Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 15-րդ - Mediamax.am

exclusive
20523 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 15-րդ

8 հուլիսի: Տուր XV: «Արարատ» - ԲԿՄԱ

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Արարատ» - ԲԿՄԱ (Մոսկվա) 1:0 (1:0):

 

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 8 հուլիսի. 66 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Պողոսով, Բոնդարենկո (Անդրեասյան, 46), Իշտոյան (Ն.Պետրոսյան, 80), Մարկարով, Զանազանյան, Ղազարյան: 

 

Գոլեր՝ 1:0 Մարկարով (51)

 

Չիրացված 11-մետրանոց՝ Անդրեասյան (55):

 

Արսեն Կակոսյան

 

8 հուլիսի: Տուր XV: «Արարատ» - ԲԿՄԱ

   

ԱՌԱ~Ջ

 

Կամ ես ոչինչ չեմ հասկանում ֆուտբոլից, կամ… Դիտում էի բանակայինների խաղը մերոնց հետ, ինչպես ասվում է, «աչքերս չորս արած»: Վախենում էի` իսկ եթե հանկարծ «Արարատը» վարանի, պարտվի, իսկ եթե տղաները չեն կարողացել հոգեբանորեն հաղթահարել իրենց ներկայիս մրցաշարային հիասքանչ կարգավիճակը: Չէ՞ որ նրանք փորձ չունեն: Ունեն վարպետություն, ֆիզիկականը ավելացրել են, տակտիկապես դարձել են անճանաչելի: Այդ երեքը հանդիսանում են ժամանակակից ֆուտբոլի հաջողության կարեւոր գրավականները: Բայց, գաղտնի մտածում էի ես, բացակայում է չորրորդ բաղադրիչը, որի մասին տեսաբանները ոչինչ չեն գրում` առաջատար լինելու փորձը:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Բանակայինների հետ նախորդ տարիներին մենք շատ վատ էինք հանդես գալիս: Նրանց հետ հանդիպումներում «Արարատի» պարտությունն անխուսափելի էր թվում: 1971թ.-ից սկսած, ամեն ինչ փոխվեց. գրեթե միշտ առավելությունը մեր կողմն էր: Հիշում եմ, մի անգամ մեր ճնշման ներքո նրանց դարպասապահը ինքնագոլի հեղինակ դարձավ:

 

Այդ խաղը ծանր ստացվեց: Պարտվող թիմը վերջին 15-20 րոպեների ընթացքում սկսել էր երկար փոխանցումներ կատարել դեպի տուգանային հրապարակ, որպեսզի պաշտպանները կորցնեն զգոնությունը եւ սխալվեն: Այդ պահերին առաջ էի գնում, որպեսզի օգնեմ մեր պաշտպաններին:

 

Մեզ հետաքրքրում էր միայն մեր հաղթանակը: Մեզ համար շատ կարեւոր էր ուրախացնել մեր երկրպագուներին, որ նրանք բարձր տրամադրությամբ լքեն մարզադաշտը: Նրանք անհամբեր սպասում էին «Արարատի» ելույթներին: Երբ հաղթում էինք, նրանց մոտ էլ էր ամեն ինչ հաջող ընթանում. թե գործարաններում, թե ընտանիքներում, թե բակերում` ամենուրեք բարձր տրամադրություն էր տիրում:

 

«Հրազդանի» տրիբունաները լեփ-լեցուն էին, տոնական տրամադրություն էր տիրում: Առավոտյան անձրեւ էր եկել` թարմացնելով քաղաքը, որը վերջին օրերին թոշնել էր տապից:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Ինչպե՞ս կընթանա խաղը: Ինքս ինձ ասացի. հանդիպման մեկնարկից 3-5 րոպե անց ակնհայտ կդառնա «Արարատի» բարոյահոգեբանական վիճակը: Եթե նրանք հարձակման անցնեն յուրատեսակ խենթությամբ, նշանակում է աղետը մոտ է: Եթե ընկրկեն դեպի սեփական դարպասը եւ սկսեն սխալներ թույլ տալ ԲԿՄԱ-ի համառ հարձակվողների, հատկապես Դորոֆեեւի գործողությունների ներքո, ով «Զարյայի» հետ հանդիպման ընթացքում պարզապես անսանձելի էր, նշանակում է` կպարտվեն: Բարեբախտաբար, ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չունեցավ, եւ ես թեթեւացած, հոգոց հանելով` ժպտացի եւ աջ ու ձախ հարեւաններիս ասացի. «մերոնք կհաղթեն»:

 

Եվ իսկապես հաղթեցին: Վիճակագիրների համար, հնարավոր է, այս հաղթանակը ոչ համոզիչ, ինչ-որ տեղ` պատահական թվա: Քանի որ այն արձանագրվել է 1 : 0 հաշվով: Բայց բանն այն է, որ եթե «Արարատը» կարող էր եւ ավելի խոշոր հաղթանակ գրանցել, ապա ԲԿՄԱ-ն չստեղծեց ոչ մի գոլային պահ: Բանակայիններին ոչ մի անգամ չհաջողվեց հարվածային դիրք դուրս գալ, թեեւ խաղում էին հաստատուն, նպատակասլաց` ցուցադրելով իրենց սովորական ռացիոնալ, հզոր ֆուտբոլը: Եվ այդ պահին մտքումս փայլատակեց. չէ՞ որ դա «Արարատն» էր փակել նրանց ռազմավարական հարձակումների բոլոր ուղղությունները: Տեղի էր ունեցել մոտավորապես այն, ինչը եւ Մոսկվայի դինամոյականների հետ խաղում: Երեւանցիները հակառակորդներին ստիպել էին հետեւել իրենց կամքին եւ, բացի այդ, անջրպետ էին դրել այն բոլոր դիրքերում ու միջանցքներում, որոնցից մոսկվացիները միշտ դուրս էին գալիս դեպի դարպասը: Կարծում եմ, այստեղ վճռորոշ դերակատարում ուներ մարզչի մտահղացումը:

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Խաղից խաղ ավելի փորձառու էինք դառնում: Առաջնությունը շատ ծանր էր, եւ բոլոր թիմերը մեր դեմ առանձնակի համառությամբ էին խաղում: Հիշելով մեր բոլոր հակառակորդներին, հասկանում եմ` չնայած նրան, որ մենք արժանի կերպով նվաճեցինք ոսկե մեդալները եւ գավաթը, մեր դիրքն այդքան էլ կայուն չէր, քանի որ առաջատար հինգ թիմերից յուրաքանչյուրն էլ կարող էր հայտնվել մեր տեղում:

 

«Արարատի» բոլոր խաղացողները փորձում էին պահպանել մարզական եւ կենցաղային ռեժիմը, եւ դա մեր թիմի արժանիքներից մեկն էր: Թե խաղադաշտում, եւ թե դրանից դուրս մենք քննադատաբար էինք մոտենում մեր գործողություններին:

 

Խաղերի վերլուծություններում հաճախ էին գրում, որ Նիկիտա Սիմոնյանը գոհ մնաց խաղից: Նա գոհ էր մնում, քանի որ մենք կատարում էինք մարզչի բոլոր հրահանգները եւ պահպանում էինք խաղային կարգապահությունը:

 

Չնայած որ հաջող խաղ էինք ցուցադրում, մենք չմեծամտացանք: Խաղացողներից յուրաքանչյուրը քննադատորեն էր մոտենում թե ինքն իրեն, թե ընկերներին: Մեր կոլեկտիվն առողջ էր, եւ մենք ցուցադրում էինք թե կոլեկտիվ, թե անհատական լավ ֆուտբոլ: Խորհրդային Միության առաջատար թերթերի վերլուծաբանները նշում էին, որ «Արարատը» արժանիորեն է ընթանում առաջին հորիզոնականում: Այդ ընթացքում մենք կարողացանք բոլոր ցուցանիշներով առաջ անցնել հակառակորդներից: «Արարատը» փաստացի բոլոր ցուցանիշներով ուժեղ էր եւ դա խոսում էր այն մասին, որ մեր հաջողության մեջ պատահականություններ չկային: Ամեն ինչ օրինաչափ էր:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

«Դինամոյի» հետ խաղից հետո Նիկիտա Պավլովիչը լրագրողներին հարցազրույց էր տվել: Նա, ինչպես միշտ հակիրճ էր խոսել. թիմի խաղից գոհ է, քանի որ բոլորը կատարել են իրենց տրված հանձնարարությունները: Եթե վերծանենք այդ կարճ հայտարարությունը, կպարզվի, որ մարզիչը գլխավոր պլան է մշակել պայքարի համար, հաշվի է առել հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերը, կանխորոշել է նրա մանեւրները եւ դրանից ելնելով` հրահանգ է տվել յուրաքանչյուր խաղացողին: Ֆուտբոլիստները կատարել են հրահանգները եւ հաղթել: Շատ պարզ է թվում, բայց փորձեք այդպես հեշտությամբ ամեն ինչ կանխագուշակել, գծագրել խաղի պլանը եւ կյանքի կոչել այն…

 

Մի փոքր վշտացրեց Անդրեասյանի վրիպումը: Առավելություն ունենալով հակառակորդի նկատմամբ, նշանակում է` առանց նյարդային լարվածության, նա չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Դա ասես հատուցում լիներ. Իշտոյանն ու Ղազարյանը հայտնվել էին դարպասի առջեւ, որը մնացել էր առանց դարպասապահի: Դե խփե՛ք, զիջե՛ք միմյանց հարվածի իրավունքը: Բայց նրանք հաջողացրին գնդակին այնպես հարվածել, որ այն դիպավ դարպասի գծի վրա պառկած Ուտկինին: Պաշտպանը փորձեց կրծքով կասեցնել գնդակի շարժումը, բայց այն վերեւ թռավ` սպառնալով անցնել խաղացողի վրայով եւ հայտնվել դարպասում, եւ Ուտկինին այլ ելք չմնաց, քան դիմել ձեռքերի օգնությանը: Իսկ Անդրեասյանը չօգտվեց առիթից: Ցավալի է: Ըստ երեւույթին, ազդել էր այն հանգամանքը, որ նա շուրջ մեկ ամիս չէր խաղացել վնասվածքի պատճառով:

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

«Շախտյորի» հետ հանդիպման ժամանակ (հունիսի 13-ին) ստացած վնասվածքի պատճառով մոտ 18 օր չէի խաղում: Սակայն միշտ փորձում էի ինձ լավ մարզավիճակում պահել: Գուցե հենց այդ պատճառով ինձ հաջողվում էր արագ վերադառնալ դաշտ: Եթե, օրինակ, Զանազանյանն էր դաշտ դուրս գալիս մեկ ամիս բացակայությունից հետո, այնպիսի տպավորություն էր, որ նա առաջին անգամ է ֆուտբոլ խաղում: Իսկ ես ցուցադրում էի այն խաղը, որն ինձ թույլ էր տալիս այդ պահի մարզավիճակը: Լավ գիտակցում էի` թե ինչն այդ պահին կարող եմ անել, ինչը՝ ոչ:

 

ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը սկսեցի պահեստայինների նստարանում: Առաջին խաղակեսի ավարտին տղաները մոտեցան ինձ եւ խնդրեցին դուրս գալ երկրորդ խաղակեսին: Սակայն որոշում կայացնողը մարզիչն է. Սիմոնյանը հարցրեց` կարո՞ղ եմ խաղալ, պատասխանեցի` «այո» եւ գնացի նախավարժանքի: Դուրս եկա երկրորդ խաղակեսին, եւ մոտ 10 րոպե անց 11-մետրանոցի իրավունք ստացանք: Տղաներին ասացի, որ չեմ ուզում իրացնել այն, քանի որ որոշ ժամանակ խաղային պրակտիկա չունեի: Բայց նրանք պնդեցին, որ հենց ես հարվածեմ, ասելով, որ Արարատի մշտական 11-մետրանոց իրացնողն եմ: Մոտեցա գնդակին եւ այն ուղարկեցի դարպասից բարձր: Բայց, խաղի պատկերն արդեն փոխվել էր հօգուտ մեզ եւ հանդիպումը ավարտվեց մեր հաղթանակով:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Այնուամենայնիվ, տղաները ճիշտ վարվեցին` թույլ տալով հարվածել հենց նրան: Արկադին պետք է առաջ անցնի Բուլգակովից խփած գնդակների քանակով: Ինչ վերաբերվում է ինձ, ես այնքան էլ չէի մտահոգվում այդ անհաջողության պատճառով: Անդրեասյանն առանց այդ էլ 7 գոլից 3-ը խփել է 11-մետրանոց նշանակետից: Այնուամենայնիվ, լավագույն ռմբարկուն պետք է ճանաչվի առանց 11-մետրանոցները հաշվի առնելու: Այլապես ի՞նչ է ստացվում: Սպարտակցի Բուլգակովն առաջատարն է համարվում, բայց չէ՞ որ ծիծաղելի է: 7 գոլերից 6-ը նա խփել է 11-մետրանոցներով: Ոչ, դա ամենեւին չի արտացոլում նրա ունակությունները, դա արդյունավետության ցուցանիշ չէ:       

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին