Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 16-րդ - Mediamax.am

exclusive
23193 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 16-րդ

15 հուլիսի: Երկրորդ խաղաշրջան: «Պախտակոր» - «Արարատ»

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Պախտակոր» (Տաշքենդ) - «Արարատ» - 2:3 (2:1):

 

Տաշկենդ. «Պախտակոր» մարզադաշտ. 15 հուլիսի. 36 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Բոնդարենկո, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան, Պողոսով, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան (Ն.Պետրոսյան): 

 

Գոլեր՝ 0:1 Պողոսով (11), 1:1 Լիսակովսկի (17), 2:1 Աբդուրաիմով (30), 2:2 Անդրեասյան (76), 2:3 Անդրեասյան (87): 

 

Արսեն Կակոսյան

 

15 հուլիսի: Երկրորդ խաղաշրջան: «Պախտակոր» - «Արարատ»

 

«ԹԻՎԸ ՎԵՐՑՐՈՒ, ԺԱՄԱՆԱԿԸ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ»

 

Երկրորդ խաղաշրջանում առաջին հանդիպումը «Պախտակորի» հետ է: Մինչ Տաշքենդից ռադիոռեպորտաժի սկսվելը դեռ երկու ժամ կա, եւ ես որոշեցի ամփոփել առաջին խաղաշրջանի որոշ արդյունքներ: Առաջին անգամ խախտում եմ իմ իսկ սահմանած կարգը. գրել միայն եւ միայն ֆուտբոլին հաջորդող գիշերը: Բայց քանի որ այս տուրի մասին պետք է շարունակեմ պատմել այն բանից հետո, երբ «Время» լրատվականից կիմանամ մնացած հանդիպումների արդյունքները, ապա, կարծում եմ, պատվիրանին չհետեւելն ինձ կներվի:

 

Այսպես, «Արարատը», հաղթելով առաջին խաղաշրջանում, Կ.Եսենինի խոսքերով, դարձավ «գարնանային չեմպիոն»: 20 միավոր: 9 մաքուր հաղթանակ, եւս 2-ը` 11-մետրանոցներով: 3 մաքուր պարտություն եւ 1-ը` 11-մետրանոցներով: Խփվել է 26, բաց թողնվել` 10 գնդակ: Իմ կարծիքով, արդյունքները ոգեւորիչ են, եւ ես չեմ կարող համաձայնել տեսաբան Ա.Լեոնտեւի հետ, ով համարում է, որ երեւանցիների խաղը չի տարբերվել այն կայունությամբ, որը բնութագրական է այն թիմերի համար, որոնք հավակնում են «ֆուտբոլային մոդայի օրենսդիրների» դերին: Նախորդ տարվա «Զարյային» վկայակոչելը, որի միավորներն այդ ժամանակ 3-ով ավել էին, համոզիչ չէ: Բացի այդ, ոչ թե 3, այլ` 2 միավոր:  Չէ՞ որ խաղում են միավորների հաշվարկման նոր համակարգով: Ի դեպ, ես կազմել եմ եւս մեկ աղյուսակ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ազդել նորամուծությունը առաջնությունում տեղերի տեղաբաշխման վրա, եւ հայտնաբերել եմ, որ զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Մի փոքր առաջ կանցնեին «Զարյան», «Սպարտակը» եւ «Տորպեդոն»:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Նիկիտա Սիմոնյանի տղան մահացել էր, եւ նա մեկնել էր Մոսկվա: Այդ օրերին Տաշքենդում պետք է հանդիպեինք «Պախտակորի» հետ: Խաղից առաջ տղաներով հանդերձարանում որոշեցինք, որ պետք է ամեն գնով հաղթենք, որպեսզի հաղթանակը նվիրենք մեր մարզչի որդու հիշատակին: Մեկնարկից առաջ շատ զարմացանք, երբ տեսանք, որ Սիմոնյանը եկել է` վերջին առաջադրանքները տալու: Չէինք սպասում, որ նա ներկա կգտնվեր այդ խաղին, բայց նա այնքան նվիրված էր թիմին, որ եկավ:

 

Հաղթանակը շատ դժվար տրվեց, քանի որ մրցավարն անաչառ չէր դատում: Հակառակորդի երկու գոլերն էր խաղից դուրս վիՃակից էին գրանցվել: Առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով պարտվում էինք: Սիմոնյանն այնքան էր զայրացել, որ ընդմիջման ժամանակ նույնիսկ մտավ մրցավարական սենյակ:

 

Երկրորդ խաղակեսում ավելի սթափ էինք խաղում եւ կարողացանք խաղը վերցնել մեր ձեռքը: Հիմնական ժամանակի ավարտին 15 րոպե էր մնացել, եւ հաշիվն անփոփոխ էր, թվում էր` հաղթել չի ստացվի: Բայց տղաներն ամեն ինչ արեցին, որ հաղթենք:

 

… Տաշքենդի հանդիպումը երեք անգամ վերապրեցի: Առաջին անգամ` երբ նստած էի հին ռադիոընդունիչի առջեւ եւ աղմուկ-աղաղակի միջից որսում էի մեկնաբանի խռպոտ, հաճախ ընդհատվող ձայնը: Ընթանում էր երկրորդ խաղակեսը: 2:1` հօգուտ «Պախտակորի»: Առաջինը մերոնք են գոլ խփել (Պողոսյան), բայց առավելությունը չեն կարողացել պահպանել: Ժամանակն ավարտին է մոտենում, եւ ռադիոլրագրողի` մինչ այդ ճարտախոս ձայնը հանկարծ անհետանում է: Ըստ երեւույթին, երկրպագուական ցնցում վերապրելով` նա լռում է եւ երկար ժամանակ չի հայտնում, որ «Արարատը» հավասարեցրել է հաշիվը: Գոլի հեղինակը Մարկարովն է: Ձեռքերս շփում եմ հաճույքից: Կեցցե՛ս, Էդիկ: Նույն պահին ձեռքս եմ վերցնում աղյուսակը` 4 թիվը դարձնելով 5 (Մարկարովի խփած գոլերի քանակը): Կողքին փակագծերում գրում եմ 7 թիվը` գումարում եմ գավաթային հանդիպումներում խփած գոլերի քանակը: Եվ հենց այդ պահին կրկին հնչում է հաղորդավարի թոշնած ձայնը. «գոլ»:  Նա հայտնում է, որ Իշտոյանը խփում է երրորդ գնդակը, եւ բանը չի հասնում 11-մետրանոցներին…

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Հիշում է «Արարատի» երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը

 

Սիմոնյանը կորցրեց իր 16 տարեկան տղային, ով ի ծնե հիվանդ էր: Խաղից մեկ օր առաջ լուր ստացվեց, որ նա մահացել է: Սիմոնյանը կանչեց ինձ ու ասաց, որ ղեկավարեմ տղաներին Տաշքենդում, իսկ նա պետք է մեկնի Մոսկվա: Հանդերձարանում խաղից առաջ ասացի. «տղերք, եկեք հաղթենք, որ մեր մարզչի ցավը մի քիչ սփոփվի»: Հետո Սիմոնյանն իմացավ խաղացողների այդ տրամադրվածության մասին եւ անընդհատ շնորհակալություն էր հայտնում:

 

…Առավոտյան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում ակտիվ քննարկում էին պայքարի հանկարծակի զարգացումները:» Շատերը «Время» ծրագրով դիտել էին երեւանցիների խփած գոլերը եւ անվերջ գովաբանում էին Իշտոյանին ու Մարկարովին: Հանկարծ մտավ Ռոբերտ Նազարյանն ու հայտարարեց.

 

- Ուզո՞ւմ եք սենսացիա լսել: Երկու գոլերն էլ խփել է Անդրեասյանը: Չե՞ք հավատում: Երեկոյան հեռուստատեսությամբ կցուցադրեն հանդիպումն ամբողջությամբ: Ժամը 19:30-ին:

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

Տաշքենդում խաղալը շատ բարդ էր: Այնտեղ խեղդող շոգ էր ու դժվար էր անգամ շնչելը:

 

Երկրորդ խաղակեսում զիջում էինք 2:1 հաշվով: Այն ժամանակ մարզիչները հրահանգներ չէին տալիս, թե ինչպես վերակառուցվել խաղի ընթացքում: Ինքս որոշեցի, որ եթե ետ քաշվեմ, չեմ հասցնի առաջ գնալ եւ վտանգ չեմ ստեղծի մրցակցի դարպասների մոտ: Որոշեցի, որ անընդհատ մնամ առաջնային գծում:

 

76-րդ րոպեին այդ մարտավարությունը տվեց իր արդյունքը՝ մերոնք խլեցին գնդակը, երկար փոխանցում կատարեցին ինձ, եւ ես հավասարեցրի հաշիվը: Մտքովս անցավ, որ եթե խաղն այդպես ավարտվի, ստիպված կլինենք 11-մետրանոց հարվածներ կատարել ու կրկին որոշեցի ետ չվերադառնալ: «Պախտակորը» նույնպես գրոհում էր, բայց խաղի վերջին րոպեներին մեր խաղացողները խլեցին գնդակը, փոխանցեցին ինձ, եւ ես, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի հետ, խփեցի հաղթական գնդակը:

 

Տաշքենդում երկու գոլի հեղինակ դարձա, քանի որ չկատարեցի խաղից առաջ տրված հրահանգը եւ ետ չքաշվեցի: Եթե հանկարծ մենք գնդակ բաց թողնեինք, դա ինձ հաստատ կհիշեցնեին: Դաշտում խաղացողն այլ կերպ է մտածում, նա զգում է խաղը: Շատ պահեր կային, երբ, օրինակ, մարզիչը փոխարինում էր կատարում, իսկ մենք զգում էինք, որ դա սխալ որոշում է:

 

Կարծում եմ, որ խաղացողների եւ մարզչի միջեւ պետք է երկխոսություն լինի, բայց նման բան չկար: Չգիտեմ, գուցե մարզիչը մտածում էր, որ երկխոսություն չի ստացվի կամ ինչ-որ խնդիրներ կարող են ծագել:

 

Կարծում եմ, որ կիսապաշտպանությունում մեզ պակասում էր ստեղծագործ խաղը: Կիսապաշտպանությունում պետք է իմ կարգի եւս մեկ ֆուտբոլիստ խաղար: Այո, ես ուզում էի հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Երբ խաղում էի կիսապաշտպանությունում եւ արդյունք կար, բնականաբար, որեւէ բան չէր ասվում: Խոսակցությունները սկսվում էին, երբ արդյունք չկար…

 

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

…Դիտեցի: Գոլերը հիանսքանչ էին: Երկրորդ խաղակեսում մերոնք այնպես էին խաղում, ինչպես հարազատ «Հրազդանում»: Այժմ ամենամոտ հետապնդողները ետ են մնացել 5 միավորի տարբերությամբ: Մոսկվայի «Դինամոն» ու ԲԿՄԱ-ն, ինչպես եւ «Շախտյորը», նորից միավորներ են կորցրել: Փոխարենը նրանց խիստ մոտեցել են կիեւցիները: Կանխազգում եմ, որ նրանք են մեր հիմնական մրցակիցները:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Ֆուտբոլի գլխավոր դասերից մեկն այն է, որ հանգստանալ երբեք չի կարելի: Նույնիսկ եթե թիմը տասը անընդմեջ հաղթանակ է տարել, տասնմեկերորդ հանդիպմանը հարկավոր է այնպես պատրաստվել, ինչպես նախորդ տասը խաղերին: Եթե ֆուտբոլիստը անգամ մեկ րոպե թերագնահատի մրցակցին եւ մտածի, որ կարող է շատ հեշտությամբ հաղթել նրան, անպայման կպատժվի: Յուրաքանչյուր խաղացող առաջին հերթին պետք է հետեւի կարգուկանոնին ու ռեժիմին: Ամեն խաղացող չէ, որ կարող է վերլուծել իր գործողությունները, դա նույնպես պրոֆեսիոնալիզմ է պահանջում:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Տաշքենդում հանդիպման առաջին խաղակեսին պարտվում էինք 1:2 հաշվով, սակայն Անդրեասյանի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել: ԽՍՀՄ առաջնությունում «Պախտակորը» խաղերի անցկացման իր խորամանկություններն ուներ: Նրանք միշտ խաղը նշանակում էին օրվա ամենաշոգ ժամերին: Նրանք այդ պայմաններին սովոր էին, իսկ մեր շունչը կտրվում էր: Ընդհանրապես, Տաշքենդում մենք միշտ վատ էինք հանդես գալիս:

 

5 միավո՛ր… Դա կատակ չէ: Իրավացի է Ռոբերտ Նազարյանը` ասելով, որ արդեն հանցագործություն կլինի չպայքարել ոսկե մեդալների համար:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին