետքերը: Անդրեասյանը չիրացրեց երկու 11-մետրանոց, ընդ որում, դրանցից մեկը` Ռոստովի հետ հանդիպման ժամանակ, ուներ վճռորոշ նշանակություն: Ի՞նչ էր դա` հուզմո՞ւնք, լարվածությո՞ւն: Կարծում եմ, որ այդպիսի վարպետը չէր կարող անտեղի վրիպել: Պատճառը հարվածը բարդացնելու ձգտումն էր, անպայման դարպասի «մեռյալ կետին» դիպչելու ձգտումը, ինչն, իհարկե, գովելի է: Բայց չէ՞ որ գոյություն ունի նաեւ պատասխանատվություն թիմի առջեւ…   

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին