Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 21-րդ - Mediamax.am

exclusive
22935 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 21-րդ

20 օգոստոսի: Տուր XXI, որում կիեւցիներրը սեփական դաշտում կատարյալ ռեւանշ են վերցնում:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Դինամո» (Կիեւ) – «Արարատ» 3:1 (0:0):

 

Կիեւ. 20 օգոստոսի. 90 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մարտիրոսյան, Անդրեասյան, Ա.Հարությունյան (Ս.Պետրոսյան, 71), Իշտոյան (Ն.Պետրոսյան, 63), Մարկարով, Պողոսով, Ն.Ղազարյան: 

 

Գոլեր՝ 1:0 Բլոխին (52), 2:0 Բուրյակ (66), 3:0 Բլոխին (78), 3:1 Մարկարով (84):

Արսեն Կակոսյան

20 օգոստոսի: Տուր XXI, որում կիեւցիներրը սեփական դաշտում կատարյալ ռեւանշ են վերցնում:

ՍԿՍԵՆՔ ՍԿԶԲԻ՞Ց

 

...Բացեցի օրագիրս հենց այս տեղում, իսկ գրելու ցանկություն չկա: Եվ ինձ ստիպել էլ չեմ կարող: Տղաները փչացրին անձակուրդս: Հազիվ էի որոշել օգտագործել արձակուրդիս գոնե մի մասը, գոնե 10 օր ընտանիքիս հետ ծովափ մեկնել, եւ ահա…

 

Այո, Բլոխինն այսօր անկասելի էր…

 

Մարկարովը թեեւ գեղեցիկ գոլ խփեց, բայց այնուամենայնիվ վատ էր խաղում, հետ էր քաշվում… Եվ առհասարակ ինչ-որ տարօրինակ մարտավարություն էին ընտրել` հինգ պաշտպաններով: Մի՞թե պատճառը Զանազանյանի բացակայությունն էր: Ինչպե՜ս նա ստացավ այդ անհեթեթ վնասվածքը: Տպագրատան կողքին կանգնած` Հովհաննեսի հենց ոտքին էր ընկել հսկայական թղթի թոփը:

 

Այստեղ` ծովում, երեւանցիներից ոչ մեկն այդ մասին չգիտեր: Ես էլ հստակ չգիտեի վնասվածքի աստիճանի մասին` հոդախա՞խտ, կոտրվա՞ծք: Եթե լսենք երկրպագուներին, ապա իրավիճակն աղետալի է, եւ Զանազանյանը հազիվ թե կարողանա ապաքինվել մինչեւ խաղաշրջանի ավարտը:    

 

Հիմա ինձ տանջում է ոչ այնքան երկու միավորի կորուստը` այդ պարտությունը ես կանխատեսել էի խաղաշրջանի ամենասկզբում եւ այսօր երեկոյան հեռուստացույցի առջեւ էի նստել դատապարտվածի նման` հոգում ունենալով այլ կասկածներ. իսկ եթե երեւանցիները դեռեւս չեն հասել բարձրակարգ թիմի մակարդակին, եւ մենք բոլորս խաբում ենք մեզ, իզուր գայթակղվում: Չէ, նման բան չի կարող լինել:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

«Դինամո» Կիեւի հետ այս հանդիպումը կայացավ այն շրջանում, երբ «Արարատի» խաղը չէր ստացվում: Ցանկացած թիմում էլ նման պահ լինում է. անհնար է ամբողջ խաղաշրջանում կայուն լավ խաղալ: Նույնիսկ այնպիսի բարձրակարգ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը» եւ «Բարսելոնան», ունենում են խափանումներ իրենց խաղում:

 

Կիեւի «Դինամոն» միակ թիմն էր, որին «Արարատը» չէր կարողանում հաղթել արտագնա հանդիպումներում: Հնարավոր է`մեր խաղացողների մոտ ինչ-որ հոգեբանական բարդույթ էր առաջացել, քանի որ «Դինամոն» շատ կազմակերպված թիմ էր: Կարելի է ասել ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» ամենաուժեղ մրցակիցն էր:

 

Նրանց հետ միշտ դժվար էր խաղալ: Առաջին տասնհինգ րոպեների ընթացքում մեզ ուժեղ պրեսինգի էին ենթարկում, եթե այդ ժամանակահատվածում նրանց հաջողվում էր գոլ խփել, ապա հաղթանակն իրենցն էր: Իսկ եթե մեզ հաջողվում էր դիմակայել պրեսինգին, ապա նրանց համար դժվար էր լինում:

 

Մեր ավագ Զանազանյանի բացակայությունը այս խաղում մեզ համար մեծ կորուստ էր: Նա վնասել էր ոտքը, բայց վնասվածքը խաղի ժամանակ չէր ստացել, պարզապես փողոցում կանգնած էր եղել եւ ոտքին թղթի մեծ փաթեթ էր ընկել: Երկրորդ խաղակեսում նրանք 3 գնդակ ուղարկեցին մեր դարպասը: Երկու գոլի հեղինակ դարձավ նրանց լավագույն հարձակվող Օլեգ Բլոխինը, որից հարկավոր էր մշտապես զգուշանալ:

 

Անկեղծ ասած, այս շրջանի պարտությունները մեզ համար շատ ծանր էին, քանի որ մենք ԽՍՀՄ առաջնության չեմպիոն դառնալու հույս ունեինք:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Ահա եւ սկսվեց… Հիմա արդեն Սեւիդովի գլխին տեսաբանի դափնեպսակ են դնում: Դե, հաղթեցին, կեցցեն: Եռակի կեցցեն: Միայն թե հարկավոր է չափի զգացողություն ունենալ: Կարդում եմ կիեւցի լրագրող Մ.Միխայլովի հաշվետվությունը եւ հիշում, թե ինչպես էր նա նույն տարվածությամբ ժամանակին գովաբանում Մասլովին: Թե ինչով դա ավարտվեց, հայտնի է բոլորին: Եվ ահա… Թերեւս, դատեք ինքներդ.

 

«…կատաղի ճնշումը դինամոյականների կողմից, որը քիչ էր մնացել ջախջախեր երեւանցիների պաշտպանությունը, խաղակեսի մեջտեղում սկսեց թուլանալ…

 

Ըստ երեւույթին, հիմա ամեն ինչ պետք է որոշի խաղացողների կատարողական վարպետությունը, արհեստավարժությունը եւ … Սեւիդովի պատասխան քայլը: Եթե նա գտնի այն:

 

Գտա՛վ: Երկրորդ խաղակեսին դինամոյականների մարզիչը խտացրեց պաշտպանության եւ կիսապաշտպանության գիծը: Դրա շնորհիվ երեւանցիները զրկվեցին օպերատիվ տարածությունից: Սեմյոնովը, որի խաղը ոչ մի կերպ չէր ստացվում, փոխարինվեց երիտասարդ Բուրյակով, ում բնորոշ են շարժումների խիզախությունը, որոշումների համարձակությունը, մեծ ակտիվությունը: Հետ քաշելով Տրոշկինին, ով իր գործն առջեւում, ըստ երեւույթին, արդեն կատարել էր եւ ավելիին հավակնել չէր կարող, ինչպես նաեւ Երեմեեւին կենտրոն բերելով` Սեւիդովը տեղ ազատեց Բուրյակի համար հարձակման աջ թեւում` հավանաբար զգալով, որ այն ավելի հեռանկարային է դարձել:

 

Եվ հենց այդ ժամանակ ծավալվեցին հանդիպման գլխավոր իրադարձությունները: Դինամոյականները սկսեցին ավելի արագ խաղալ, ավելի լայն ու բազմաոճ: Նրանց գործողություններում հայտնվեցին այն կիրքը, հաղթանակելու այն կամքը եւ անխոնջությունը, որոնք թիմին տարբերակում էին նրա հանրաճանաչության տարիներին: Հենց այդ ժամանակ մի լրագրող ասաց այն բառերը, որոնք ես երկար հիշեցի. «Ինչպե՞ս են խաղում դինամոյականները: Նրանք ասես թափահարում են հակառակորդին այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չեն հանել հակառակվելու վերջին ունակությունը: Եվ այդ ժամանակ գոլն ինքն է նրանց ոտքերի առջեւ ընկնում»:

 

Կոլոտովի հիասքանչ գրոհը եզրափակվեց Բլոխինին դիպուկ փոխանցմամբ, եւ երիտասարդ հարձակվողը խփեց իր 11-րդ գոլն առաջնությունում: Ապա Մունտյանը հարվածի դուրս բերեց Բուրյակին, եւ հաշիվը դարձավ 2 : 0: Վերջապես, եւս մեկ եռաքայլը` Մունտյան-Բուրյակ-Բլոխին, ավարտվեց երիտասարդ հարձակվողի 12-րդ գոլով: 3 : 0:

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

Այդ շրջանում մենք ֆիզիկապես թուլացանք եւ սկսեցինք զիջել այլ թիմերին: Հետո խաղացողների մի փոքր խմբով որոշեցինք մարզվել օրեկան 2 անգամ , որպեսզի բարձրացնենք տոնուսը: Որոշեցինք եւ արեցինք, չնայած մարզիչը տեղյակ չէր այդ մասին: Գալիս էինք առավոտը «Հրազդան» եւ պարապում էինք, իսկ երեկոյան արդեն հիմնական մարզումներն էին:

 

Կիեւցիները ֆիզիկապես  շատ լավ պատրաստված էին: Կարելի է ասել  Կիեւի «Դինամոն» Ուկրաինայի մինի-հավաքականն էր, քանի որ բոլոր ուժեղ ուկրաինացի ֆուտբոլիստները ձգտում էին հենց այնտեղ խաղալ: 1973 թվականին ԽՍՀՄ-ի կազմում նույնպես «Կիեւի» 6-7 խաղացող էին հանդես գալիս:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Հայտնի է, որ տակտիկական նորություններն ամեն օր չեն ծնվում, եւ դրանցից բոլորը չէ, որ առաջադիմական են: Այդ պատճառով մենք շատ ուշադիր ենք յուրաքանչյուր «բողբոջին»: Նոր շեշտադրումը Կիեւի դինամոյականների խաղում` Կոլոտովի եւ Տրոշկինի մասնակցությամբ, կարող է պայմանականորեն կոչվել «փոփոխական հարձակվող», եւ այն արժանի է ուշադրության»:

 

Ահա այդ նորությունը` «փոփոխական հարձակվող»: Ահա այն պատասխան քայլը, որը երկար փնտրեց Սեւիդովն ու, ի վերջո, գտավ: Չէ, համոզիչ չէ: Կիեւցիները հիանալի խաղացին: Լավ մարզավիճակում էր Բլոխինը: Մերոնցից բացակայում էր Զանազանյանը… Առաջին խաղակեսի ընթացքում նպատակակետին չհասան Մարկարովի հարվածները, որոնք կարող էին փոխել ամբողջ մրցապայքարի ընթացքը: Ահա եւ ամբողջ տեսությունը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին