Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 25-րդ - Mediamax.am

exclusive
22236 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 25-րդ

29 սեպտեմբերի: Տուր XXV: «Տորպեդո» Մոսկվա - «Արարատ»

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Սերգեյ Բոնդարենկոն եւ Ալյոշա Աբրահամյանը
Սերգեյ Բոնդարենկոն եւ Ալյոշա Աբրահամյանը

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Տորպեդո» (Մոսկվա) - «Արարատ» 0:1 (0:0):

 

Մոսկվա. Լենինի անվան ԿՄ. 29 սեպտեմբերի. 16 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Ն.Պետրոսյան, Զանազանյան Ն.Ղազարյան: 

 

Գոլեր՝ 0:1 Բոնդարենկո (47):

 

Արսեն Կակոսյան

 

29 սեպտեմբերի: Տուր XXV: «Տորպեդո» Մոսկվա - «Արարատ»   

 

«ՏԱՃԱՐԸ ՔԱՐԵՐՈՎ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ»...

 

Հիրավի, Աստծո ուղիներն անքննելի են: Այժմ ես գրեթե համոզված եմ. եթե այն ժամանակ «Արարատը» չպարտվեր Մոսկվայի տորպեդոյականներին, թիմում տեղի չէր ունենա այն «պայթյունը», որը շուտով նրան առաջատար դարձրեց: Տղաներն ասես զայրացան: Կամ նրանց ինքնասիրությունը խոցվեց: Ինչ էլ տեղի ունեցած լինի, իրար հետեւած հաջողությունների շարքը ստիպեց մտածել, որ «պարտությունը հաջողության մայրն է» արտահայտությունն այնքան էլ հեգնական չէ:

 

Ինչ վերաբերվում է տորպեդոյականներին, ապա, ըստ երեւույթին, նրանց փայլուն խաղը Երեւանում հայտնի ու մասսայական ակումբի կարապի երգն էր այս խաղաշրջանում: Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ կոլեկտիվի  հետ: Այսպիսի դեպքերում հիշում ես Անտուան Սենտ-Էքզյուպերիի խոսքերը, ով գրում էր, որ խմբում «կա ինչ-որ բան, որը ոչ մի կերպ չես կարող բացատրել` ելնելով այն նյութերից, որոնցից նա «կառուցված» է: Դա երկրաչափական եւ ճարտարապետական ամբողջություն է: Տաճարը քարերով չի որոշվում, տաճարն է քարերին արժեք տալիս իր նշանակությամբ: Քարերը ազնվանում են նրանով, որ մտնում են տաճարի կազմի մեջ…»:

 

 

Բայց իմ վստահությունն «Արարատի» այսօրվա հաջողության հարցում պայմանավորված է ոչ միայն այն զգացողությամբ, որ այս տարի թիմում ներդաշնակ են «քարերն ու տաճարը»: Նախ, տղաների մոտ պետք է որ մեծ լինի իրենց գլխավոր վիրավորողներից «վրեժ լուծելու» ձգտումը, եւ բացի այդ, նրանք չեն խախտի եռամյա բարի ավանդույթը` չպարտվել Մոսկվայում:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Բոլորը գիտեին, որ «Արարատը» Մոսկվայում չի պարտվում: Մենք այնտեղ հանգիստ ու ազատ էինք խաղում, քանի որ մրցավարները արդար էին դատում: Սովորաբար, երբ մրցավարն ուզում է հունից հանել խաղացողին, դա նրան հաջողվում է: Լինում էին դեպքեր, երբ անտեղի տուգանային հարված էին նշանակում մեր դարպասին, մենք սկսում էին վիճել մրցավարի հետ, ինչին, որպես կանոն, հետեւում էին դեղին ու կարմիր քարտերը:

 

Դժվար է ասել` կարողանո՞ւմ էինք միշտ կատարել մարզչի հրահանգները: Մարզիչը ցուցումներ է տալիս, իսկ խաղացողը փորձում է դրանց հետեւել, սակայն ոչ միշտ է ստացվում: Ցանկացած խաղից առաջ մենք քննարկում էինք հակառակորդի խաղացողներին եւ լավ գիտեինք, թե ումից է հարկավոր զգուշանալ, ով կարող է կոպիտ խաղալ եւ այլն:

 

Կարեւոր է, որ ֆուտբոլիստը կարողանա նաեւ իմպրովիզացիա անել` ըստ խաղային իրավիճակի: Նիկիտա Սիմոնյանը մեզ ասում էր` «երբ պահը գալիս է, խաղը վերցրեք ձեզ վրա»:

Սերգեյ Բոնդարենկոն եւ Ալյոշա Աբրահամյանը:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի Արխիվից:

...Ռադիոընդունիչը միացրեցի որոշակի ուշացումով, լամպերը դեռ չէին հասցրել ինչպես հարկն է տաքանալ, այդ պատճառով մեկնաբանի ձայնը մի տեսակ անբնական հնչեց, երբ նա բացականչեց.

 

«Գ-ո-ո՜լ»: Հետո լսեցի Բոնդարենկո ազգանունը: Մե՞ր Բոնդարենկոն է: «Տորպեդոն» չունի՞ իր Բոնդարենկոն: Ոչ, դա Ռոստովում է: Նշանակում է, կրկին աչքի է ընկել Սերգեյն իր հանրահայտ հեռահար հարվածով:

 

Բայց առջեւում մի ամբողջ խաղակես կա, եւ դեռ վաղ է հաղթանակ տոնել: Ավելի մոտ նստեցի ռադիոընդունիչին` հուսալով մտովի տեսնել, թե ինչ է տեղի ունենում դաշտում: Բայց դա գրեթե անհնար է: Վաղուց եմ նկատել, որ ռադիոռեպորտաժը շատ ավելի մեծ հույզեր է առաջացնում, քան հեռուստատեսային հաղորդումը: Վերջինում ամեն ինչ տեսնում ես սեփական աչքերով եւ կարող ես գնահատել: Իսկ այս դեպքում ասես կույր լինես: Պետք է միայն հավատաս հաղորդավարին: Իսկ նա շատ հաճախ արհեստականորեն թեժացնում է մթնոլորտը: Դա կարելի է հասկանալ: Մեծ ընդմիջումները ռադիոռեպորտաժում անհնար են, անհրաժեշտ է ինչ-որ բան ասել, ունկնդրին պահել լարվածության մեջ: Եվ ահա նա սովորականը ներկայացնում է որպես գերբնական, դարպասի ուղղությամբ սովորական հարվածն անվանում թնդանոթային, դարպասապահի ցատկը` անձնուրաց:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Փորձառու մեկնաբանները զինվում են ֆուտբոլի մասին տեղեկատվությամբ եւ անհրաժեշտ պահերին հմտորեն օգտվում դրանից… Վլադիմիր Մասլաչենկոն (կարծում եմ` այսօր նա էր վարում ռեպորտաժը) ունկնդիրներին բացատրում է ֆուտբոլային գիտության նրբությունները, դաստիարակում եւ աստիճանաբար ուսուցանում է երկրպագուներին: Ինձ շատ են դուր գալիս նրա մեկնաբանությունները: Նրա շնորհիվ ամեն անգամ ես ֆուտբոլում ինչ-որ նոր բացահայտում եմ կատարում ինձ համար:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Վերջին տուրերի ժամանակ հասկացանք, որ պետք է ավելացնենք մեր աշխատունակությունն ու դիմացկունությունը: Մարզումների ժամանակ հիմնական կազմը երկու թիմի էր բաժանվում եւ խաղում միմյանց դեմ փոքր դաշտի վրա: Մարզման այդ ձեւը մենք «դռ-դռ» էինք անվանում: Սովորաբար իմ թիմում էին Կովալենկոն, Բոնդարենկոն, Իշտոյանը, Պողոսովը, մնացած խաղացողները հակառակորդ թիմում էին: Մինի-ֆուտբոլով մարզվելու ավանդույթը մեզ մոտ ձեւավորվել էր նախկին մարզիչ Նիկոլայ Գլեբովի օրոք, եւ մենք բավականին շատ ժամանակ էինք տրամադրում դրան:

 

Հիշում եմ, մարզումն արդեն ավարտին էր մոտենում եւ Նիկիտա Սիմոնյանն ասում էր` «Բավական է, տղաներ, մարզումն ավարտվել է», բայց մենք շարունակում էինք ինքնամոռաց խաղալ: Ոչ ոք չէր ուզում զիջել:

 

Օրական երկու-երեք մարզում էինք ունենում, եւ յուրաքանչյուրն աշխատում էր իր թերությունների վրա: Յուրաքանչյուրս անհատական առաջադրանք էր ստանում եւ փորձում անել ավելին, քան պահանջվում էր: Ամեն ինչ անում էինք, որ մարզիչը գոհ մնա:

 

Առանց մարզչի մեզ մոտ ոչինչ չէր ստացվի: Մարզիչն էր կապեր ստեղծում, ընտրում խաղացողներին եւ որոշում նրանց դիրքը: Հանձնարարություն տալուց նա հաշվի էր առնում խաղացողի ֆիզիկական տվյալները եւ հնարավորության սահմանները: Հազարավոր տակտիկական հնարքներից ընտրում էր նրանք, որոնք տվյալ խաղացողն ի վիճակի էր իրականացնել:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

... Մի քանի ժամ անց ես հնարավորություն ունեցա տեսնել, թե ինչպես մերոնք գոլ խփեցին: Մասլաչենկոն այդ դրվագը բացարձակ ճշգրիտ էր նկարագրել: Բոնդարենկոն հարվածեց մեծ հեռավորությունից, շեղակի, գնդակը միանգամից չհասավ դարպասին, այլ հարվածեց գետնին` Ռակիցկիից մի փոքր աջ, վերջինս նետվեց դեպի այդ կողմը, բայց նրա սխալ հաշվարկի արդյունքում գնդակը հայտնվեց դարպասի հեռավոր անկյունում: Վերջին րոպեներին հաշվի տարբերությունն ավելացնելու իրական հնարավորություն ստացավ Իշտոյանը: Մասլաչենկոն նույնիսկ բացականչեց. «Գո-ո-ոլ», իսկ հետո վրդովվեց հարձակվողի գործողություններից, ով, նրա կարծիքով, պարտավոր էր չորս մետր հեռավորությունից դիպուկ հարվածել դարպասին: 

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին