Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 12-րդ - Mediamax.am

exclusive
22657 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 12-րդ

17 հունիսի: Տուր XII: Թբիլիսի: «Արարատը» հանդիպում է «Դինամոյի» հետ

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

 

«Դինամո» (Թբիլիսի) - «Արարատ» - 0:0 (4:3 – 11-մետրանոցներով):

 

Թբիլիսի. «Լոկոմոտիվ» մարզադաշտ. 17 հունիսի. 40 000 հանդիսատես:

 

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Պետրոսյան (Բոնդարենկո, 46), Պողոսով, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ղազարյան:

 

11-մետրանոցներ՝

 

իրացրեցին՝ Իշտոյան, Պողոսով, Մարկարով:

չիրացրեցին՝ Կովալենկո, Զանազանյան, Ղազարյան:

 

Արսեն Կակոսյան

 

17 հունիսի: Տուր XII: Թբիլիսի: «Արարատը» հանդիպում է «Դինամոյի» հետ

 

ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ…

 

Այս վաղեմի մրցակիցների հանդիպումները ծնում են բազմաթիվ կատակներ: Եթե հանդիպումն ընթանում է Թբիլիսիում, ասում են՝ «չեզոք դաշտում»: Քանի որ դժվար է հաշվել՝ տրիբունաներում «որքան են մերոնք, որքան՝ ձերոնք»: Եթե խաղը Երեւանում է, ասում են՝ «միջազգային հանդիպում»` պայքարի սկզբունքային, անզիջում լինելու պատճառով: Միշա Մեսխին տարիներ առաջ նկատել է. «եթե «Արարատը» բոլոր թիմերի դեմ խաղար այնպես, ինչպես Թբիլիսիի դինամոյականների դեմ, վաղուց չեմպիոն դարձած կլիներ»:

 

Հիշում է Արարատի երկրորդ մարզիչ Հարություն Քեհեյանը

 

1970 թ. ես Հանրապետական մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի ավագ մարզիչն էի: «Արարատ» հրավիրվեցի 1971 թ. հունվարին: Նույն տարում թիմին միացավ նաեւ Էդուարդ Մարկարովը: «Արարատին» միանալու հրամանագրում մեր ազգանունները կողք կողքի էին գրված:

 

«Արարատն» արդեն մի քանի տարի խաղում էր այդ կազմով եւ լավ կոմպլեկտավորված էր: Միակ թափուր տեղը՝ կենտրոնական հարձակվողի գծում էր, այնպես որ Մարկարովը ոչ ոքի տեղը չէր գրավելու:

 

1970 թ. «Արարատը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը: 1971 թ.-ի մրցաշրջանից առաջ ինձ ուղարկեցին Մոսկվա` նոր մարզիչ Գլեբովին Երեւան բերելու նպատակով: Այսպիսով, երբ 1971-ին թիմին միացանք ես, Մարկարովն ու Գլեբովը, «Արարատը» նվաճեց արծաթե մեդալներ: Հազվադեպ է պատահում, որ 12-րդ հորիզոնականից միանգամից «թռիչք» է կատարվում 2-րդ հորիզոնական:  Կարելի է ասել, որ 1973 թ.-ի հաջողությունը սկսվեց 1971-ից:

 

Գլեբովը լավ տակտիկ էր եւ կարողացավ թիմին լավ նախապատրաստել: Նրան հաջորդեց Նիկիտա Սիմոնյանը, ով նախկինում փայլուն ֆուտբոլիստ լինելով, գործնականում նաեւ շատ լավ մարզիչ էր: 1973թ. տեսությունն ու պրակտիկան միավորելով, դարձանք չեմպիոն:

 

Կարող եմ ասել, որ իմ ողջ կարիերայի ընթացքում (եւ որպես խաղացող, եւ որպես մարզիչ) մեր ամենասկզբունքային մրցակիցը եղել է Թբիլիսիի «Դինամոն», եւ ամենահիշարժան հանդիպումները եղել են հենց մեր թիմերի միջեւ: Երբ խաղում էին այս թիմերը, տոմս հայթայթելը դժվար գործ էր:

 

Ամենասկզբունքային մրցակիցների շարքում Թբիլիսիին հետեւում էր Բաքվի «Նեֆթչին», հետո նոր միայն մոսկովյան ու ուկրաինական թիմերը:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

 

Ինձ տանջում էին կասկածները՝ գնա՞լ, թե՞ չգնալ Թբիլիսիում կայանալիք հանդիպմանը: Մինչեւ կիրակի չէի կարողանում ոչ մի որոշում կայացնել: Արժե՞ արդյոք մեկնել. երկու խաղակեսերն էլ ցուցադրվելու են հեռուստացույցով: Ոչ: Հետո միտքս փոխեցի: Քանի որ այսօր, միեւնույն է, գործերով պետք է գնամ Իջեւան, ապա սկզբում կմեկնեմ այնտեղ, ապա վերջնականապես կորոշեմ: Թբիլիսին շատ մոտ է Իջեւանին. մեղք կլինի չգնալը…  «Գնացի՛նք»,- ասում եմ վարորդին:

 

Առաջ անցնելով՝ ասեմ, որ չփոշմանեցի գնալուս համար: Հյուրերին Թբիլիսիում դիմավորում էին կարգախոսներով, ծաղիկներով: Ես գիտեի, որ «Արարատի» տղաները հանգրվանել են «Սաքարթվելո» հյուրանոցում: Երկու ոստիկաններ, որոնցից հարցրեցի, թե որ տրոլեյբուսով կարող եմ հասնել այնտեղ, հարցրեցին իմ կարծիքը հանդիպման ելքի մասին: Զգուշորեն ասացի, որ խաղը կավարտվի ոչ-ոքի, իսկ հետո 11-մետրանոցներով կհաղթեն մերոնք: Փոխզիջում էի փնտրում, բայց զրուցակիցները չգնացին դրան: «Ոչ-ոքին մեզ ձեռք չի տալիս»,- վճռականորեն հայտարարեցին նրանք եւ ցույց տվեցին, թե ինչպես հասնեմ կանգառ:

 

Ահա եւ հյուրանոցը: Թիմն արդեն նախասրահում է, պատրաստվում է մեկնել մարզադաշտ: Սիմոնյանին սերտորեն շղթայել են նրա թբիլիսյան երկրպագուները: Մենք հազիվ հասցրեցինք մի քանի նախադասություն փոխանակել, երբ մոտեցավ եւս մեկ վրացի եւ նրան հրավիրեց խաղից հետո հյուրընկալվել իրեն…

 

Տղաները բոլորը լավ տրամադրություն ունեն: Պատմում են, թե ինչ ջերմ են դիմավորել իրենց: Եկել են սպորտկոմիտեի նախագահը, կոմսոմոլի Կենտկոմի քարտուղարը, վրաստանյան ֆուտբոլի վետերաններ՝ Բորիս Պայչաձեի գլխավորությամբ:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

«Դինամոյի» հետ խաղերը միշտ էլ հետաքրքիր էին անցնում: Բայց այդ տարի մենք մեկ գլուխ բարձր էինք իրենցից: Չնայած 11 մետրանոցներով պարտվեցինք «Դինամոյին», սակայն ես դա հոգեբանական առումով պարտություն չեմ համարում:

 

Կարելի է ասել, որ այդ ժամանակահատվածում 5 խաղերից եւ ոչ մեկում պարտություն չենք կրել: Այդ փաստի գիտակցումը շատ կարեւոր էր թիմի համար: Այսինքն` թիմը մեծ վստահություն ու կայունություն ձեռք բերեց: Դրսի խաղերում մենք նույնպիսի խաղ էինք ցուցադրում, ինչպես տանը:

 

Այս մրցաշրջանի հաղթանակների շարքը մեզ համար փոքր, սակայն վստահ առաջընթաց էր: Այդ ժամանակ էլ սկսեցինք մտածել չեմպիոն դառնալու մասին:

 

Մենք միշտ հիվանդագին էինք տանում պարտությունները, իսկ ժողովուրդը մեզ ոգեւորում էր: Մեր երկրպագուն խելացի էր, երեւի թե բացառիկ էր իր բնույթով, քանի որ կարողանում էր մտնել մեր դրության մեջ եւ երես չէր թեքում նույնիսկ անհաջողությունների ժամանակ: Երկրպագուները հավաքվում էին այգիներում եւ վերլուծում խաղը: Նրանք ամեն կերպ աջակցում էին մեզ, երբեմն զանգում էին, գալիս էին եւ հանդիպում մեզ: Միշտ ասում էին, որ հավատում են մեր ուժերին: Նրանց հավատը մեզ ուժ էր տալիս: 

 

Գնում ենք «Լոկոմոտիվ»: Դինամոյական գլխավոր մարզադաշտը վերակառուցվում, ընդլայնվում է. այս մեկը չի համապատասխանում ժամանակակից ֆուտբոլի պահանջներին: Բայց հարմարավետ տեսք ունի: Տրիբունաներն այնքան մոտ են կանաչ խոտածածկույթին, որ նույնիսկ լսելի է ֆուտբոլիստների շնչառությունը: Ռադիոկապով տեղեկություններ են հաղորդում թիմերի մասին, ներկայացնում են նրանց հանդիպումների պատմությունը, հետո լսում եմ ինչ-որ կատակ-երգ, որում հաճախ օգտագործվում է «Կայրաթ» բառը: Ինձ ասացին, որ երգիծում են Ալմա-Աթայում կայացած նախորդ հանդիպման ժամանակ դինամոյականների կրած պարտությունը: Շատ լավ է, որ վրացիները երգիծանքի առարկա են դարձրել իրենք իրենց: Հումորը միշտ օգնում է: Կատակը՝ կատակ, իսկ իմ հարեւան երկրպագուների երբեմնի վստահությունն այլեւս չեմ նկատում: Ազդում է ոչ միայն «Արարատի» առաջատար դիրքը: Երեւանից մեկնելու նախօրեին Թբիլիսիից ինձ զանգահարեց ընկերս եւ ասաց, որ վրացիները մտահոգված են «Արարատի» արձանագրած վերջին երեք արդյունքներով: Կատա՞կ է՝ 10 խփած գնդակ երեք խաղերում: Եթե դրան ավելացնենք նաեւ այն, որ թբիլիսցիները չեն կարողացել հաղթել այդ երեք թիմերից երկուսին, ապա…

 

Ահա եւ մեկնարկում է հանդիպումը: Գրոհը «Արարատի» դարպասի մոտ երկար է, կազմակերպված, բայց հետո մերոնք հավասարեցնում են խաղը եւ առաջին անգամ իսկապես սպառնում դաշտի տերերի դարպասին: Այդ պահին ես հնարավորություն ունեմ պատկերացում կազմել տրիբունաներում երկրպագուների ուժերի հարաբերակցության վերաբերյալ: Իմ կարծիքով, հանդիսատեսների շուրջ մեկ-երրորդը թբիլիսահայեր են: Նրանք փորձում են աջակցել  «Արարատին», բայց դա նրանց մոտ վատ է ստացվում, քանի որ երկրպագուների մնացած երկու-երրորդը միասնաբար փորձում են խանգարել նրանց, լռեցնել: Մարզադաշտում անհավանական աղմուկ է, չի լսվում հաղորդավարի ձայնը… Ուղիղ իմ առջեւում բարձրացված է մի պաստառ, որի վրա գրված է. «5 : 0 Դաթունաշվիլիի օգտին»: (Դաթունաշվիլիի անունը ֆուտբոլի պատմության մեջ մտավ նրանից հետո, որ մի քանի տարի առաջ նա երեւանցիների դարպասն ուղարկեց 5 անպատասխան գնդակ, ընդ որում բոլորը՝ երկրորդ խաղակեսում: Ռեկորդ, որը գրանցվեց հայրենական ֆուտբոլի պատմության մեջ եւ, ամենակարեւորը, ժամանակին ծնեց բազմաթիվ ուրախ պատմություններ ու կատակներ):

 

Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Հանդիպումը շարունակվում է: Առաջին խաղակեսն ընթանում է դինամոյականների առավելությամբ: Նրանք հաճախ են հայտնվում Աբրահամյանի դիմաց, բայց շտապում են, իրար խառնվում եւ չեն կարողանում պատշաճ տնօրինել գնդակը: Գնդակը մի դեպքում հարվածում է դարպասաձողին, մյուս դեպքում գլորվում է, բայց չի հասնում դատարկ դարպասին եւ նման շատ այլ իրավիճակներ: Մերոնք երկու անգամ են լուրջ սպառնալիք պարունակող գրոհ կազմակերպել: Ընդմիջումից հետո խաղը հավասարվում է, առավելությունն երբեմն նույնիսկ անցնում է «Արարատին»: Ամենավերջին րոպեներին Իշտոյանը կատարում է իր ամենահաջողված հնարքներից մեկը՝ շրջանցում է պաշտպանին եւ դեմ-դիմաց է դուրս գալիս դարպասապահին: Թեեւ անկյունը սուր էր, այնուամենայնիվ, նա պարտավոր էր հարված կատարել: Դարպասապահը կանխատեսում էր հարվածը: Իշտոյանը շփոթված շուրջն էր նայում, իսկ Մարկարովը բռունցքով գետնին էր հարվածում՝ կարծես ասելով ինչու՞ ինձ չփոխանցեցիր գնդակը: Մեկ րոպե անց արդեն ես էի բռունցքով ծնկներիս հարվածում. Մարկարովը դարպասաձողի մոտ է, նրան թվում է, - իսկ միգուցե դա իսկապես այդպես է, - որ պաշտպանը ձեռքով է խաղացել: Բայց սուլիչը լռում է, եւ Էդիկը հարմար դիրքից պայքարը շարունակելու փոխարեն բողոքարկում է դատավորի լռությունը: Աններելի է փորձառու ֆուտբոլիստի համար: Կարճ ասած, երկու ոստիկաններին արված իմ դիվանագիտական կանխատեսումն իրականացավ՝ ոչ-ոքի, զրո-զրո: Սպասենք 11-մետրանոցներին: Ես վստահ էի, որ մերոնք իրենց բարձունքում կլինեն: Չէ՞ որ ուժեղ հակառակորդի հետ իր դաշտում ոչ-ոքի խաղալը նշանակում է հաղթել հոգեբանական մենամարտում: Այսպիսի դեպքերում ավելի շատ նյարդայնանում են դաշտի տերերը. նրանք հույս ունեին վաստակել երկու միավոր, իսկ կստանան, - եթե նույնիսկ ավելի հաջող իրականացնեն,- մեկը:

 

Այն, որ ես որոշ չափով իրավացի էի, ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը: Սկզբում Աբրահամյանը հետ մղեց «Դինամոյի» հարձակվողներից մեկի գնդակը, ինչին հաջորդեց մյուսի ձախողումը: Բայց ո՞վ կարող էր մտածել, որ մերոնք չեն օգտվի այդ առավելությունից ու վեց հարվածից երեքում չեն կարողանա գոլ խփել: Կովալենկոն, Զանազանյանն ու Ղազարյանը չկարողացան իրականացնել 11-մետրանոցները: Զարմանալի է: Եթե մերոնք մեկ անգամ վրիպեին, իսկ թբիլիսցիները հաջող իրականացնեին բոլոր հինգ հարվածները, դեռ հասկանալի կլիներ: Իսկ ահա 50 տոկոս խոտան…

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

«Դինամո Թբիլիսիի» հետ շատ լավ խաղացինք: Խաղի ժամանակ գոլ չգրանցվեց: Խաղավերջի 11 մետրանոցների ժամանակ պարտվեցինք 3:4 հաշվով: Բայց այդ պարտությունը մեզ չհիասթափեցրեց: Նրանց դարպասապահ Գոգիան շատ փորձառու էր եւ թիմին մեծ օգուտ էր տալիս: Կարողանում էր թիմը ղեկավարել եւ կազմակերպել պաշտպանությունը: Նա մի ժամանակ հրավիրված էր ԽՍՀՄ հավաքական:

 

11 մետրանոցների իմաստն այդ տարի այդպես էլ չհասկացանք:  Միեւնույն է, առանց դրանց էլ մենք չեմպիոն կդառնայինք: Դարպասապահի համար հատկապես դժվար էր 11 մետրանոցներով խաղալ: Չնայած մենք հիմնականում հաղթում էինք 11 մետրանոցների ժամանակ: Լավ խաղից հետո շատ տհաճ էր 11 մետրանոցներով պարտվել:

 

Թբիլիսիի մարզադաշտում մեր թիմի երկրպագուները շատ էին` թե տեղի հայերը եւ թե Հայաստանից եկածները: Շատ լավ հարաբերությունների մեջ էինք Թբիլիսիի խաղացողների հետ, նրանց հետ հաճախ ընկերական հանդիպումներ էինք անցկացնում: Մինչեւ հիմա պահպանում ենք կապը վրացի ֆուտբոլային վետերանների հետ:

Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Հետադարձ ճանապարհին ստիպված էի մխիթարվել նրանով, որ, ընդհանուր առմամբ, ականատես եղա լավ խաղի, որ երեւանցիները չփչացրեցին գնդակների տարբերությունը, որ ապագա հավանական մրցակցին զիջեցին ոչ թե երկու, այլ մեկ միավոր, ի վերջո, որ պահպանեցին առաջատարի դիրքը, քանի որ այդ օրը պարտվեց նաեւ ԲԿՄԱ-ն…

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Ես բացասական էի վերաբերվում հետխաղյա 11-մետրանոցների համակարգին, որը ներդրվել էր 1973 թ.: Երբ խաղը ոչ ոքի էր ավարտվում, իրացվում էին 11-մետրանոց հարվածներ`չնայած ես միշտ հինգերորդն էի հարվածում եւ միշտ` հաջող:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին